«Հանդիպում 2020 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրների հետ» միջոցառումը տեղի ունեցավ 2021 Aurora Dialogues առցանց քննարկումների շրջանակում 2021 թ. ապրիլի 19-ին: Քննարկմանը մասնակցում էին 2020 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրները եւ նրանց առաջադրած կազմակերպությունները: Այն անցկացվեց Futures Studio քննարկումների հարթակում, որը վարում էր Կոլումբիայի համալսարանի միջազգային հարաբերությունների եւ հանրային կառավարման դպրոցի մարդասիրական քաղաքականության հարցերով տնօրենի տեղակալ Սյուզաննա Ա. Ֆրիդմանը: Այս քննարկումը համախմբեց 2020 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներին, Սոմալիի «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնի ղեկավարներ Ֆարթուն Ադանին եւ Իլվադ Էլմանին, «Փրաջվալա» կազմակերպության հիմնադիր, 2018 թ. «Ավրորայի» հերոս Սունիտա Քրիշնանին, Love Does կազմակերպության գործադիր տնօրեն Դեյ Էրիկսոնին, «Փանզի» հիվանդանոցի եւ հիմնադրամի ռազմավարական գործընկերության եւ հաղորդակցության գծով տնօրեն Էմիլի Ուորնին:
Ֆարթուն Ադանին եւ Իլվադ Էլմանին «Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա հինգերորդ մրցանակը շնորhվեց 2020 թվականին: Որպես «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ՝ նրանք ստացան 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ եւ նվիրատվության շղթան շարունակելու բացառիկ հնարավորություն՝ աջակցելով շահույթ չհետապնդող կազմակերպություններին, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվող մարդկանց: Ֆարթուն Ադանը եւ Իլվադ Էլմանն ընտրել են երեք կազմակերպություն. Love Does, «Փանզի» հիմնադրամ եւ «Փրաջվալա», որոնք պայքարում են ազատության եւ մարդու իրավունքների համար, առողջապահական ծառայություններ մատուցում մարգինալ համայնքներին, փրկում սեռական թրաֆիքինգի զոհերին: Հենց այս կազմակերպություններն էլ կդառնան մեկ միլիոն դոլար մրցանակի շահառուները:
«Մենք շնորհակալ ենք «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հետ համատեղ Aurora Dialogues քննարկումների շրջանակում այսօրվա միջոցառումն անցկացնելու հնարավորության համար: Մենք նաեւ մեր ցավակցությունն ենք հայտնում «Ավրորայի» համահիմնադիր Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ: «Ավրորան» հիացմունքի արժանի կազմակերպություն է, եւ ես կարծում եմ, որ այն չափազանց կարեւոր եւ ոգեւորիչ աշխատանք է իրականացնում ամբողջ աշխարհում՝ հենց տեղում հաղթահարելու մարդասիրական խնդիրները: Հակամարտությունները տարբեր դրսեւորումներ են ունենում եւ առաջ բերում մարդկային մեծ տառապանքներ եւ մարդասիրական խնդիրներ, ամեն օր դրանք ավելի բարդ ու բազմաբնույթ են դառնում»,- բացման խոսքում ասաց Կոլումբիայի համալսարանի միջազգային եւ հասարակայնության հետ կապերի դպրոցի դեկան, միջազգային տնտեսական իրավունքի եւ միջազգային հարաբերությունների դասախոս Մերիթ Ե. Յանովը:
Հակամարտությունն, անկասկած, շատ մասնակիցների համար էր մտահոգության առարկա: «Վերջերս Կոնգոյի դպրոցներից մեկում բռնության պոռթկման ականատես եղանք: Վատագույն դեպքում հակամարտության հետեւանքով մարդիկ մահանում են, բայց մյուս կողմից՝ նույնիսկ ամենաթեթեւ հակամարտության հետեւանքով խաթարվում է կրթությունը, եւ միշտ հարց է առաջանում՝ արդյոք երեխաները կվերադառնան դպրոց, արդյոք նրանց ընտանիքները կտեղահանվեն: Կրթության տեսանկյունից մենք կարող ենք տեսնել շատ իրական ազդեցություն՝ թեկուզ ուսումնական ժամերի բաց թողմամբ: Դա, ըստ իս, այն մարտահրավերներից մեկն է, որին հանդիպում ենք աշխարհով մեկ մեր նախագծերն իրականացնելիս»,- նշեց Love Does կազմակերպության գործադիր տնօրեն Դեյ Էրիկսոնը:
Մինչեւ Սոմալիում տիրող իրավիճակին անդրադառնալը՝ 2020 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Իլվադ Էլմանը շնորհակալություն հայտնեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանն աջակցության համար. «Մեզ համար մեծ պատիվ է լինել 2020 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր: Բայց մինչեւ այդ 2017 թվականին մենք արդեն մրցանակի հավակնորդների հնգյակում էինք, ու մենք միշտ կապի մեջ ենք եղել «Ավրորա» համայնքի հետ, որի ներկայացուցիչները մեր աշխատանքի հավատարիմ աջակիցներն են»:
Խոսելով իրենց աշխատանքի մասին՝ նա ասաց. «Ամենամեծ մարտահրավերները կարելի է բաժանել երկու խմբի՝ տեսանելի եւ ոչ տեսանելի: Հենց հիմա Սոմալիում մենք գործ ունենք քաղաքական փակուղու հետ, որն սկիզբ առավ փետրվարի 8-ին, երբ ընթացիկ իշխանությունը պաշտոնապես դարձավ «ապօրինի»: Դրանից հետո սկսվեց հակամարտություն, ցույցեր, եղավ զինված բռնություն, դպրոցները փակվեցին: Եվ այս ամենն այս կամ այն չափով իր ազդեցությունն ունեցավ կանանց եւ աղջիկների վրա»: Դստեր խոսքը շարունակեց 2020 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Ֆարթուն Ադանը. «Սոմալիում մեր առջեւ ծագած մարտահրավերները նույն մակարդակի են, ինչ նախկինում ենք ունեցել: <…> Մենք գործ ունենք «Ալ Շաբաաբի» զինյալների հետ եւ ունենք հակամարտություններ տարբեր հատվածներում, մենք գործ ունենք նաեւ կորոնավիրուսի հետ: Մոգադիշոյում խնդիրները բազմաթիվ են»:
Բանախոսներն անդրադարձան իրենց ոլորտներում եղած ամենահրատապ խնդիրներին: Նրանք բոլորը նաեւ համաձայնվեցին, որ կորոնավիրուսի համավարակն ավելի սրեց տեղում եղած ճգնաժամերը: 2018 թ. «Ավրորայի» հերոս, «Փրաջվալա» կազմակերպության հիմնադիր Սունիտա Քրիշնանն ընդունեց, որ համավարակն այսօր իրենց աշխատանքում հանդիպող ամենամեծ մարտահրավերն է․ «Մենք ունենք մարդկային թրաֆիքինգի աճ՝ հատկապես կանանց եւ երիտասարդ աղջիկների շրջանում, ու դա շատ, անասելի սարսափեցնող է: <…> Ամեն օր մենք փրկում ենք կանանց, որոնք համավարակի պատճառով ստիպված են մարմնավաճառությամբ զբաղվել: Իրավիճակը մտահոգիչ է նաեւ այն պատճառով, որ համակարգերը խափանվում են, եւ անվտանգության ավելի քիչ ցանցեր ու պաշտպանական մեխանիզմներ են գործում կանանց եւ աղջիկների համար»:
«Փանզի» հիվանդանոցի եւ հիմնադրամի ռազմավարական գործընկերության եւ հաղորդակցության գծով տնօրեն Էմիլի Ուորնը շեշտեց այն հանգամանքը, որ համավարակի հետեւանքների ամբողջական պատկերը դեռ հայտնի չէ. «Մինչեւ կորոնավիրուսի համավարակը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, որտեղ իր գործունեությունն է ծավալում «Փանզի» հիվանդանոցը, արդեն տասնամյակներ շարունակ գործ ունենք բռնաբարության «համաճարակի» հետ՝ որպես պատերազմի գործիք: Եվ ես կարծում եմ, որ այժմ, քանի որ բոլորը խոսում են կանանց եւ աղջիկների վրա ունեցած անհամաչափ ազդեցության մասին, մենք նույնիսկ չգիտենք, թե որն է լինելու համավարակի ամբողջական ազդեցությունը մեր տարածաշրջանի, մեր աշխատանքի վրա: Եվ, հավանաբար, մի որոշ ժամանակ չենք էլ իմանա: Մեզ շատ ոգեւորեցին այն ֆոնդերը, որոնք, ինչպես երեւում է կուղղվեն հետազոտություններին եւ կփորձեն հաղթահարել այս խնդիրներից որոշները: Բայց ես կարծում եմ, որ մի որոշ ժամանակ կանցնի, մինչեւ մենք կգիտակցենք կատարվածի իրական ծավալները»:
Ամփոփելով քննարկումը՝ Կոլումբիայի համալսարանի միջազգային հարաբերությունների եւ հանրային կառավարման դպրոցի մարդասիրական քաղաքականության հարցերով տնօրենի տեղակալ, քննարկման մոդերատոր Սյուզաննա Ա. Ֆրիդմանը կարեւորեց այն հանգամանքը, որ բոլոր մասնակիցները կանայք էին՝ իր երախտագիտությունը հայտնելով բանախոսներին եւ լսարանին. «Կարծում եմ՝ այսօր մենք շատ բան իմացանք այն կարեւոր աշխատանքի մասին, որն իրականացվում է համայնքային մակարդակում, եւ լսեցինք շատ ակտիվ, ուժեղ եւ հպարտ կանանց, որոնք առաջ են տանում այդ աշխատանքը: Շատ շնորհակալություն ձեր մտքերի եւ աշխատանքի համար, որ կատարում եք: Շնորհակալություն մեր բոլոր բանախոսներին, որ այսօր ներկայացրին իրենց պատմությունը, ինչպես նաեւ՝ մեզ հետեւողներին»:
Տեսանյութն ամբողջությամբ կարող եք դիտել ստորեւ: