2020 թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի ոգեկոչման օրը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն առցանց քննարկում անցկացրեց՝ հարգանքի տուրք մատուցելու մեկ դար առաջ նահատակվածների հիշատակին եւ մեծարելու մերօրյա հերոսներին, այդ թվում եւ նրանց, ովքեր այսօր պայքարում են կորոնավիրուսի համավարակի բռնկման դեմ։ Տարիներ շարունակ Նախաձեռնության հաստատած ավանդույթի համաձայն, հայտնի դարձան 2020 թ. «Ավրորայի» հերոսների անունները, որոնց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովն ընտրել է խիզախության, անձնվիրության եւ ունեցած ազդեցության համար։
«Մենք երկրագնդի մի մասն ենք, մարդկության մի մասն ենք։ Մենք այնպիսի օրինակ ենք հաստատում, որ բարոյապես արդարամիտ ժողովուրդները կարող են ծանր ժամանակներում մարդկությանը մերթընդմերթ հիշեցնել, որ միայնակ չենք։ Մենք միմյանց պահապաններն ենք։ Մենք ներկայացնում ենք այն ժողովրդին, որը նշանավորում է համերաշխություն եւ կարեկցանք»,- նշեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը։
«ԱՎՐՈՐԱՆ՝ աշխարհին դաշնակից» առցանց քննարկմանը, որը վարում էր «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Նիկոլա Ստանիշը, մասնակցում էին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը եւ Ռուբեն Վարդանյանը, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին եւ «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն:
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին առցանց հայտարարեց 2020 թ. «Ավրորայի» հերոսների անունները. Ֆարթուն Ադան եւ Իլվադ Էլման, Անժելիկ Նամայկա, Սոֆի Բո եւ Կլաուս Ֆոգել, Սաքինա Յակուբի։
««Ավրորան» ուղղված է ավելի լայնածավալ մարդասիրական շարժման ստեղծմանն ու նվիրատվության շղթան պահպանելուն եւ կենտրոնացած է երախտագիտությունը գործի վերածելու գաղափարի վրա։ Այս ավանդույթներն այսօր առցանց հարթակ բերելով՝ մենք, հարմարվելով ներկայիս իրադրությանը, միավորում ենք մարդկանց, նշանավորում մարդկության բարությունը եւ մեծարում այս հերոսների կատարած գործը», - ասաց Լորդ Դարզին:
Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից, ի երախտագիտություն նրանց փրկողների՝ ամեն տարի մեծարվում է «Ավրորա» մրցանակի մի դափնեկիր, որին տրվում է 1.000.000 ԱՄՆ դոլարով նվիրատվության շղթան շարունակելու բացառիկ հնարավորություն՝ օժանդակելու իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։ 2020 թ. «Ավրորայի» հերոսներն առաջադրել են հետեւյալ կազմակերպությունները.
- Ֆարթուն Ադանը եւ Իլվադ Էլմանը՝ Love does (Սերն է գործում), «Փանզի» հիմնադրամ եւ «Փրաջվալա»,
- Անժելիկ Նամայկան՝ «Անտեսանելի երեխաներ» եւ «Կարիտաս միջազգային»,
- Սոֆի Բոն եւ Կլաուս Ֆոգելը՝ «SOS Միջերկրական»,
- Սաքինա Յակուբին՝ «Աֆղանստանի կրթության ինստիտուտ», «Կանանց փախստականների հանձնաժողով» եւ Creating Hope (Հույս ստեղծելով)։
«Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն խոսեց բոլոր այն ուղիների մասին, որոնցով համերաշխությունը կարող է ամրապնդել հասարակությանը եւ համաշխարհային մակարդակով օգտակար լինել մարդկությանը. «Ես կարծում եմ, որ բոլորս պետք է ոտքի ելնենք։ Այնքան շատ մարդ կա, եւ բոլորս կարող ենք միասին գործել։ Մենք կարող ենք ջարդել այս անտարբերությունն ու ստեղծել կարեկցանք։ «Ավրորա» մրցանակը կերտում է այնպիսի մարդկանց համայնք, որոնք այնքա՜ն շատ բան են կորցրել։ Եթե վերապրածները կարողանում են ասել. «Լա՛վ. ես կարող եմ բարությունն ուրիշներին վերադարձնել», ուրեմն՝ մենք եւս կարող ենք ուրիշներին վերադարձնել»։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը զուգահեռներ անցկացրեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմքում ընկած ներշնչանքի եւ ներկայիս ճգնաժամի միջեւ. «Մարդկային ոգին, որը մարդկանց դրդում է փրկելու ուրիշներին, մեզնից քչերն են զգացել, բայց շատ հայեր են շահել դրանից։ Այսօր այդ նույն ոգին է տարածվում ամբողջ աշխարհում։ Յուրաքանչյուր համայնքում կան մերօրյա փրկիչներ, եւ կան փրկվածներ, որոնք չեն կարողանում հասկանալ, թե վիրուսի հետ կապված այս ամենն ինչո՛ւ է կատարվում։ Եվ նրանք այժմ զգում են միեւնույն բանը, ինչ հայերն էին ապրում 105 տարի առաջ։ Չեմ կարող չնշել, որ թեեւ չարագործն այսօր տարբեր է, հետեւանքները նույնն են»։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն ընդգծեց օրվա կարեւորությունը եւ կոչ արեց ճգնաժամից դուրս գալու նոր լուծումներ գտնել։ «Այն, ինչ այսօր ոգեկոչում ենք, բախտորոշ է ոչ միայն հայերի, այլ նաեւ աշխարհի համար։ Մեր առջեւ այժմ նոր մարտահրավեր է կանգնած, եւ ամեն բան առնչվում է հիմնական հարցերին՝ մեր մարդկային արժեքներին։ Ետ նայելը եւ անցյալը հիշելը, կարծում եմ, այսօրվա կարեւորագույն ուղերձներն են։ Համավարակի ճգնաժամը նոր իրականություն է ստեղծում, որը պետք է ընդունենք։ Բայց մինչ մենք մեկուսացած ենք տեղում, միաժամանակ մնում ենք միավորված համաշխարհային հանրության հետ։ Բոլորս գլոբալ պատկերի մի մասն ենք», - ասաց նա։
Առցանց քննարկման ընթացքում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը նաեւ պաշտոնապես ազդարարեց 2021 թվականի «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլի մեկնարկը եւ կոչ արեց առաջադրել ոգեշնչող մարդասերների, ներառյալ նոր կորոնավիրուսի համավարակի բռնկման դեմ պայքարողներին։