2019թ. «Ավրորայի» հերոսները

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը մեծարում է երեք մարդասերներին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գերությունից կանանց ազատագրելու, Եմենի գաղտնի բանտային ցանցը բացահայտելու եւ Նիգերիայում առեւանգված աղջիկներին ազատ արձակելու համար բանակցելու ազնիվ նվիրման համար:

ԱՊՐԻԼԻ 24, 2019թ., ԵՐԵՎԱՆ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի Ընտրող հանձնաժողովն առանձնացրել է 2019թ. «Ավրորայի» երեք բացառիկ հերոսների, որոնց ընտրել է դրսեւորած եզակի խիզախության, նվիրվածության եւ ազդեցության համար: 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը կհայտարարվի հոկտեմբերի 20-ին՝ Հայաստանում: 1 միլիոն ԱՄՆ դոլարի մրցանակով դափնեկիրը կստանա հնարավորություն՝ շարունակելու մարդասիրության շղթան եւ աջակցելու իր գործը ոգեշնչած կազմակերպություններին:

2019թ. «Ավրորայի» հերոսներն են.

  • Միրզա Դինայի՝ «Լյուֆթբրյուքե Իրաք» («Օդային կամուրջ») կազմակերպության համահիմնադիր եւ տնօրեն: Մարդասիրական կազմակերպությունն Իրաքից Գերմանիա է տեղափոխում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բարբարոսություններից տուժած եզդիներին եւ ցուցաբերում բժշկական օգնություն: Դինային օգնել է հարյուրավոր կանանց փախչել «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքներից, անձամբ ներգրավվել նրանց անվտանգ վայր տեղափոխելու աշխատանքներում եւ ջուր ու սնունդ հասցրել մեկուսացման մեջ գտնվող եզդիներին: Առաջնորդվելով մարդկանց փրկելու մեծագույն ցանկությամբ՝ նա կարողացել է ճանապարհներ գտնել եւ հաղթահարել բազմաթիվ բյուրոկրատական, տեղափոխման հետ կապված խոչընդոտներ՝ օգնելով ամենակարիքավորներին: Դինային առաջադրել է երեք կազմակերպություն, որոնք բժշկական օգնություն են տրամադրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զոհերին, օգնում նրանց վերականգնվել: Դրանք են «Լյուֆթբրյուքե Իրաք» (Luftbrücke Irak) կազմակերպությունը, «ՍԻԴ» հիմնադրամը (SEED Foundation) եւ «Շայ» հիմնադրամը (Shai Fund):
  • Զանա Բուկար Մուստաֆա՝ փաստաբան, «Ֆյուչըր փրաուիս» իսլամական հիմնադրամի հիմնադիր տնօրեն (Future Prowess Islamic Foundation): Հիմնադրամի դպրոցը կրթություն է տրամադրում Նիգերիայի Մայդուգուրի քաղաքի ընչազուրկ երեխաներին եւ պաշտպանում նրանց: 2016թ. հոկտեմբերին Զանա Բուկար Մուստաֆան գաղտնի հանդիպեց «Բոքո hարամի» ապստամբների հետ Սամբիսայի անտառներում տեղակայված նրանց թաքստոցում եւ վերադարձավ այնտեղից՝ իր հետ բերելով առեւանգված 21 երեխա: Տասներեք ամիս անց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, Շվեյցարիայի կառավարության եւ Նիգերիայի իշխանությունների աջակցությամբ նա բանակցեց եւս 82 աղջիկների ազատ արձակման շուրջ: Զանա Բուկար Մուստաֆան առաջադրել է երեք կազմակերպություն, որոնց նպատակն է կառուցել ուժեղ համայնք եւ բարելավել կառավարման մեխանիզմները, ինչն էլ կբերի հակամարտությունների նվազեցման: Դրանք են «Ֆյուչըր փրաուիս» իսլամական հիմնադրամը (Future Prowess Islamic Foundation), «Ադաբ» համայնքային վերականգնման հիմնադրամը (Adab Community Renewal Foundation) եւ «Հերվա» համայնքային զարգացման նախաձեռնությունը (Herwa Community Development Initiative):
  • Հուդա ալ-Սարարի՝ փաստաբան եւ ակտիվիստ: Հուդա ալ-Սարարին մարդու իրավունքների պաշտպան է, որը ոգեշնչում է իր խիզախությամբ: Եմենցի այս կինը հետաքննել եւ բացահայտել է իր երկրում գոյություն ունեցող գաղտնի բանտային ցանցը, որը ղեկավարում են դրսի իշխանությունները: Գաղտնի բանտերում անազատության մեջ են պահում հազարավոր տղամարդկանց եւ տղաների: Հուդա ալ-Սարարին անհերքելի ապացույցներ է հավաքել ընդհատակում գործող կալանավայրերում տեղի ունեցող խոշտանգումների մասին եւ դրանք փոխանցել «Էմնըսթի Ինթըրնեյշընըլ» (Amnesty International) եւ «Հյումըն Ռայթս Ուոթչ» (Human Rights Watch) կազմակերպություններին, որպեսզի միջազգային այս կառույցները զբաղվեն խնդրով: Նա առաջադրել է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մեկ եւ խտրականության դեմ ու հանուն հավասարության պայքարող երկու կազմակերպություն. «Ռիփրիվ» (Reprieve) կազմակերպությունը, «Իքուըլ Ռայթս Թրասթ» (Equal Rights Trust) կազմակերպությունը եւ «Վեթաք»՝ հանուն քաղաքացիական կողմնորոշման հիմնադրամը (Wethaq Foundation for Civil Orientation):

«Այս մարդասերները ոգեւորում են իրենց օրինակով: Նրանք ազնիվ պայքար են մղում՝ հանուն մարդկության: «Ավրորա» մրցանակը մեծարում եւ գնահատում է մարդասիրական այն ահռելի ազդեցությունը, որը կարող են ունենալ այս անհատները՝ շնորհիվ իրենց համառության եւ նվիրման: Այն, թե ինչպես է «Ավրորան» կարեւորում այս մարդասերների ձեռքբերումներն ու ընդլայնում նրանց կարողությունների սահմանները, արժանի է համաշխարհային երախտագիտության եւ ճանաչման: Այս մրցանակը նման չէ մյուսներին. այն հերոսներին տալիս է այն ճանաչումը, որին նրանք արժանի են՝ խրախուսելով շարունակել իրենց գործը,- նշեց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ եւ Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը:

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը 2019թ. «Ավրորայի» հերոսներին ընտրել է 72 երկրներից առաջադրված 719 հավակնորդներից, որոնցից 523-ը եղել են չկրկնվող թեկնածուներ:

««Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի առանձնացրած այս երեք անհատներն արտասովոր մարդիկ են: Նրանք իրենց կյանքի գնով ավելի լավն են դարձնում այլ մարդկանց կյանքը: Որպես «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ սեփական փորձով կարող եմ ասել, թե ինչպես է այս մրցանակն ազդում տեղի մարդկանց կյանքի վրա եւ տարածում մարդասիրություն աշխարհի այնպիսի անկյուններում, որոնք հաճախ անտեսված են: Հավանաբար ամենակարեւորը մրցանակի ընձեռած հնարավորությունն է՝ շարունակել մարդասիրության շղթան՝ 1 մլն ԱՄՆ դոլարի մրցանակը փոխանցելով մարդասիրական գործին: Սա է «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի ճշմարիտ դրսեւորումը»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ եւ 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան:

2018թ. «Ավրորա» մրցանակը շնորհվեց փաստաբան եւ ռոհինջա մուսուլման առաջնորդ Չո Լա Աունին, որը 12 տարի անցկացրել էր անազատության մեջ՝ մեղադրվելով կազմակերպված խտրականության եւ բռնության դեմ բողոքի խաղաղ ցույցերի անցկացման համար: Այդուհանդերձ, նա չի նահանջել եւ իրավական գիտելիքն ու փորձը կիրառում է՝ պայքարելու իր համայնքում հավասարության, կրթության բարելավման եւ մարդու իրավունքների պաշտպանության համար: Չո Լա Աունը որոշել է աջակցել Մյանմայի փախստականներին բժշկական օգնություն եւ աջակցություն տրամադրող միջազգային կազմակերպությունների:

2019թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը տեղի կունենա առաջին «Ավրորա» ֆորումի ժամանակ, որը տեղի կունենա Հայաստանում 2019թ. հոկտեմբերի 14-21-ը: Ֆորումը Հայաստան կբերի աշխարհի սոցիալական, գիտական, կրթական եւ մարդասիրական լավագույն փորձը:

Armenian
Image: 
Subtitle: 
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի Ընտրող հանձնաժողովն առանձնացրել է 2019թ. «Ավրորայի» երեք բացառիկ հերոսների, որոնց ընտրել է դրսեւորած եզակի խիզախության, նվիրվածության եւ ազդեցության համար:
Display type: 
Big
Weight: 
40 000
Summary Position: 
10 000