Այս տարի «Երիտասարդական Ավրորայի» եզրափակիչ փուլ են անցել երեք թիմեր: UWC Դիլիջանի, UWC Հարավ-արեւելյան Ասիայի եւ UWC Արեւելյան Աֆրիկայի թիմերն իրենց ներկայացրած նախագծերով եւ համայնքում մարդասիրական հրատապ խնդիրները լուծելու իրենց պատրաստակամությամբ տպավորել են նախընտրական հանձնաժողովին: Եզրափակիչ հասած թիմերը հնարավորություն կունենան կատարելագործելու իրենց նախագծերն առաջիկա շաբաթների ընթացքում՝ նախքան դրանք վերջնական ներկայացնելը ժյուրիին 2023 թ. մարտի 23-ին:
Այս տարի մրցույթին հայտ-առաջարկ են ներկայացրել UWC տասը դպրոց եւ Աֆրիկյան առաջնորդության ակադեմիան, եւ ինչպես նախընտրական հանձնաժողովի անդամ Այզեք Վունն (UWC Ատլանտիկ, 1994–1996 թթ.) է նկատել, ուսանողներն իսկապես փայլել են իրենց ստեղծարար մտքով եւ նվիրվածությամբ. ««Երիտասարդական Ավրորան» էական դերակատարում ունի՝ առաջնորդների մեր հաջորդ սերնդին հիշեցնելու կայուն զարգացման եւ մարդասիրական խնդիրների կարեւորության մասին, քանի որ մենք հետամուտ ենք տնտեսական զարգացմանը… Ինձ ամենաշատը տպավորել է երիտասարդ մասնակիցների անձնուրաց նախաձեռնողականության եւ համագործակցության ոգին, ինչպես նաեւ նրանց գաղափարները: Նրանք փայլում են ինչպես հույսի փարոսներ՝ վերականգնելով մեր հավատը մարդկային ոգու հանդեպ»։
Այս տարվա նախագծերն ընդգրկում էին խնդիրների լայն շրջանակ: Որոշները կենտրոնացած էին առողջապահական խնդիրների լուծման վրա, օրինակ՝ իրազեկության բարձրացում կոսմետիկ միջոցներում առկա վտանգավոր քիմիական նյութերի վերաբերյալ, որոնք խաթարում են էնդոկրին համակարգը: Մեկ այլ նախագիծ ուղղված էր ընտանեկան բռնության դեմ պայքարին՝ կրթական ռեսուրսներ եւ համայնքային օգնություն առաջարկող հավելվածի միջոցով: Մյուս ծրագրերն ուղղված էին տեղին բնորոշ կայուն զարգացմանը վերաբերող մտահոգություններին:
«Շրջակա միջավայրի հանդեպ ուշադրությունը, կարծես, շատ UWC-ականների մտքում եւ սրտում է», - ասաց նախընտրական հանձնաժողովի անդամ Իվանա Սիթումը (UWC SEA, 1996–2002 թթ.): «Կլիմայի փոփոխությունն իրականություն է, իսկ ուսանողներն այսօր են ցանկանում տեղում կայուն լուծումներ փնտրել: «Ավրորայի» խմբերն ունեն ռեսուրսներ եւ գիտելիք՝ միավորելու հմտություններն ու կարողությունները, որպեսզի սկսեն տեսնել իրենց աշխատանքի արդյունքը՝ դասասենյակում սովորածը կիրառելով իրենց շրջապատող իրական աշխարհում»:
Հայտերից մեկում ներկայացված էր համայնքից ոգեշնչված նախագիծ՝ սննդամթերքի անվտանգությունը բարձրացնելու նպատակով մանկական կենտրոնում մշակաբույսերի ջերմոցներ ստեղծելու վերաբերյալ, իսկ մյուսը՝ քաղաքի անտառային շերտը վերականգնելու մասին էր, որտեղ թույլ ծառածածկույթի պատճառով կլիմայական պայմաններն անբարենպաստ են: Հետաքրքիր է, որ եզրափակիչ փուլ անցած երեք թիմերի առաջարկներն էլ ներառում են կայուն զարգացման թեման, որոնցից երկուսը վերաբերում են թափոնների կառավարմանը, իսկ երրորդը՝ կորալների վերականգնմանը:
Ինչպես ընդգծեց Իվանան, «Երիտասարդական Ավրորայի» թիմերը՝ աշխարհի մի շարք ամենահրատապ խնդիրների համար ավելի կայուն լուծումներ մշակելու իրենց ձգտումով մարմնավորում են Միացյալ աշխարհի քոլեջների (UWC) ոգին: ««Երբեք մի կասկածեք, որ մտածող ու նվիրված քաղաքացիների փոքր խումբը կարող է փոխել աշխարհը: Իրականում հենց միայն նրանք են դա անում»․ սիրում եմ Մարգարեթ Միդի այս միտքը: Այն ինձ առաջնորդում է միջազգային հարաբերությունների ոլորտում իմ գործունեության ընթացքում, որը շատ կապված է UWC շարժման հետ, եւ ես կարծում եմ, որ «Երիտասարդական Ավրորան» հենց այդ մասին է»:
Եզրափակիչ հասած երեք թիմերը
UWC Դիլիջան. Կոմբիլի (Combili)
Այս նախագիծն անդրադառնում է օդի աղտոտվածության մակարդակի բարձրացման հետեւանքով առաջացած խնդիրների լուծմանը՝ կենսաթափոնների արդյունավետ կառավարման միջոցով: Ընդունելով, որ Երեւանի (եւ աշխարհի մյուս քաղաքների) տեղական համայնքները չունեն կենսաթափոնների հեռացման արդյունավետ եւ կայուն համակարգեր՝ «Կոմբիլի» նախագիծն առաջարկում է ստեղծել փոքրիկ «քաղաքային այգիների» մոդելներ, որոնց մասին հոգ կտանեն տեղի երեխաները: Այս այգիները, օգտագործելով կոմպոստավորման ժամանակակից միջոցներ, թունավոր գազերի արտանետմանը նպաստող կենսաթափոնները կվերածեն պարարտ հողի: Ծրագիրը միավորում է երեք հիմնական ուղղություն՝ կրթություն երեխաների ներգրավմամբ, որոնք մասնակցում են այգեգործության եւ կոմպոստավորման վերաբերյալ դասընթացներին, ժամանց՝ ստեղծելով համայնքային տարածք տեղացիների համար, եւ կոմպոստավորման նորարարական մեթոդ՝ 30-60 օրում պարարտ հող արտադրելու համար:
Խոսելով նախագծի մասին՝ թիմի անդամ Սատոն (Թայլանդ) նշում է. «Այս նախագծի առավելությունն այն է, որ կարող է կիրառվել ամբողջ աշխարհում: Ես հավատում եմ այն գաղափարի ուժին, որ այս փոքրիկ, «կանաչ գրպանները» կարող են մեծապես փոխել համայնքային մտածողությունը յուրաքանչյուր քաղաքային թաղամասում: Երբ մեր թիմով գնացինք մայրաքաղաք տեսանյութ նկարահանելու, ես շատ տպավորված էի։ Մենք այցելեցինք մի հսկայական աղբանոց, որտեղ սեփական աչքերով տեսանք թափոնների ճնշող քանակը եւ զգացինք փտած թափոնների սուր հոտը: Կյանքում երբեք չէի հանդիպել նման երեւույթի, ուստի այն մեծ ազդեցություն ունեցավ ինձ վրա: Ես հասկացա, որ իմ ընկալումն ու գիտելիքը գլոբալ խնդիրների մասին սահմանափակ են: Այդպես է նաեւ ուրիշների դեպքում: Սա ինձ ստիպեց, ցանկություն ստեղծեց՝ առաջ մղելու այս նախագիծն ու ավելի բարձրացնելու այս խնդիրների վերաբերյալ իրազեկությունը»:
UWC Արեւելյան Աֆրիկա. Կորալների վերականգնման նախագիծ
Կորալների վերականգնման նախագիծը գործող կամավորական ծրագիր է UWC Արեւելյան Աֆրիկայի Մոշիի եւ Առուշայի ուսանողական ավաններում, որի նպատակն է պահպանել եւ վերականգնել կորալային խութերը եւ ծովափնյա կյանքը Տանզանիայի ափին՝ Տանգայի մոտ գտնվող Fish Eagle Point կոչվող վայրում: Ափամերձ այս հատվածը զգալիորեն տուժել է պայթուցիկ նյութերով ձկնորսության հետեւանքով, ինչն առաջացրել է վնասված կամ մեռած կորալներով մեծ տարածք:
Ծրագրի նպատակն է ֆինանսական միջոցներ հայթայթել կորալների տնկարաններ եւ կորալային արհեստական խութեր ստեղծելու համար, որոնք ուսանողները կիջեցնեն օվկիանոս՝ ապահովելով անհրաժեշտ տարածք կորալների աճի եւ ապահով ապաստան՝ ձկների եւ ծովային այլ կենդանիների կյանքի ու բարգավաճման համար: Թիմը վստահ է, որ կորալների վերականգնումը կբերի ձկների պոպուլյացիայի աճին եւ կնպաստի կենսաբազմազանության ավելացմանը՝ դրանով իսկ ապահովելով սնունդ եւ ապրուստի միջոցներ տեղի համայնքների համար:
Նախագծի թիմի անդամ Ֆելիսը բացատրում է, թե որքան շատ ջանք է ներդրվել նախագծի հաջողության համար. «Այս նախագիծն ինձ սովորեցրեց, որ կարող ես անել ամեն ինչ, եթե իսկապես ցանկանաս: Որպես խումբ՝ մենք մեր հնարավորությունների առավելագույնն ենք արել: Մենք կամ 300-800 կգ կորալային խութեր էինք տեղափոխում օվկիանոս եւ իջեցնում ջուրը, կամ 16 մետր խորության վրա մաքրում էինք կորալների խութերը՝ ապահովելով մաքուր միջավայր ծովային կյանքի համար: Արթնանալ վաղ առավոտյան 4:30՝ մակընթացությունից օգտվելու եւ լաստանավը բաց օվկիանոս դուրս բերելու համար, ինչը ես երբեք չէի անի տանը, այս ամենն ինձ համար իսկապես հրաշալի մի բան է դարձել»:
UWC Հարավ-արեւելյան Ասիա (Արեւելյան կամպուս). «Աղբաման» նախագիծ (The Bin Project)
Նախագծի նպատակն է տվյալների վերլուծության եւ վարքագծային տնտեսագիտության միջոցով լուծել սննդային թափոնների խնդիրը Սինգապուրում: Տեղադրելով տեսախցիկներ սննդի համար նախատեսված աղբարկղերի վրա՝ նախագիծը կհետեւի ու կդասակարգի սպառողների թափոնները՝ տարբերակելով օբյեկտները արհեստական բանականության օգնությամբ: Այնուհետեւ թիմը, ըստ հավաքագրված տվյալների, կվերլուծի օրինաչափությունները եւ միտումները, կուսումնասիրի այս արդյունքների հիմքում ընկած պատճառները: Ելնելով վարքագծային տնտեսագիտությունից՝ նախագծի հեղինակները հույս ունեն, որ կկարողանան ստեղծել «խթան», որն անհրաժեշտ է սպառողների վարքը փոխելու համար: Նախագիծն արդեն աշխատում է UWC SEA (արեւելյան) ճաշարանում, եւ «Աղբաման» նախագծի թիմը հույս ունի այս գաղափարը տարածելու Սինգապուրի մյուս բոլոր ճաշարաններում:
Թիմի անդամ Հանմինը բացատրում է, թե ինչու է նախագծի միջկարգապահական բնույթն այդքան կարեւոր դրա երկարաժամկետ հաջողության համար. «Նախագծի միջկարգապահական բնույթն ինձ համար ամենակարեւոր բաղադիչներից է: Մենք համատեղում ենք տեխնոլոգիաները, վարքագծային տնտեսագիտությունը, ձեռներեցությունը եւ հանրային կրթությունը՝ կայուն համակարգ ստեղծելու համար: Բազմակողմանի այս նախաձեռնությունը համապատասխանում է սննդամթերքի թափոնների բարդ խնդրի լուծմանը: Նախագծի յուրաքանչյուր ճյուղ օգնում է ծածկել մյուսի թույլ կողմերը՝ դրանով իսկ ստեղծելով մարտահրավերներին դիմակայելու ունակ շարժում: Այս նախագծի հետեւում կանգնած է նույնքան բազմազան թիմ, այդ թվում՝ ամենատարբեր անհատականություններ, եռանդ եւ հեռանկար: Բացի այդ, մեզ աջակցում է փորձագետների լայն ցանց՝ ուսուցիչներից մինչեւ խոհանոցի կառավարիչներ: Քանի որ մեր նախաձեռնությունը զարգանում է եւ համագործակցում ավելի մեծ թվով շահագրգիռ կողմերի հետ, այն դառնում է ավելի կայուն եւ ընդունելի համայնքում: Մեր հանձնառությամբ «Աղբաման» նախագիծը կայուն կերպով կբերի տեսանելի, շոշափելի փոփոխությունների»:
Լուսանկարում՝՝ UWC Արեւելյան Աֆրիկա, UWC Դիլիջան եւ UWC Հարավ-արեւելյան Ասիա քոլեջների թիմերը: