2016թ. ապրիլի 24-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանում շնորհվելու է առաջին «Ավրորա» մրցանակը։ Հանդիսավոր արարողության ընթացքում իբրեւ պարգեւ փոխանցվող արձանիկը ստեղծել է Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի շրջանավարտ Մանվել Մաթեւոսյանը։ «Դեպի հավերժություն» կոչված այս քանդակի վրա նա սկսել է աշխատել դեռ համալսարանական առաջին տարիներից։ 2015 թվականին երիտասարդ արվեստագետն իր ստեղծագործությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված «Պատասխան՝ 100 տարի անց» մրցույթին։ Առաջին տեղը նա չգրավեց, սակայն ճանաչվեց մրցույթի հաղթողներից մեկը։ 2016 թվականին «Ավրորա» մրցանակի Ստեղծագործական խորհուրդը «Դեպի հավերժություն» ստեղծագործությունն ընտրեց որպես մրցանակի ոգուն լավագույնս համապատասխանող խորհրդանշան։
Մանվել Մաթեւոսյանն ուրախ է, որ իր ստեղծագործությունն անկախ կյանք է ստացել։ «Վեր հառնող մարդկային ֆիգուրները խորհրդանշում են հոգեւոր արժեքներն ու վերածնունդը՝ ոգեշնչելով մարդկությանը ոտքի կանգնել ընդդեմ նյութական աշխարհի անկատարությունների»,- ասում է Մանվելը։