Տեսանյութ. Ի պատիվ 2024 թ. «Ավրորայի» հերոսների

Տեսանյութ. Ի պատիվ 2024 թ. «Ավրորայի» հերոսների

««Ավրորայի» առաքելությունն այն հավաքական համոզմունքի արտացոլումն է, որ նույնիսկ ամենադժվարին ժամանակներում ավելի լուսավոր ապագան նրանց ձեռքում է, ովքեր կարող են օգնություն եւ հույս պարգեւել: Ուստի համայնքներում հենց այդ մարդկանց օգնելով՝ «Ավրորան» կարողանում է փոխել իրականությունը»,- ասաց CNN-ի հաղորդավար Ֆարիդ Զաքարիան իր տեսաուղերձում մայիսի 9-ին կայացած Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումի ընթացքում՝ «Ի պատիվ 2024 թ. «Ավրորայի» հերոսների» թեմայով քննարկման ժամանակ:

Ֆորումը համախմբել էր համաշխարհային առաջնորդների, ակտիվիստների, ձեռներեցների եւ գիտնականների՝ քննարկելու համաշխարհային առողջապահական ճգնաժամին, բռնի տեղահանմանը, կլիմայի փոփոխությանը, կրթության իրավունքին, արհեստական ​​բանականությանը, բարեգործությանը, գենդերային արդարությանը եւ այլ հարցերի վերաբերող թեմաներ: Ֆորումի ընթացքում փառաբանեցին 2024 թ. «Ավրորա» հերոսների խիզախությունը՝ բացահայտելով նրանց ազդեցիկ ձեռքբերումները եւ միաժամանակ լույս սփռելով մարդասիրական աշխատանքի բարդությունների վրա: Այս քննարկմանը նախորդել էր Ֆարիդ Զաքարիայի հատուկ տեսաուղերձը, որը գովասանքի խոսքեր էր ուղղել 2024 թ. «Ավրորայի» հերոսներին՝ ասելով. «Այս երեքն ինչ-որ առումով արտացոլում են ամենաբարձր արժեքները, որոնք մարմնավորում է «Ավրորան», բայց ես կարծում եմ, որ նրանք արտացոլում են նաեւ այն, որ մենք պետք է միշտ հիշենք՝ նույնիսկ այս մութ ժամանակներում կա հսկայական մեծ հույս»:

«Ի պատիվ 2024 թ. «Ավրորայի» հերոսների» թեմայով քննարկմանը բովանդակալից զրույց ծավալվեց նրանց ազդեցիկ աշխատանքի եւ ուշագրավ ձեռքբերումների մասին: Քննարկումը վարում էին «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր եւ Kashim Ibrahim Fellowship կրթաթոշակային ծրագրի խորհրդի նախագահ Դելե Օլոջեդեն, Կալիֆորնիայի համալսարանի Իրավագիտության դպրոցի պրոֆեսոր «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտի գործադիր տնօրեն, պրոֆեսոր Հաննա Գերին եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Արմինե Աֆեյանը: 

«Ի պատիվ 2024 թ. «Ավրորայի» հերոսների» թեմայով քննարկման տեսագրությունն անգլերենով՝ ստորեւ.