2021 թ. «Ավրորայի» միջոցառումները տեղի ունեցան հոկտեմբերի 8-10-ը Իտալիայի Վենետիկ քաղաքում՝ ընդգծելով կապը համաշխարհային արժեք ունեցող մշակութային այս կենտրոնի եւ «Ավրորայի» գաղափարախոսության միջեւ։ Եռօրյա հագեցած եւ բովանդակալից ծրագրի ընթացքում «Ավրորայի» համայնքը հնարավորություն ունեցավ վեր հանելու համաշխարհային ամենահրատապ մարդասիրական խնդիրները, մեծարելու մերօրյա հերոսներին, քննարկելու կորոնավիրուսի հետեւանքները եւ հարգանքի տուրք մատուցելու նրանց, ովքեր այլեւս մեզ հետ չեն:
Հոկտեմբերի 8-ին Aurora Dialogues «Հանդիպում 2021 թ. «Ավրորայի» հերոսների հետ» թեմայով քննարկումն անցկացվեց Վենետիկի միջազգային համալսարանում՝ Սան Սերվոլո կղզում (Isola di San Sèrvolo): Միջոցառման ժամանակ 2021 թ. «Ավրորայի» հերոսները ներկայացրին իրենց աշխատանքը ու թե ինչն է իրենց առաջ մղում՝ դահլիճում գտնվողներին ոգեշնչելով մարդկային տոկունության եւ ծայրահեղ ծանր իրավիճակներում դրսեւորած խիզախության մասին պատմություններով: Ի վերջո, հնարավորություն եղավ նաեւ «Ավրորա» մրցանակն անձնապես շնորհելու 2020 թ. դափնեկիր Ֆարթուն Ադանին: Կորոնավիրուսի համավարակի սահմանափակումների պատճառով նա եւ դուստրը՝ Իլվադ Էլմանը, «Ավրորա» մրցանակի դափնեկիր էին դարձել առցանց միջոցառման ընթացքում:
«Այս ամենը մեզ առիթ է տալիս մտորելու, թե ինչու ենք մենք բոլորս այստեղ: Զոհողությունները, որոնց ոմանք գնում են աշխարհի տարբեր անկյուններում, ակնհայտ են: Եվ մենք շատ զգացված ենք՝ տեսնելով այս սքանչելի մարդկանց, որոնք առաջադրվել են այս շատ կարեւոր մրցանակին. մրցանակ, որը ոչ միայն ճանաչման է արժանացնում այն, թե ինչ են արել նրանք, այլեւ ուշադրություն է հրավիրում այն ահռելի դժվարությունների վրա, որոնք գոյություն ունեն աշխարհում»,- նշեց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին:
«Ավրորայի» գլխավոր միջոցառումները տեղի ունեցան հոկտեմբերի 9-ին Մխիթարյան միաբանության Սուրբ Ղազար կղզում, որն աշխարհի՝ հայկական մշակույթի եւ հայագիտության ամենանշանավոր կենտրոններից մեկն է: Միջոցառումները մեկնարկեցին «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի հանդիպմամբ, որի ընթացքում որոշվեց 2021 թ. դափնեկիրը: Ավելի ուշ Մխիթարյան միաբանության եկեղեցում տեղի ունեցավ համերաշխության աղոթք՝ հոգեւոր եւ պետական առաջնորդների, միջազգային մարդասիրական համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ, որն ուղեկցվեց կենդանի կատարումներով: Դրան հետեւեց «Ի հիշատակ. «Ավրորայի» համահիմնադիր Վարդան Գրեգորյանը» միջոցառումը, որը նվիրված էր ամերիկահայ ականավոր մարդասեր եւ գիտնական, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանի հիշատակին:
«Վարդանը, իրեն հատուկ համեստությամբ, բոլորիս համար սահմանել է չափանիշ, որին մենք պետք է ձգտենք մեր ողջ կյանքի ընթացքում՝ կիրառելով նրանից սովորածը: Մենք այսօր հավաքվել ենք գիտելիքի այս ամրոցում, որտեղ պահվում են հայկական մշակույթի եւ ժառանգության պատմական արձանագրություններ, ու դա այն ուժի արտացոլանքն է, որի մասին խոսում էր Վարդան Գրեգորյանը՝ ուժ, որը մենք ունենք, ուժ, որը պետք է օգտագործենք՝ ի բարօրություն»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը:
2021 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը, որն անցկացվեց «Վեր հառնելով միասին» խորագրի ներքո, վարում էին Ամալ Քլունիի անվան կրթաթոշակառու, UWC Դիլիջանի շրջանավարտ, լիբանանցի Դալյա Աթալլահը եւ «Վաշինգթոն փոսթ» օրաթերթի փոխխմբագիր, սյունակավար, «Ավրորայի» երկար տարիների բարեկամ Դեյվիդ Իգնաթիուսը: Կատարումներով հանդես եկան ծիրանափողի վարպետներ Արամ Իփեքջյանը եւ Ջիվան Գասպարյան կրտսերը, ինչպես նաեւ «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ, որը հայտնի է երգչախմբային փորձարարական կատարումներով եւ հայկական երգչախմբային ժառանգությունն աշխարհով մեկ ներկայացնելով: Դուդուկի դյութիչ հնչյուններն ու երգիչների ձայները հանդիսատեսին տեղափոխեցին նախաձեռնության հայրենիք՝ կարեւորելով տեղի հայկական հարուստ ժառանգությունը։
«Անցած տարին ծանր էր բոլոր հայերի համար: Մենք շատ երիտասարդների կորցրեցինք, որոնք զոհվեցին պատերազմում, երկու կողմից՝ ոչ միայն հայկական, ու դա սարսափելի էր բոլորիս համար: Կարծում եմ՝ շատ խորհրդանշական է, որ մենք այսօր այստեղ ենք՝ մի վայրում, որտեղ կարող ենք հպարտանալ, որ հայ ենք ու ինչ-որ բան ենք տվել աշխարհին, բայց նաեւ փորձելով պահել մեր ինքնությունը, փորձելով պահպանել մեր ով լինելը»,- նշեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ Noôdome հարթակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա վեցերորդ մրցանակը շնորհվեց Ջուլիեն Լուսենգեին՝ մարդու իրավունքների պաշտպան, «Կանանց համերաշխություն հանուն ներառական խաղաղության եւ զարգացման» կազմակերպության (SOFEPADI) եւ Կոնգոյացի կանանց հիմնադրամի (FFC) համահիմնադիր, որը տարիներ շարունակ աջակցել է պատերազմի ժամանակ սեռական բռնության ենթարկվածներին: Նա խիզախորեն բարձրաձայնել է Կոնգոյում քաղաքացիական պատերազմի ընթացքում սարսափելի սեռական բռնության ենթարկված հազարավոր կանանց հուսահատ վիճակի մասին եւ համառորեն գործել՝ հանցագործներին բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Մրցանակի շնորհման արարողությունը եզրափակվեց աշխարհահռչակ իտալացի տենոր եւ բարերար, մաեստրո Անդրեա Բոչելիի ելույթով, որն աջակցում է մարդկանց եւ համայնքներին իր «Անդրեա Բոչելի» հիմնադրամի միջոցով: Միջոցառումից հետո, ըստ ավանդույթի, 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Ջուլիեն Լուսենգեի անունն արձանագրվեց «Մատյան մարդասիրաց» եզակի ձեռագրում՝ յուրօրինակ մի տարեգիրք, որում վավերագրվում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործունեությունը:
2021 թ. հոկտեմբերի 10-ին Վենետիկում անցկացվեց Aurora Dialogues «Առողջապահական անվտանգություն. կորոնավիրուսի համավարակի հումանիտար մարտահրավերները» թեմայով քննարկում, որին մասնակցում էին տարբեր երկրներ եւ ոլորտներ ներկայացնող բանախոսներ: Նրանք բաց եւ անկեղծ խոսեցին կորոնավիրուսի հետեւանքով առաջ եկած դժվար իրականության մասին, որին բախվում են, անդրադարձան դրա կարճաժամկետ եւ երկարաժամկետ հետեւանքներին, մատնանշեցին այն ջանքերը, որոնք պետք է ձեռնարկի համաշխարհային հանրությունը՝ ապագա աղետներից խուսափելու համար:
Տարիների ընթացքում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադիրներին են միացել հազարավոր աջակիցներ եւ գործընկերներ: Թեեւ նրանք շատ են անուն առ անուն թվարկելու համար, նախաձեռնությունը հավերժ երախտապարտ է յուրաքանչյուրին՝ իր առաքելությանը ցուցաբերած աջակցության համար: Մինչ օրս «Ավրորայի» ծրագրերից ուղղակի եւ անուղղակի կերպով օգտվել է մոտ 2.500.000 մարդ ավելի քան 50 երկրից: Այդուհանդերձ, դեռ շատ աշխատանք կա անելու, այդ իսկ պատճառով շարժումը պետք է շարունակի հզորանալ՝ իր ծավալով եւ հասանելիությամբ: Փոփոխություն իրականացնելու եւ ավելի լավ ապագա ստեղծելու՝ «Ավրորայի» գաղափարին միանալու համար խնդրում ենք աջակցել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանն՝ այցելելով այստեղ:
Գլխավոր լուսանկար՝ «Ավրորայի» համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը եւ Ռուբեն Վարդանյանը (աջից) 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Ջուլիեն Լուսենգեի հետ։ Սուրբ Ղազար կղզու Մատենադարան, հոկտեմբերի 9, 2021 թ.