Կառուցելով հույսի կամուրջ

Կառուցելով հույսի կամուրջ

Եզդի ակտիվիստ Միրզա Դինային իր ամբողջ կյանքը նվիրել է իրաքյան պատերազմից տուժած մարդկանց փրկելու գործին՝ տեղափոխելով կանանց եւ երեխաներին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից վերահսկվող տարածքներից եւ տրամադրելով աջակցություն ու վերականգնողական բուժում խոշտանգվածներին ու բռնության ենթարկվածներին: Ընկերների հետ հիմնելով «Լյուֆթբրյուքե Իրաք» («Օդային կամուրջ») կազմակերպությունը` նա անձամբ է մարդկանց տեղափոխել ապահով վայր եւ ջուր ու սնունդ հասցրել մեկուսացված տարածքներ: Նրան չկանգնեցրեց նույնիսկ ուղղաթիռի վթարը: Մարդկանց փրկելու եւ այդ նպատակով հնարավոր ամեն բան անելու նրա հանձնառությունը համադրելի է միմիայն իր բացառիկ խիզախության հետ: Նա հավատացած է, որ չօգնելն ավելի դժվար կլիներ:

Միրզա Դինային ծնվել է Իրաքում՝ Սինջարի շրջանի մի փոքրիկ գյուղում՝ մեծ հարգանք վայելող եզդիների ընտանիքում: Նրա հայրը՝ Հասան Ալի աղան, եզդիների Դինայի ցեղի առաջնորդն էր: Միրզան սովորում էր ավագ դպրոցում, երբ սկսեց պատմություններ գրել եզդիների եւ նրանց կրած հալածանքների մասին: Նրա մեջ ապրում էր իր համայնքին օգնելու աներեր ձգտումը եւ դրանով պայմանավորված՝ դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց բժշկական համալսարան եւ միացավ Մոսուլում գործող ուսանողական խմբին, որը բողոքի ցույցեր էր իրականացնում Իրաքի քաղաքական ռեժիմի դեմ: Անհանգստանալով սեփական կյանքի եւ անվտանգության համար՝ Դինային 1992թ. ստիպված էր փախչել Իրաքյան Քուրդիստան: Իսկ երբ այնտեղ սկսվեց քաղաքացիական պատերազմ, նա ապաստան խնդրեց Գերմանիայից, որտեղ դարձավ եզդի համայնքի նշանավոր դեմքերից մեկը: Սադամ Հուսեյնի ռեժիմի տապալումից հետո Միրզա Դինային վերադարձավ Իրաք եւ մոտ մեկ տարի ծառայեց՝ որպես Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանիի՝ փոքրամասնությունների հարցերով խորհրդական:

Ամեն ինչ փոխվեց 2007թ. օգոստոսի 14-ին, երբ Մոսուլին մոտ եզդիական երկու քաղաքների վրա հարձակվելիս մահապարտ ահաբեկիչները պայթուցիկներով լի չորս բեռնատար պայթեցրին: Եզդիների համայնքը ցնցված էր: Վիրավորներին օգնելու համար Միրզա Դինային կազմակերպեց դրամահավաք: «Ես այցելեցի հիվանդանոցներ եւ տեսա բազմաթիվ վիրավոր երեխաներ: Նաեւ տեսա, որ նրանց օգնելու համար չկան անհրաժեշտ պայմաններ ու բժշկական միջոցներ, եւ ասացի՝ պետք է ինչ-որ բան անել»,- նշում է նա:

Միրզա Դինային խնդրեց ընկերոջը, որը թղթակցում էր «Նոյե օսնաբրյուքեր ցայտունգ» (Neue Osnabrücker Zeitung) թերթին, հոդված գրել եւ օգնության կոչ անել: Արդյունքում գերմանական երկու հիվանդանոց հայտնեց, որ այդ երեխաներին Գերմանիա տեղափոխելու դեպքում իրենք անվճար բուժօգնություն կտրամադրեն նրանց: Պարզվեց՝ դա լուրջ մարտահրավեր էր: Երեխաներից շատերն աղքատ ընտանիքներից էին, բայց դա ամենը չէր: Նրանք չունեին անձնագիր կամ անձը հաստատող որեւէ փաստաթուղթ:

 

 

Դինային զանգեց Բաղդադում Գերմանիայի դեսպանություն եւ բացատրեց անելանելի դրությունը: Մինչ իրաքյան կառավարությունը պատրաստում էր անձնագրեր, իսկ Գերմանիայի դեսպանությունը պատրաստ էր օր առաջ տրամադրել վիզա, Դինային փակված էր հյուրանոցի իր համարում՝ քաղաքում ծավալվող ռազմական գործողությունների պատճառով չկարողանալով լքել տարածքը: Ելքի արտոնագիր ստացան միայն երեխաները. ծնողներին թույլ չտվեցին ուղեկցել նրանց: Բայց Դինային անդրդվելի էր: Նա երեխաներին տարավ Էրբիլ (Քուրդիստան)՝ վերջիններիս չարտերային թռիչքով Գերմանիա հասցնելու համար, ու միայն այնտեղ պարզվեց, որ այդ օրը թռիչք չի լինելու: «Սարսափելի էր: Երեխաները լալիս էին: Նրանց ծնողներն ասում էին՝ դու մեր երեխաներին հանեցիր հիվանդանոցից, եւ հիմա նրանք կմահանան: Ես նրանց ասում էի՝ խոստանում եմ՝ թեկուզ ոտքով, բայց այս երեխաներին դուրս կբերեմ Իրաքից եւ կհասցնեմ Գերմանիա»:

Հաջորդ օրը նրանք հասան Ստամբուլ. միակ հասանելի թռիչքն այնտեղից էր: Բայց այստեղ էլ ի հայտ եկավ մեկ այլ խնդիր. ավիաընկերությունը թույլ չտվեց երեխաներին առանց բժշկական սարքավորումների նստել Դյուսելդորֆ թռչող ինքնաթիռը: Դինայիի համբերության բաժակը լցվեց: Նա սպառնաց զանգել CNN եւ BBC, մամուլի ասուլիս հրավիրել հենց Աթաթուրքի անվան օդանավակայանում եւ պատմել, որ «թուրքական ընկերությունը չի ցանկանում, որ եզդի վիրավորները փրկվեն»: Դա աշխատեց: Ի վերջո օդանավակայանի ղեկավարությունը տեղի տվեց, եւ խմբին թույլ տվեց մեկնել Գերմանիա: Բոլոր երեխաներն ստացան անհրաժեշտ բուժում եւ ապահով վերադարձան Իրաք՝ իրենց ընտանիքներ:

Միրզա Դինային եզդի տղայի հետ Դյուսելդորֆի օդանավակայան ժամանելուց հետո, երբ նա Իրաքից Գերմանիա բուժման տեղափոխեց երեխաների առաջին խմբին, 2007թ.

Առաջին առաքելությունը հաջողությամբ իրագործելուց հետո պարզ դարձավ, որ այդպիսի նախաձեռնությունն անհրաժեշտություն էր: Այդ ժամանակ չկար Իրաքի երեխաների հետ աշխատող որեւէ գերմանական հասարակական կազմակերպություն: Դինային եւ իր գերմանացի ընկերները որոշեցին բացել նոր կազմակերպություն, որը բուժօգնություն տրամադրելու նպատակով Իրաքից Գերմանիա կտեղափոխեր բոլոր տուժածներին՝ անկախ էթնիկ եւ կրոնական պատկանելությունից: Ահա թե ինչպես ստեղծվեց «Լյուֆթբրյուքե Իրաք» կամ «օդային կամուրջ» կազմակերպությունը: «Մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո բացվել էր դեպի Բեռլին օդային կամուրջ: Այն կոչվում էր «Լյուֆթբրյուքե Բեռլին»: Մենք էլ որոշեցինք կոչել մեր կազմակերպությունը «Լյուֆթբրյուքե Իրաք»»,- պատմում է Դինային:

Ամբողջ անձնակազմը բաղկացած էր կամավորներից, եւ հիվանդանոցներն էլ համաձայնել էին անվճար բուժել երեխաներին, սակայն տեղափոխման ծախսերը հոգալու համար հասարակական կազմակերպությունը դեռ ֆինանսների հայթայթման կարիք ուներ: Նրանք սկսեցին փոքր միջոցներից՝ հավաքելով գումար, որը կբավականացներ մեկ կամ երկու երեխայի տեղափոխումն իրականացնելու համար: Երբ Դինային Սուլեյմանիայում (Քուրդիստան) սպասում էր իր թռիչքին, մի մարդ մոտեցավ: Վերջինիս զարմացրել էր, որ երեխաների այդ խմբում կային լուրջ վիրավորներ: Իմանալով «Լյուֆթբրյուքե Իրաքի» մասին՝ անծանոթն անակնկալ առաջարկ արեց: Նա հայտնեց պատրաստակամություն՝ Միրզա Դինային տրամադրելու իր կողմից դեպի Գերմանիա եւ հակառակ ուղղությամբ իրականացվող չարտերային թռիչքի անվճար տոմսեր, պայմանով, որ Դինային պետք է նախապես զանգահարեր եւ ամրագրեր տեղերը: Անծանոթների, անհատ բարերարների եւ նվիրյալ անձնակազմի բարեհոգության եւ առատաձեռնության շնորհիվ 2007-2014 թթ. ընթացքում հասարակական կազմակերպությունն օգնեց 150 երեխայի եւ երիտասարդ կնոջ:

2014թ. օգոստոսի սկզբին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները գրավեցին Սինջարը, եւ եզդիները սարսափահար փախան լեռները՝ խուսափելու բարբարոսություններից: Մի քանի ակտիվիստ, ներառյալ՝ Դինային, համոզեցին Իրաքի վարչապետին ուղղաթիռ ուղարկել եւ օգնել եզդիներին: Քանի որ օդաչուները ծանոթ չէին տեղանքին, Դինային՝ որպես կամավոր, ուղեկցում էր նրանց: Այս հարձակումների ժամանակ Իրաքի ավիացիան փրկեց շուրջ 5,000 մարդու, բայց այն սարսափները, որոնց Միրզա Դինային ականատես եղավ Սինջարի լեռներում, մինչ օրս հետապնդում են նրան: «Ամեն օր 3-4 թռիչք էինք իրականացնում, որպեսզի սնունդ ու ջուր հասցնեինք, կանանց եւ երեխաներին Քուրդիստան տեղափոխեինք: Ես երբեք չեմ մոռանա այդ տեսարանը: Ամեն օր լաց էի լինում»,- հիշում է Դինային:

Նրա հիշողության մեջ մեկընդմիշտ դրոշմվել է մեկ պատմություն: Մի երիտասարդ այնքան էր ուզում փախչել, որ ցատկեց դեպի ուղղաթիռը, երբ այն արդեն օդ էր բարձրանում, բայց չկարողանալով ամուր կառչել դրանից՝ հենց այդտեղ էլ կնքեց իր մահկանացուն: Դինայիի համար դժվար է խոսել կորսված անմեղ կյանքերի մասին: «Ի՞նչ մեղք էր նա գործել, որ պետք է այդպես մահանար»,- հարց է ուղղում նա:

Վտանգված էր բոլորի կյանքը: Իրաքյան ավիացիան թռիչքներն իրականացնում էր Mi-17-երով՝ խորհրդային շրջանի հին ուղղաթիռներով: Դրանք գրեթե միշտ թռչում էին գերբեռնված եւ անցնում տարածքների վրայով, որոնք վերահսկում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Այսինքն՝ ժամանակի հարց էր, թե երբ բախտը երես կթեքեր: Ի վերջո, դա տեղի ունեցավ: 2014թ. օգոստոսի 12-ին ուղղաթիռը, որի մեջ էր նաեւ Դինային, օդ բարձրանալուց շատ չանցած, վթարի ենթարկվեց լեռներում. օդաչուն տեղում զոհվեց, իսկ ուղեւորներից մի քանիսը ստացան տարբեր վնասվածքներ: «Ես չէի կարողանում շնչել: Ամբողջ կյանքս աչքիս առաջ եկավ: Այդ օրը որդուս ծնունդն էր: Եվ ես ասացի՝ Աստված, հուսամ՝ կմահանամ վաղը, բայց ոչ այսօր՝ որդուս ծննդյան օրը»,- հիշում է Միրզա Դինային:

                                                                      Ուղղաթիռի վթարի տեսարանը, Սինջար, 2014թ.

Վթարի հետեւանքով կոտրելով ոտքն ու կողոսկրերը՝ Միրզան պետք է վերադառնար Գերմանիա՝ ստանալու համապատասխան բուժում: Նա երկար չմնաց հիվանդանոցում: Դեռեւս տեղաշարժվելով անվասայլակով՝ նա ետ թռավ՝ խոսելու Խանկեի փախստականների ճամբարում ապրող եզդիների հետ: Այստեղ «Իսլամական պետության» ստրկությունից փրկված աղջիկներն ու կանայք հայտնվել էին մեկ այլ մղձավանջի մեջ՝ նրանք դատապարտված էին աքսորի: «Եզդիները փակ համայնք են: Եթե եզդի աղջիկն ամուսնացավ կամ սեռական հարաբերություն ունեցավ այլ համայնքից մեկի հետ, նրան այլեւս եզդի չեն համարում»,- բացատրում է Դինային: Նա գիտեր, որ այդ կանայք իր օգնության կարիքն ունեն, ու անմիջապես գործի անցավ:

Միրզա Դինային հանդիպումներ ունեցավ կրոնական խորհրդի հետ, եւ եզդիների հոգեւոր առաջնորդ Բաբա շեյխը շուտով հայտարարեց, որ եզդիների համայնքն ընդունում է «Իսլամական պետության» ահաբեկիչներից փրկված բոլոր կանանց: Այդուհանդերձ, հոգեպես վերականգնվելու հարցը դեռ բաց էր մնում: Սեռական ստրկությունից փրկված կանանց հոգեբանական տրավման չափազանց խորն էր: Ենթարկվելով ծայրահեղ դաժանության՝ նրանք հաճախ մի քանի անգամ էին վաճառվում եւ ձեռքից ձեռք անցնում: Փրկվածները խոր դեպրեսիա էին ապրում, որն ուղեկցվում էր անհանգստությամբ, սոցիալական մեկուսացումով, ինքնասպանության մասին մտքերով եւ անքնությամբ, ու չկային անհրաժեշտ բժիշկ-մասնագետներ, որոնք կօգնեին նրանց վերականգնվելու:

Եվ կրկին օգնության ձեռք մեկնեց Դինայիի երկրորդ հայրենիքը՝ Գերմանիան: Բադեն-Վյութեմբերգ դաշնային նահանգի վարչապետը համաձայնեց ընդունել հազարից ավելի կանանց եւ աղջիկների: Սկզբում նրանց հետ զրուցում էր Միրզա Դինային, ապա վերապատրաստված մասնագետները, որից հետո վերջիններս գնահատում էին նրանց հոգեկան վիճակը: «Ես նրանց գործերն էի պատրաստում: Այդ նախագծի համար հարցազրույց եմ անցկացրել 1300 կնոջ ու երեխայի հետ: Առաջին վեց շաբաթը զրուցեցի 200 հոգու հետ: Ամեն օր լսում էի պատմություններ բռնաբարության, բռնի իսլամացման, կտտանքների եւ ծեծի մասին: Ես ամբողջովին տապալված էի. չեմ կարող մոռանալ նրանց: Նույնիսկ հիմա հիշում եմ այդ բոլոր կանանց անունները»,- ասում է Դինային:

Միրզա Դինային Հանովերի ճանապարհին՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 22-րդ հատուկ նիստին մասնակցելուց հետո, 2014թ.

Նախագծի ավարտից հետո էլ Միրզա Դինային դեռ շարունակում էր օգնել տուժածներին: Դինային էր, որ Գերմանիա բերեց Սախարովի անվան մրցանակի ապագա դափնեկրին՝ Լամյա Հաջի Բաշարին: Այսօր նա մարդու իրավունքների հայտնի ակտիվիստ է, որի պատվին «Ավրորան» սահմանել է կրթաթոշակ:

«Կարծում եմ՝ լավագույն ազդեցությունն այն է, երբ տուժածները սկսում են միասին աշխատել: Նրանցից շատերը վստահ են, որ ինչ-որ պատճառ կա, որ իրենք փրկվել են, եւ հավատացած են, որ ողջ են մնացել՝ ինչ-որ բան անելու համար: Կարծում եմ՝ այսպիսի մարդիկ եւ մարդկային արժեքները կարող են միավորել մեզ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հենց դրանով է ոգեշնչում ինձ. այն մեր ներսում արթնացնում է մարդկությունը, եւ դա իսկապես կարեւոր է»,- նկատում է նա:

 Միրզա Դինային եւ Լամյա Հաջի Բաշարը «Մարդու իրավունքների գլոբա կամպուս» կազմակերպությունում, Իտալիա, 2017թ.

 46-ամյա Միրզա Դինայիի մտքով անգամ չի անցնում դադարեցնել իր մարդասիրական գործունեությունը: «Որտեղ էլ լինեն վիրավորները, եթե գիտես նրանց մասին ու ասում ես, որ քեզ համար միեւնույն է, հավերժ մեղքի զգացում ես ունենալու: Հենց այս միտքն օգնեց ինձ՝ հաղթահարելու սեփական տրավման ու շարունակելու աշխատանքս»,- հիշում է Դինային՝ ավելացնելով. «Մենք ցեղասպանություն վերապրած մարդիկ ենք: Չենք ուզում, որ մեկ այլ համայնք եւս ապրի այդ ողբերգությունը: Սա է «Ավրորայի» ուղերձը»:

 

 

 

Լուսանկարը՝ © Էմիլի Ֆելդման