logo
ՓԱԿԵԼMenu
Աշխատանքը պատերազմի դաշտում

Աշխատանքը պատերազմի դաշտում

2020 թ. Արցախի պատերազմի ժամանակ առաջնագիծ մեկնած կամավոր բժիշկները մասնակցել են քննարկման, որը նվիրված էր պատերազմի օրերին իրենց հանդիպած ֆիզիկական եւ հոգեբանական մարտահրավերներին:

2021 թ. մարտի 9-ին տեղի ունեցավ Aurora Dialogues քննարկում՝ «Աշխատանքը պատերազմի դաշտում» խորագրով, որն անցկացվեց Futures Studio քննարկումների հարթակում, եւ նվիրված էր Արցախի վերջին պատերազմի ընթացքում առաջնագծում աշխատող բժիշկների՝ ֆիզիկական եւ հոգեբանական մարտահրավերներին։

Բանախոսները չորսն էին՝ աշխարհի տարբեր անկյուններից. կրծքային-որովայնային վիրաբույժ Շահեն Դանիելյանը (Մոսկվա), ընդհանուր վիրաբույժ Գեւորգ Գրիգորյանը (Երեւան), սրտանոթային վիրաբույժ Գրիգորի Խաչատուրովը (Ժնեւ) եւ վիրաբույժ-օրթոպեդ Արմեն Հակոբջանյանը (Լոս Անջելես): Նրանք այն տասնյակ հերոս բժիշկներից են, որոնք 2020 թ. աշնանը բռնկված պատերազմի օրերին կամավոր մեկնեցին Արցախ՝ աշխատելու առաջնագծում:

Քննարկումը վարում էր բժիշկ Արմեն Մինասյանը, որը, ողջունելով եւ իր խոնարհումը հայտնելով «սպիտակ բանակի» կամավորներին, խնդրեց նրանց պատմել առաջագիծ մեկնելու եւ այնտեղ ընդունած ամենածանր որոշումների մասին:

Պատերազմի օրերին Շահեն Դանիելյանը երկու անգամ էր մեկնել Արցախ: Երկրորդը հոկտեմբերի վերջին էր, երբ իրավիճակն ավելի ծանր էր, ու ռումբերն ավելի մոտ էին պայթում Հայաստանից Արցախ տանող ճանապարհին:

«Ես գիտակցում էի, որ ընտանիքս կարող էր կորցնել ինձ, բայց ավելի ցավալի կլիներ, եթե շարունակեի հանգիստ ապրել ու աշխատել Մոսկվայում՝ իմանալով, որ պատերազմի ժամանակ ես կարող էի օգնել վիրավորներին, բայց այնտեղ չէի: Չէր կարող լինել ուրիշ որոշում, քան Արցախ մեկնելը: Իսկ այնտեղ ես ավելի շատ դրական փորձ ձեռք բերեցի, բազմաթիվ լավ մարդկանց, զինվորների հանդիպեցի, տեսա, թե ինչպես տեղի ժողովուրդը, բժիշկները չեն կոտրվել ու չեն կորցրել իրենց ոգին»,- Շահեն Դանիելյանը վերհիշեց պատերազմի օրերն ու բժիշներին, որոնք հերոսաբար պայքարեցին յուրաքանչյուր զինվորի կյանքի համար:

Ընդհանուր վիրաբույժ Գեւորգ Գրիգորյանը երկրորդ անգամ էր պատերազմ մեկնում: Որպես կամավոր նա մասնակցել էր նաեւ Արցախյան առաջին պատերազմին 1990-ականներին, երբ գերեվարվել էր ու եւս երկու հայ բժիշկների հետ 17 օր մնացել գերության մեջ: Հումորի զգացումն էր, որ փրկել էր նրան հոգեբանական տրավմաներից, հումորը փրկում էր նաեւ այս պատերազմի ժամանակ: Համեմատելով երկու պատերազմները՝ Գեւորգ Գրիգորյանը նկատեց, որ այս անգամ մասնագիտացված բժիշկներն ու անհրաժեշտ սարքավորումները շատ էին, բայց սարսափելի էին վիրավորումների տեսակները: Նա հիմնականում աշխատում էր դաշտային հիվանդանոցներում, որտեղ իրավիճակն ավելի ծանր էր ու վտանգավոր: Վիրաբույժ Գեւորգը նույնիսկ վիրավորում էր ստացել ու հրաշքով փրկվել:

«Ինձ համար ամենածանր պահն այն էր, երբ վիրահատության ընթացքում հասկացա, որ հիվանդը մահացած է արդեն: Իներցիայով աշխատում ես ու մի պահ հասկանում ես, որ արյան շրջանառություն չկա, հիվանդի սիրտը կանգնած է: Դա ամենածանր պահն է, երբ թեւաթափ եղած հեռանում ես վիրահատական սեղանից»,- պատերազմական ամենածանր օրերի մասին պատմեց Գեւորգ Գրիգորյանը:

Պայթյունների ձայների տակ պատերազմի վերջին մեկ շաբաթը Գրիգորի Խաչատուրովն աշխատեց Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում: Առաջին անգամ արտակարգ իրավիճակում աշխատել էր 1988-ի երկրաշարժի ժամանակ, երբ դեռ շատ երիտասարդ էր: Այդ ժամանակ էլ հասկացել էր՝ եթե պատրաստ չես, ավելի լավ է չմեկնել: Արցախյան այս պատերազմի ժամանակ որպես մասնագետ նա լիովին պատրաստ էր: 

«Պետք էր ցուցաբերել, որքան հնարավոր է, մասնագիտացված բուժօգնություն, որքան հնարավոր է արագ եւ մոտ առաջին գծին: Արցախի հանրապետական հիվանդանոցը համապատասխանում էր այս կետերին: Իրենք ունեին ընդունարան, բոլոր անհրաժեշտ բաժինները: Վիրահատարանը նկուղային հարկ էր տեղափոխվել, քանի որ հիվանդանոցը ռմբակոծվում էր: Պետք է խոնարհվել այն բժիշկների առջեւ, որոնք քառասուն օրից ավելի ապրում էին այնտեղ, քնում հատակին, երբ տեղ չկար: Նրանք աշխատում էին առանց դադարի՝ չկորցնելով իրենց մարդկային դեմքը»,- նշեց սրտանոթային վիրաբույժ Գրիգորի Խաչատուրովը:

Պատերազմի օրերին իր բոլոր գործերը թողեց եւ Լոս Անջելեսից Արցախ եկավ վիրաբույժ-օրթոպեդ Արմեն Հակոբջանյանը՝ իր հետ բերելով ինը մեծ ճամպրուկ գործիքներ եւ դեղորայք: Բժիշկ Հակոբջանյանը խոսեց այն դրական փորձառության մասին, թե ինչպես էին իրար անծանոթ մարդիկ երկու-երեք օրում բարեկամանում: Նա խոսեց նաեւ ամենածանր օրերից մեկի մասին. «Դա այն օրն էր, երբ ռմբակոծեցին Շուշիի մշակույթի տունը ու միանգամից այդքան մարդ բերեցին ամենաբարդ վիրավորումներով: Նրանցից շատերը մնացել էին փլատակներում, ինչն ավելի էր բարդացրել վիճակը: Վիրավորումները նման էին նաեւ երկրաշարժի ժամանակ ստացած վերքերին: Պետք էր պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել եւ շատ արագ վիրահատել նրանց»:

Արմեն Հակոբջանյանը խոսեց նաեւ քաղած դասերի մասին, որ բժիշկներն ու անձնակազմը, ինչպես հարկն է, պատրաստ չէին պատերազմին, ու որ պետք է փոխել այս մոտեցումը. «Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ ամեն վայրկյան կարող է կրկնվել պատերազմը: Պետք է ավելի լավ պատրաստվել, որպեսզի յուրաքանչյուրն իմանա իր անելիքը, եւ մեկը մյուսին չկրկնի»:

Ամփոփելով քննարկումը՝ Արմեն Մինասյանը դիմեց իրենց հետեւող արդեն ապագա բժիշկներին. «Բժիշկ լինելը ծառայություն է ողջ կյանքի համար: Ուրիշների համար ապրելն արժանապատիվ կյանք է: Չկա ավելի արժեքավոր նպատակ, քան ուրիշներին ծառայելը»:

Քննարկումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորեւ: