«Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը տեղի ունեցավ ապրիլի 24-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Նախասրահից սկսած՝ դահլիճը զարդարված էր հնագույն ձեռագրերի պատկերներով։ Հյուրերին սպասում էր լարային սեքստետի կատարումներ եւ թեթեւ հյուրասիրություն։
Երեկոյի մեկնարկին հուզիչ ֆիլմ ցուցադրվեց Ավրորա Մարդիգանյանի մասին, որի անվամբ էլ կոչվում է մրցանակը։ Ֆիլմը հիմնականում բաղկացած էր ազդեցիկ լուսանկարներից, էսքիզներից, անիմացիաներից, ինչպես նաեւ հարյուրամյա հնության արխիվային նյութերից, որոնք վերաբերում էին այն ժամանակներին, երբ Օսմանյան կայսրության իշխանությունները հայ հպատակների նկատմամբ ցեղասպանություն գործելու գաղափար ունեցան։ Ֆիլմը պատմում էր Ավրորայի գոյապայքարի եւ «Հոշոտված Հայաստան» կինոնկարի միջոցով հայության կրած տառապանքներն աշխարհին ներկայացնելու՝ նրա հետագա առաքելության մասին։ Ռեժիսոր Էրիկ Նազարյանի հեղինակած ֆիլմն անդրադառնում էր այն անհատներին, որոնք սեփական կյանքը մեծագույն վտանգի ենթարկելու գնով պատսպարեցին, պաշտպանեցին ու անխուսափելի մահից փրկեցին հազարավոր փախստականների ու վերապրողների։ «Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին՝ «Ավրորա» մրցանակը մեծարում է մարդկային ոգու տոկությունը, որը ծանրագույն պայմաններում անգամ մղում է գործելու։ Մրցանակը կարող է ստանալ յուրաքանչյուրը, աշխարհի ցանկացած ծայրից,- ասվում է ֆիլմում,- մենք մեծարում ենք նրանց, ովքեր իրենց կյանքն ապրում են՝ ուրիշների համար ապրելու հնարավորություն ստեղծելու եւ աշխարհում փոփոխություն մտցնելու համար»։ Ֆիլմի երաժշտական ձեւավորումը ներառում էր նաեւ Սերժ Թանկյանի «Ավրորայի երազանքը» ստեղծագործությունը, որը նա գրել էր հատուկ այս արարողության համար։
Մարդասիրության ասպարեզի առաջատարները հավաքվել էին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ մասնակցելու «Ավրորա» անդրանիկ մրցանակաբաշխությանը |
Տեսանյութին հետեւեց «Բալետ 2021» հիմնադրամի ներկայացումը։ Ռուդոլֆ Խառատյանի հեղինակած «Զույգ արեւներ» բալետը հիմնված է Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկի վրա, որը համաշխարհային արժեքների ձեւավորման մեջ հայ ժողովրդի մշակութային ներդրման բացառիկ վկայությունն է։ Ներկայացման կուլմինացիային պարողներից մեկը բեմ բերեց «Ավրորա» մրցանակի արձանիկը։ Պարային համույթին նվագակցում էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։
«Բալետ 2021» հիմնադրամի համույթի կատարումը «Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողության ընթացքում |
Երեկոյի վարողները՝ լրագրող եւ արձակագիր Դեյվիդ Իգնատիուսն ու օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը, ողջունեցին հյուրերին։ Դահլիճում հոտնկայս ծափահարությունների ալիք բարձրացավ, երբ հայտարարվեց, որ երեկոյին ներկա է նաեւ Շավարշ Կարապետյանը՝ «սովորական հերոսի» մերօրյա մարմնացումը, որը երբեք չերկմտեց իր կյանքը վտանգել ուրիշին փրկելու համար։
Կատարողները ներկայացնում են «Ավրորա» մրցանակի համար Մանվել Մաթեւոսյանի հեղինակած արձանիկը |
Վարողներն ապա բեմ հրավիրեցին Լրագրողների միջազգային կենտրոնի (ICFJ) ղեկավար Ջոյս Բարնաթանին՝ The New York Times օրաթերթի թղթակից Ռուկմինի Կալիմակիին շնորհելու «Սկզբունքային լուսաբանում» անդրանիկ մրցանակը։ Ցուցադրվեց կարճամետրաժ ֆիլմ, որը ներկայացնում էր Ալ-Քաիդայի եւ ԻԼԻՊ-ի կողմից իրականացված ոճրագործությունների, ինչպես նաեւ եզդի փախստականների ողբալի կացության բացահայտման գործում Կալիմակիի լրագրողական ներդրումը։ Ֆիլմում նա նշում է. «Իմ նպատակն է հավաստի լուսաբանել բոլոր այն հարցերը, որոնց մասին գրում եմ»։ Բեմ բարձրանալով՝ դափնեկիրն ասաց. «Այս մրցանակն ընդունելն ինձ համար մեծ պատիվ է, եւ ես ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Լրագրողների միջազգային կենտրոնին, 100 LIVES նախաձեռնությանն ու «Ավրորա» մրցանակին՝ ինձ այս պատվին արժանացնելու համար։ Բոլոր հոդվածներս ես գրում եմ սրտացավությամբ եւ հանձնում աշխարհին։ Սակայն այդ պահից ի վեր դրանք արդեն բոլորինն են»։ Հայաստանում բնակություն հաստատած երկու եզդի փախստականներ բեմից երախտագիտություն հայտնեցին Կալիմակիին իրենց ժողովրդի տառապանքների վրա լույս սփռելու ջանքերի համար։
«Սկզբունքային լուսաբանում» անդրանիկ մրցանակի դափնեկիր Ռուկմինի Կալիմակին |
Արարողության շարունակությանը հարգանքի տուրք մատուցվեց երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանին, որը գերազանցության հասավ բիզնեսի աշխարհում եւ ուներ բացառիկ բարի սիրտ։ Բեմ բարձրացավ Քըրք Քըրքորյանի հիմնադրած Survival Pictures կինոընկերության գլխավոր պրոդյուսեր դոկտոր Էրիկ Էսրայիլյանը եւ իր խոսքում նշեց. «Այս շաբաթ Հայաստանը մարդասիրական երկխոսության սիրտն ու հոգին դարձնելու համար երախտագիտությունս եմ ուղղում «Ավրորա» մրցանակի հիմնադիրներին ու կազմակերպիչներին»։ Ներկայացնելով իրենց նախագծերի բարեգործական նպատակները՝ դոկտոր Էսրայիլյանն ապա ցուցադրեց Survival Pictures կինոընկերության առաջին լիամետրաժ «Խոստում» («The Promise») ֆիլմի թրեյլերը։ Դա մի զույգի սիրո պատմություն է Հայոց ցեղասպանության բերած ավերածության խորապատկերին։
Դրան հետեւեց աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գրված «Զանգերի սիմֆոնիայի» ավարտական մասի կատարումը, որի ընթացքում մեծ էկրանին ցուցադրվում էին արցախյան վերջին (ապրիլի 1-4) քառօրյա պատերազմում զոհված հայաստանցի տասնյակ զինվորների դիմանկարները։
100 LIVES նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանն Ընտրող հանձնաժողովի անդամ Լեյմա Գբովեի եւ «Ավրորա» մրցանակի հավակնորդ Սայիդա Ղուլամ Ֆաթիմայի հետ |
Անցնելով «Ավրորա» մրցանակի առաջին հավակնորդին ներկայացնելուն՝ երեկոն վարողները բեմ հրավիրեցին 100 LIVES նախաձեռնության համահիմնադիր, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանին եւ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Լեյմա Գբովեին։ Գրեգորյանը տեղեկացրեց, որ «Ավրորա» մրցանակին առաջադրված է եղել 186 թեկնածություն 26 երկրից, ներկայացրեց թեկնածուների գործի ուսումնասիրության եւ հավակնորդների ընտրության ընթացակարգերը, իսկ ապա դահլիճին փոխանցեց Հոլոքոստը վերապրած իրավապշտպան Էլի Վիզելի տեսաուղերձը, որում վերջինս հնչեցնում էր հետեւյալ հռետորական հարցը. «Առանց հիշողության ի՞նչ կլիներ հասարակությունը, ի՞նչ կլիներ մշակույթը… Այնքան շատ հայեր կարող էին փրկվել, պե՛տք է փրկվեին այդ տարիներին… Առանց մեր համատեղ աշխատանքի՝ ո՞վ իմանա՝ էլի քանի հոգի մեր մխիթարության կարիքը կունենա վաղը»։
Գբովեն ներկայացրեց Պակիստանի «Կախյալ շահագործվողների ազատագրության ճակատի» գլխավոր քարտուղար, «Ավրորա» մրցանակի հավակնորդ Սայիդա Ղուլամ Ֆաթիմային։ Նրա մասին տեսապատմության առանցքային պահը կախյալ շահագործվողի փրկության հաջող գործողությունն էր՝ իրականացված գիշերով, այդ թվում՝ պաշտոնյաներին կաշառելու միջոցով, որպեսզի վերամիավորվի մի ընտանիք։ Ֆիլմն ավարտվեց Սայիդայի կողմից փրկված մարդկանցից ընդամենը չորսի դիմանկարներով, ինչն անչափ հուզեց ներկաներին։
«Ավրորա» մրցանակի հավակնորդ Թոմ Քաթինայի զարմուհի Միշել Քաթինան նրա փոխարեն ընդունում է մրցանակը |
Արձանիկն ընդունելու համար բեմ բարձրանալիս Ֆաթիման ինքն էլ հազիվ էր զսպում արցունքները. «36 տարի առաջ, երբ դեռ նոր էի սկսել իմ պայքարը, իմ իսկ համերկրացիներն իմ դեմ էին դուրս եկել։ Գործունեությունս կասեցնելու համար փորձեցին նույնիսկ սպանել ինձ։ Բայց հիմա ես այստեղ եմ ու ոգեշնչված եմ տիկին Ավրորայով։ Նա դեռ ապրում է, փա՛ռք իրեն։ Միասին մենք կվերափոխենք աշխարհը։ Մենք տեսնելու ենք այնպիսի մի աշխարհ, որում տեղ չի լինելու ստրկությանը, անարդարությանն ու անմարդկային վերաբերմունքին։ Շնորհակալ եմ, անչափ շնորհակալ»։ Սայիդան ներկաներին խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր նրանց հիշատակը, որոնց մարդկությունը չկարողացավ փրկել։
Լսարանին ուղղված տեսաուղերձում «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը խոսեց մրցանակի հավակնորդների մասին։ «Շատ ցնցող, շատ հուզիչ, շատ առանձնահատուկ փորձառություն էր Ընտրող հանձնաժողովի անդամ լինելը, այս չորս բացառիկ հավակնորդների ձեռքբերումները ճանաչելու հնարավորություն ունենալը»,- ասաց նա։
Մրցանակի երկրորդ հավակնորդին ներկայացնելով՝ Հասմիկ Պապյանը պատմեց տեղատվությունից հետո ափին մնացած բյուրավոր ծովաստղերի մասին մի առակ։ Երբ մի երեխա սկսեց հավաքել դրանք ու տանել դեպի ջուրը, նրա ընկերն ասաց. «Ամբողջ ափն ուղղակի ծածկված է միլիոնավոր ծովաստղերով։ Քո ջանքերը ոչինչ չեն փոխելու»։ Տղան պատասխանեց. «Իմ արածը հսկայական նշանակություն ունի հենց ա՛յս ծովաստղի համար»։ Եւ տարավ ու բաց թողեց այն ծովում։ Երեխաները, զգացված իմաստուն խոսքերից, բոլորով սկսեցին հավաքել ծովաստղերն ու տանել դեպի ջուրը։ «Իսկապես։ Աշխարհում բարությունը հենց այդպես էլ արվում է»,- ասաց Դեյվիդ Իգնատիուսն ու բեմ հրավիրեց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անգամ, Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ, Ավստրալիայի արտաքին գործերի նախկին նախարար Գարեթ Էվանսին եւ Նոբելյան մրցանակի դափնեկիր, մարդու իրավունքների գծով փաստաբան եւ Իրանի առաջին կին դատավոր Շիրին Էբադիին՝ մրցանակի արձանիկը դոկտոր Թոմ Քաթինային շնորհելու համար։ «Հիմնադիրներն անչափ համոզիչ էին, բայց նրանցից մեծ ջանքեր չպահանջվեցին Ընտրող հանձնաժողովի ինն անդամներին համոզելու, որ ընդգրկվեն»,- ասաց Էվանսը՝ շարունակելով զուգահեռներ անցկացնել «Ավրորա» մրցանակի եւ Խաղաղության Նոբելյան մրցանակի միջեւ։ «Մրցանակը նպատակ ունի նաեւ հորդորելու բոլորիս չմոռանալ Հայոց ցեղասպանությունը։ Մինչդեռ շատերն ուզում են, որ մոռանանք»,- ասաց նա։
Շիրին Էբադին թարգմանչի օգնությամբ ներկայացրեց դոկտոր Քաթինայի պատմությունը։ «Նա այս ոճիրների դեմ միայնակ մնացած մարդկանց վերջին հույսն է։ Նա կարող էր լքել այս ժողովրդին, սակայն ի հեճուկս բոլոր ոճրագործությունների եւ իր կյանքին սպառնացող վտանգների՝ նա մնացել է այնտեղ՝ օգնելու»,- ասաց նա։ Դոկտոր Քաթինան 750 հազար բնակիչ ունեցող մի ամբողջ տարածաշրջանի միակ վիրաբույժն է։ Այդ պատճառով էլ չկարողացավ ներկա լինել այս հանդիսավոր արարողությանը։ Փոխարենը՝ տեսաուղերձ է ուղարկել, որը նկարահանելու ընթացքում անգամ դոկտոր Քաթինային շտապ կանչեցին վիրահատարան՝ զննելու Սուդանի հարավում շարունակվող հակամարտությունից տուժածների հերթական խմբին։ Թոմ Քաթինայի անունից արձանիկն ընդունեց նրա զարմուհին՝ բնապահպան Միշել Քաթինան։
«Ավրորա» մրցանակի հավակնորդ Հայր Բերնարդ Կինվին 100 LIVES նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանի հետ |
Հաջորդիվ պատմվեց եւս մի առակ, այս անգամ՝ մի երիտասարդի մասին, որը հպարտանում էր, որ իր սիրտն ամենագեղեցիկն է, անբիծը եւ անթերին։ Մի տղա հակաճառեց նրան, որ իր ծեր պապի սիրտը, որից պակասում էին բազմաթիվ կտորներ, եւ որն ամբողջությամբ ծածկված էր սպիներով, շատ ավելի գեղեցիկ է։ «Քո սիրտն, անշուշտ, անթերի է, բայց ես երբեք իմ սիրտը չէի փոխի քոնի հետ։ Սրտիս ամեն սպին մի վերհուշ է այն մարդուց, ում ես սեր եմ տվել, տվել եմ սրտիս մի կտորը։ Իսկ նա էլ ինձ վերադարձրել է մի կտոր իր սրտից՝ լցնելու առաջացած դատարկությունը»։ Ապշած երիտասարդն արցունքն աչքերին մոտենում է ծերունուն, պոկում իր սրտից մի կտոր ու մեկնում նրան։ Իսկ ապա նայում իր սրտին։ Այն այլեւս անթերի չէր, սակայն իրականում շատ ավելի գեղեցիկ էր, քան առաջ։
Հաջորդ հավակնորդին ներկայացնելու համար բեմ բարձրացան Ընտրող հանձնաժողովի անդամ, Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին հատուկ ներկայացուցիչ Հինա Ջիլանին եւ 100 LIVES նախաձեռնության ու «Ավրորա» մրցանակի համահիմնադիր, «Flagship Ventures» ընկերության կառավարող գործընկեր եւ գլխավոր գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը։ Վերջինս պատմեց երկաթուղու աշխատակից գերմանացի երկու սպաների պատմությունը, որոնք Հայոց ցեղասպանությունից փրկել են իր պապին։ «Սա գալիս է հաստատելու, որ այսօր բոլորս այստեղ ենք՝ մեծարելու նվիրումը մարդկային ոգուն»,- ասաց նա։ Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում մշտապես լարված իրադրության պատճառով արարողությանը նախապատրաստվելիս հնարավոր չէր եղել նկարահանել Հայր Բերնարդ Կինվիի գործունեությունը ներկայացնող ֆիլմը։ Ուստի տեսանյութը հիմնականում բաղկացած էր արխիվային վավերագրական նյութերից եւ Հայր Կինվիի հետ տեսահարցազրույցից։ Խորապես հավատացյալ լինելով՝ Հայր Կինվին վստահ է, որ «միայն սերը կարող է կործանել ատելության պատնեշները»։ Արձանիկն ընդունելով՝ նա ֆրանսերենով հակիրճ ճառ արտաբերեց, որն ավարտեց հետեւյալ խոսքերով. «Ինձ համար մեծ պատիվ է, որ այսօր ձեզ հետ եմ ու մասնակցում եմ սիրո մեծարմանը»։
Իր տեսաուղերձում «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Նոբելյան մրցանակի դափնեկիր, Կոստա Ռիկայի նախագահի պաշտոնում երկու անգամ ընտրված Օսկար Արյասն ասաց. «Մարդուց մարդուն փոխանցվող ամենամեծ պարգեւը հույսն է։ Պարգեւատրման այս արարողությունն ինձ տվել է հույսի ոչ թե մեկ, ոչ թե երկու, այլ տասնյակ ու տասնյակ նոր պատճառներ»։ Ուղերձի ավարտին նա հույս հայտնեց, որ մարդասիրության գործի նվիրյալները «Հայաստանում այսօր կգտնեն ապագայի այն նույն հույսը, որը դուք հաղորդեցիք ինձ»։ Տեսագրության ցուցադրմանը հաջորդեց Բարսեղ Կանաչյանի «Օրորը», որը կատարեց հանդիսավոր արարողության վարող, անթերի սոպրանո Հասմիկ Պապյանը՝ Մասիսի վրա ծագող արեւի խորապատկերին։
Հասմիկ Պապյանը կատարում է Բարսեղ Կանաչյանի «Օրորը» |
100 LIVES նախաձեռնության եւ «Ավրորա» մրցանակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն ապա ներկայացրեց չորրորդ հավակնորդին՝ «տասնյակ հազարավոր երեխաների մայր» Մարգարիտ Բարանկիցեին։ Ընտրող հանձնաժողովի համանախագահ եւ հայտնի դերասան Ջորջ Քլունին Ռուբեն Վարդանյանին թեթեւորեն ներկայացրեց որպես իր ընկեր «Մեթ Դեյմոն»։ «Տեսքդ լավացել է, Մեթ»,- ասաց նա Ռուբենին։ Ըստ Քլունիի՝ քանի որ հայերը շատ են սիրում կենաց ասել, ինքը եւս «խմեց» երեք համահիմնադիրների «կենացը»՝ իր բառերով՝ «ճիշտ գործի համար»։ Անցնելով ցեղասպանությանը՝ նա շեշտեց. «Դրա հիմքում ընկած է դաժանությունը։ Ոչ թե ինքնապաշտպանությունը, ոչ թե անգամ պատերազմը, այլ ամբողջ մի ժողովրդի նպատակադրված բնաջնջումը։ Հայ ժողովրդի հետ դա սկսեց կատարվել 101 տարի առաջ, իսկ դրանից հետո մենք նորից ու նորից տեսնում ենք դրա շարունակական կրկնությունն աշխարհի տարբեր կողմերու. Գերմանիա, Կամբոջա, Բոսնիա, Ռուանդա… Ես տեսել եմ, թե մարդն իր վատթարագույն դրսեւորումներում ինչի կարող է ունակ լինել։ Բայց ես ուրիշ բան էլ եմ տեսել՝ մի բան, որը շատ ավելի հզոր է, քան ատելությունը։ Ես տեսել եմ խիզախություն եւ բարություն ու սիրո անհավատալի դրսեւումներ։ Այսօր մենք մեծարում ենք դրա լավագույն օրինակները»։ Նա վերհիշեց իր ընտանիքի գոյապայքարի պատմությունը Իռլանդիայում կարտոֆիլի սովի տարիներին եւ դրանից հետո։ Ի մեծարումն հավակնորդների՝ նա նշեց. «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում նաեւ այն մեկուկես միլիոն կյանքերին, որ կորսվեցին 101 տարի առաջ, եւ դա անում ենք՝ այդ ողբերգությունը կոչելով իսկական անվամբ՝ Հայոց ցեղասպանություն։ Մենք բոլորս այն լավ մարդկանց ուսերին ենք, որոնք իրենց հայացքը չթեքեցին, երբ մենք կարիքի մեջ էինք»։ Եզրափակելով իր խոսքը՝ Քլունին մեջբերեց Ադոլֆ Հիտլերի տխրահռչակ արտահայտությունը. «Ո՞վ է այսօր խոսում հայերի բնաջնջումից»։ Եվ պատասխանեց. «Ողջ աշխա՛րհը, ահա՛ թե ով»։
Ռուբեն Վարդանյանն, իր հերթին, խոսեց Հայաստանում ներկայումս տեղի ունեցող դրական տեղաշարժերից եւ ասաց, որ հույս ունի հաջորդ անգամ կենաց ասել հենց դրանց մասին։ «Ես այսօր կանգնած եմ ձեր առջեւ, որովհետեւ շատ տարիներ առաջ օտար մեկը փրկեց պապիս կյանքը»,- ասաց նա՝ Մարգարիտ Բարանկիցեին համեմատելով Հայոց ցեղասպանության տարիներին հազարավոր հայ որբերի կյանքը փրկած դանիացի միսիոներուհի Մարիա Յակոբսենի հետ։ «Անձամբ ինձ համար սա անչափ հուզառատ օր է, քանի որ ես, Նուբարն ու Վարդանը տարիներ առաջ մի երազանք ունեինք՝ հիմնել ու շնորհել այս մրցանակը Հայաստանում, քանի որ մենք ավելի քան լավ գիտենք, թե որքան ցավալի է ցեղասպանությամբ անցնելը, որքան ցավալի է Արցախում մեր 18-ամյա երիտասարդներին կորցնելը, որքան դժվար է շուրջբոլորդ նորից ու նորից բռնություն տեսնելը»,- ասաց Վարդանյանը։ Այնուհետեւ ցուցադրվեց Բուրունդիի «Մեզոն Շալոմ» կամ «Խաղաղության տուն» խնամքի տանը Մարգարիտ Բարանկիցեի գործունեության մասին պատմող կարճամետրաժ ֆիլմը՝ Մարգարիտի խիզախությանն ու աննկուն կամքին կյանքով պարտական մարդկանց բազմաթիվ վկայություններով։ «Նրանք թաղեցին մեզ՝ առանց իմանալու, որ մենք սերմեր էինք»,- ֆիլմում ասում է Մարգարիտը։
Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին շնորհավորում է «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեին |
Բեմ բարձրանալով՝ Բարանկիցեն նշեց, որ այս մրցանակը «Սիրո հաղթանակն է ատելության նկատմամբ». «Առավոտյան, երբ այցելեցի ձեր հուշահամալիր, ապրիլի 24-ն էր, ու ես հիշեցի, որ դա նույն այն օրն է, երբ ես ստիպված եղա լքելու իմ սեփական երկիրը։ Անցյալ տարի հենց ապրիլի 24-ին ես հեռացա Բուրունդիից»։ Նա մեջբերեց Շառլ Ազնավուրի երգից մի քանի տող՝ «Հույսի մի շող եմ ուզում տեսնել, ցանկություն, ձգտում՝ ճակատագիրդ ձեռքդ առնելու ու ոտքի կանգնելու, Հայաստան…», եւ ասաց. «Հայաստանցիներ, շնորհակալ եմ, որ ինձ ուժ ու խիզախություն տվեցիք մտածելու, որ մի օր ես կվերադառնամ իմ երկիր եւ կերգեմ մեր պետական օրհներգը։ Խորապես շնորհակալ եմ»։
100 LIVES նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը |
Մարգարիտ Բարանկիցեի սրտառուչ խոսքից հետո Ընտրող հանձնաժողովի ներկա անդամները հավաքվեցին բեմում՝ հայտարարելու «Ավրորա» անդրանիկ մրցանակի դափնեկրի անունը։ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն հայտնեց 100 LIVES եւ «Ավրորա» մրցանակ նախաձեռնությունում ներգրավված բոլորին՝ նկատելով, որ Երեւանում վերջին անգամ ապրիլի 24-ն արեւոտ է եղել 60 տարի առաջ։ «Աստված եւս մեզ հետ է եւ աջակցում է մեր ձեռնարկմանը,- ասաց նա,- Հայաստանը հիշելու է եւ պահանջելու, սակայն ավելին՝ մենք նաեւ երախտապարտ ենք ու երախտիքի տուրք ենք մատուցում»։
Քլունին բացեց դափնեկրի անունը պարունակող ծրարն ու հայտարարեց 100,000 ԱՄՆ դոլար պարգեւի առաջին դափնեկրի անունը՝ Մարգարիտ Բարանկիցե։ Խորապես հուզված Բարանկիցեն, իր հերթին, հայտարարեց այն երեք կազմակերպությունների անունները, որոնք ստանալու են 1,000,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհը։ Համահիմնադիրները հավելյալ 25 հազարական դոլարի դրամական պարգեւ շնորհեցին «Ավրորա» մրցանակի մյուս երեք հավակնորդներին՝ որը կուղղվի նրանց ոգեշնչած կազմակերպությանը։ Բեմ հրավիրվեցին Մարգարիտ Բարանկիցեի կողմից առաջադրված երեք կազմակերպությունների ներկայացուցիչները՝ Վերոնիկ Պետերբրոկ-Մերլոն՝ «Ժան-Ֆրանսուա Պետերբրոկ» հիմադրամից, Պատրիկ Գոդարը՝ «Բրիդերլեխ Դելեն» հիմնադրամից (Լյուքսեմբուրգ) եւ Ֆլորենս Տելյեն՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսի եւ Մեծ Դքսուհու հիմնադրամից։
«Ավրորայի» դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն Ջորջ Քլունիից ընդունում է մրցանակի արձանիկը |
Վերոնիկ Պետերբրոկ-Մերլոն ողջունեց ներկաներին, այնուհետեւ խոսքը փոխանցեց Պատրիկ Գոդարին. «Այս կազմակերպությունների համար պատիվ է, որ «Ավրորա» մրցանակն անցնելու է Մեգիին։ Մենք այն ընդունում ենք երախտագիտությամբ ու պատկառանքով։ Երախտապարտ ենք մարդկայնության ուղղությամբ այս անշահախնդիր քայլի համար։ Հնարավորությունից օգտվելով՝ ցանկանում ենք շնորհավորել բոլոր չորս հավակնորդներին՝ Սայիդա Ղուլամ Ֆաթիմային, Հայր Բերնարդ Կինվիին, դոկտոր Թոմ Քաթինային ու Մեգիին, եւ մեր հիացմունքն ու հարգանքը հղել նրանց անձնվեր գործին»։
«Ավրորա» մրցանակի դափնեկրի գործունեությունը ներկայացնելով՝ Վերոնիկ Պետերբրոկ-Մերլոն շարունակեց. ««Մեզոն Շալոմ»… Մեգի… Երկար պատմություն է։ Առաջինը՝ սա պատմություն է ավելի քան տասնամյա ընկերության մասին, եւ երկրորդը՝ պատմություն խիզախության ու նվիրումի մասին, բացառիկ մի կնոջ մասին։ 1993 թվականից ի վեր, հաճախ վտանգելով սեփական կյանքը, Մեգին իր ջանքերն ուղղել է իր հայրենիքում մոլեգնող ու, ցավոք, մինչ օրս ավերածություններ գործող քաղաքացիական պատերազմից ու բռնություններից տուժած հազարավոր որբերին։ «Մեզոն Շալոմի» շնորհիվ նա հազարների է փրկել, վերականգնել է հույսն ու մխիթարել տարբեր ազգությունների երեխաներին, որ կորցրել են ամեն ինչ։ «Մեզոն Շալոմը» նաեւ ուղերձի պատմությունն է՝ ներողամտության, հաշտեցման ու խաղաղության ուղերձի։ Ուղերձ, որ հույս է ներշնչում, ձեւավորում երիտասարդների նոր սերունդ, որը կրթվում է ներողամտության ու հարգանքի ոգով՝ վեր ազգային կամ մշակութային պատկանելությունից։ Իսկ Մեգիի պատմությունը… մի կնոջ պատմություն է, որը սեր էր տարածում այնտեղ, որտեղ մյուսներն ատելություն էին սփռում, կին, որը, բռնությանն ու մահին դեմ-հանդիման, նոր հնարավորություններ էր ստեղծում՝ սերն ու ստեղծարարությունը համատեղելով խիզախության ու առաջընթացի հետ։ Եվ, ի վերջո, «Մեզոն Շալոմն» ու Մեգին միասին Բուրունդի երկրի պատմությունն են, որտեղ ատելությունը երբեք չի հաղթանակելու։ Մենք հպարտ ենք, որ մասնակից ենք եղել այս բացառիկ պատմությանը»։
Պատրիկ Գոդարը խոսեց այժմյան դրության մասին. «2015 թվականի ապրիլին քաղաքական ու անվտանգության նոր ճգնաժամը ցնցեց Բուրունդին։ Այս մարտահրավերի հետեւանքով Մեգին, փախստական դառնալով, անցավ Ռուանդա եւ այժմ, ի հեճուկս բոլոր բարդությունների, շարունակում է հույս վերստեղծել ու հույս վերականգնել։ Ռուանդայում վերակազմավորվելով որպես միջազգային հասարակական կազմակերպություն՝ «Մեզոն Շալոմը» վերափոխեց իր գործունեության ուղղությունը՝ կենտրոնանալով մասնավորապես կանանց ու երեխաների խնդիրների վրա։ Մեգիի հետ միասին մենք եւս տեղափոխվեցինք Ռուանդա եւ շարունակելու ենք հետեւել նրան նաեւ ապագայում։ Մենք ցանկանում ենք մեկ անգամ եւս շնորհավորել «Ավրորա» մրցանակի համահիմնադիրների նախաձեռնած գործը։ Այս մրցանակն իսկապես խրախուսում է մեզնից յուրաքանչյուրին՝ ամենախավար պահին անգամ վառել մեր բաժին լույսը»։
Լեգենդար Շառլ Ազնավուրը |
Ռուբեն Վարդանյանն ապա բեմ հրավիրեց Շառլ Ազնավուրին։ «Ես ուզում եմ շնորհակալությունս հայտնել «Ավրորա» մրցանակի կազմակերպիչներին ամեն ինչի համար։ Մենք Հայաստանում ստեղծում ենք նոր հիմնադրամ, երբ բանը հասնում է հիմնադրամներին, ես նմանվում եմ երեխայի։ Ինձ պետք է, որ մարդիկ վերցնեն իմ հոգսը, քանի որ ես շատ գաղափարներ ունեմ, բայց շատ քիչ ժամանակ»,- ասաց նա՝ ողջ կարիերայի ընթացքում առաջին անգամ բեմից խոսելով հայերեն։ Ազնավուրի ելույթին հետեւեց նրա հեղինակած «Քեզ համար, Հայաստան» երգը, որը կատարեցին Գեւորգ Հակոբյանն ու «Հովեր» երգչախումը՝ Հայաստանի բնապատկերների եւ նշանավոր կոթողների խորապատկերին։
Գեւորգ Հակոբյանն ու «Հովեր» երգչախումբը կատարում են Շառլ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» երգը |
Եզրափակելով հանդիսավոր արարողությունը՝ Իգնեյշզն ասաց. «Այսօր մենք ճանաչման արժանացրինք իրական ողբերգությունների իրական հերոսներին։ Ժամանակն է թոթափել զոհի բարդույթն ու գրկաբաց ընդունել մեր ընդհանուր մարդկայնությունն ու հանդուրժողականությունը։ Հեռանալով՝ եկեք մեզ հետ տանենք մարդկայնության այս համընդհանուր ոգին եւ փորձենք գոնե մասամբ կրկնել այն խիզախ գործը, որին այսօր ականատես դարձանք»։