logo
ՓԱԿԵԼMenu
2021 Aurora Dialogues քննարկումներ

2021 Aurora Dialogues քննարկումներ

Aurora Dialogues քննարկումների շարքը հարթակ է տրամադրում աշխարհի հայտնի մարդասերներին եւ բարերարներին, առաջատար գիտնականներին, գործարարներին եւ քաղաքացիական հասարակությանը՝ միավորվելու եւ քննարկելու արդի մարդասիրական ամենահրատապ խնդիրները: «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի ոգուն հավատարիմ՝ Aurora Dialogues քննարկումները լույս են սփռում մարդկանց վրա, որոնք իրական եւ շարունակական պայքար են մղում ընդդեմ այսօրվա խնդիրների եւ նախանշում այնպիսի գաղափարներ, որոնք կարող են շոշափելի փոփոխություններ բերել: 

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով Aurora Dialogues քննարկումների որոշ միջոցառումներ անցկացվում են առցանց: 

«Համաշխարհային եւ տարածաշրջանային ճգնաժամերի կառավարում» թեմայով  միջոցառումը տեղի ունեցավ 2021 թ. փետրվարի 26-ին։ Տարվա առաջին ոչ առցանց քննարկման թեման էր հանրային առողջության կառավարման բարելավումը ռիսկային եւ ճգնաժամերից տուժած համայնքներում, որին մասնակցում էին «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր, Ֆրանսիայի նախկին արտգործնախարար եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, աշխարհահռչակ մարդասեր եւ բժիշկ Բեռնարդ Քուշները, «Միջազգային համերաշխություն» (Solidarités International) կազմակերպության հիմնադիր Ալան Բուանեն եւ Ֆրանսիացի հետազոտողների միության (Société des Explorateurs Français) նախկին նախագահ Պատրիս Ֆրանսեսկին:

2021 թ. մարտի 9-ին տեղի ունեցավ Aurora Dialogues քննարկում՝ «Աշխատանքը պատերազմի դաշտում» խորագրով, որն անցկացվեց Futures Studio քննարկումների հարթակում, եւ նվիրված էր Արցախյան պատերազմի ընթացքում առաջնագծում աշխատող բժիշկների՝ ֆիզիկական եւ հոգեբանական մարտահրավերներին։ Բանախոսները չորսն էին՝ աշխարհի տարբեր անկյուններից. կրծքային-որովայնային վիրաբույժ Շահեն Դանիելյանը (Մոսկվա), ընդհանուր վիրաբույժ Գեւորգ Գրիգորյանը (Երեւան), սրտանոթային վիրաբույժ Գրիգորի Խաչատուրովը (Ժնեւ) եւ վիրաբույժ-օրթոպեդ Արմեն Հակոբջանյանը (Լոս Անջելես): Նրանք այն տասնյակ հերոս բժիշկներից են, որոնք 2020 թ. աշնանը բռնկված պատերազմի օրերին կամավոր մեկնեցին Արցախ՝ աշխատելու առաջնագծում:

«Հանդիպում 2020 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրների հետ» միջոցառումը տեղի ունեցավ 2021 Aurora Dialogues առցանց քննարկումների շրջանակում 2021 թ. ապրիլի 19-ին: Այն անցկացվեց Futures Studio քննարկումների հարթակում, որը վարում էր Կոլումբիայի համալսարանի միջազգային հարաբերությունների եւ հանրային կառավարման դպրոցի մարդասիրական քաղաքականության հարցերով տնօրենի տեղակալ Սյուզաննա Ա. Ֆրիդմանը: Այս քննարկումը համախմբեց 2020 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներին, Սոմալիի «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնի ղեկավարներ Ֆարթուն Ադանին եւ Իլվադ Էլմանին, «Փրաջվալա» կազմակերպության հիմնադիր,  2018 թ. «Ավրորայի» հերոս Սունիտա Քրիշնանին, Love Does կազմակերպության գործադիր տնօրեն Դեյ Էրիկսոնին, «Փանզի» հիվանդանոցի եւ հիմնադրամի ռազմավարական գործընկերության եւ հաղորդակցության գծով տնօրեն Էմիլի Ուորնին: 

Aurora Dialogues «Գործընկերություն՝ հանուն Արցախի» խորագրով միջոցառումը տեղի ունեցավ Դիլիջանի միջազգային դպրոցում: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը համախմբել էր «Ավրորան՝ Արցախին» ծրագրի գործընկերներին, տեղի եւ սփյուռքի կազմակերպությունների, հիմնադրամների, Արցախի պետական մարմինների եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որոնց հնարավորություն ընձեռվեց անդրադառնալ 2020 թ. աշնանն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար խնդիրներին, հստակեցնել առաջնային կարիքները, փոխանակել արտակարգ իրավիճակում գործելու լավագույն փորձը եւ համադրել մարդասիրական ջանքերը՝ արդյունավետ փոխգործակցության նպատակով:

Հունիսի 5-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Aurora Dialogues առցանց քննարկումների շրջանակում տեղի ունեցավ «Վարդան Գրեգորյանը՝ «Ավրորայի» համահիմնադիրը» միջոցառումը: Այն նվիրված էր Վարդան Գրեգորյանի անցած փառահեղ ուղուն՝ որպես մարդասեր, ուսուցիչ եւ մենթոր: Մեծարման այս միջոցառումը վարում էր «Վաշինգթոն փոսթ» օրաթերթի փոխխմբագիր եւ սյունակավար Դեյվիդ Իգնաթիուսը, բանախոսներն էին «Ավրորայի» համահիմնադիրները, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամները եւ «Ավրորա» մրցանակի դափնեկիրները։