25 վայրկյան՝ մարդկային մի կյանք փրկելու համար

25 վայրկյան՝ մարդկային մի կյանք փրկելու համար

Շավարշ Կարապետյանի անձնազոհ հերոսության մասին բազում հրապարակումներ են եղել, նրա մասին ֆիլմեր են նկարահանվել, լույս է տեսել գիրք։ 20 խեղդվողի փրկության համար ջրասուզալողի աշխարհի չեմպիոնը վճարել է սեփական առողջությամբ՝ հրաժեշտ տալով մարմնամարզիկի փայլուն կարիերային եւ ապագա բոլոր հնարավոր նվաճումներին։ Միեւնույն ժամանակ, նրա խիզախումն այնքան տպավորիչ է եղել, որ նրա անունով աստղակերպ են անվանակոչել։ Շավարշն ինքը, սակայն, չի սիրում հիշել այդ օրը։
Ներս ու դուրս՝ կոտրված պատուհանով

Երեւանի տրոլեյբուսներից մեկի հետ 1976 թվականի սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած դժբախտ պատահարի ճշգրիտ հանգամանքները մինչ օր հստակեցված չեն։ Ասում են, իբր ուղեւորներից մեկը լարված վիճաբանությունից հետո հարձակվել է վարորդի վրա, եւ վերջինս կորցրել է տրանսպորտային միջոցի ղեկավարումը։ Ուրիշները պնդում են, որ վարորդը պարզապես սրտի կաթված է ստացել։ Երեւանի կենտրոնի կամուրջներից մեկով ընթանալիս՝ տրոլեյբուսը շեղվում է ճանապարհից եւ ընկնում ուղիղ Երեւանյան լիճ կոչված ջրամբարի խորքը։ Պատահարի աղմուկը գրավում է մոտակայքում մարզվող մարմնամարզիկների ուշադրությունը, որոնց մեջ էր նաեւ ջրասուզալողի 23-ամյա չեմպիոն Շավարշ Կարապետյանը։

«Առանց երկար-բարակ մտածելու՝ Շավարշը ցատկում է ջուրը՝ հրահանգելով եղբորը՝ Կամոյին (որը եւս լողի չեմպիոն էր), օգնել ափից»։ 

«Սկզբում շատ վախենալու էր։ Ռումբի պայթյունի նման ուժեղ ձայն լսվեց։ Մի քանի անգամ քիչ էր մնում ջրահեղձ լինեի։ Ես պատկերացնում էի ներսում բանտարկված 92 մարդու հոգեվիճակը, եւ գիտեի՝ ինչպես են նրանք մեռնելու»,– պատմել է Շավարշը Pravmir.ru կայքին։

                                  Փրկարարական գործողությունը Երեւանյան լճում

Ուղեւորները փակված էին տրոլեյբուսում՝ 10 մետր խորության վրա։ Շավարշը սկզբից պետք է կոտրեր պատուհանի ապակին, որպեսզի կարողանար մարդկանց դուրս գալու հնարավորություն տալ։ Խփելով ինչքան ուժ ուներ՝ նա կոտրեց ապակին։ Մեծ հավանականություն կար, որ խեղդվող մարդիկ կարող էին բնազդաբար կառչել Շավարշից եւ նրան եւս քաշել լճի հատակը, սակայն լինելով պրոֆեսիոնալ ջրասուզակ՝ Շավարշը գիտեր, որ ավելի լավ է նրանց տալ այդ հնարավորությունը, քանի որ խեղդվողն ի վերջո կարող է փրկվելու բնազդից դրդված՝ բաց թողնել իրեն եւ փորձել լողալ վեր։ Այդ պահին նա կարող էր բռնել նրան եւ դուրս քաշել ջրից։ «Այդպիսի ծանր պահերին մարդու նկատմամբ սերդ ավելի է ամրապնդվում»,– ասում է Շավարշը «Լողորդը» վավերագրական ֆիլմում։

40 անգամ նա սուզվեց Երեւանյան լճի սառն ու պղտոր ջրերը՝ ներս ու դուրս անելով կոտրված պատուհանով, խավարում խարխափելով եւ փորձելով արագ շոշափել ու գտնել մարդկանց։ Յուրաքանչյուր սուզում տեւում էր մոտ 25 վայրկյան։ Վերջին անգամ սուզվելիս, գիտակցությունը գրեթե կորցնելու սահմանին, նա ջրի երես դուրս եկավ մարդու փոխարեն մի նստատեղ գրկած։ «Այդ նստատեղը դեռ երկար ժամանակ իմ մղձավանջն էր. ես կարող էի փրկել եւս մեկին»,– պատմել է Շավարշը։

                                         Երեւանյան լիճը 1976թ. սեպտեմբերի 16-ին

Շավարշը լճից դուրս բերեց 37 հոգու, 9-ը սեփական ուժերով փրկվեցին՝ դուրս լողալով պատուհանից։ Փրկարարական գործողությունը կազմակերպվեց րոպեների ընթացքում։ Մոտակա հիվանդանոցից ժամանած բժիշկները տուժածներին բուժօգնություն էին տրամադրում ուղիղ լճափին։ Դժբախտաբար, Շավարշի փրկածներից միայն 20 հոգին ողջ մնացին։
 

Վերջին հաղթանակը

Տուժողների հետ Շավարշը եւս հոսպիտալացվեց։ Արյան վարակ, թոքերի երկկողմանի բորբոքում, նյարդային ցնցում. բժիշկները մեկ ամսից ավելի պայքարեցին լողորդի կյանքի փրկելու համար։ Ի վերջո, հիվանդանոցից դուրս գրվելով՝ Շավարշն անմիջապես վերադարձավ մարզումներին, սակայն ստորջրյա լողը լուրջ վտանգ էր նրա թոքերի համար։ Այդուհանդերձ, լողորդը չէր ուզում թողնել ասպարեզն առանց եւս մեկ մեդալի։

Հաջորդ մրցաշարը նա անցկացրեց լողալով մշուշոտ գիտակցությամբ, իսկ եղբայրը՝ Կամոն, վազում էր լողավազանի երկայնքով՝ պատրաստ ջուրը նետվելու, եթե հանկարծ Շավարշը գիտակցությունը կորցնի։ Սակայն Շավարշն առաջինը հասավ վերջնակետին՝ սահմանելով եւս մեկ ռեկորդ, թեպետ այդ պահին դեռ չէր հասկանում տեղի ունեցածը:

                                          Շավարշ Կարապետյանը լողից հետո

Լողորդը ստիպված էր թողնել սպորտը՝ սրտխառնուքից նա այլեւս չէր կարողանում ջրի տակ մնալ։ Մարդը, որին ժամանակին անվանում էին «ոսկե ձկնիկ» ու «երկկենցաղ», փորձեց զբաղվել մարզչական գործունեությամբ, սակայն երկու ամիս չանցած՝ աշխատանքի անցավ էլեկտրական սարքերի գործարանում։

Այս փրկության պատմությունը, բերնեբերան փոխանցվելով, դարձավ Երեւանի քաղաքային լեգենդներից մեկը, չնայած նրան, որ խորհրդային մամուլը փորձում էր նմանօրինակ պատահարների վերաբերյալ տեղեկատվությունը պահել փակի տակ։ Կարապետյանի խիզախ ու անձնազոհ փրկարարքը հրապարակայի դարձավ միայն վեց տարի անց, երբ «Կոմսոմոլսկայա Պրավդա» օրաթերթը Գենադի Բոչարովի հեղինակությամբ հոդված տպեց՝ չնշելով, սակայն, զոհերի թիվը։ Հրապարակումից հետո Խորհրդային Միության բոլոր կողմերից սկսվեց տասնյակ հազարավոր նամակների հոսքը, որոնցից շատերը պարզապես հասցեագրված էին՝ «Հայկական ԽՍՀ, Երեւան, Շավարշ Կարապետյանին»։

                           Շավարշ Կարապետյանը՝ ջրասուզալողի մրցաշարի ընթացքում

Ինչ է պետք մարդ լինելու համար

Որքան էլ զարմանալի հնչի, տրոլեյբուսի միջադեպը Շավարշ Կարապետյանի առաջին փրկարարքը չէր։ 1974թ. երիտասարդ մարմնամարզիկը հաջողացրել է կանխել 30 ուղեւոր տեղափոխող ավտոբուսի վթարը. վարորդն այն կայանել էր մեխանիկական ինչ-որ անսարքություն վերացնելու համար, սակայն շարժիչը թողել էր միացրած։ Ավտոբուսն սկսել էր գնալ վարընթաց ճանապարհով ուղիղ դեպի կիրճը։ Կարապետյանը, որն ուղեւորների թվում էր, կոտրում է վարորդական խցիկը մեկուսացնող միջնորմը, բռնում ղեկն ու կարողանում շեղել ավտոբուսը ողբերգական երթուղուց։

Տրոլեյբուսի փրկարարքը եւս վերջինը չեղավ Շավարշի կյանքում։ 1985թ. Երեւանի Մարզահամերգային համալիրի շրջակայքում քայլելիս նա տեսնում է, թե ինչպես է շենքում հրդեհ բռնկվում եւ կրկին, առանց հապաղելու, առաջիններից մեկը լինելով՝ նետվում է օգնության եւ փրկում բազմաթիվ մարդկանց։ Նա կրկին հոսպիտալացվում է. վերքեր եւ այրվածքներ էր ստացել. 

«Մեզնից յուրաքանչյուրը կարող է հաճախ հայտնվել այնտեղ, որտեղ օգնության կարիք կա. կարեւորը միշտ հիշես՝ ինչն է քեզ մարդ դարձնում»։ 

                   Իր 10-ամյա կարիերայի ընթացքում Շավարշը նվաճել է 37 ոսկե մեդալ

Այսօր Շավարշ Կարապետյանը մարզում է որդուն՝ Տիգրանին՝ հուսալով, որ նա կլինի սպորտային նվաճումների իր ժառանգության շարունակողը։ Գլխավորում է նաեւ «Շավարշ Կարապետյան» հիմնադրամը, որը մրցումներ է կազմակերպում լողորդների նոր սերնդի համար։ «Մեր ամբողջ կյանքում մենք միշտ ինչ-որ բանով պարտական ենք միմյանց»,– պատանիներին հանդիպելիս կրկնում է Շավարշը։

Ականավոր լողորդի մարմնամարզական կարիեան խզվեց իր ուժերի բարձրակետում։

Կարապետյանը հարկադրված թողեց մեծ սպորտը 24 տարեկանում՝ ջրասուզալողի ասպարեզում սահմանելով 11 համաշխարհային ռեկորդ, նվաճելով համաշխարհային մրցաշարերի 17, եվրոպական մրցաշարերի 13 եւ խորհրդային մրցաշարերի 7 տիտղոս։

Դժվար է պատկերացնել, թե ինչ այլ նվաճումների նա կարող էր հասնել, եթե շարունակելու հնարավորություն ունենար։ Սակայն Շավարշն իրեն համարում է երջանիկ մարդ եւ հավատում, որ փրկված կյանքերն իր իսկ մեծագույն նվաճումներն են։

«Անտարբերությունը փոփոխական բան է եւ կախված է հասարակության բարեկեցությունից»,– ասում է նա եւ համարում, որ ուշադիր նայելիս այսօր եւս կարելի է գտնել մարդկայնության բազում դրսեւորումներ. «Բարությունն ուժ է առնում սիրուց։ Պետք է մեր երեխաներին փոքրուց սովորեցնենք սիրել միմյանց»։