Նուբար Աֆեյան

Նուբար Աֆեյան

«Բոլոր հայերը մեկ ընդհանուր բան ունեն. նրանք արել են ավելին, քան պարզապես վերապրելը: Մենք սերում ենք Ցեղասպանության ժամանակ ակնհայտորեն անհաղթահարելի դժվարություններ վերապրածներից»,-ասում է Նուբար Աֆեյանը: 
 

Աֆեյանն Ամերիկայի կենսատեխնիկական և կենսաբանական գիտությունների ոլորտի առաջատար ձեռներեցներից է: Սկսելով Բոստոնից՝ նա վերջին 28 տարիներին հիմնել է ավելի քան 30 ընկերություն: Դրանց ընդհանուր արժեքը 10 միլիարդ ԱՄՆ դոլար է, և յուրաքանչյուրում աշխատում է մեկ տասնյակից մինչև 400 աշխատակից: Նուբարն այս ամենին հասել է նոր ձևով բիզնես սկսելու գործում առաջամարտիկ լինելու շնորհիվ՝ հիմնվելով գոյատևման, անընդհատ փոփոխություների գնալու և խոչընդոտներ հաղթահարելու գաղափարի վրա, որքան էլ այդ խոչընդոտները մեծ թվան. ճիշտ այնպես, ինչպես նրա հայ նախնիները:

Աֆեյանի կյանքի կարգախոսն է՝ «Գոյատևել և բարգավաճել»։ 

 

 

Նա այն սովորել է շատ վաղ հասակում իր հոր հորաքրոջից՝ Արմենուհուց: «Երբ փոքրիկ տղա էի, Բեյրութում քնում էի հորաքրոջս հետ նույն ննջարանում, ով ապրեց մինչև գրեթե 101 տարեկանը։ Նրա մասին հիշողությունն ու ոգին դեռ կենդանի են ոչ միայն իմ մտքում, այլև մեր տանը: Հիշում եմ, որ ասում էր, թե հաղթելու լավագույն ձևն արարելն է, գերազանցության հասնելը, հիանալի բաներ անելը: «Հաղթել» ասելով՝ նկատի ուներ հաղթել Ցեղասպանությանը»,-հիշում է Աֆեյանը:

 

 

Արմենուհին բոլորից լավ գիտեր, թե ինչ է նշանակում հաղթել: Նրա ընտանիքը Ցեղասպանության ժամանակ բազմիցս էր կանգնել մահվանը դեմ հանդիման, բայց բախտի բերմամբ և ունեցած հմտությունների շնորհիվ նրանք կարողացել էին ողջ մնալ: Նրա ամուսինը՝ Անդրանիկը, այնքան հմուտ բժիշկ է եղել, որ Օսմանյան բանակն է նրան աշխատանքի վերցրել: «Օսմանյան զինվորները, որոնք սպանում էին հայերին, պաշտպանում էին Անդրանիկին, որովհետև նա էլ իրենց էր պաշտպանում»,-պատմում է Աֆեյանը: 

Արմենուհու երկու եղբայրներին՝ Պետրոսին և Ներսեսին, սակայն, չէին պաշտպանում: Իրականում, նրանց երկու անգամ տարան սպանելու, նախ՝ 1914թ.-ին Ստամբուլի մոտ գտնվող Ադապազար քաղաքից: «Բայց նրանք կարողացան ազատվել՝ կաշառելով և խոստանալով վճարել, եթե օգնեն իրենց փախչել», - ասում է Աֆեյանը:  Նրանք վերադարձան Ստամբուլ, որտեղ ապրում էր իրենց ընտանիքը: Բայց նրանց հայտնաբերեցին, նորից բռնեցին 1915թ.-ին և նստեցրին գնացք՝ դեպի Թուրքիայի և Սիրիայի սահմանին գտնվող մի քաղաք, որտեղից, ենթադրվում էր, որ պետք է քայլեին սիրիական անապատ՝ մինչև մահ:

Մի օր գնացքը կանգ էր առել Բելեմեդիկ կոչվող կայարանային քաղաքում:Այն գերմանացիների կողմից կառուցվող Բեռլինից Բաղդադ ձգվող երկաթգծի վրա կառուցված կիսակայարան էր: Պետրոսը և Ներսեսը լավ կրթություն ունեին: Գերմանացիներին անհրաժեշտ էին հմտություններ ունեցող աշխատողներ՝ օգնելու երկաթգծի կառուցման հարցում։ Իրենց սահուն գերմաներենի իմացության և կապույտ աչքերի շնորհիվ Պետրոսին և Ներսեսին վարձեցին որպես հաշվապահ և մատակարարումների կառավարիչ:

Սարսափելի պայմաններում նրանք անում էին հայ ժողովրդի գոյատևման համար հնարավոր ամեն ինչ: 

«Պետրոսը և Ներսեսը մտնում էին Բելեմեդիկով անցնող գնացքները՝ փնտրելու մարդկանց՝ հոգևորականների, ուսուցիչների, գրողների, բժիշկների, որոնց կարող էին օգնել փախչել, որպեսզի հայ ազգը «հարություն առնի»: Արմենուհին ասում էր, որ նրանք ահավոր վատ էին զգում՝ գիտակցելով, որ գնացքի վրա մնացող մյուս մարդիկ հաստատ մահանալու են»,-հիշում է Նուբարը:

Աֆեյանի հայրը՝ Պատրիկը, ծնվել է Բուլղարիայում 1929թ.-ին: Աֆեյանները գործարարներ էին․ Թուրքիայից ձու էին ներմուծում Բուլղարիա։ Ընտանիքի մի մասը տեղափոխվեց Բուլղարիա 1918թ.-ին: Այնուամենայնիվ, կոմունիզմի ի հայտ գալը ստիպեց, որ հեռանան: Արտագաղթելը պահանջում էր հարմարվելու հնարամտություն և ճկունություն, որն Աֆեյանն այսօր նաև իր բիզնեսներում է կիրառում: 

 

 

Ընտանեկան բիզնես կապերի միջոցով նրանց տվեցին իրանական (այդ ժամանակ պարսկական) անձնագրեր: «Հայրս ստացավ մի այդպիսի անձնագիր, որովհետև նրա հայրն ունեցել էր իրանական անձնագիր, - բացատրում է Աֆեյանը,- հայրս հեռացավ Բուլղարիայից՝ օգտագործելով իր պարսկական անձնագիրը, չնայած, նա երբեք չէր եղել Պարսկաստանում»:

Նուբարի կարծիքով՝ հային հատուկ է նաև արարելը, գործելու ներքին մղում կա. «Հայերի համար գոյատևելը բավական չէ: Չմահանալը, երկրի երեսից չսրբվելը դեռևս բավարար չէ: Մենք պետք է համարձակվենք ողջ լինել, համարձակվենք բարգավաճել՝ ինչպես միշտ ասում էր Արմենուհին:

Մենք պարտք ունենք՝ բարգավաճել, որպեսզի ապահովագրենք մեր ապագան: Դա նշանակում է անել ինչ-որ բան ոչ միայն ինքներս մեր, այլ նաև հենց Հայաստանի համար»: 

«Մենք գիտենք, թե ինչ տեղի ունեցավ 100 տարի առաջ: Հաջորդ 100 տարիները պետք է ուղղված լինեն հայերին Հայաստանի հետ վերամիավորելուն: Մենք չմահացանք, մենք վերականգնվեցինք, մենք բարգավաճեցինք․ մեզանից շատերը: Բայց հենց երկիրն ինքը նույն կերպ չի բարգավաճել: Մենք հիմա մեր մտքով ու հոգով, մեր մտավոր կարողությամբ ու ֆիզիկական ուժով ասելու ենք՝ ոտքի՛ կանգնիր, Հայաստա՛ն: 

Կարծում եմ՝ Արմենուհին հավանության կարժանացներ այս մտադրությունը»:

Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: