«Ավրորայի» հերոսներն ընտրել են շահույթ չհետապնդող կազմակերպություններ, որոնք տրամադրում են մարդասիրական օգնություն, նպաստում խաղաղությանը, պաշտպանում մարդու իրավունքները, հասանելի դարձնում բժշկական ծառայությունները եւ օգնում խոցելի համայնքներին
Այսօր՝ Մարդասիրության համաշխարհային օրը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացնում է 2022 թ. «Ավրորայի» հերոսների առաջադրած կազմակերպությունները: 2022 թ. երեք հերոսներից մեկը կդառնա «Ավրորա» մրցանակի դափնեկիր, որի անունը կհայտարարվի Իտալիայի Վենետիկ քաղաքում 2022 թ. հոկտեմբերի 15-ին: Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, դափնեկիրը կունենա բացառիկ հնարավորություն՝ շարունակելու նվիրատվության շղթան՝ 1.000.000 ԱՄՆ դոլար մրցանակի մի մասը հատկացնելով առաջադրած կազմակերպություններին:
««Ավրորայի» հիմքում «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարն է: Դա նշանակում է, որ մարդիկ, որոնց օգնության ձեռք են մեկնել դժվարին պահին, կարող են լավագույնս արտահայտել իրենց երախտագիտությունը՝ նմանատիպ օգնություն առաջարկելով մեկ ուրիշի: Արժանին մատուցելով մարդասիրական համաշխարհային համայնքին եւ գնահատելով նրա ազդեցությունը՝ այս առիթով մենք ուրախ ենք աշխարհին պատմելու 2022 թ. «Ավրորայի» հերոսների առաջադրած կազմակերպությունների մասին եւ բարձրացնելու «Ավրորա» շարժման վերաբերյալ իրազեկումը»,- ասաց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար Լորդ Արա Դարզին:
2022 թ. «Ավրորայի» հերոսները որոշել են աջակցել կազմակերպությունների, որոնք տրամադրում են մարդասիրական օգնություն, նպաստում խաղաղությանը, պաշտպանում մարդու իրավունքները, օգնում խոցելի եւ տեղահանված համայնքներին, ինչպես նաեւ հասանելի դարձնում բժշկական օգնությունը:
Ջամիլա Աֆղանին (Աֆղանստան), որը խաղաղության ակտիվիստ է եւ «Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման կազմակերպության (NECDO) հիմնադիրը, 25 տարի պայքարել է կրթությունն Աֆղանստանի կանանց հասանելի դարձնելու համար, առաջադրել է հետեւյալ կազմակերպությունները՝
- Կանանց միջազգային լիգա հանուն խաղաղության եւ ազատության (WILPF),
- «Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման կազմակերպություն (NECDO):
Հադի Ջումանը (Եմեն)՝ խաղաղության ակտիվիստ եւ միջնորդ-բանակցող, որը, պարբերաբար վտանգելով սեփական կյանքը, կազմակերպում է ռազմագերիների փոխանակում եւ առաջնագծից դուրս բերում զոհվածների մարմինները, առաջադրել է հետեւյալ կազմակերպությունները՝
- «Օգնություն Եմենին» կազմակերպություն (Yemen Aid),
- «Եմենի գործընկերներ» կազմակերպություն (Partners Yemen):
Մահինուր էլ-Մասրին (Եգիպտոս)՝ փաստաբան եւ քաղաքական ակտիվիստ, որը պայքարում է երկրում քաղաքական ազատությունների եւ մարդու իրավունքների համար՝ կազմակերպելով բողոքի խաղաղ ակցիաներ եւ դատարանում պաշտպանելով քաղբանտարկյալների իրավունքները, առաջադրել է հետեւյալ կազմակերպությունները՝
«Մարդասիրության համաշխարհային օրը հիանալի հնարավորություն է մեծարելու «Ավրորայի» հերոսների նման մարդկանց, որոնք վտանգում են սեփական անձը՝ փրկելու այլոց: Այս տարվա հերոսների առաջադրած կազմակերպությունները ու նրանց կատարած կենսական աշխատանքն արդեն փոխել են հազարավոր մարդկանց կյանքեր: Եվ մենք հույս ունենք, որ «Ավրորայի» աջակցությամբ նրանք կկարողանան էլ ավելին անել»,- նշեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Մերի Ռոբինսոնը:
2022 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունն ու դրան ուղեկցող հատուկ միջոցառումները տեղի կունենան Իտալիայի Վենետիկ քաղաքում 2022 թ. հոկտեմբերի 14–16-ը: «Ավրորան» կհամախմբի մարդասիրության ոլորտի աշխարհի առաջատարներին՝ արժանին մատուցելու մերօրյա հերոսներին, փառաբանելու մարդկայնության ոգին եւ զորացնելու մարդկանց օգնության ձեռք մեկնողների հաջորդ սերնդին:
Մեկնարկից ի վեր «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն օգնել է ավելի քան 2.600.000 մարդու ամբողջ աշխարհում: «Ավրորայի»՝ ավելի լավ ապագա կառուցելու գաղափարին միանալու եւ աշխարհը բարեփոխելու համար խնդրում ենք աջակցել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը՝ կատարելով նվիրատվություն:
Լուսանկարում՝ «ԻՆՈՒԿԱ» նախագծի գլխավոր համակարգող Էվելին Մեռլոն` ծրագրի շահառուներից մեկի հետ: Նախագիծն իրականացվել է «Ավրորայի» աջակցությամբ
© «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն