«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կոչ է անում առաջադրել թեկնածուների` վեցերորդ «Ավրորա» մրցանակին
2020 թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը պաշտոնապես հայտարարեց 2021 թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների մեկնարկը՝ կոչ անելով առաջադրել մարդասերների, որոնք ոգեշնչում են իրենց գործողություններով եւ անձնուրաց պայքար մղում մարդկանց կյանքը փրկելու համար: Այս տարի անհնար է չկարեւորել նաեւ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարողներին:
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա վեցերորդ մրցանակի առաջադրումների մեկնարկին այս տարի ներկայացվում է նաեւ առաջադրումների հատուկ ձեւ այն թեկնածուների համար, որոնք անձնվիրաբար պայքարում են նոր կորոնավիրուսի դեմ: «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակն ստեղծվել է՝ ճանաչման արժանացնելու մերօրյա հերոսներին եւ մեծարելու նրանց այն բացառիկ ազդեցության համար, որ իրենց գործողություններով ունեցել են մարդկային կյանքի պահպանման եւ մարդասիրությունն առաջ մղելու գործում։ Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» մրցանակի դափնեկրին ամեն տարի շնորհվում է 1.000.000 դոլար պարգեւ, որը բացառիկ հնարավորություն է տալիս նրան շարունակելու մարդասիրության շղթան եւ աջակցելու իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։
2021 թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների մեկնարկը հայտարարվեց «ԱՎՐՈՐԱՆ՝ աշխարհին դաշնակից» առցանց հատուկ քննարկմանը, որը նվիրված էր նրանց հիշատակին, որոնք նահատակվեցին մեկ դար առաջ, եւ մերօրյա հերոսների մեծարմանը: Միջոցառումը տեղի ունեցավ 2020 թ. ապրիլի 24-ին՝ մեկ հարթակում միավորելով նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանին, Վարդան Գրեգորյանին եւ Ռուբեն Վարդանյանին, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզիին, «Խաղաղության տան» (Maison Shalom) հիմնադիր եւ «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր (2016թ.) Մարգարիտ Բարանկիցեին: Քննարկման ընթացքում ներկայացվեցին նաեւ 2020թ. «Ավրորայի» հերոսները:
2021 թ. մրցանակի առաջադրումները բաց են հանրության համար, կարող են առաջադրվել թեկնածուներ, որոնք մարդկային կյանքը պահպանելու համար վտանգում են սեփական կյանքը, առողջությունը, ազատությունը, հեղինակությունը: Առցանց առաջադրվելուց հետո թեկնածուներին գնահատում է Փորձագետների խորհուրդը (2020 թ. այն բաղկացած էր 50 անդամներից), իսկ «Ավրորայի» հերոսներին եւ դափնեկրին ընտրում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը:
Հանձնաժողովը նախագահում է Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին, որի կազմում են Նոբելյան դափնեկիրներ Շիրին Էբադին,Լեյմա Գբովեն եւ Օսկար Արյասը, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր եւ Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնարդ Քուշները, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը, մարդու իրավունքների ակտիվիստ եւ The Sentry նախաձեռնության համահիմնադիր Ջոն Փրենդերգասթը, Unilever ընկերության նախկին գլխավոր գործադիր տնօրեն եւ IMAGINE կազմակերպության համահիմնադիր նախագահ Փոլ Փոլմանը, Մարիինյան թատրոնի գեղարվեստական եւ գլխավոր տնօրեն, Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիեւը, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը: Հանձնաժողովի պատվավոր համանախագահներն են խաղաղության եւ մարդու իրավունքների հայտնի ակտիվիստ Բենջամին Ֆերենցը եւ օսկարակիր դերասան ու մարդասեր Ջորջ Քլունին։
Առաջադրման վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կարող եք ստանալ՝ այցելելով «Ավրորա» մրցանակի կայքի «Առաջադրիր հիմա» ենթաբաժին: 2021 թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլը մեկնարկեց 2020 թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, եւ կավարտվի 2020 թ․ հոկտեմբերի 31-ին: