2022 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը տեղի ունեցավ Իտալիայի Վենետիկ քաղաքում՝ Սուրբ Ղազար կղզում, 2022 թ. հոկտեմբերի 15-ին: Միջոցառման նպատակն էր աջակցել նոր սերնդի փրկիչների կենսական աշխատանքին եւ կարեւորել համընդհանուր մարդասիրական արժեքները, որոնց կրողն է «Ավրորա» համաշխարհային շարժումը:
Կղզի ժամանած հյուրերը նախ դիտեցին հայկական հոգեւոր օջախներին նվիրված լուսանկարների ցուցահանդես, որը պատկերում էր հայկական ներկայությունն աշխարհով մեկ՝ Նյու Յորքից մինչեւ Սինգապուր, ապա ծանոթացան տեղանքի պատմությանը, որտեղ գտնվում է Մխիթարյան միաբանությունը: Այն այստեղ է հաստատվել 1717 թվականից, երբ Վենետիկի Հասարակապետությունը կղզին նվիրեց միաբաններին: Միաբանությունը հիմնադրվել էր դրանից դեռեւս 17 տարի առաջ Մխիթար Սեբաստացի աբբահոր կողմից: Մխիթարյանները քաջ հայտնի են հին հունարեն գրությունների հայերեն թարգմանությամբ պահպանված ձեռագրերի գիտական հրատարակություններով եւ դասական ու ժամանակակից հայերենի վերաբերյալ իրենց ուսումնասիրություններով:
Այնուհետեւ հյուրերը վայելեցին Համերաշխության համերգ, որի ընթացքում կատարումներով հանդես եկավ միջազգային ճանաչում ունեցող «Գուրջիեւ» համույթը՝ Լեւոն Էսկենյանի ղեկավարությամբ: Պատմական մեղեդիներ կատարող հայ առաջատար երաժիշտները միավորել էին ջանքերը՝ իրենց աջակցությունը հայտնելու 2022 թ. «Ավրորայի» հերոսներին: Երեկոյի ծրագիրը ներառում էր Կոմիտասի մի քանի ստեղծագործություն եւ հայ մեծանուն աստվածաբան, բանաստեղծ, փիլիսոփա եւ երաժիշտ Սուրբ Գրիգոր Նարեկացու երաժշտությունը։
Ապա հյուրերը շարժվեցին դեպի եկեղեցի, որտեղ հնչեց աղոթք, որը մատուցեցին հայ համաշխարհային քրիստոնյա համայնքի անդամները, այդ թվում՝ Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց 21-րդ կաթողիկոս պատրիարք Ամենապատիվ Ռաֆայել Պետրոս Մինասյանը, Սուրբ Աթոռում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ եւ Արեւմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Լեւոնյան վարժարանի տնօրեն Գերապայծառ հայր Նարեկ Նամոյանը: Նրանք փառաբանեցին համամարդկային մարդասիրական, կրթական եւ հոգեւոր արժեքները, որոնք արտացոլում է «Ավրորան»:
Աղոթքին հետեւեց մարդասիրությանը նվիրված հոգեւոր համերգ, որին ելույթ ունեցան «Գուրջիեւ» համույթը, «Վենետիկի փոքրիկ երգիչներ» մանկական երգչախումբը եւ Իզաբել Բայրաքդարյանը՝ ներկայացնելով միջազգային եւ հայկական երաժշտության ոգեշունչ գոհարները: Մեծապես պահանջված լինելով աշխարհի տարբեր օպերային թատրոններում եւ համերգասրահներում՝ Լիբանանում ծնված կանադա-ամերիկահայ սոպրանո Իզաբել Բայրաքդարյանը հայտնի է թե իր գեղեցկությամբ, հմայքով եւ յուրօրինակ ոճով, թե իր ձայնային հարուստ դիապազոնով՝ համահունչ իր ողջ էությանը:
Վերադառնալով եկեղեցու գավիթ՝ հյուրերը վայելեցին «Վենետիկի երեխաներից՝ աշխարհին» խորագրով տեսաձայնային ներկայացումը՝ ստեղծված իր հրաշագործությամբ հայտնի «Սեւանի Աստվածամայրը» սրբապատկերի շուրջ: 1692 թ. 16-ամյա սարկավագ Մխիթար Սեբաստացին 10 օր անցկացրեց Սեւանա կղզում: Այնտեղ նա աղոթում էր «Սեւանի Աստվածամայրը» սրբապատկերի առաջ, երբ տեսիլք ունեցավ: Նրան այցելեց Տիրամայրը եւ քաջալերեց հիմնել միաբանություն՝ արտասանելով «Եղիցի՛»: Թովիչ այս ներկայացումն ամբողջացնում էր Վենետիկի ամենահայտնի երգչախմբերից մեկը՝ «Վենետիկի փոքրիկ երգիչներ» մանկական երգչախումբը, որը հիմնադրվել է 1973 թվականին եւ այժմ ղեկավարում է Դիանա Դ'Ալեսիոն:
Երեկոյի գլխավոր միջոցառումը՝ 2022 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը, տեղի ունեցավ Սուրբ Ղազար կղզու այգում տեղադրված տաղավարում։ Այն վարում էին «Վաշինգթոն փոսթ» օրաթերթի սյունակավար, լրագրող եւ նովելիստ Դեյվիդ Իգնաթիուսը եւ UWC Դիլիջանի շրջանավարտ, Ամալ Քլունիի անվան կրթաթոշակառու Դալյա Աթալլահը: Այս արարողությունը համախմբել էր աշխարհի առաջատար մարդասերներին, գիտնականներին, բարերարներին, գործարարության ոլորտի առաջնորդներին եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:
«Ես կարող եմ ասել ձեզ՝ այսօր այստեղ նստած մարդկանց, մեր հերոսներին ու դափնեկիրներին, որ անչափ երջանիկ եմ, որ գտել եմ ձեզ եւ ճանաչում եմ բոլորիդ: Ինձ համար դուք եք առաքինի առաջնորդները, դուք հեղինակություն եք բոլորիս համար, հաջորդ սերնդի համար, մարդկանց համար, որոնք իսկապես հիանում եւ հարգում են ձեզ ոչ թե ձեր բանկային հաշիվների, ձեր կոչումների, այլ պարզապես մարդ լինելու համար»,- նկատեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ Noôdome հարթակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
Անցած տարի կյանքից հեռացավ «Ավրորայի» համահիմնադիր Վարդան Գրեգորյանը։ Նրա հիշատակը հարգելու համար Իզաբել Բայրաքդարյանը կատարեց պարզ, բայց չափազանց քնքուշ մի օրորոցային պատմական Հայաստանի Անի քաղաքից՝ «Օրորերգ Անիից»: Այս հուզիչ կատարումից հետո Վարդանի որդին՝ Րաֆֆի Գրեգորյանն իր գնահատանքի խոսքն ուղղեց` ընդգծելով «Ավրորայի» դերն աշխարհում մարդկայնության արթնացման գործում, եւ նշեց. «Ինչպե՞ս է արտահայտվում սերունդների միջեւ մարդկայնության փոխանցումը: Ես կասեի՝ պարզապես նայեք ձեր շուրջը։ Ձեր բոլորի միջոցով։ Ոչ միայն «Ավրորայի» հերոսների եւ դափնեկիրների միջոցով, որոնք վտանգում են իրենց կյանքը՝ փրկելու ուրիշներին, աջակցելու եւ հույս տալու նրանց, ում ճնշում են, ում զրկել են ձայնի իրավունքից, եւ ովքեր անպաշտպան են, այլեւ նրանց միջոցով, ում շնորհիվ այս մրցանակն իրականություն է»:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն, «Մոդերնայի» համահիմնադիր եւ նախագահ Նուբար Աֆեյանն ավելացրեց. «Վարդանի ֆիզիկական ներկայությունը շատ ենք կարոտում, բայց նրա հուզական, մտավոր, հոգեւոր ներկայությունը մեզ հետ է, քանի որ ինչպես իր որդու՝ Րաֆֆիի, այնպես էլ մեր մեջ նա թողել է իր մտքերի մասին հավերժ հիշողություն, որոնց ամեն անգամ կարող ենք հղում անել խոսելիս»։ Նուբար Աֆեյանն իր խոսքը եզրափակեց՝ հայտարարելով «Վարդան Գրեգորյան» մարդասիրական հիմնադրամի մեկնարկի մասին․ հիմնադրամը կոչված է ապահովելու «Ավրորայի» կայուն գործունեության շարունակականությունը:
«Ինձ համար պատիվ է աշխատել այս նախագծում եւ իմ ներդրումն ունենալ այս շարժման մեջ էլ ավելի շատ մարդկանց ներգրավելու գործում, որպեսզի այն դառնա երկարատեւ նախագիծ: Ինձ համար չկա ավելի մեծ պատիվ եւ երջանկություն, քան հանդիպել այս սրահում գտնվող բոլոր մարդասերներին, բոլոր դափնեկիրներին, լսել նրանց գործունեության մասին, քանի որ ամեն օր մեզ պետք է մի բան, որը կստիպի հույս փայփայել, որովհետեւ համաշխարհային լուրերը մեզ այդ հույսը չեն տալիս»,- նկատեց «Աֆեյան» ընտանեկան հիմնադրամի համահիմնադիր եւ համանախագահ Աննա Աֆեյանը:
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Իռլանդիայի նախկին նախագահ եւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների նախկին գերագույն հանձնակատար Մերի Ռոբինսոնը եւս իր հիացմունքն արտահայտեց Վարդան Գրեգորյանի ժառանգությանը եւ այն պահպանելու փաստի վերաբերյալ. «Այսօր «Ավրորան» համախմբում է տարբեր խմբերի աշխարհով մեկ՝ ստեղծելով շատ սերտ կապեր եւ կրկին իր ուշադրության կենտրոնում պահելով երիտասարդներին: Ինձ դուր է գալիս միջսերնդային այս մոտեցումը, ինչը, կարծում եմ, կարող ենք ավելի ընդլայնել»:
Այնուհետեւ բեմ բարձրացավ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար Լորդ Արա Դարզին՝ ներկայացնելու 2022 թ․ «Ավրորայի» hերոսներ Ջամիլա Աֆղանիի, Հադի Ջումանի եւ Մահինուր էլ-Մասրիի անվեհեր գործունեությունը, որոնք կրթության հնարավորություն են տալիս կանանց եւ աղջիկներին Աֆղանստանում, ազատում ռազմագերիներին Եմենում եւ պաշտպանում մարդու իրավունքները Եգիպտոսում: «Չնայած վտանգներին ու մարտահրավերներին՝ «Ավրորայի» հերոսներն ամեն ինչից վեր են դասում ուրիշների կյանքն ու անվտանգությունը: Նրանց պատմությունները հույսի եւ ներշնչանքի աղբյուր են դժվարին ժամանակներում, եւ մեզ համար պատիվ է արժանին մատուցել նրանց այս երեկո»,- ասաց Լորդ Դազին:
Դրանից հետո «Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա յոթերորդ մրցանակը շնորհվեց մանկավարժ, իրավապաշտպան, «Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման կազմակերպության (NECDO) հիմնադիր Ջամիլա Աֆղանիին, որն իր կյանքի 25 տարին նվիրել է Աֆղանստանի կանանց կրթության հնարավորություն տալու գործին։ Ցավոք, չնայած բոլոր ջանքերին, նա չկարողացավ անձամբ գալ Վենետիկ՝ մասնակցելու «Ավրորայի» միջոցառումներին, բայց նա ունեցավ հնարավորություն՝ առցանց ուղղելու իր խոսքը, որն անչափ հուզեց բոլոր ներկաներին։
«Երբեմն մեզ թվում է, որ մարդկայնությունը վերացել է աշխարհից։ Բայց «Ավրորան» ապացուցում է, որ այն դեռ կա, եւ մարդասիրության ոլորտի գործիչներն իսկապես հասկանում են Աֆղանստանի ժողովրդի ցավն ու տառապանքը։ Դուք կանգնած եք մեր կողքին եւ օգնության ձեռք եք մեկնում Աֆղանստանի ժողովրդին, որն ունի դրա կարիքը»,- ասաց Ջամիլա Աֆղանին:
«Ավրորա» մրցանակի դափնեկիրն ստանում է 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ եւ նվիրատվության շղթան շարունակելու եզակի հնարավորություն՝ աջակցելով կազմակերպությունների, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվողներին: Այս տարի «Ավրորա» մրցանակի ֆոնդից 300.000 ԱՄՆ դոլար կուղղվի աշխարհում առկա հումանիտար ամենասուր եւ անտեսված ճգնաժամերից մեկի հաղթահարմանը Եմենում, որտեղ մարդկային տառապանքը պահանջում է անհապաղ միջամտություն: Որպես 2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ Ջամիլա Աֆղանին նաեւ կաջակցի Խաղաղության եւ ազատության կանանց միջազգային լիգային եւ «Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման կազմակերպությանը:
«Կլինի [դրամաշնորհի] հատուկ մաս, որը կուղղվի մեր օրերում եղած խոշոր եւ անտեսված մի ճգնաժամի, որն այս տարի Եմենի ճգնաժամն է: Բայց մենք ձգտում ենք ընդլայնել մեր ազդեցության շրջանակը որքան հնարավոր է շատ վայրերում, այդ թվում՝ Աֆղանստանում եւ Եմենում»,- նկատեց Նուբար Աֆեյանը, իսկ Ռուբեն Վարդանյանը հստակեցրեց. «Եմենի ընտրությունը չեն արել Ընտրող հանձնաժողովը կամ համահիմնադիրները: Այն արել են «Ավրորայի» հերոսներն ու դափնեկիրները։ Նրանք են ընտրել այն երկիրը, որն առավել շատ ունի օգնության կարիք»:
Եվ վերջում «Ավրորայի» ավանդույթներին համապատասխան՝ Իզաբել Բայրաքդարյանը, «Գուրջիեւ» համույթը եւ «Վենետիկի փոքրիկ երգիչներ» մանկական երգչախումբը կատարեցին «Քեզ համար, Հայաստան» երգը, որի հեղինակը Շառլ Ազնավուրն է: Երգը գրվել է 1988 թ. Սպիտակի երկրաշարժից տուժած հայերի համար միջոցներ հանգանակելու եւ նրանց աջակցելու համար։ Դրանից առաջ հնչեց «Էրեբունի-Երեւան» երգը, որի ժամանակ նվագեց նաեւ երգեհոնահար Հայկ Ոսկերիչյանը։ Արարողությունն ավարտվեց հզոր նոտայով. Սուրբ Ղազարի զանգերը ղողանջեցին ի նշան մարդասիրության, որն արթնացնում է «Ավրորա» մրցանակը: