Ահարոն Մանուկյան

Ահարոն Մանուկյան

Ահարոն Մանուկյանը ծնվել է 1914թ. մարտի 20-ին Վանի վիլայեթի Կենդանանց գյուղում։ Ահարոնն ընդամենը մեկ տարեկան էր, երբ իր ընտանիքը ստիպված էր լքել տունը։ Նա չի հիշում այդ օրերը, սակայն նրա մայրը՝ Մարիամը, պատմել է, որ նրան հաջողվել է փախնել երեք տղաների՝ Ահարոնի, Մելիքսեթի եւ Վահրամի հետ միասին։

Ահարոնի հայրը զոհվել է Վանի պաշտպանության ժամանակ։ «Երբ մենք անցնում էինք գետը, ջուրը վառ կարմիր էր, եւ հեղեղը դիակներ էր տանում», - Ահարոնին պատմել է մայրը։ Մարիամն ընտանիքի արժեքավոր իրերը թաքցրել է իր հոր գերեզմանում՝ Վանում, եւ երեք երեխայի հետ ոտքով ճամփա ընկել Էջմիածին։ Այնտեղ նա ստիպված էր ուտելիք մուրալ, որ երեխաները սովից չմահանան։ Հետո նա երեխաներին տարել է Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) մանկատուն եւ վերադարձել Էջմիածին՝ աշխատանք փնտրելու։ Մանկատունը ղեկավարում էր մի ամերիկացի զույգ, որը ցանկացել է որդեգրել Ահարոնին եւ նրա եղբայրներին՝ ԱՄՆ տանելու մտադրությամբ։ Նրա մորը ոսկի են առաջարկել, որ թույլ տա Ահարոնին տանել, բայց մայրը հրաժարվել է։ Մարիամն աշխատանք է գտել եւ իր երեխաներին տուն վերադարձրել։

Մայրը միշտ ցանկացել է, որ Ահարոնը որսորդ դառնա, որպեսզի հրացանի տեր լինելու օրինական հիմքեր ունենա։ Նա մտածում էր, որ վտանգի դեպքում Ահարոնն այդպիսով կկարողանա պաշտպանել ընտանիքը։ 101-ամյա Ահարոն Մանուկյանն ունի չորս երեխա, վեց թոռ ու տասնմեկ ծոռ եւ ապրում է Երեւանում (Հայաստան)։ 

 

Այն տան առջեւ, որտեղ ապրում է Հայոց ցեղասպանությունը վերապրած Ահարոն Մանուկյանը։

 

Ահարոն Մանուկյանն օրերի մեծ մասն անց է կացնում հեռուստացույց դիտելով։ Նա չի սիրում անցյալի մասին խոսել։ 

 

Ահարոնի որսորդական հրացանը։ Նա որսորդ է դարձել՝ իրականացնելով մոր երազանքը։ 

 

Ահարոն Մանուկյանի ձեռքին իր անձնագիրն է։ Նա Թուրքիայում է ծնվել։ 

 

Ընտանիքի արժեքավոր իրերը Վանում գտնվող իր հոր գերեզմանում թաքցրած Մարիամի՝ Ահարոնի մոր դիմանկարը։  

 

Ահարոնն իր դուստր Գայանեի օգնությամբ քայլում է դեպի իր ննջասենյակ։ 

 

Ահարոնն իր ննջասենյակում՝ քնելուց առաջ։ 

 

Ահարոն Մանուկյանը՝ իր ննջասենյակում։ 

 

Մանուկյանների բնակարանում, որն Ահարոնը կիսում է իր կնոջ՝ Հռիփսիմեի եւ դստեր՝ Գայանեի հետ։ 

Լուսանկարները՝ Դիանա Մարկոսյանի եւ Կարեն Միրզոյանի