2024 թ. մայիսի 9-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւ Կալիֆորնիայի համալսարանի իրավագիտության դպրոցի «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը նախաձեռնել էին Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումը՝ ուշադրություն հրավիրելու գլոբալ ամենահրատապ միտումների վրա եւ խթանելու խոստումնալից լուծումներ:
Ֆորումն անցկացվեց Կալիֆորնիայի համալսարանի «Լասկին» համաժողովների կենտրոնում եւ ներկայացրեց մի շարք զրույցներ եւ քննարկումներ Կալիֆորնիայի համալսարանի, «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտի եւ «Ավրորայի» համայնքի համաշխարհային առաջնորդների եւ տեղում ամենօրյա աշխատանքով փոփոխություններ իրականացնող հերոսների մասնակցությամբ՝ անդրադառնալով մարդու իրավունքների եւ բռնի տեղահանման հրատապ խնդիրներին, գլոբալ առողջապահական ճգնաժամին, կրթության իրավունքին, կլիմայի փոփոխությանը, արհեստական բանականությանը, բարեգործությանն ու գենդերային հավասարությանը։
Ողջույնի խոսքով հանդես եկավ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Տնօրենների խորհրդի նախագահ, Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն եւ Moderna ընկերության համահիմնադիր եւ նախագահ Նուբար Աֆեյանը: «Մեր սրտերը լցված են երախտագիտության խորը զգացումով այն ամենի համար, ինչ ներկայացնում է այս ամբողջ շարժումը, եւ երախտագիտությունը, ինչպես ձեզանից շատերը գիտեն, «Ավրորայի» էության անբաժան մասն է», - ասաց դոկտոր Աֆեյանը: «Ես իմ առօրյա կյանքում՝ որպես կենսատեխնոլոգիական ձեռնարկատեր, մտածում եմ ԴՆԹ-ի եւ երկու ուղղությունների մասին, որոնք անքակտելիորեն կապված են եւ փոխանցում են տեղեկատվությունը: Մեզ համար այդ երկու ուղղությունները ներկայացված են երախտագիտությամբ եւ գործով»։
Լոս Անջելես քաղաքի միջազգային հարաբերությունների հարցերով փոխքաղաքապետ Էրին Բրոմագիմը ողջունեց բոլորին Լոս Անջելեսի քաղաքապետ Քերեն Բասի անունից եւ խոսեց իր տեսլականի մասին, թե ինչպես է քաղաքային միջավայրը դեր խաղում մարդու իրավունքների պաշտպանության գործում: «Այն կամուրջները, որոնք մենք կառուցում ենք միմյանց հետ, որոնք մեզ կապում են այն ամենի հետ, ինչ գործում է քաղաքներում, դրանք խթան են ավելի լավ աշխատելու համար, եւ դրանք ոգեշնչում են մարդկանց, որոնք անում են այդ լավ աշխատանքը», - նշեց փոխքաղաքապետ Բրոմագիմը: «Եվ ես հավատում եմ դրան, քանի որ կարծում եմ, որ քաղաքներն այն վայրերն են, որտեղ իրականություն են դառնում ռազմավարությունները: Քաղաքներն են որոշում, թե որտեղ, ինչ եւ ինչպես եւ որքանով ենք մենք բոլորի՛ համար կառուցում այն ենթակառուցվածքը, որը սահմանում է մեր կյանքը: Քաղաքներն ունեն մարդու իրավունքներն իրական դարձնելու ուժ եւ պատասխանատվություն»:
Ֆորումի մասնակիցներին դիմեց նաեւ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի իրավագիտության դպրոցի դեկան, պրոֆեսոր Մայքլ Ուոթերսթոունը. «Մենք՝ Իրավաբանական դպրոցն ու Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանը, այնքան հպարտ ենք, որ ձեր գործընկերներն ենք այս միջոցառմանը, որը համախմբում է աշխարհի ամենահայտնի առաջնորդներին եւ բարեփոխումներ իրականացնողներին: Մենք սա անում ենք շարունակաբար՝ օգտագործելով մեր ուժը որպես հաստատություն եւ դառնալով փոփոխության բազմապատկիչ: Եվ մենք երախտապարտ ենք այս կարեւոր քննարկումը հյուրընկալելու հնարավորության համար»:
Բացման խոսքերին հաջորդեց Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումի առաջին քննարկումը Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Վաչե եւ Թամար Մանուկյանների անվան մարսողական հիվանդությունների բաժանմունքի ղեկավար, բարերար, կինոպրոդյուսեր, ձեռներեց, «Ավրորայի» Տնօրենների խորհրդի անդամ Էրիկ Էսրայիլյանի եւ Միլքենի ինստիտուտի նախագահ Մայքլ Միլքենի միջեւ: Էրիկ Էսրայիլյանը հարցեր ուղղեց Միլքենին՝ ինստիտուտի գործունեության եւ վերջերս` մայիսի 5-8-ը, Լոս Անջելեսում տեղի ունեցած Միլքենի ինստիտուտի միջազգային կոնֆերանսի մասին:
Ներկայացնելով Մայքլ Միլքենին՝ դոկտոր Էսրայիլյանը նշեց նրա տպավորիչ ձեռքբերումների մասին եւ շնորհակալություն հայտնեց Լոս Անջելեսում տեղի ունեցող «Ավրորա» մրցանակի միջոցառումների շրջանակում համագործակցության համար: «Նա նախաձեռնել էր ամենազանգվածային համաժողովը, որը դուք երբեւէ կարող եք պատկերացնել, եւ նա արեց հնարավորը, որ որոշ ժամանակ անցկացնի մեզ հետ. մեծ պատիվ է», - ասաց Էսրայիլյանը: «Նրանց համար, ովքեր տեղյակ չեն, նշեմ, որ Միլքենի ինստիտուտի միջազգային կոնֆերանսը համախմբում է ամենահայտնի եւ կարեւոր մարդկանց ամբողջ աշխարհից, որոնք գործունեություն են ծավալում տարբեր ոլորտներում՝ գործարարներից, մարդասիրական գործով զբաղվողներից՝ ինչպես ձեզանից շատերը, մինչեւ ձեռներեցներ եւ մանկավարժներ, որոնք լուծումներ են գտնում աշխարհի ամենամեծ խնդիրներին»:
Մայքլ Միլքենն այնուհետեւ ավելի մանրամասն խոսեց իր աշխատանքի մասին՝ կարեւորելով նախագծերը Ենթասահարյան Աֆրիկայում՝ երիտասարդ եւ անընդհատ աճող բնակչությամբ, որպես համակարգային եւ համապարփակ խնդիրների լուծման համար անհրաժեշտ ռազմավարական մտածողության լավ օրինակ: «Դուք կարող եք տեսնել, թե ինչ է պետք աշխարհին: Մենք ունենաու ենք մեկ միլիարդ 12-18 տարեկան երիտասարդներ, որոնք ունեն ավտոմատներ, թե՞ կունենանք հզորացող ձեռնարկատերեր,- հարցրեց Միլքենը,- եթե դուք կարող եք տեսնել, թե ուր է գնում աշխարհը… այս համաժողովի մի մասն է՝ փորձել ստիպել աշխարհին տեսնել, թե ուր է գնում, եւ պարզել, թե ինչպես ենք մենք ստեղծելու այն հարթակները, որոնք կփոփոխեն պատմության ընթացքը»:
Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումի բացման եւ Էրիկ Էսրայիլյանի ու Մայքլ Միլքենի անգլերեն զրույցի տեսագրությունը՝ ստորեւ.