2024 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, բժիշկ Դենիս Մուկվեգեն ընտրել է մարդասիրական գործունեությամբ զբաղվող այն անհատներին եւ կազմակերպությունները, որոնց դրամաշնորհ կտրամադրի առաջին փուլով: Հայտնի գենեկոլոգ-վիրաբույժ եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գործող իրավապաշտպան, բժիշկ Դենիս Մուկվեգեն 2024 թ. դափնեկիր դարձավ 2024 թ. մայիսին Լոս Անջելեսում կայացած «Ավրորա» մրցանակի շնորhման արարողության ժամանակ:
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաքելությունն է ճանաչման արժանացնել այն անհատներին, որոնք վտանգի են ենթարկում սեփական կյանքը, որպեսզի փրկեն այն մարդկանց կյանքը, որոնք տառապում են հակամարտությունների կամ մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների հետեւանքով։ Մրցանակն ստանալուց հետո «Ավրորայի» դափնեկիրները շարունակում են նվիրատվության շղթան՝ դրամաշնորհ տրամադրելով համայնքներում մարդասիրական աշխատանք իրականացնող անհատներին եւ կազմակերպություններին՝ այդպիսով մեծացնելով նրանց խիզախ գործունեության ազդեցությունը: Այժմ, երբ Միացյալ Նահանգներում անորոշ է մարդասիրության ոլորտի ֆինանսավորման ապագան, «Ավրորան», որը չի ստանում դրամական միջոցներ որեւէ կառավարությունից, հավատարիմ է մնում իր առաքելությանը՝ ֆինանսական միջոցներ տրամադրելով անմիջապես իր շահառուներին եւ աջակցելով նրանց կենսապահպան գործունեությանը։
«Ես խորապես երախտապարտ եմ, որ ունեմ հնարավորություն «Ավրորա» մրցանակի միջոցները կիսելու մերօրյա ականավոր հերոսների եւ կազմակերպությունների հետ, որոնց աշխատանքը վերափոխում է մարդկանց կյանքը: Միասին մենք կկարողանանք շարունակել ավելի պայծառ ապագա կերտել կանանց եւ երեխաների համար՝ նրանց տալով կրթության, մաքուր ջրի եւ առողջապահական ծառայությունների հնարավորություն»,- ասաց բժիշկ Դենիս Մուկվեգեն: ««Ավրորա» մրցանակի դրամաշնորհային մոդելն ընդլայնում է մեր միասնական առաքելությունը՝ ոչ միայն աջակցելու նրանց, ովքեր անցել են աներեւակայելի դժվարությունների միջով, այլեւ կատարելու ներդրումներ հանուն կայուն լուծումների, որոնք կանխում են ոճրագործությունները, ամրապնդում համայնքներն ու բարձրացնում արհավիրքներին դիմակայելու կարողությունը»:
Բժիշկ Մուկվեգեն ընտրել է հետեւյալ շահառու կազմակերպությունները եւ անհատներին, որոնց կաջակցի ֆինանսավորման առաջին փուլում.
- Ֆարթուն Ադան եւ Իլվադ Էլման (Սոմալի)՝ 2020 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր մայր եւ դուստր, որոնք պաշտպանում են կանանց իրավունքները, նպաստում խաղաղաշինությանը եւ օգնում մանկահասակ զինվորներին վերկանգնվել
- Ջուլիեն Լուսենգե (ԿԴՀ)՝ 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, իրավապաշտպան, որն օգնում է պատերազմի ժամանակ սեռական բռնության ենթարկվածներին
- Նադիա Մուրադ (Իրաք)՝ «Ավրորայի» մերօրյա հերոս, եզդի իրավապաշտպան, որը հայտնի է ցեղասպանության եւ սեռական բռնության զոհերի իրավունքների պաշտպանությամբ
- Անժելիկ Նամայկա (ԿԴՀ)՝ «Ավրորայի» մերօրյա հերոս, ակտիվիստ, որն աջակցում է իր երկրում քաղաքացիական պատերազմի հետեւանքով տեղահանված կանանց եւ երեխաներին
- CEPAC-Նաքիբունդա (ԿԴՀ)՝ տարրական դպրոց Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Հարավային Կիվու նահանգում
- Interface Compassion International (ԿԴՀ)՝ շահույթ չհետապնդող կազմակերպություն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, որն աջակցում է կանանց եւ երեխաներին՝ ապահովելով առողջապահական ծառայություններ, գենդերային հավասարություն, տնտեսական աջակցություն եւ կրթություն
- «Մալայկա» (ԿԴՀ)՝ աղջիկների դպրոց, որը նպաստում է համայնքներին համապարփակ աջակցություն տրամադրելու մոտեցմանը՝ նրանց տալով կրթության, ջրի եւ առողջապահության հնարավորություն
- Yennenga Progress (Բուրկինա Ֆասո)՝ նախաձեռնություն, որի նպատակն է բարելավել կրթությունը, առողջապահական ծառայությունները եւ տարրական ենթակառուցվածքներն այն տարածաշրջաններում, որտեղ սոցիալական ծառայությունները դեռ սահմանափակ են:
«Համաձայն մեր փիլիսոփայության՝ «Ավրորայի» համար առանցքային է աջակցել համայնքներում մարդասիրական աշխատանք իրականացնողներին, որոնք հստակ գիտեն, թե ինչի կարիք ունեն իրենց համայնքները»,- նշեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արմինե Աֆեյանը: «Այս դրամաշնորհները նախագծված են այն համոզմունքով, որ տեղում աշխատող մարդիկ ամենից լավ գիտեն, թե ինչպես պետք է բաշխել ռեսուրսները, եւ մենք ուրախ ենք տեսնել, թե ինչպես է այս մոդելն ստեղծում ավելի մեծ ազդեցություն: Ըստ էության, «Ավրորան» նվիրատվության շղթան շարունակելու եւ «մարդուն» «մարդկային» միջավայր վերադարձնելու մասին է՝ ուղիղ աջակցություն տրամադրելով այն անհատներին, որոնք ամեն օր վերափոխում են մարդկանց կյանքը»:
«Ավրորա» մրցանակի 1 մլն ԱՄՆ դոլար պարգեւը շնորհվում է դափնեկրին, նրա առաջադրած անհատներին եւ կազմակերպություններին, ինչպես նաեւ «Ավրորայի» հերոսներին (մրցանակի մյուս հավակնորդներին): «Ավրորա» մրցանակի դափնեկիրն ստանում է 300.000 ԱՄՆ դոլար դրամական պարգեւ՝ երեք տարվա ընթացքում երեք փուլով (100.000-ական ԱՄՆ դոլար): Դափնեկիրն ստանում է եւս 600.000 ԱՄՆ դոլար, որը երեք տարում պետք է հատկացնի համայնքներում մարդասիրական աշխատանք իրականացնող անհատներին եւ կազմակերպություններին, այդ թվում՝ «Ավրորայի» մերօրյա հերոսներին (ամեն տարի 25.000-ական ԱՄՆ դոլար՝ մինչեւ ութ շահառուի): Մնացած 100.000 ԱՄՆ դոլարը հավասարապես բաշխվում է մրցանակի մյուս երկու հավակնորդների միջեւ: 2024 թ. «Ավրորայի» այդ հերոսներն էին իրանցի եւ բահրեյնցի իրավապաշտպաններ Նասրին Սոթուդեն եւ Աբդուլհադի ալ-Խավաջան:
Ստեղծվելով Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից եւ ի երախտագիտություն նրանց փրկողների՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ձգտում է լուծել մարդասիրական խնդիրներն աշխարհի տարբեր անկյուններում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: 2025 թվականին «Ավրորան» նշում է իր գործունեության տասնամյակը. այս ժամանակահատվածում այն արդեն օգնության ձեռք է մեկնել ավելի քան 3.4 միլիոն մարդու 60 երկրում եւ տարածքում՝ ֆինանսական միջոցներ տրամադրելով 463 նախագծի, որոնք ուղղված են արագ արձագանքմանը, սննդի, ջրի, կրթության, բժշկական օգնության ապահովմանը, սոցիալ-հոգեբանական աջակցությանը եւ բազմաթիվ այլ ծառայությունների տրամադրմանն անապահով համայնքներում:
Լուսանկարը՝ «Փանզի» հիմնադրամի