2022-23 թթ. «Երիտասարդական Ավրորա» մրցույթի հաղթողն է UWC Դիլիջանի թիմն իր «Կոմբիլի» նախագծով: Եզրափակիչ հասած երեք թիմերն էլ՝ UWC Դիլիջանի, UWC Հարավ-արեւելյան Ասիայի եւ UWC Արեւելյան Աֆրիկայի, առաջարկել էին իրենց միջավայրի կայուն զարգացման նորարար եւ ստեղծարար լուծումներ, բայց ամենամեծ տպավորությունը ժյուրիի վրա գործել էր հատկապես UWC Դիլիջանի թիմի նախագիծը:
«Երիտասարդական Ավրորան» մեկնարկել է 2017 թ․ եւ իրականացվում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, «Միացյալ աշխարհի քոլեջների» (UWC), «Կրթություն բոլորի համար» (Teach For All) համաշխարհային ցանցի եւ Աֆրիկյան առաջնորդության ակադեմիայի համագործակցությամբ: Այս նախագծի նպատակն է ոգեշնչել ապագա առաջնորդներին՝ լուծումներ գտնելու իրենց համայնքներում առկա մարդասիրական խնդիրների համար: Ինչպես UWC Դիլիջանի համահիմնադիր, սոցիալական ներդրող եւ ձեռներեց Վերոնիկա Զոնաբենդը նկատեց, այսօր առավել, քան երբեւէ կարեւոր է այս տեսակ ուսանողական նախագծերին աջակցելը. «Հաճելի եւ պատվաբեր է երիտասարդներին խրախուսելն ու զորացնելը, որպեսզի նրանք հավատան, որ իրենք են իրենց կյանքի եւ ապագայի ճարտարապետը, որտեղ մենք բոլորս ենք ապրելու: Մեծ գործերն ու մեծ փոփոխություններն սկսվում են փոքր փոփոխություններից, որոնք մենք բոլորս իրականացնում ենք մեր համայնքներում»:
Առցանց կազմակերպված միջոցառումը վարում էր «Միացյալ աշխարհի քոլեջների» (UWC) գործադիր տնօրեն Ֆեյթ Աբիոդունը: Ակնհայտ էր, թե որքան տքնաջան եւ նվիրված աշխատանք էին կատարել եզրափակիչ հասած երեք թիմերի մասնակիցներն իրենց նախագծերը ներկայացնելու համար: Թիմերը լի էին խանդավառությամբ, երբ հերթը հասնում էր մարդասիրական բարդ խնդիրների լուծմանն ուղղված իրենց նորարարական մոտեցումների քննարկմանը: Նրանց ոգեւորում էր աջակիցների մի մեծ բանակ, որոնք միացել էին միջոցառմանն առցանց՝ իրենց զորակցությունը հայտնելու համար:
Հաղթող UWC Դիլիջանի թիմը կստանա 4.000 ԱՄՆ դոլար մրցանակ` նախագծի հետագա զարգացման համար, որպեսզի գալիք սերունդները կարողանան օգտվել օդի աղտոտվածության մակարդակի բարձրացման պատճառով առաջացած հումանիտար խնդիրների լուծումից՝ կենսաթափոնների արդյունավետ կառավարման միջոցով:
Ընդունելով, որ Երեւանի (եւ աշխարհի մյուս քաղաքների) տեղական համայնքները չունեն կենսաթափոնների հեռացման արդյունավետ եւ կայուն համակարգեր՝ «Կոմբիլի» նախագիծն ստեղծում է փոքրիկ «քաղաքային այգիների» մոդելներ, որոնց մասին հոգ կտանեն տեղի երեխաները: Այս այգիները, օգտագործելով կոմպոստավորման ժամանակակից միջոցներ, թունավոր գազերի արտանետմանը նպաստող կենսաթափոնները կվերածեն պարարտ հողի: Նախագիծը միավորում է երեք հիմնական ուղղություն՝ կրթություն երեխաների ներգրավմամբ, որոնք մասնակցում են այգեգործության եւ կոմպոստավորման վերաբերյալ դասընթացներին, ժամանց՝ ստեղծելով համայնքային տարածք տեղացիների համար, եւ կոմպոստավորման նորարարական մեթոդ՝ 30-60 օրում պարարտ հող արտադրելու համար:
Վեց տարի անընդմեջ «Երիտասարդական Ավրորան» շարունակում է կարեւոր հարթակ տրամադրել երիտասարդ առաջնորդներին՝ իրենց գաղափարները զարգացնելու եւ դրանց լուծումներ առաջարկելու համար, որոնք կնպաստեն աշխարհում մի շարք հրատապ խնդիրների հաղթահարմանը: Միջոցառման սկզբում ցուցադրվեց մի տեսանյութ, որը ներկայացնում էր մինչեւ հիմա «Երիտասարդական Ավրորայի» ունեցած ազդեցության ծավալները ոչ միայն անմիջականորեն ներգրավված մարդկանց, այլեւ այն համայնքների կյանքի վրա, որոնց ծառայել են նախագծերը:
Նախընտրական հանձնաժողովին նախագծեր էին ներկայացրել UWC շարժման եւ Աֆրիկյան առաջնորդության ակադեմիայի տասը դպրոցներ: Հաշվի առնելով, որ կայուն զարգացման խնդիրները հետզհետե ավելի տարածված են դառնում մեր բոլորի կյանքում, թերեւս, պատահական չէ, որ եզրափակիչ փուլ հասած երեք նախագծերն ուղղված էին էկոլոգիական խնդիրների լուծմանը: UWC Հարավ-արեւելյան Ասիայի եւ UWC Դիլիջանի թիմերը լուծումներ էին առաջարկել կենսաթափոնների հետեւանքով առաջացած խնդիրների համար, իսկ UWC Արեւելյան Աֆրիկայի թիմը գտել էր իրենց տեղական համայնքին աջակցելու ճանապարհը՝ իրականացնելով կորալների վերականգնման նախագիծ:
Կրթության եւ սոցիալական ձեռներեցության ոլորտների առաջատարներից կազմված ժյուրին լավագույնս պատրաստվել էր՝ գնահատելու յուրաքանչյուր նախագիծ՝ հարցեր ուղղելով թիմերից յուրաքանչյուրին: Այս տարի ժյուրիի կազմում էին.
Աննա Աֆեյան՝ «Աֆեյան» ընտանեկան հիմնադրամի համահիմնադիր եւ համանախագահ,
Դիեգո Անջեմի՝ UNICEF-ի սոցիալական քաղաքականության ղեկավար,
Փրինս Բաշանգեզի՝ Waterford Kamhlaba UWCSA շրջանավարտ (2020-2022 թթ.) եւ 2021 թ. «Երիտասարդական Ավրորայի» հաղթող,
Միրզա Դինայի՝ 2019 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Օդային կամուրջ Իրաք» կազմակերպության համահիմնադիր,
Էռնեստո Սեդիլյո՝ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Յեյլի համալսարանի Գլոբալիզացիայի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն:
Ստանալով հարցերի պատասխանները՝ մինչ ժյուրին կորոշեր հաղթողին, սկսվեց «Կրթության դերը խաղաղություն խթանելու գործում» թեմայով քննարկում: Այն վարում էր Ֆեյթ Աբիոդունը, բանախոսներն էին.
Սայիդա Ղուլամ Ֆաթիմա՝ «Ավրորա» մրցանակի փորձագետների խորհրդի անդամ, Պակիստանի «Կախյալ շահագործվողների ազատագրության ճակատի» (BLLF) գլխավոր քարտուղար,
Քարեն Լիու՝ UWCSEA շրջանավարտ, Չիկագոյի համալսարանի ուսանող,
Սիբուլելե Սիբաքա՝ «Ավրորա» մրցանակի փորձագետների խորհրդի անդամ, «Սիբուլելե Սիբաքա» հիմնադրամի հիմնադիր:
Հետաքրքիր քննարկում ծավալվեց այն մասին, թե ինչ կարեւոր դերակատարում կարող են ունենալ մանկավարժները՝ երիտասարդներին աջակցելու եւ խրախուսելու գործում, որպեսզի նրանք էլ իրենց հերթին առավելագույնս զարգացնեն իրենց տաղանդն ու հմտությունները՝ ավելի կայուն եւ խաղաղ հասարակություն ստեղծելու համար:
Երբ ժյուրին վերադարձավ՝ հրապարակելու հաղթողի անունը, մեծ ոգեւորություն էր տիրում: Եվ ժյուրիի քարտուղար Աննա Աֆեյանը հրապարակեց հաղթող թիմի անունը՝ UWC Դիլիջան: Մեկնաբանելով ժյուրիի որոշումը՝ նա նշեց. «Շատ դժվար որոշում էր: Այս բոլոր նախագծերն էլ շատ բարձր որակի են, ստեղծարարական եւ նորարարական: Դուք բոլորդ քրտնաջան աշխատանք եք տարել, որպեսզի բացատրեք, թե ինչպես են ձեր նախագծերը լուծելու ձեր համայնքի խնդիրները ու թե ինչպես եք ձեր լուծումները տարածելու աշխարհում: Պետք է նշեմ, որ դժվար ընտրություն էր. թիմերի միջեւ մրցակցությունն ուժեղ էր»:
««Երիտասարդական Ավրորան» մեզ հիշեցնում է դրական գործողությունների կարեւորության եւ այն փոքր քայլերի մասին, որոնք մենք բոլորս կարող ենք անել, որպեսզի լուծումներ գտնենք աշխարհում ամենահրատապ խնդիրներին: Եկեք շարունակենք ամենուր ոգեշնչել երիտասարդներին, որպեսզի նրանք իմանան, որ կարող են ունենալ մեծ երազանքներ, կարող են քայլեր ձեռնարկել եւ փոխել աշխարհը», - ավելացրեց UWC միջազգային գրասենյակի գործադիր տնօրեն եւ միջոցառման մոդերատոր Ֆեյթ Աբիոդունը:
Ըստ հաղթող թիմի՝ իրենց նախագիծն իրական սիրո արդյունք է, որը, հուսով են, կշարունակի էական ազդեցություն ունենալ հետագա սերունդների կյանքում. «Այս նախագիծը կարող է իրականացվել ցանկացած վայրում: Սա մի մոդել է, որը միավորում է երեք հիմնական բաղադրիչ՝ կրթություն, նորարարական մեթոդ եւ համայնքային այգի: Երբ այս բոլոր երեք բաղադրիչները միավորվում են, մենք կարող ենք իրական փոփոխություն կատարել այս խնդրի լուծման ուղղությամբ: Դուք կարող եք ամենուր տեղադրել կոմպոստավորման այս սարքերը, բայց ոչ ոք չի օգտագործի դրանք, քանի դեռ կրթված չեն: Դրա համար շատ կարեւոր է նախեւառաջ կրթել մարդկանց»: