Այսօր Հայաստանում մեզ հետ են Հայոց ցեղասպանության 33 վերապրածներ՝ ըստ պաշտոնական տվյալների: Նրանք, իհարկե, ծեր են եւ հիմնականում հիշողության խնդիրներ ունեն, բայց դեռ ուժեղ են՝ կամքով: Նրանք երեխաներ ունեն, թոռներ, նաեւ՝ ծոռ ու կոռ: Ապրում են իրենց զավակների հետ, որոնք կան տարիքն առած այս մարդկանց գոյատեւման պայքարի շնորհիվ:
2014թ. աշնանը հայտնի լուսանկարիչներ Դիանա Մարկոսյանը եւ Կարեն Միրզոյանը պատիվ են ունեցել հանդիպել վերապրածներին, լինել նրանց տանն ու լուսանկարել 100LIVES նախաձեռնության համար: Հայոց ցեղասպանության 100-երորդ տարելիցին ձեզ ենք ներկայացնում 10 ազդեցիկ ֆոտոշարք՝ վերապրելու կամքի ու քաջության մասին:
1. Մովսես Հանեշյան
104-ամյա Մովսես Հանեշյանը ծնվել է Մուսա լեռան շրջանի Քեբուսյե գյուղում։ 1915թ-ին նրա ընտանիքն արտաքսվեց Սիրիա։
2. Հռիփսիմե Հաջի Սարգսյան
Հայոց ցեղասպանությունը վերապրած Հռիփսիմե Հաջի Սարգսյանը ծնվել է Արեւմտյան Անատոլիայի Քյութահիա նահանգի Թավշանլի գյուղում: Հռիփսիմեն պատմում էր, որ վաղ առավոտ էր, երբ հրացաններով զինված թուրքերը թակեցին իրենց դուռը:
Դիտեք ֆոտոշարքը
3. Օվսաննա Գեվորգյան-Միրխոյան
Օվսաննա Գեւորգյան-Միրխոյանը ծնվել է 1915թ-ին, նրա ծննդյան օրն ու վայրն անհայտ է: Նա միայն գիտի, որ իր ընտանիքը ժամանակին ապրել է Ստամբուլի մոտակայքում գտնվող մի գյուղում:
4. Կնյազ Շիրինյան
103-ամյա Կնյազ Շիրինյանն Ալաշկերտի (այժմ Էլեշկիրտ, հյուսիս-արեւելյան Թուրքիա) գյուղերից է: Նա իր ծնողների՝ Աբրահամի եւ Խանումի, առաջնեկն է: 1918թ-ին ընտանիքը փախել է հայրենի գյուղից եւ անցել Արաքս գետը:
5. Եպրաքսյա Բարսեղյան-Գեվորգյան
Եպրաքսյա Բարսեղյան-Գեւորգյանը ծնվել է 1914թ. ապրիլի 23-ին, Կարսի նահանգի Լալոյի Մավրակ գյուղում։ Եպրաքսյան Հայոց ցեղասպանությունից փրկվել է մոր եւ երկու եղբայրների հետ միասին։ Նրա հորը սպանել են թուրքերը։
Դիտել ֆոտոշարքը
6. Մարիամ Սահակյան
Մարիամ Սահակյանը 100 տարեկան դարձավ 2015թ. հունվարին: Ծնվել է Սասունում (ներկայիս Թուրքիայի Բաթման նահանգ): Նա փրկվել է քրդերի շնորհիվ, որ օգնել են նրա ընտանիքին:
7. Նվարդ Սուջյան
Նվարդ Սուջյանը Վանից է (ներկայիս Թուրքիա)։ Իր փաստաթղթերի համաձայն՝ ծնվել է 1915թ-ին, սակայն նա պնդում է, որ դրանից երկու տարի առաջ է ծնվել՝ 1913թ-ին։
8. Մարգարիտա Մխիթարյան
Մարգարիտա Մխիթարյանը ծնվել է 1915թ-ին Կարսում: Նա կոտորածից փրկվել է մոր եւ եղբոր հետ 1917-1918թթ:
9. Զարուհի Ղազարյան
Զարուհի Ղազարյանը ծնվել է 1911թ-ին Սասունում: Նա մահացել է 2014թ. դեկտեմբերի 16-ին:
10. Ահարոն Մանուկյան
Ահարոն Մանուկյանը ծնվել է 1914թ. մարտի 20-ին Վանի վիլայեթի Կենդանանց գյուղում։ Ահարոնն ընդամենը մեկ տարեկան էր, երբ իր ընտանիքը ստիպված էր լքել տունը։ Նա չի հիշում այդ օրերը, սակայն նրա մայրը՝ Մարիամը, պատմել է, որ նրան հաջողվել է փախնել երեք տղաների՝ Ահարոնի, Մելիքսեթի եւ Վահրամի հետ միասին։