2011թ. գարնանը Սուդանի կառավարության եւ Սուդանի ազգային ազատագրական շարժման միջեւ քաղաքացիական պատերազմ բռնկվեց, որը հանգեցրեց Սուդանի Հարավային Քորդոֆան նահանգի լիակատար մեկուսացմանը։ Դրա բնակիչները՝ «լեռնեցիները», որոնք դարերով ապրում են Նուբա լեռներում, զրկվեցին մարդասիրական ամեն տեսակի օգնությունից։ Եւ ամերիկացի բժիշկ Թոմ Քաթինան, թեպետ ոչ պատահաբար, հայտնվեց հակամարտության կիզակետում։
Փամփուշտից ծակված զինվորական սաղավարտ Սուդանի Հարավային Քորդոֆան նահանգի Թրոգի բնակավայրից դուրս՝ փողոցում. ապրիլի 3, 2012թ. © Ադրիանե Օհանեսյան |
«Երբ ես ժամանեցի, այստեղ ամեն ինչ խաղաղ էր։ Ծանոթացա տեղի ժողովրդի հետ ու շատ սիրեցի բոլորին։ Ես գիտեի վերջին երեսուն տարիներին նրանց կրած դժվարությունների մասին։ Այս մարդիկ իրոք երկաթյա տոկունություն ունեն։ Ես աստիճանաբար սովորեցի այստեղի կյանքին, հասկացա, թե ինչ է նշանակում ապրել պատերազմական գոտում, ապրել ու աշխատել ռիսկային պայմաններում։ Շատ բան սովորեցի հենց տեղացիներից՝ դիտարկելով նրանց օրինակը, տեսնելով, թե ինչպես են նրանք վարվում։ Եվ դա դարձավ իսկապես սովորական մի բան»,- ասում է Թոմ Քաթինան՝ ընդունելով, որ իր խիղճը չէր դիմանա, եթե հակամարտության բռնկման պահից ինքն էլ շատերի պես լքեր հիվանդանոցը։
Պարտքի զգացում
Նյույորքցի Թոմ Քաթինան արդեն ութ տարի ապրում է անորոշ կարգավիճակով այս տարածաշրջանում։ Տեղացիները պատերազմի մեջ են Սուդանի Հանրապետության դեմ, սակայն նաեւ չեն ցանկանում միանալ Հարավային Սուդանի Հանրապետությանը։ Սուդանի նախագահ Օմար Հասան Ալ-Բաշիրը, որը Դարֆուրում գործված ցեղասպանության եւ այլ ռազմական հանցագործությունների մեղադրանքով Միջազգային քրեական դատարանի կողմից հայտարարվել է պատերազմի հանցագործ, կլաստերային զինատեսակներ է օգտագործում նուբացի ժողովուրդների դեմ եւ արգելում միջազգային հումանիտար օգնության մուտքը տարածաշրջան։ Միջազգային մարդասիրական հանրությունը լուրջ մտավախություն ունի, որ Հարավային Քորդոֆանը կարող է դառնալ «հաջորդ Դարֆուրը»։
Երբ պայթեց պատերազմը, Թոմ Քաթինային օժանդակող կաթոլիկ առաքելությունը փորձեց տարհանել նրան, սակայն նա պնդեց, որ մնալու է, քանի որ տարածաշրջանում կա իր կարիքը։
Թոմը վստահ է՝ «որպես մարդ եւ որպես քրիստոնյա»՝ իր պարտքն է օգնել այլոց։
Նա ասում է, որ իր համար եկել էր աշխարհին ինչ-որ բան վերադարձնելու ժամանակը, քանի որ ծնված օրից ինքն ստացել է ամեն ինչ՝ սիրող ընտանիք, գերազանց կրթություն։ Եւ պարտքի զգացումն է, որ այսքան տարի շարունակ նրան պահում է Քորդոֆանում։ «Ես ինչպե՞ս հանձնվեմ կամ թողնեմ-գնամ, երբ իմ այցելուները տառապում են»,- հարցնում է նա։
Քորդոֆանն աֆրիկյան առաջին տարածաշրջանը չէ, որտեղ Թոմն աշխատել է. նա 16 տարի անցկացրել է Քենիայի հյուսիսային շրջաններում բուժելով հիվանդներին։ Իսկ երբ իմացել է, որ տեղի եպիսկոպոսներից մեկն ուղեւորվում է Քորդոֆան նահանգի Գիդել քաղաքը՝ հիվանդանոց կառուցելու, նրա հետ տեղափոխվել է այնտեղ՝ ծառայելու նուբացի ժողովրդին, որն ապրում է լեռներում՝ առանց էլեկտրականության, ջրամատակարարման, հեռախոսակապի եւ անհրաժեշտ բժշկական սարքավորումների։ Տեղացիները նրան սիրով «դոկտոր Թոմ» են անվանում՝ երբեմն համեմատելով Հիսուս Քրիստոսի հետ։ Չէ՞ որ նա եւս բուժում է ռմբակոծություններից ու պայթյուններից տուժածներին, վիրահատություններ անում, օգնում ծննդաբերել եւ ուսուցանում իր անձնակազմին։
Երիտասարդը կանգնել է իր կործանված տան շեմին, Հարավային Քորդոֆանի Նուբա լեռներ, Սուդան. ապրիլի 4, 2012թ. © Ադրիանե Օհանեսյան |
Տեղացիներն առանձնակի հավատ չեն տածում ժամանակակից դեղորայքի նկատամբ։ Ընտանիքի տարեց կինը նախ ապաքինության ծեսեր է կատարում եւ ապա միայն օգնելու խնդրանքով դիմում Թոմին։ Քաթինան ինքը բազմիցս արյուն է հանձնել, սակայն ի վերջո հասկացել է, որ հաճախակի անելու դեպքում դա իրեն շատ կթուլացնի։
Որպես 435 մահճակալ ունեցող հիվանդանոցի միակ բժիշկ՝ նա աշխատում է օրական 24 ժամ ՝ սպասարկելով կես միլիոն մարդու եւ անտեսելով երկնքից անընդմեջ թափվող ռումբերի մշտական սպառնալիքը։ «Սովորականի պես աշխատում ենք, իսկ հենց հայտնվում են ռազմական ինքնաթիռները, վազում ենք հորերը։ Հիվանդանոցի շուրջբոլորն ամենուր հորեր են։ Նուբայի կյանքը դա է. մարդիկ այդպես են անում»,- պատմում է Թոմը։ Հիվանդանոցը բացման օրից մշտապես դեղորայքի պակաս է ունեցել, սակայն բուժօգնությունից երբեք չի զրկել Դարֆուրի պատերազմի վիրավորներին եւ Սուդանի կենտրոնական ու հարավային շրջաններից Գիդել ժամանած գաղթականներին։ Քաթինան ինքը հիվանդանոցում աշխատելու առաջին մի քանի ամիսներին երկու անգամ վարակվել է մալարիայով՝ նիհարելով մոտ քսան կիլոգրամ։
Քաթմենը՝ պաշտպանական դիրքում
2008 թվականից ի վեր Թոմն իր դիրքերը թողել է ընդամենը երկու անգամ։ Վերջին անգամ Նյու Յորք իր ծնողներին՝ Ջինին ու Նենսիին այցելելու մեկնել է 2014 թ.՝ Երախտագիտության օրվա կապակցությամբ։ Նույն տարվա դեկտեմբերին ԱՄՆ-ի ֆուտբոլի ազգային հիմնադրամը նրան պարգեւատրել է ոսկե մեդալով. Բրաունի համալսարանում ուսանելիս իր քոլեջի թիմում նա խաղում էր որպես պաշտպան։ Անգամ մականուն ուներ՝ Քաթման (Catman)։ «Եթե վերցնես ու խառնես Մայր Թերեզային Մին Ջո Գրինի հետ [ամերիկյան ֆուտբոլի նախկին լավագույն խաղացողներից մեկը], կստանաս Քաթմանին, որը մարմնավորում է այն ամենը, ինչ մարմնամարզիկ ուսանողը պետք է ունենա»,- ասել է Թոմի թիմակից Ջորջ Ռայլին։
Հաջողակ մարմնամարզիկ լինելուց բացի, Թոմ Քաթինան ճարտարապետական նախագծման ոլորտում իր նվաճումների համար արժանացել է Roads կրթաթոշակի։ Բրաունի համալսարանից տվյալ մասնագիտացմամբ գիտական աստիճան ստանալուց հետո նա որոշել է ընդունվել Դյուկի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Չորս տարի այդտեղ ուսանելուց հետո առաջին անգամ մեկնել է Քենիա, որտեղ էլ որոշել է կյանքը նվիրել մարդկանց բուժելուն։ «Ես միայն այստեղ հասկացա, թե ինչ է իրական բժշկությունը»,- ասում է նա։
«Նուբա լեռների բնակիչներից մենք պետք է հյուրընկալություն սովորենք,- ասում է Թոմը,- թակիր ցանկացածի դուռը, եւ քեզ ներս կհրավիրեն ու ամեն ինչ կանեն, որ քեզ տանը զգաս»։
Թոմը սովորել է նաեւ տոկունություն ու «անսահման խիզախություն, որպիսին չէիր սպասի այս ժողովրդից»։
«Մարդիկ չեն բողոքում, դառնություն ու քեն չեն պահում կառավարության կամ ուրիշների դեմ»,- ասում է նա՝ վերհիշելով մեկ տարի առաջ Սուդանի կառավարության կողմից իրականացված հերթական ռմբակոծության ժամանակ զոհված երեխաներին ու նրանց արիասիրտ մորը։ Գիշերը ժամը չորսին ռմբակոծությունից փախչելով՝ ինը երեխաներից երեքն այրվեցին հորերում ու մահացան, իսկ Թոմը չկարողացավ փրկել մնացած վեց երեխաներից երեքի կյանքը։ «Շատ բարդ է բացատրել, թե ինչպիսի արիությամբ նրանց մայրը դիմակայեց այդ ողբերգության ցավին,- հիշում է Քաթինան,- նա պարզապես շարունակեց խնամել ողջ մնացածներին։ Այստեղի մարդիկ անչափ տոկուն են»։
Քորդոֆան նահանգի Նուբա լեռներում Սուդանի կառավարական զորքերի կողմից ռմբահարության հետեւանքով առաջացած փոս. հունիսի 16, 2013 թ. © Ադրիանե Օհանեսյան |
Մինչ բժիշկ Թոմը ոգեշնչված էր տեղացիների «երկաթյա կամքով» եւ սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցու սրբագործություններով, աշխարհի տարբեր կողմերից հազարավոր բժիշկներ ու մարդասիրության ոլորտի աշխատողներ գրում էին նրան՝ առաջարկելով իրենց օգնությունը։ Իր այցելուներից ոգեշնչված բժիշկն ինքը ոգեշնչման աղբյուր դարձավ շատերի համար։
Նա վստահ է, որ չարիքի դեմ պայքարում յուրաքանչյուրն այս կամ այն կերպ իր ներդրումն ունի։ Մեկը բանակցում է քաղաքական առաջնորդների հետ, մյուսը միջոցներ է նվիրաբերում։ Կարեւոր է, սակայն, որ ոչ ոք թեւաթափ չլինի։
«Հուսալքությունը մարդու ամենամեծ թշնամիներից է։ Հույսդ կորցնելու վայրկյանին դու կորցնում ես ամեն ինչ։ Իսկ եթե դեռ կա հույս, թեկուզ շատ աննշան, մարդը շարունակում է գոյատեւել»,- ասում է նա։
Լուսավոր կողմը
Թոմն ինքը հույսով է նայում ապագային եւ հավատում է, որ «աշխարհում մեզ ամենուր շրջապատող չարիքին ու ողբերգություններին միշտ կա ինչ-որ մի հակակշիռ», եւ կան մարդիկ, որ իրենից շատ ավելին են անում։ «Մենք պետք է կենտրոնանանք լուսավոր կողմի եւ այն մարդկանց վրա, որոնք անդուլ աշխատում են աշխարհը փոխելու համար»,– ասում է նա։ Նրա ցանկությունների ցանկը գլխավորում է որբանոցի շինարարության ավարտը։ Հիմքը դրվել է հինգ տարի առաջ, սակայն պատերազմի հետեւանքով շենքն ավարտին չի հասցվել։ Թոմ Քաթինան չի մոռացել այս նախագծի մասին։
Դաժանությանը դեմ հանդիման՝ «լեռների ժողովուրդը» նույնպես շարունակում է լավատես լինել։ Փնտրում եւ գտնում են հույսի նշույլներ։ Ինչպես ասում է Թոմը՝ «մեզ հույս է հարկավոր։ Մարդու բնույթն է դա»։
Վիրավոր մարդն օգնություն է ստանում Հարավային Քորդոֆանում ժամանակավորապես կազմակերպված դաշտային հոսպիտալում. Սուդան, ապրիլի 3, 2012 թ. © Ադրիանե Օհանեսյան |
Թոմ Քաթինան անչափ համեստ է, երբ բանը հասնում է պարգեւներին ու պատիվներին, որոնցից էր նաեւ «Թայմ» (Time) պարբերականի կողմից 100 ամենաազդեցիկ անհատների ցանկում ընդգրկվելը։ Ըստ նրա՝ պարգեւները նպատակին են ծառայում միայն այն դեպքում, երբ «պատմում են աշխարհին Նուբայի աղետալի իրավիճակի եւ տեղի եկեղեցու ու մարդկանց ամենօրյա աշխատանքի մասին, այլ ոչ թե ներկայացնում ինձ՝ որպես անհատ»։
Հավատը մեծ նշանակություն ունի Քաթինայի կյանքում։ Նա վստահ է, որ բոլոր մարդիկ կապված են միմյանց՝ անկախ ռասայից ու կրոնից. «Կարծում եմ, որպես մարդկային էակներ, մենք փոխկապակցված ենք։ Անկախ ռասայից կամ կրոնից՝ կա փոխադարձ ինչ-որ կապ։ Իմ տեսանկյունից՝ բոլորս էլ Աստծո զավակներն ենք՝ լինենք քրիստոնյա, մահմեդական, աթեիստ, թե ինչ։ Եւ մենք պարտավոր ենք հոգալ մեր եղբայրների մասին։ Ամեն առանձին անհատ կարող է իր ներդրումն ունենալ՝ ինչ-որ կերպ»։