logo
ՓԱԿԵԼMenu
Համաշխարհային եվ տարածաշրջանային ճգնաժամերի կառավարում

Համաշխարհային եվ տարածաշրջանային ճգնաժամերի կառավարում

2021 թ. փետրվարի 26-ին Aurora Dialogues քննարկման թեման էր հանրային առողջության կառավարման բարելավումը ռիսկային համայնքներում: 
 

Այս տարվա առաջին ոչ առցանց Aurora Dialogues քննարկումը տեղի ունեցավ 2021 թ. փետրվարի 26-ին՝ «Համաշխարհային եւ տարածաշրջանային ճգնաժամերի կառավարում» թեմայով։ Քննարկումն անցկացվում էր Երեւանի պետական բժշկական համալսարանում, որին մասնակցում էին «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր, Ֆրանսիայի նախկին արտգործնախարար եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, աշխարհահռչակ մարդասեր եւ բժիշկ Բեռնարդ Քուշները, «Միջազգային համերաշխություն» (Solidarités International) կազմակերպության հիմնադիր Ալան Բուանեն եւ Ֆրանսիացի հետազոտողների միության (Société des Explorateurs Français) նախկին նախագահ Պատրիս Ֆրանսեսկին:

Ողջունելով բանախոսներին՝ Բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանն ընդգծեց թեմայի կարեւորությունը՝ հատկապես հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակը եւ Արցախում 2020 թ. աշնանը ծավալված կործանարար պատերազմը:  Ոգեկոչելով նրանց, որ ընկան այդ պատերազմում՝ պրոֆեսոր Մուրադյանը իր երախտիքը հայտնեց նաեւ բժիշկներին, որոնք, վտանգելով սեփական կյանքը, բժշկում ու փրկում էին զինվորներին: Իսկ նրանցից ոմանք զոհվեցին իրենց մասնագիտական պարտքը կատարելիս: Մինչեւ խոսքը քննարկման մասնակիցներին փոխանցելը՝ Արմեն Մուրադյանն անդրադարձավ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հետ երկարամյա համագործակցությանը եւ հայտարարեց, որ Բեռնարդ Քուշներին շնորհվել է Երեւանի պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում՝ աշխարհում ծավալած իր բացառիկ մարդասիրական գործունեության համար:

««Ավրորայի» հետ համատեղ կազմակերպված այս քննարկումը շատ օգտակար է մեր ապագա բժիշկների աշխարհայացքն ընդլայնելու տեսանկյունից: «Ավրորայի» շնորհիվ մենք արդեն հնարավորություն ենք ունեցել մեր հարկի տակ հյուրընկալելու հայտնի շատ մասնագետների, ինչպիսին են Լորդ Արա Դարզին եւ բժիշկ Թոմ Քաթինան, որոնք երկուսն էլ համալսարանի պատվավոր դոկտորներ են: Եվ հիմա, շարունակելով այս ավանդույթը, Բժշկական համալսարանը, պարոն Քուշներ, Ձեզ շնորհում է պատվավոր դոկտորի կոչում՝ Ձեր բացառիկ բժշկական, հասարակական եւ միջազգային գործունեության համար»,- ասաց Արմեն Մուրադյանը:

Արտահայտելով իր երախտագիտությունն այս պատվին արժանանալու համար՝ բժիշկ Բեռնարդ Քուշները խոսեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հրավերով Հայաստան եւ Արցախ կատարած այցի մասին: Նա եւ իր գործընկերները շնորհակալ էին հնարավորության համար, որ կարողացան իրենց աջակցությունը հայտնել պատերազմից տուժած մարդկանց. «Մենք եկանք այստեղ՝ մեր աջակցությունը հայտնելու հայ ժողովրդին, արցախցիներին: «Ավրորան» եւ մենք ուզում ենք աշխատել հանուն խաղաղության եւ ընդդեմ պատերազմի: Չափազանց ուշ է պատերազմը կանխելու համար, բայց շատ ուշ չէ խաղաղության համար անհրաժեշտ ջանքեր գործադրելու տեսանկյունից»:

Դիմելով ապագա բժիշկներին՝ Բեռնարդ Քուշներն ասաց, որ բժշկությունը հեռու չէ քաղաքականությունից, քանզի հաճախ ստիպված ես գործ ունենալ պատերազմի ու հակամարտությունների հետեւանքների հետ: Այդուհանդերձ, դրանք նույնը չեն: Հայաստան եւ Արցախ այցի ընթացքում պարոն Քուշներին ուղեկցող մյուս բանախոսը՝ Ալան Բուանեն խոսեց հակամարտության գոտիներում մարդասիրական աշխատանքի նրբությունների մասին: «Մարդասիրական աշխատանքի մեջ մենք ունենք չորս սկզբունք: Առաջինը մարդկայնությունն է, երկրորդը՝ չեզոքությունը, երրորդն՝ անկողմնակալությունը եւ վերջինն՝ անկախությունը: Մենք քաղաքական կազմակերպություն չենք, բայց շատ մոտ ենք քաղաքականությանը»,- ասաց Ալան Բուանեն:

Արցախ կատարած այցի ընթացքում պարոն Քուշներն ու նրա պատվիրակությունը հնարավորություն ունեցան հանգամանալից ծանոթանալու «Ավրորայի» աջակցությամբ այնտեղ իրականացվող մարդասիրական նախագծերին, ի թիվս այլ վայրերի՝ այցելեցին բժշկական եւ վերականգնողական կենտրոններ: Պատերազմի հետեւանքները տեսնելուց եւ վիրավոր զինվորներին հանդիպելուց հետո Պատրիս Ֆրանսեսկին Երեւանի բժշկական համալսարանում իր ուղերձը հղեց ապագա բժիշկներին. «Ձեր առաքելությունը, ձեր աշխատանքը նույնը չեն, ինչ մեկ տարի առաջ: Երկիրը ձեր կարիքն ունի ավելի շատ, քան նախկինում: Պարոն Քուշներն ասաց, որ քաղաքականությունը եւ բժշկությունը շատ մոտ են: Ձեր քաղաքական կարեւոր քայլը կլինի ձեր երկրում մնալը եւ չհեռանալը: Այն շատ ունի ձեր կարիքը»:

Ամփոփելով քննարկումը՝ Բեռնարդ Քուշները շեշտեց երկխոսության կարեւորությունը, հատկապես երբ իրավիճակն օրհասական է՝ լինի մարդասիրական, թե այլ խնդիր: Նա հավելեց, որ լուծումներ գտնվում են նույնիսկ այն դեպքերում, երբ դրանք անհնար էին թվում՝ մատնանշելով, որ այդ տեսանկյունից Aurora Dialogues քննարկումների հարթակը կարող է շատ օգտակար լինել: