Դեռեւս Կոստա Ռիկան նախագահելու տարիներից սկսած՝ դոկտոր Արյասը եղել է մարդկային զարգացման, ժողովրդավարության եւ զինաթափման գործի առաջամարտիկ։ Կենտրոնական Ամերիկայում ճգնաժամի հաղթահարման եւ խաղաղության հաստատման ուղղությամբ իր ներդրած ջանքերի համար 1987թ. պարգեւատրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակով, որի դրամական պարգեւը նա ուղղել է Արյաս Խաղաղության եւ մարդկային զարգացման հիմնադրամի (Arias Foundation for Peace and Human Progress) ստեղծմանը։ Վերջինիս ծրագրերն ուշադրությունը հրավիրում են Կենտրոնական Ամերիկայի հասարակական բոլոր սեկտորներում կանանց հավասար իրավունքների առաջխաղացման գործի վրա, Լատինական Ամերիկայի երկրներում աջակցում են փոփոխությունների միտված մարդասիրական ձեռնարկումներին, եւ գործում զարգացող երկրներում զինաթափման եւ հակամարտությունների կարգավորման ուղղությամբ։ Միեւնույն կենտրոնից Օսկար Արյասը շարունակում է հետամուտ լինել խաղաղության եւ մարդկային անվտանգության իր տեսլականին։
Օսկար Արյասը շարունակում է նաեւ ճանապարհորդել աշխարհով մեկ՝ սփռելով խաղաղության ուղերձը եւ կիրառելով իր պաշտոնավարության ընթացքում կուտակված փորձը հրատապ խնդիրների մասին մղվող թեժ բանավեճերում։ Ըստ Նյու Յորք Թայմզի՝ Օսկար Արյասի «... դիրքորոշումները Կենտրոնական Ամերիկայի խնդիրների վերաբերյալ դարձել են այն չափանիշները, որով Կոնգրեսի մի շարք անդամներ եւ շատ ուրիշներ սկսել են գնահատել Միացյալ Նահանգների քաղաքականությունը»:
Արյասը պատվավոր դոկտորի կոչում է ստացել աշխարհի մոտ 60 համալսարաններից ու քոլեջներից, այդ թվում՝ Հարվարդի, Փրինսթոնի, Դարթմութի, Օբերլինի, Մարկետի համալսարաններից, Սենթ-Լուիսի Վաշինգթոնի անվան համալսարանից եւ Օտտավայի Քարլթոնի համալսարանից (Կանադա)։ Պարգեւատրվել է մի շարք մրցանակներով, այդ թվում՝ Մարթին Լյութեր Քինգի անվան Խաղաղության մրցանակով (Martin Luther King Jr. Peace Award), Ֆիլադելֆիայի Ազատության շքանշանով (Liberty Medal of Philadelphia), Ջեքսոն Ռալսթոնի անվան մրցանակով (Jackson Ralston Prize), Աստուրիայի Արքայազնի մրցանակով (Prince of Asturias Award), Ալբերտ Շվայցերի անվան Մարդասիրական մրցանակով (Albert Schweitzer Humanitarian Award) եւ Ամերիկաների մրցանակով (Americas Award)։
«Այժմ առավել, քան երբեւէ պետք է գտնել նոր տարբերակներ տարածելու ավելի խաղաղ եւ սրտացավ ապրելակերպը,- ասում է Հանձնաժողովի անդամ Օսկար Արյասը,- «Ավրորա» մրցանակը ոչ միայն ճանաչում կբերի այն մարդկանց, որոնք զգալի ներդրում են ունեցել մարդկայնության ոլորտում, այլեւ կաջակցի նրանց ոգեշնչած կազմակերպություններին՝ որպես շարունակական եւ դրական ազդեցության կայունացում»:
Արյասը Մարդու իրավունքների եւ դեմոկրատական զարգացման միջազգային կենտրոնի (ICHRDD), ինչպես նաեւ Սպառազինությունների նվազեցման տնտեսագետների դաշինքի (ECAAR) ղեկավար խորհուրդների անդամ է։ Ներգրավված է InterAction Council, International Negotiation Network of the Carter Center, Peres Center for Peace, International Crisis Group (ICG) եւ Transparency International կազմակերպությունների ղեկավար խորհուրդների կազմում։ Եղել է Ստոկհոլմի Խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI) եւ Համաշխահային կառավարման հանձնաժողովի (Commission on Global Governance) անդամ։ Միջամերիկյան երկխոսության (Inter-American Dialogue), Միջազգային զարգացման միության (Society for International Development) եւ Create 21, Asahi ֆորումի ակտիվ անդամ է։
2006 թ.-ին Արյասը երկրորդ անգամ ընտրվել է նախագահ՝ դառնալով պատմության մեջ առաջին Նոբելյան դափնեկիրը, ով պարգեւատրումից հետո երբեւէ ընտրվել է պետական բարձրագույն պաշտոնին։ Նախագահության երկրորդ շրջանի ընթացքում նա շարունակել է նպաստել ժողովրդավարության խթանմանը եւ կենսական սոցիալական ծրագրերին, որոնք ստեղծված են եղել երկրի առեւտրային եւ տնտեսական կենսունակությունը բարելավելու նպատակով։ Շարունակում է անխոնջ աշխատել Սպառազինությունների վաճառքի միջազգային համաձայնագրի (International Treaty on Arms Transfers) եւ Costa Rica Consensus կոչված նախաձեռնության ուղղությամբ։ Վերջինս մի ռազմավարություն է, որը պատրաստ է աջակցել զարգացող այն երկրներին, որոնք միջազգային օգնությամբ կրճատում են ռազմական ծախսերը եւ ներդրումներ կատարում տարբեր սոցիալական, կրթական եւ բնապահպանական ծրագրերում։
2010թ. պաշտոնաթող լինելուց հետո դոկտոր Արյասն իր ժամանակը նվիրել է Արյասի Խաղաղության եւ մարդկային առաջընթացի հիմնադրամի (Arias Foundation for Peace and Human Progress) գործերին։