Առողջապահական անվտանգություն. կորոնավիրուսի համավարակի հումանիտար մարտահրավերները

Առողջապահական անվտանգություն. կորոնավիրուսի համավարակի հումանիտար մարտահրավերները

2021 թ. հոկտեմբերի 10-ին Վենետիկում տեղի ունեցավ Aurora Dialogues «Առողջապահական անվտանգություն. կորոնավիրուսի համավարակի հումանիտար մարտահրավերները» թեմայով քննարկումը՝ Իտալիայում 2021 թ. «Ավրորայի» միջոցառումների շրջանակում: 2,5 ժամ տեւած աննախադեպ այս քննարկմանը մասնակցեցին տարբեր երկրներ եւ ոլորտներ ներկայացնող բանախոսներ, որոնք բաց եւ անկեղծ խոսեցին կորոնավիրուսի հետեւանքով առաջ եկած դժվար իրականության մասին, որին բախվում են, անդրադարձան նաեւ դրա կարճաժամկետ եւ երկարաժամկետ հետեւանքներին, մատնանշեցին այն ջանքերը, որոնք պետք է ձեռնարկի համաշխարհային հանրությունը՝ ապագա աղետներից խուսափելու համար: Չնայած ցավոտ փորձառությունը, որի մասին պատմեցին մի քանի բանախոսներ, քննարկման մթնոլորտն, ընդհանուր առմամբ, լավատեսական էր. մասնակիցները մեծ հույս հայտնեցին, որ մարդկությունը դասեր կքաղի իր սխալներից:  

Միջոցառման մեկնարկին հյուրերին ողջունեց Մխիթարյան միաբանությունից հայր Համազասպը՝ մաղթելով նրանց բարի գալուստ Մուրադ-Ռաֆայելյան վարժարան, որը հիմնադրվել է Վենետիկում 1836 թ. եւ գտնվում է բարոկկո ոճի Կա Զենոբիո պալատում: Նա ընդգծեց այն կարեւոր դերակատարումը, որ ունեցել են վարժարանի սաները հայոց պատմության եւ մշակույթի վերածննդի գործում, եւ մատնացույց արեց այն դահլիճի նկարազարդ առաստաղը, որտեղ անցկացվում էր միջոցառումը՝ նշելով, որ այնտեղ պատկերված է Ավրորան: «Կենտրոնում Ավրորան է՝ վաղորդյան լույսը: Խորհրդանշական է, որ մեր եզրափակիչ հանդիպումն այստեղ է՝ այս դահլիճում»,- ասաց հայր Համազասպը: 

Քննարկման մոդերատոր, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին շնորհավորեց 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Ջուլիեն Լուսենգեին, որին մրցանակը շնորհվել էր մեկ օր առաջ, եւ խոսքը փոխանցեց «Ավրորայի» համահիմնադիրներ Նուբար Աֆեյանին եւ Ռուբեն Վարդանյանին: 

Սոցիալական ներդրող եւ գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ  Noôdome հարթակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն իր ուրախությունը հայտնեց, որ կարող է մասնակցել այս թեմատիկ քննարկմանը, թեեւ ուղղակիորեն չի առնչվում առողջապահության ոլորտին: Նա խոսեց արդի խնդիրների եւ կորոնավիրուսի առաջ բերած բազմաթիվ մարտահրավերների փոխկապակցվածության մասին: «Այն, ինչ տեղի ունեցավ վերջին մի քանի տարում, ցավ պատճառեց ոչ միայն առողջապահության ոլորտի մարդկանց, այլեւ յուրաքանչյուրին: <…> Այս համավարակը, ցավոք, մեզ այնքան շատ խնդիրներ պատճառեց՝ ոչ միայն պատվաստման տեսանկյունից, որի մասին եւս կխոսենք այսօր, այլեւ մենակությանը բախվելու տեսանկյունից: Մարդիկ միայնակ էին զգում: Նրանք կորցրին վստահությունը կառավարությունների նկատմամբ, նրանք կորցրին վստահությունը համակարգի նկատմամբ»,- ասաց Ռուբեն Վարդանյանը: 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, «Մոդերնա» ընկերության համահիմնադիր եւ նախագահ, Flagship Pioneering ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը խոսեց մարդասիրական աշխատանքի մեջ ներգրավված լինելու մասին, ու թե որքանով է այն նման այն հերոսների փորձառությանը, որոնց աջակցում է «Ավրորան»․ «Ցավոտ զուգահեռներ կան այն խնդիրների միջեւ, որոնցով զբաղվում են մեր դափնեկիրներից շատերը, հատկապես՝ մարդկության դեմ ուղղված հանցագործություններն ու այն, ինչին մենք ականատես ենք այսօր: Համավարակն իր պատճառած մահերով համարժեք է մարդկության դեմ ուղղված հանցագործության: Պարզապես ստացվել է այնպես, որ սա վիրուսային բնույթի հանցագործություն է: <…> Բայց վնասի մեծ մասը հասցվել է մարդկանց կողմից»։ 

 

«Առողջապահական գործընկերներ» կազմակերպության համահիմնադիր, 2021 թ. «Ավրորայի» հերոս Փոլ Ֆարմերը համաձայնեց այդ տեսակետի հետ՝ ավելացնելով. «Կորոնավիրուսի տարածումը մեզ հիշեցնում էր այն մասին, որ դրանք հաճախ մարդածին խնդիրներ են: Մարդիկ, որոնք տարիներ շարունակ զբաղվել էին մարդասիրական օգնությամբ, եւս տեսան, որ ցանկացած մոտեցում համապատասխան չէ եւ չի հզորացնում առողջապահական համակարգը: Քանի որ այս աղմուկը շարունակվում է տասնամյակներով, վերջապես եկել է պահը, երբ բնակչության մեծ խմբեր հասկանում են, որ պետք է ներդրում անել առողջապահության համակարգում: Դա իսկապես հիմնական լուսավոր կետն է»: 

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, The Elders խմբի նախագահ, Իռլանդիայի նախկին նախագահ եւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար Մերի Ռոբինսոնը բարձրացրեց անհավասարության խնդրի մասին, ու թե ինչպես է այն խորանում համավարակի հետեւանքով. «Անհավասար խնամքի բեռը, որը ոչ մի կերպ չի լուծում հասարակությունը, կորոնավիրուսն ավելի է խորացնում: Շատ կանայք ստիպված են թողնել իրենց աշխատանքը: Միեւնույն ժամանակ առաջնագծի կարեւոր շատ աշխատակիցներ հենց կանայք էին, որոնք իրենց վրա էին վերցրել կորոնավիրուսի ժամանակ օգնություն ցույց տալու բեռը՝ բժիշկներ, բուժքույրեր, հավաքարարներ, նաեւ մթերային խանութներում, որտեղ կարեւոր ծառայություններ իրականացնողներից շատերը նույնպես կանայք էին»,- նշեց Մերի Ռոբինսոնը: 

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Նոբելյան դափնեկիր եւ Աֆրիկայի «Գբովե» խաղաղության հիմնադրամի հիմնադիր եւ նախագահ Լեյմա Գբովեն խոսեց այն մասին, թե ինչպես ամենաաղքատ շրջաններում շատ մարդիկ միջոցների բացակայության պատճառով ուղղակի անկարող էին հետեւել կորոնավիրուսի սահմանափակումներին, եւ իր տեսակետը պատկերավոր ներկայացնելու համար պատմեց մի դառը պատմություն. «Համավարակի ընթացքում ես մնացել էի Գանայում ու չէի կարողանում դուրս գալ: Երբ դիմակ կրելը դարձավ համատարած, մի վարորդի հարցրեցի՝ ինչո՞ւ դիմակ չեք կրում: Ու նա պատասխանեց. «Տիկին, դիմակը դոլար արժե: Եթե պետք է ընտրություն անել դիմակ գնելու եւ երեխաների համար հաց գնելու միջեւ, ես կընտրեմ հաց գնելը, որովհետեւ ես չգիտեմ, թե սա ինչ հիվանդություն է, եւ արդյոք երբեւէ վարակվելո՞ւ եմ, բայց ես գիտեմ, թե ինչ է սովը»»: 

Կորոնավիրուսի համավարակի ամենավատ կողմը դրա երկարաժամկետ ազդեցությունն է այնպիսի ոլորտների վրա, ինչպիսին կրթությունն է, մատնանշեց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Նոբելյան դափնեկիր, Իրանի իրավապաշտպանների կենտրոնի հիմնադիր եւ մարդու իրավունքների պաշտպան Շիրին Էբադին: «Կորոնավիրուսն ստիպեց բազմաթիվ մարդկանց թողնելու կրթությունը, եւ անդունդն աղքատների ու հարուստների միջեւ էլ ավելի խորացավ: Իրանում, ինչպես ասիական շատ այլ երկրներում, օնլայն ուսուցման ենթակառուցվածքը շատ թույլ է զարգացած: Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ 3 միլիոն ուսանող եւ աշակերտ չեն կարողացել շարունակել իրենց կրթությունը, բայց մենք կարծում ենք, որ իրականում այդ թիվը կրկնակի է»,- ասաց Շիրին Էբադին: 

Ապատեղեկատվությունը, հավաստի ինֆորմացիայի պակասը եւ կեղծ լուրերը եւս նպաստեցին համավարակի կործանիչ ազդեցությանը, նկատեց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր, Kashim Ibrahim Fellowship կրթաթոշակային ծրագրի խորհրդի նախագահ Դելե Օլոջեդեն. «Մենք գտանք նորարարական լուծումներ՝ շրջանցելով որակը, եւ տեխնոլոգիական այս հարթակները, կարծես, կործանեցին [լրագրության] վերահսկող գործառույթը:  <…> Այդ գործառույթի բնույթը փաստեր բերելն էր, ինչն էլ փլուզվեց: Դա բերեց նրան, որ երբ համավարակը բռնկվեց, ոչ ոք չէր առաջնորդում հանրային երկխոսությունը: Շատ բամբասանքներ եւ կեղծ տեղեկություններ մուտք էին գործում համակարգ»: 

 

2019 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Լյուֆթբրյուքե Իրաք» (Օդային կամուրջ Իրաք) կազմակերպության համահիմնադիր եւ ղեկավար Միրզա Դինային խոսեց լրացուցիչ ճնշման մասին, որին ենթարկվեցին փախստականները կորոնավիրուսի բռնկման հետեւանքով: «Կան որոշակի համայնքներ, որոնք արդեն մեծապես տուժել էին հակամարտությունից: <…> Համավարակից հետո խնդիրը հազարավոր անգամներ ավելի բարդացավ նրանց համար՝ տեղաշարժման սահմանափակման եւ այլ գործոնների պատճառով: Մենք տեսնում էինք մարդկանց, որոնց կյանքը վտանգի տակ էր, նրանք շատ ծանր պայմաններում էին, բայց չէին կարող տեղաշարժվել: Նրանց նաեւ ասել էին, որ պետք է խուսափել այլ մարդկանց հետ շփումից , բայց նրանք ապրում էին փախստականների ճամբարներում, 4x4 մետր վրանում, երբ մյուս ընտանիքն ընդամենը 3 մետր հեռավորության վրա էր»: 

Այս տեսակետը պաշտպանեց 2016 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, Maison Shalom խնամքի տան հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն, որն անձնական փորձառությունից գիտեր, թե որքան խոցելի են փախստականները: Տիկին Բարանկիցեն նաեւ իր հիասթափությունը հայտնեց կորոնովիրուսի դեմ համաշխարհային արձագանքի վերաբերյալ. «Համավարակն ապացուցեց, որ ՄԱԿ-ը եւ մյուս կազմակերպություններն իրականում թույլ են: Երբ համավարակը գլուխ բարձրացրեց, մենք մտանք մեկուսացման փուլ: Փախստականները սովորաբար գոյատեւում են առօրյա փոքրիկ գործերով, որպեսզի սնունդ հայթայթեն: Իսկ մեկուսացման պայմաններում բոլորը պետք է հետեւեին կանոններին, նշանակում է՝ դու չէիր կարող շփվել ուրիշ մարդկանց հետ: <…> Դա քաոս էր: Ինչպե՞ս կարող են մարդիկ գոյատեւել ճամբարում, եթե նրանք չեն կարող ուտելիք հայթայթել: Գործակալություններն ու միջազգային կազմակերպությունները պատրաստ չէին: Դրանք պետք է բարեփոխվեն»: 

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, IMAGINE կազմակերպության համահիմնադիր եւ նախագահ Փոլ Փոլմանը լիովին համամիտ էր այդ հարցում: «Մենք պետք է վստահ լինենք, որ համաշխարհային կառավարումն աշխատում է: Մենք պետք է միասին գործենք ինչպես վերեւում, այնպես էլ ներքեւում: Մարդիկ ասում են, թե կորոնավիրուսն ամենամեծ ճգնաժամն էր, բայց մենք ուրիշներն էլ ենք ունեցել՝ յուրաքանչյուր 2-3 տարին մեկ, կենսաբազմազանության խախտումից մինչեւ կլիմայի փոփոխություն: Ոչ թե կորոնավիրուսն էր անակնկալը, այլ մեր անկարողությունը՝ հասնելու արձագանքման անհրաժեշտ մակարդակի: <…> 1940-ականներին ստեղծված կազմակերպություններն առաջ չեն շարժվում անհրաժեշտ արագությամբ, իսկ կորոնավիրուսի հետ մենք բացահայտեցինք, որ շատ ժամանակ չունենք»,- ասաց Փոլ Փոլմանը: 

Բավականին տհաճ էր ստանալ առողջապահական խորհուրդներ մարդկանցից եւ կազմակերպություններից, որոնք ընդհանրապես գաղափար չունեին տեղում տիրող իրավիճակի մասին, նշեց 2020 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, Մոգադիշոյում գործող «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնի գործադիր տնօրեն Ֆարթուն Ադանը. «Սոմալիում ճգնաժամ է, պատերազմ, այս ամենից բացի, մենք ունենք կորոնավիրուս: Աշխարհից մեզ հասնող ուղերձը հետեւյալն էր՝ լվացեք ձեռքերը, մնացեք տանը, եղեք ապահով: Ու դա մեզ ընդհանրապես չօգնեց: Սոմալիի բնակչության մեծ մասը ստիպված է դուրս գալ եւ աշխատել, որպեսզի սնունդ հայթայթի: Ձեռքերը լվանալու համար ջուր գտնելն էլ հեշտ չէր: Ինչպե՞ս կարող ես այդ ուղերձն ուղարկել մարդկանց, որոնք ապրում են նման պայմաններում»: 

Իր կյանքը ռազմավարության մշակմանն ու առողջապահական ծառայություններն անապահով համայնքներին հասցնելու գործին նվիրած «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր եւ Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնարդ Քուշներն ընդգծեց, որ այս խնդիրը սերտորեն կապված է այլ գործոնների հետ եւ կարող է լուծվել քաղաքական մակարդակում: «Անցյալում մենք երբեք չենք կենտրոնացել այլ համայնքների վրա, մենք կենտրոնանում էինք միայն մեր համայնքների վրա, հետեւաբար սա եւս մեծապես քաղաքական խնդիր է: Առողջապահությունը քաղաքականություն է: Մենք շատ երկար ժամանակ փորձում էինք տարածել այն գաղափարը, որ ավելի լավ աշխարհ ունենալու համար առողջապահությունը պետք է քաղաքականության մաս կազմի: Պետք չէ անել անհնարինը, բայց պետք է առաջ շարժվել քայլ առ քայլ»,- շեշտեց Բեռնարդ Քուշները: 

«AVC առողջապահական լուծումներ» խորհրդատվական հարթակի հիմնադիր եւ ղեկավար Արման Ոսկերչյանն ընդգծեց, որ պետք է առաջ շարժվել՝ առաջնորդվելով հոգալու պարտականության սկզբունքով, եթե մենք երբեւէ հաղթահարենք առողջապահության մատչելիության ակնհայտ անհավասարությունները: «Նույնիսկ համավարակից առաջ առողջապահական տեխնոլոգիաների եւ ծառայությունների հասանելիությունը հսկայական խնդիր էր: Եթե դիտարկենք Աֆրիկան, որը կոշտ հաշվարկով՝ ներկայացնում է աշխարհի բնակչության 18–19%-ը, բժշկական սարքավորումների եւ տեխնոլոգիաների տեսանկյունից այն ներկայացնում է ընդամենը 1,3%-ը: Մեկ օրինակ բերեմ թոքերի արհեստական օդափոխման սարքավորումների մասին, որոնք չափազանց կարեւոր են կորոնավիրուսով հիվանդների կյանքի համար: Աֆրիկային են պատկանում ամբողջ աշխարհի սարքավորումների ընդամենը 1,04%-ը, եւ դա ինքնին աղետ է»,- ասաց Արման Ոսկերչյանը:

 

Քննարկումն ընդգրկուն էր, որին մասնակցեցին նաեւ դահլիճում ներկաները: Washington Post պարբերականի փոխխմբագիր եւ սյունակավար Դեյվիդ Իգնաթիուսը վերադարձավ լրատվամիջոցների մասին հարցին. «Միացյալ Նահանգներում եւ շատ երկրներում թերթերն իրավական պատասխանատվության են ենթարկվում ապատեղեկատվություն հրապարակելու համար: <…> Խնդիրը պարզ է. թերթերի համար գործող կանոնները պետք է տարածել նաեւ հրատարակչական այլ հարթակների վրա»,- ասաց պարոն Իգնաթիուսը: 

Իրանցի փաստաբան եւ իրավապաշտպան Լեյլա Ալիկարամին բոլորին կոչ արեց բարձրացնել իրազեկությունն այն լրացուցիչ խնդիրների մասին, որոնց բախվում են ակտիվիստները կորոնավիրուսի պատճառով․ «Ես ուզում եմ մարդու իրավունքների պաշտպանների վիճակի մասին խոսել, հատկապես՝ կին իրավապաշտպանների: Կորոնավիրուսի համավարակի ընթացքում նրանց վիճակն իսկապես վատացել է: <…> Երբ գրում եք իշխանություններին, քաղաքական գործիչներին, նկատի ունեցեք, որ տեղերում մարդիկ՝ իրավապաշտպանները, նրանք, ովքեր պայքարում են պատվաստանյութի հասանելիության համար, շատ երկրներում հետապնդվում են եւ բանտարկվում»: 

2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, մարդու իրավունքների պաշտպան, Կանանց համերաշխություն հանուն ներառական խաղաղության եւ զարգացման կազմակերպության (SOFEPADI) եւ Կոնգոյացի կանանց հիմնադրամի (FFC) համահիմնադիր Ջուլիեն Լուսենգեն ընդգծեց հատկապես կանանց վրա համավարակի կործանարար ազդեցությունը: «Երբ համավարակն սկսվեց, վախ կար: Մարդիկ, իրոք, վախեցած էին: Հեռուստատեսությամբ տեսնում էինք, որ հազարավոր մարդիկ մահանում են: Դրանից բացի, կանայք սովորաբար ապավինում են ոչ ֆորմալ աշխատանքին: Կորոնավիրուսի ժամանակ նրանք չէին կարող դուրս գալ աշխատելու եւ ստիպված իրենց խնայողություններն էին ծախսում: Հիմա նրանք ընդհանրապես ոչինչ չունեն»,- ցավով նշեց տիկին Լուսենգեն: 

2021 թ. «Ավրորայի» հերոս, իրավապաշտպան եւ ASOCATDAME գյուղացիների, գյուղական աշխատողների եւ շրջակա միջավայրի պաշտպանների Մետայի ընկերակցության հիմնադիր Ռուբի Կաստանյոն ավելի հեռուն գնաց՝ թափանցիկ եւ անաչառ լրագրության բացակայությունը համեմատելով պատերազմի վտանգների հետ: «Կան ավելի վատ ու վտանգավոր բաներ, քան ատրճանակն է, քան փամփուշտներն են: Դրանք լրատվամիջոցների բարձրախոսներն են: Նորություններով երբեմն պարզապես ատելություն են տարածում: Որտեղ պատերազմը ֆինանսավորողների շահերն են, տուժածները չեն կարող օգտագործել մեդիան, որպեսզի պատմեն, թե ինչ է կատարվում: Ես կցանկանայի այս կարեւոր հարցը տեսնել ներառված միջազգային օրակարգում»,- հայտարարեց տիկին Կաստանյոն: 

Եզրափակելով ինֆորմատիվ եւ բաց քննարկումը՝ Լորդ Արա Դարզին բարձր գնահատեց բոլորի մասնակցությունը։ «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել մեր հարգարժան բանախոսներին անգնահատելի եւ բազմաբովանդակ ներդրման համար, ինչպես նաեւ լսարանին՝ որոշ առաջարկների համար: Ես շատ շնորհակալ եմ: Մենք շատ հարուստ նյութ ունեցանք»,- ասաց Լորդ Դարզին՝ ավելացնելով, որ մտադիր է խոսել «Ավրորայի» համահիմնադիրների հետ՝ քննարկման ընթացքում հնչած մտքերը հոդվածով ամփոփելու մասին, որը կարող է օգտագործվել ապագայի համար դասեր քաղելու նպատակով: