Հայտնի են 2024-2025 թթ․ «Երիտասարդական Ավրորայի» եզրափակչի մասնակիցները

Հայտնի են 2024-2025 թթ․ «Երիտասարդական Ավրորայի» եզրափակչի մասնակիցները

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, համագործակցելով «Միացյալ աշխարհի քոլեջների»«Կրթություն բոլորի համար» համաշխարհային ցանցի եւ Աֆրիկյան առաջնորդության ակադեմիայի հետ, ներկայացրել է 2024-2025 թթ․ «Երիտասարդական Ավրորա» մրցույթի եզրափակչի երեք մասնակիցներին՝ UWC Ադրիատիկ (Իտալիա), UWC Դիլիջան (Հայաստան) եւ UWC Մահինդրա քոլեջ (Հնդկաստան)։ 2017 թ․ մեկնարկած ամենամյա այս մրցույթն աջակցում է ապագա առաջնորդներին՝ հնարավորություն տալով մշակել նորարարական լուծումներ իրենց համայնքներում մարդասիրական խնդիրները հաղթահարելու համար: Մրցույթի հաղթողը հայտնի կդառնա մարտ ամսին։

Ամեն տարի «Երիտասարդական Ավրորային» մասնակցող ուսանողական թիմերը ներկայացնում են նախագծային առաջարկներ, որոնք ուղղված են իրենց համայնքներում մարդասիրական խնդիրների լուծմանը։ Նրանք մրցում են 10․000 ԱՄՆ դոլար դրամաշնորհի համար, որպեսզի կյանքի կոչեն իրենց գաղափարները: «Երիտասարդական Ավրորայի» եզրափակիչ փուլ անցած երեք մասնակից-թիմերն իրենց գաղափարները ներկայացնում են Ընտրող հանձնաժողովին, որի անդամներն են մարդասիրության, գործարարության ոլորտների ականավոր գործիչներ եւ համաշխարհային առաջնորդներ։ Նրանք իրենց հերթին ցուցաբերում են անհատական մոտեցում՝ օգնելով ուսանողներին կատարելագործել առաջարկները:

Անցած տարիներին հաղթող են ճանաչվել UWC Չանգշու Չինաստան քոլեջի թիմն իր «Լուսավորչություն» նախագծով (2023-2024 թթ․), որի նպատակն էր օգնել գյուղաբնակ անապահով երիտասարդներին՝ նրանց տրամադրելով ռեսուրսներ եւ աջակցություն իրենց նպատակներն իրագործելու համար, UWC Դիլիջանի թիմն իր «Կոմբիլի» նախագծով (2022-2023 թթ․), որը լուծում է կենսաթափոնների հեռացման արդյունավետ եւ կայուն համակարգերի բացակայության խնդիրը Երեւանում եւ մյուս քաղաքներում՝ ստեղծելով փոքրիկ «քաղաքային այգիների» մոդելներ, որոնց մասին հոգ են տանում տեղի երեխաները: Հաղթող ճանաչված նախագծերից են եղել նաեւ Ութերֆորդ Քամհլաբա UWC Հարավային Աֆրիկա քոլեջի թիմի «Հույսի սերմերը» (2021 թ.), որի նպատակն էր աջակցել Մալինձա փախստականների ճամբարի երիտասարդներին Էսվատինիում՝ ստեղծելով երիտասարդական կենտրոն, UWC Արեւելյան Աֆրիկայի «Փեթակ-բաժանարար» նախագիծը (2020 թ.), որի նպատակն էր խաղաղ գոյակցություն հաստատել փղերի եւ Տանզանիայի Սիհա շրջանի Սանյա Հոյի գյուղի բնակիչների միջեւ: 

Առաջին անգամ հանդես գալով հանձնաժողովի կազմում՝ Ուգանդայի կրթական տեխնոլոգիաների Maarifasasa Limited ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ռոբերտ Բոբ Օկելոն պատմեց «Երիտասարդական Ավրորայի» հետ ունեցած սեփական փորձառության մասին․ «Ներկայացված հայտերը գնահատելն աներեւակայելի եւ ոգեշնչող փորձ էր: Նախագծերի որակը եւ այն, թե որքան մտածված էր յուրաքանչյուր առաջարկ, վկայում են երիտասարդների մտքի ուժի մասին, որը կարող է դրականորեն փոխել աշխարհը։ Ուրախալի է տեսնել իրական մարտահրավերները հաղթահարելու այդպիսի նորարարական եւ կայուն մոտեցումներ։ Ես կասկած չունեմ, որ այս ուսանողները կշարունակեն էական փոփոխություններ իրականացնել իրենց համայնքներում եւ դրանցից դուրս»։ 

2024-2025 թթ․եզրափակչի մասնակիցներն ընտրվել են UWC դպրոցներից եւ քոլեջներից, ինչպես նաեւ Աֆրիկյան առաջնորդության ակադեմիայից ներկայացված 19 հայտերից: Իրենց առաջարկներում ուսանողները ներկայացնում են նորարարական լուծումներ լոկալ մարտահրավերներին, այդ թվում՝ աջակցություն միգրանտ երեխաներին՝ համայնք եւ վստահություն ձեւավորելու գործում, տների ջերմամեկուսացում, գյուղական եւ անապահով համայնքների բարելավում, ավանդական վառարանների հետ կապված առողջության ռիսկերի նվազեցում։ 

Մրցույթի եզրափակիչ փուլը հաջորդ ամիս է։ Մինչեւ այդ թիմերը ջանասիրաբար աշխատում են իրենց նախագծերի վրա եւ անում վերջին շտկումները, որպեսզի հենց իրենք ստանան «Ավրորայի» դրամաշնորհը եւ կարողանան իրագործել իրենց նորարարական գաղափարները։ 

Այդ նախագծերի մանրամասները ներկայացված են ստորեւ․

«Խատուտիկ» նախագիծ՝ UWC Ադրիատիկ 

«Խատուտիկն» ուղղված է տարրական դպրոցներում միգրանտ երեխաների հուզական եւ սոցիալական կարիքներին՝ օգնելով նրանց հարմարվել եւ ինտեգրվել: Նախագիծը բաղկացած է պատկերազարդ գրքերից եւ ինտերակտիվ դասընթացներից, որոնք մշակել են հոգեբանության մասնագետները։ Այս գործիքներն օգնում են երեխաներին ինքնուրույն ուսումնասիրել հիմնական թեմաները, ձեւավորել վստահություն եւ զարգացնել պատկանելության զգացում՝ միաժամանակ ընդունելով իրենց ինքնությունը: Ի սկզբանե մեկնարկելով Իտալիայի Տրիեստ քաղաքում՝ միգրացիայի հիմնական կենտրոնում, որտեղ հազարավոր երեխաներ բախվում են ինքնության եւ պատկանելության խնդիրներին, նախագծի նպատակն է ապահովել հոգեկան առողջության հիմնական աջակցություն եւ նպաստել սոցիալական ներառմանը։

«Խատուտիկ» նախագծի անդամ Ռաուանեն ոգեշնչվել է սեփական փորձից. «Միգրացիան ինձ համար ավելին է, քան զուտ պատմությունը կամ փորձառությունը։ Այն իմ ԴՆԹ-ի մասն է։ Մեծանալով Մարոկկոյում՝ ես զգացի, թե ինչ է նշանակում անապահով տարածքից տեղափոխվել երկրի տնտեսական զարկերակը հանդիսացող մի վայր: Երբ ես մտածում եմ միգրանտ երեխաների մասին, տեսնում եմ էմոցիոնալ պայքար, որը հաճախ մնում է աննկատ։ Հենց այդտեղ է գործի անցնում «Խատուտիկը»՝ առաջարկելով անհրաժեշտ աջակցություն, օգնելով նրանց գտնել պատկանելության զգացում»:

«Տաք տուն» նախագիծ՝ UWC Դիլիջան 

«Տաք տուն» նախագիծը կենտրոնանում է հայկական գյուղական տների ջերմամեկուսացման համար անհրաժեշտ ծախսարդյունավետ լուծումների վրա: Այս նպատակով օգտագործելով պլաստիկ եւ մետաղական թափոնները՝ նախագիծը ոչ միայն օգնում է խոցելի համայնքներին պահպանել տան ջերմաստիճանը, այլեւ խթանում է կայուն վերամշակման պրակտիկան։ Անդրադառնալով հին տների ջերմամեկուսացման անհապաղ անհրաժեշտությանը՝ «Տաք տունը» նվազեցնում է ինչպես շրջակա միջավայրի ազդեցությունը, այնպես էլ ընտանիքների ֆինանսական բեռը: Համայնքային կրթության միջոցով այս նախաձեռնությունը բարձրացնում է էներգաարդյունավետությունը եւ բարելավում կենսապայմանները: 

«Տաք տուն» նախագծի անդամ Անդրեան նշում է. «Հայաստանում գտնվելու առաջին երեք ամիսներին անձամբ զգացի տեղի ջերմաստիճանի դաժանությունը: Իմ եւ տեղացիների միջեւ եղած տարբերությունն ինձ ստիպեց մտածել, թե ինչպես կարող են նույնիսկ փոքր, հաճախ թերագնահատված բաները բերել հսկայական փոփոխությունների: Մենք չենք ցանկանում շուկա բերել անհասանելի ջերմամեկուսացում, փոխարենը նպատակ ունենք ստեղծել այնպիսին, որը հասանելի է յուրաքանչյուրին՝ բարելավելու տնային պայմանները»:

«Վառարան» նախագիծ՝ UWC Մահինդրա քոլեջ

«Վառարան» նախագիծը պայքարում է ավանդական ցեխի վառարանների (chulha) վնասակար հետեւանքների դեմ, որոնք թունավոր ծուխ են արտադրում՝ առաջացնելով առողջական լուրջ խնդիրներ եւ վառելափայտի ավելորդ սպառման հետեւանքով նպաստելով անտառահատումներին։ Ներդնելով տեղական արտադրության, J-աձեւ այրման խցիկներով վառարաններ, որոնք նվազեցնում են արտանետումները մինչեւ 86% եւ վառելափայտի օգտագործումը՝ 50%, նախագծի նպատակն է պաշտպանել կանանց եւ երեխաներին, որոնք ամենաշատն են տուժում տան ներսում օդի աղտոտվածությունից: Ի սկզբանե թիրախավորելով Մահարաշտրայի Մուլշիի հովտում գտնվող 50 տնտեսություն՝ այս մասշտաբային նախաձեռնությունը նպատակ ունի աջակցել համայնքներին՝ դասընթացների, վառարանների կայուն արտադրության եւ մաքուր խոհարարական լուծումների քարոզչության միջոցով: 

«Վառարան» նախագծի անդամ Լեյլան բացատրում է. «Ներկայացնելով UWC Մահինդրա քոլեջի համայնքը՝ մենք սերտորեն կապված ենք քոլեջի շրջակայքի գյուղերի հետ: Ես հավատում եմ մեր նախագծին, քանի որ սա լուրջ խնդիր է, որը նախկինում չի լուծվել, եւ ինձ համար մեծ ձեռքբերում կլիներ, եթե կարողանայինք վերացնել այս ընտանիքների առողջությանը սպառնացող խնդիրը։ Ես կցանկանայի որքան հնարավոր է օգտակար լինել այս գյուղերին»։

Գլխավոր լուսանկարը (ձախից աջ)՝ UWC Ադրիատիկի, UWC Դիլիջանի եւ UWC Մահինդրա քոլեջի թիմերը