logo
ՓԱԿԵԼMenu
Կյանքը խաթարված աշխարհում. մարդասիրական մարտահրավերներ

Կյանքը խաթարված աշխարհում. մարդասիրական մարտահրավերներ

Հոկտեմբերի 16-ին Վենետիկի Կա Ֆոսկարիի համալսարանում տեղի ունեցավ «Կյանքը խաթարված աշխարհում. մարդասիրական մարտահրավերներ» խորագրով Aurora Dialogues քննարկում: Այն անցկացվեց 2022 թ. «Ավրորայի» միջոցառումների շրջանակում: Այս քննարկմանը նախորդեց «Հանդիպում «Ավրորայի» համահիմնադիր Նուբար Աֆեյանի հետ» խորագրով միջոցառումը, որն անդրադարձավ նրան, թե ինչպես է «Ավրորան» նպաստում աշխարհում առկա ամենասուր ճգնաժամերի հաղթահարմանը։

«Կյանքը խաթարված աշխարհում. մարդասիրական մարտահրավերներ» խորագրով քննարկումը համախմբել էր համաշխարհային ճանաչում ունեցող խաղաղության ակտիվիստների, իրավապաշտպանների եւ մարդասերների, այդ թվում՝ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամներին եւ «Ավրորա» համայնքի ներկայացուցիչներին, ինչպես նաեւ նախաձեռնության աջակիցներին՝ միասին քննարկելու, թե ներկայիս ճգնաժամերն ինչ ազդեցություն են գործում խոցելի խմբերի, հատկապես՝ կանանց, երեխաների եւ տեղահանված անձանց վրա, եւ թե ինչ կարելի է անել ազգային եւ միջազգային մակարդակներում՝ դրական եւ շոշափելի փոփոխություն բերող գաղափարներ զարգացնելու համար:

Քննարկումը վարում էր «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար Լորդ Արա Դարզին: Բացման խոսքում նա շնորհավորեց 2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Ջամիլա Աֆղանիին եւ խոսեց ամենախոցելի խմբերի վրա համավարակի ունեցած բացասական ազդեցության մասին: «Այսօր, երբ մենք փորձում ենք հաղթահարել կորոնավիրուսը՝  թերեւս ամենավատ համավարակներից մեկը, որին բախվել է այս սերունդը, եւ վերականգնվել դրա լայնածավալ հետեւանքներից, հասկանում ենք, որ ապրում ենք ավելի ու ավելի անկայուն ու մարտահրավերներով լի աշխարհում։ Համավարակի եւ կլիմայի փոփոխության հետ մեկտեղ նկատվում է հակամարտությունների զգալի աճ: Դրանց ազդեցությունը գնաճի, էներգետիկ եւ պարենային անվտանգության վրա կարող է շատ անորոշ եւ դժվարին իրավիճակ ստեղծել մեզ համար ապագայում: Այս ամենը հատկապես ազդում է առավել խոցելի խմբերի վրա, այդ թվում՝ երեխաների, կանանց, տեղահանվածների եւ մարգինալ համայնքների»,- ասաց Լորդ Դարզին: 

Լրագրող, նովելիստ եւ «Վաշինգթոն փոսթ» օրաթերթի սյունակավար Դեյվիդ Իգնաթիուսն անդրադարձավ այն խնդրին, թե ինչ դերակատարում կարող է ունենալ լրագրությունը խաթարված աշխարհում ճգնաժամերը հաղթահարելու գործում: «Իմ գործը կապված է հենց այս պահին տեղի ունեցող ճգնաժամերի հետ: Հաճախ եմ ասում, որ թերթում երբեք չեք կարդա մի վերնագիր, որն ասում է. «Ինքնաթիռն ապահով վայրէջք է կատարել»: Դուք կկարդաք այնպիսի վերնագիր, որն ասում է. «Ինքնաթիռը վթարի է ենթարկվել»: Ես դա նշեցի, քանի որ այդ դժվարին խնդիրների պարագայում, որոնք փոքր-ինչ հեռուն են մեզնից, խոսքը ոչ թե ավիավթարի մասին է, այլ օդանավերի, որոնք շուտով կործանվելու են, եւ իմ մասնագիտության մեջ մենք խնդիր ունենք պատշաճ կերպով կենտրոնանալու ապագայի վրա»,- ասաց Դեյվիդ Իգնաթիուսը:  

Rai TG1 լրատվականի միջազգային բաժնի ղեկավար Մարինա Սափիան մանրամասներ ներկայացրեց լրատվամիջոցների կողմից մեզ պարտադրված որոշակի ապազգայունացման վերաբերյալ. «Լրատվամիջոցները մեզ բերել են մի վիճակի, երբ մենք հաշտ ենք հակամարտության ու ահաբեկչության հետ: Մեր հավաքական պատկերացումներում մենք սովորել ենք ապրել արյան եւ բռնության ամենօրյա որոշակի չափաբաժնով: Սա հակամարտության հետ հարաբերվելու լավ տարբերակ չէ, բայց մենք պետք է գիտակցենք դա: Հիմնական լրահոսի միջոցով մենք սովորել ենք ճանաչել աշխարհում շատ տարածքներ, որոնք էնդեմիկ են եղել հակամարտությունների մեջ»: 

Վայրագությունների զոհերին աջակցելու մասին խոսելիս 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, Կոնգոյացի կանանց հիմնադրամի համահիմնադիր, «Կանանց համերաշխություն հանուն ներառական խաղաղության եւ զարգացման» կազմակերպության համահիմնադիր եւ նախագահ Ջուլիեն Լուսենգեն ընդգծեց ոճրագործներին պատժելու գործում համայնքների միասնականության կարեւորությունը: «Մենք վերցրինք թուղթ ու սկսեցինք գրի առնել կանանց եւ աղջիկների անունները [որոնք դարձել են բռնաբարության զոհ], ամսաթիվը, ու թե ով եւ որտեղ է դա արել: Եվ երբ տեղեկացանք Արդարադատության միջազգային դատարանի մասին, մենք բոլոր փաստաթղթերն ուղարկեցինք նրանց՝ արդարություն խնդրելու Իտուրի նահանգի կանանց համար։ Նրանք կապ հաստատեցին մեզ հետ, եւ մենք բերեցինք կանանց, որպեսզի վկայություն տան»,- բացատրեց Ջուլիեն Լուսենգեն:  

Այս խոսքերին արձագանքեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ Noôdome հարթակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը: Նա հիշեցրեց մասնակիցներին, որ առաքինի առաջնորդություն կարելի է գտնել ոչ միայն անհատների շրջանում, այլեւ հասարակություններւմ: «Առաքինի առաջնորդության եւ համայնքների կարեւոր տարրերից մեկը, որի մասին մենք խոսում ենք, ոչ միայն օրենքի գերակայությունն է, այլեւ համայնքային կանոնները, որոնք ասում են. «Ձեզ դիպչել չի կարելի: Մենք չենք սեղմի ձեր ձեռքը»։ <…> Հիմա մենք վերադառնում ենք դրան: Ես կարծում եմ, որ հասարակություններում կլինեն պաշտոնական եւ ոչ պաշտոնական կանոններ, որոնց հղում անելով՝ մարդիկ կասեն՝ գիտեք ինչ, մեր հասարակությունում անհնար է դա անել»,- բացատրեց Ռուբեն Վարդանյանը: 

Վերադառնալով կլիմայական ճգնաժամին՝ ՄԱԿ-ի փախստականների գործակալության ներկայացուցիչ Ռիկարդո Քլերիչին հիշեցրեց, որ այն լրացուցիչ խնդիրներ է ստեղծում նրանց համար, ովքեր ապաստան են փնտրում հակամարտություններից: «Կլիմայի փոփոխությունը փախստականների համար  տեղահանման շարժիչ ուժ է: Նույնիսկ երբ փախստականը փախչում է, տեղահանվում եւ հասնում է այնտեղ, որը մենք անվանում ենք առաջին ապաստանի երկիր, այդ առաջին ապաստանի երկրները եւս էկոլոգիապես խոցելի են: Մտածեք Պակիստանի մասին, որն ունի Աֆղանստանից ընդունած ամենամեծ թվով մարդկանց, մտածեք վերջերս տեղի ունեցած ջրհեղեղի մասին: Այսպիսով, այսօր կարեւոր է, որ մենք բոլորս՝ թե մեր կազմակերպությունը, թե դուք, գիտակցենք, որ մարդասիրական արտակարգ իրավիճակների համատեքստում առկա խնդիրներից շատերը վերաբերում են հարմարվողականության միջոցառումների ապահովմանը»,- նկատեց Ռիկարդո Քլերիչին:

ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի եւ մալարիայի դեմ պայքարի համաշխարհային հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթեր Սենդսը համաձայնեց՝ նման բարդ խնդիրների առնչվելիս կարեւոր է հաշվի առնել, որ դրանք ունեն իրար ձուլվելու անխուսափելի հակում, ինչն էլ խորացնում է համակցված ազդեցությունը: «Որպես բանական էակ՝ մենք փորձում ենք ամեն ինչ տեղավորել տուփերի մեջ: Մենք սիրում ենք առանձին խոսել համավարակի մասին, սիրում ենք խոսել կլիմայի փոփոխության մասին, սիրում ենք խոսել հակամարտությունների մասին, բայց իրականում այս միաժամանակյա ճգնաժամերը համընկնում են եւ միանում իրար, եւ դրանք կուտակվում են աշխարհի ամենաաղքատ ու ամենախոցելի համայնքների վրա: Անկախ ծագումից՝ դրանք ի վերջո, որպես կանոն, սպանում են մարդկանց վարակիչ հիվանդության մեխանիզմով»,- ընդգծեց Փիթեր Սենդսը: 

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Kashim Ibrahim Fellowship կրթաթոշակային ծրագրի խորհրդի նախագահ եւ Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Դելե Օլոջեդեն, համամիտ լինելով այս տեսակետին, ավելացրեց. «Աշխարհի հեռավոր անկյունում դուք սկսում եք տեսնել հակամարտությունների հետադարձման էֆեկտը, երբ դրանք սկսվում են մի վայրում եւ տարածվում  դեպի մյուսը: Ցավոք սրտի, չնայած աշխարհում հակամարտությունների, նաեւ պատմական կարեւոր ճգնաժամերի հետ կապված զգալի փորձին, մենք դեռ չենք զարգացրել դրանց մեծ մասը նկատելու տաղանդը՝  նախքան դրանց մետաստազների հայտնվելը»:

Մասնակիցներից շատերը ներկայացնում էին միջազգային կազմակերպություններ, որոնք կոչված են՝ բարելավելու իրավիճակը: Նրանց թվում էր նաեւ Մադրիդյան ակումբի գլխավոր քարտուղար Մարիա էլենա Ագուերոն, որը խոսեց իրենց կազմակերպության առաքելության մասին. «Տարբեր մակարդակներում՝ լինի դա գլոբալ մակարդակում, երբ մենք աշխատում ենք միջազգային կազմակերպությունների, ՄԱԿ-ի կամ տարածաշրջանային կազմակերպությունների հետ, ինչպիսին Եվրոպական միությունն է, լինի կառավարությունների մակարդակով, քաղաքացիական հասարակության, թե մասնավոր հատվածի մակարդակով, Մադրիդյան ակումբի անդամները հենվում են իրենց փորձի վրա եւ օգտագործում իրենց հնարավորությունները, որպեսզի կառուցեն կամուրջներ եւ այդ խնդիրները հասցնեն նրանց, ովքեր որոշում կայացնողներն են»:

Նոբելյան դափնեկիր, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ եւ Մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի հիմնադիր Շիրին Էբադին անդրադարձավ այն հարցին, թե ինչու են որոշ երկրներ ավելի շատ տուժում աղետներից, քան մյուսները: «Օրինակ՝ վերցնենք երկրաշարժը: Այն բնական աղետ է, բայց հետո, երբ դիտարկում եք տարբեր երկրներն ու երկրաշարժերի ազդեցությունը մի երկրում, որը առաջադեմ է եւ ունի շատ զարգացած ենթակառուցվածքներ, եւ մի երկրում, որը չունի այդ ամենը, սա հանգեցնում է մարդկանց միգրացիայի ավելի քիչ զարգացած երկրներից դեպի զարգացած երկրներ: Եվ 20 տարի հետո Երկիր մոլորակի մեծ մասը կլինի անմարդաբնակ»,- ասաց Շիրին Էբադին: 

2019 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Միրզա Դինային, որի ղեկավարած «Լյուֆթբրյուքե Իրաք» (Օդային կամուրջ Իրաք) կազմակերպությունն օգնել է փրկելու «Իսլամական պետության» ահաբեկչական գործողություններից տուժած հազարավոր մարդկանց, բարձրաձայնեց հակամարտություններից տուժած երկրներում ապրող փոքրամասնությունների անորոշ վիճակի մասին: «Հիմնական խնդիրներից մեկը հատկապես այդ փոքրամասնությունների համար այն է, որ նրանք բախվում են կրկնակի խտրականության: Նախ նրանց երկիրը կարիքի մեջ է, կան մեծ խնդիրներ, եւ երկրորդ՝ այդ փոքրամասնությունները, հատկապես՝ կրոնական, բախվում են ծայրահեղականության աճին մեր երկրներում։ Հետեւաբար մարտահրավերը հսկայական է»,- նշեց Միրզա Դինային: 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն, «Մոդերնա» ընկերության համահիմնադիր եւ նախագահ Նուբար Աֆեյանը որոշ վերնագրեր կարդաց 1922 եւ 2022 թվականներից՝ զուգահեռներ անցկացնելով մարդկությանն անհանգստացնող այն հարցերի միջեւ, որոնք առկա էին հարյուր տարի առաջ եւ այսօր՝ պատերազմ, հիվանդություններ, գնաճ, աղետներ: «Որոշ բաներ փոխվել են, բայց մարդկանց եւ ինստիտուտների բնույթն իրականում չի փոխվել, հետեւաբար մենք գործ ունենք բազմաթիվ նույնատիպ հակամարտությունների եւ մեծ փոփոխությունների հետ: Հարցն այն է, որ եթե մեզ հնարավորություն տրվեր գրելու հաջորդ տարվա վերնագրերը, ինչպիսի՞ն կուզենայինք, որ լինեին դրանք։ Եվ ես ենթադրում եմ, որ դա չի լինի մեր նոր կարդացած վերնագրերից որեւէ մեկը: Կարծում եմ՝ քննարկման մի մասը, ձեզանից շատերի գործունեությունը մարդասիրական ոլորտում հետեւյալի մասին է, թե կարո՞ղ ենք արդյոք այս վերնագրերից մի քանիսը գրել՝ դրանք պարզապես կարդալու եւ վատ զգալու փոխարեն»,- ասաց դոկտոր Աֆեյանը:

Եզրափակելով քննարկումը՝ Լորդ Արա Դարզին իր երախտագիտությունը հայտնեց բանախոսներին՝ իրենց մասնակցության եւ ունեցած մեծ ներդրման համար. «Ես վստահ եմ, որ այս դահլիճից հեռանալով՝ հանգիստ կլինենք, որ դեռ ունենք հավատ եւ հույս ու կշարունակենք մեր գործը»,- ասաց Լորդ Դարզին:

Միջոցառման ամբողջ տեսագրությունը կարող եք դիտել ստորեւ: