UWC Մահինդրա քոլեջը՝ 2024-2025 թթ․«Երիտասարդական Ավրորա» մրցույթի հաղթող

UWC Մահինդրա քոլեջը՝ 2024-2025 թթ․«Երիտասարդական Ավրորա» մրցույթի հաղթող

2024-2025 թթ․«Երիտասարդական Ավրորայի» հաղթող թիմի անունը հայտարարվեց Aurora Dialogues առցանց քննարկման ժամանակ, որը տեղի ունեցավ 2025 թ․մարտի 26-ին: «Երիտասարդները՝ սոցիալական փոփոխությունների շարժիչ ուժ» խորագրով քննարկման մեկնարկին 2024-2025 թթ․ «Երիտասարդական Ավրորայի» եզրափակիչ փուլ անցած երեք թիմերը ներկայացրին իրենց նորարարական լուծումներով նախագծերն՝ ուղղված մարդասիրական խնդիրների հաղթահարմանն իրենց համայնքներում: 

Դրան հաջորդեց քննարկում, որի ընթացքում բանախոսներն ընդգծեցին երիտասարդների դերը՝ որպես սոցիալական փոփոխությունների շարժիչ ուժ։ Կայուն ազդեցություն ունենալու գործում որպես հիմնական գործիքներ նրանք կարեւորեցին տեղեկատվական արշավներն ու համայնքային ակտիվիստների մոբիլիզացիան։ Քննարկումը վարում էր UWC միջազգային գրասենյակի գործադիր տնօրեն Ֆեյթ Աբիոդունը, որին մասնակցում էին 2023 թ․ «Երիտասարդական Ավրորայի» հաղթող «Կոմբիլի» նախագծի հիմնադիր անդամ Ռամ Ալմաղութը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի (UNICEF) սոցիալական քաղաքականության գծով ղեկավար Դիեգո Անգեմին, «Ավրորա» մրցանակի Փորձագետների խորհրդի ​​անդամ, Վարքի եւ գիտելիքի փոխակերպման ընկերակցության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Շադ Բեգումը եւ 2022 թ․«Ավրորայի» հերոս Մահինուր էլ-Մասրին։ 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի սոցիալական քաղաքականության գծով ղեկավար Դիեգո Անգեմին, որն ավելի քան 20 տարի ապրել եւ աշխատել է Արեւելյան Աֆրիկայում, իր մտահոգությունները ներկայացրեց կրթության եւ հմտությունների զարգացման հարցում ցուցաբերվող գաղութային մոտեցման վերաբերյալ, որը դեռ պահպանվում է այդ մայրցամաքում։ «Մինչեւ հիմա մենք տեսնում ենք, թե ինչպես են շատ հայտնի կազմակերպություններ հսկայական ռեսուրսներ կենտրոնացնում երիտասարդներին օճառ պատրաստել կամ զամբյուղ հյուսել սովորեցնելու վրա»,- նշեց պարոն Անգեմին: «Եվ մենք պետք է հարց ուղղենք ինքներս մեզ՝ սա իսկապե՞ս ամենալավ միջոցն է աֆրիկյան մայրցամաքում տնտեսական մասնակցությունը խթանելու համար: Արդյոք ցանկանու՞մ ենք, որ այս երկրների ապագան կախված լինի զամբյուղագործներից եւ օճառագործներից, որտեղ իրականում մենք կարող էինք պատրաստել հաջորդ տիեզերագնացին, հաջորդ ամենահանճարեղ ինժեներին, քիմիկոսին կամ կենսաբանին»:

«Ավրորա» մրցանակի Փորձագետների խորհրդի​ անդամ, Վարքի եւ գիտելիքի փոխակերպման ընկերակցության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Շադ Բեգումը խոսեց այն մասին, թե ինչպես է համայնքներում աշխատանքն օգնել նրան ավելի լավ պատկերացնել, թե ինչպես ապահովել երիտասարդների առավել բովանդակային եւ արդյունավետ մասնակցությունը: Նա ընդգծեց, թե որքան կարեւոր է երիտասարդներին «վարորդի տեղը վստահելը»։ «Մենք չպետք է խոսենք նրանց փոխարեն: Նրանք կարող են խոսել իրենց անունից, ընդունել մարտահրավերներն ու հանդես գալ քաղաքականությամբ եւ առաջարկություններով: Ուստի պետք է ընդգրկել նրանց քաղաքականության մշակման խորհրդատվական տարբեր խմբերում եւ հարթակներում»,- ասաց տիկին Բեգումը: «Մենք չպետք է խոսենք նրանց անունից։ Նրանք պետք է իրենք հանդես գան եւ խոսեն իրենց անունից»:

2023 թ․ «Երիտասարդական Ավրորայի» հաղթող «Կոմբիլի» նախագծի հիմնադիր անդամ Ռամ Ալմաղութը պատմեց իրենց նախաձեռնության մասին, որն օգնում է թունավոր գազերի արտանետման կենսաթափոնները վերածել պարարտ հողի՝ ստեղծելով քաղաքային փոքրիկ այգիներ, որոնց մասին էլ հոգ են տանում տեղացի երեխաները։ Ալմաղութը խոսեց այն մասին, թե ինչ առաջընթաց են գրանցել «Երիտասարդական Ավրորա» մրցույթում հաղթելուց հետո։ Նա պատմեց նաեւ իրենց հավակնոտ ծրագրերն ընդլայնելու մասին՝ աշխարհի տարբեր անկյուններից երիտասարդներին ներգրավելու եւ սեփական օրինակով նրանց սովորեցնելու, թե ինչպես նվազեցնել օդի աղտոտվածության աստիճանը: «Մեր կայքն, ըստ էության, բաց հրավեր է: Երիտասարդներն այնտեղ կգտնեն ամբողջական մոդելը, բոլոր ուղեցույցները, ինչն էլ հնարավորություն կտա նրանց իրականացնելու սեփական «Կոմբիլի այգու» նախագիծն իրենց երկրում, իրենց քաղաքում, իրենց շրջակայքում: Այսպիսով, մենք ցանկանում ենք, որ ամբողջ աշխարհի երիտասարդները մեզ միանան՝ միավորելով ջանքերը։ Մենք հենց այդ ուղղությամբ ենք աշխատում՝ ստեղծել «Կոմբիլի այգիներ» եւ հոգ տանել շրջակա միջավայրի մասին»,- ասաց Ալմաղութը։ 

2022 թ․ «Ավրորայի» հերոս Մահինուր էլ-Մասրին` որպես 2011 թ. Եգիպտոսի հեղափոխության ակտիվ մասնակից, որը հաճախ կոչում են «երիտասարդների հեղափոխություն», պատմեց իր փորձի մասին եւ գովասանքի խոսքեր ուղղեց «Երիտասարդական Ավրորայի» մասնակիցներին՝ խնդիրների լուծման համայնքակենտրոն մոտեցման համար։ «Երբ ավելի երիտասարդ ես, սովորաբար այնքան էլ եսակենտրոն չես։ Զգում ես, որ չկա առանձին փրկություն, ավելի շատ ես հավատում միասնական աշխատանքի գաղափարին: Ահա թե ինչու եմ ես այսքան հիացած եզրափակիչ անցած երեք մասնակիցների աշխատանքով, մտածում եմ նաեւ նրանց մասին, որոնց բախտ չվիճակվեց ներկայացնելու իրենց նախագծերը»,- ասաց տիկին էլ-Մասին: «Ես իսկապես հավատում եմ հավաքական աշխատանքի գաղափարին: Ձեր արած գործում հրաշալին այն է, որ փորձում եք մարդկանց գործիքներ տալ իրենք իրենց օգնելու համար»:

Քննարկումն ավարտվեց երկար սպասված 2024-2025 թթ․ «Երիտասարդական Ավրորայի» հաղթող թիմի հայտարարմամբ։ Հաղթող ճանաչվեց UWC Մահինդրա քոլեջն իր «Վառարան» նախագծով, որը պայքարում է ավանդական ցեխի վառարանների (chulha) վնասակար հետեւանքների դեմ։ Ներդնելով տեղական արտադրության J-աձեւ այրման խցիկներով վառարաններ, որոնք նվազեցնում են արտանետումները մինչեւ 86% եւ վառելափայտի օգտագործումը՝ 50%, նախագծի նպատակն է պաշտպանել կանանց եւ երեխաներին, որոնք ամենաշատն են տուժում տան ներսում օդի աղտոտվածությունից: Ի սկզբանե թիրախավորելով Մահարաշտրայի Մուլշիի հովտում գտնվող 50 տնտեսություն՝ այս մասշտաբային նախաձեռնությունը նպատակ ունի աջակցել համայնքներին՝ դասընթացների, վառարանների կայուն արտադրության եւ մաքուր խոհարարական լուծումների քարոզչության միջոցով: 10.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհը թիմը կօգտագործի իր գաղափարները կյանքի կոչելու համար։ 

«Երիտասարդական Ավրորա» մրցույթն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն անցկացնում է՝ համագործակցելով «Միացյալ աշխարհի քոլեջների»«Կրթություն բոլորի համար» համաշխարհային ցանցի եւ Աֆրիկյան առաջնորդության ակադեմիայի հետ։ Այս տարվա Ընտրող հանձնաժողովի կազմում էին Community Sponsorship Hub կազմակերպության գործադիր տնօրենի տեղակալ Բասմա Ալավին, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հանրային կապերի եւ ռազամավարական հաղորդակցության տնօրեն Քոլին Թոմաս-Ջենսենը, Երիտասարդ ակտիվիստների գագաթնաժողովի հիմնադիր Մարինա Վութոլենը եւ 2024 թ․ «Երիտասարդական Ավրորայի» հաղթող UWC Չանգշու Չինաստանի թիմի անդամ Չենյիյան (Աննիկա) Յանգը։ 

Եզրափակելով քննարկումը` մոդերատոր, UWC միջազգային գրասենյակի գործադիր տնօրեն Ֆեյթ Աբիոդունը երիտասարդներին քաջալերեց հավատարիմ մնալ իրենց նախաձեռնած գործին եւ ավելի շատ մարդկանց ներգրավել․ «Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ յուրաքանչյուր մեծ շարժում սկսվում է մի պարզ ճշմարտությունից՝ փոփոխություն իրականացնողներն ուղղակի չեն ծնվում, նրանք դառնում են այդպիսին։ Նրանք այդպիսին դառնում են այսպիսի քննարկումների շնորհիվ, համայնքների, որտեղ աջակցում են միմյանց, եւ երիտասարդների շնորհիվ, որոնք համարձակվում են ասել․«Այսպես չպետք է լինի»։ Այսօր մենք համոզվեցինք, որ մեր բեռը կարող է ավելի թեթեւանալ, երբ մենք բաժանում ենք այն, եւ մեր ազդեցությունը կարող է բազմապատկվել, երբ մենք միավորվում ենք։ Սրանք պարզապես բարձրագույն գաղափարներ չեն, այլ իրագործման ենթակա գաղափարներ»,- նշեց պարոն Աբիոդունը:

Դիտեք «Երիտասարդները՝ սոցիալական փոփոխությունների շարժիչ ուժ» խորագրով անգլերեն քննարկումը ստորեւ՝

Գլխավոր լուսանկարում՝ 2024-2025 թթ․ «Երիտասարդ Ավրորայի» հաղթող UWC Մահինդրա քոլեջի թիմը