Վենետիկում կայացած 2022 թ. «Ավրորայի» միջոցառումների ընթացքում անցկացվեց հատուկ քննարկում՝ «Հանդիպում «Ավրորայի» համահիմնադիր Նուբար Աֆեյանի հետ» խորագրով: Այն տեղի ունեցավ Կա Ֆոսկարիի համալսարանում 2022 թ. հոկտեմբերի 16-ին: Քննարկմանը մասնակցում էին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն, «Մոդերնա» ընկերության համահիմնադիր եւ նախագահ Նուբար Աֆեյանը, ՄԱԿ-ի փախստականների գործակալության ներկայացուցիչ Ռիկարդո Քլերիչին, իսկ քննարկումը վարում էր Rai TG1 լրատվականի միջազգային բաժնի ղեկավար Մարինա Սափիան:
Այս հանդիպումից մեկ օր առաջ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ հայտարարվեց, որ 2022 թ. «Ավրորա» մրցանակի միջոցներից 300.000 ԱՄՆ դոլար կուղղվի Եմեն՝ հաղթահարելու աշխարհում առկա հումանիտար ամենասուր եւ անտեսված ճգնաժամերից մեկը: Այս միասնական որոշումը կայացրել էին «Ավրորա» մրցանակի դափնեկիրներն ու նախորդ տարիների հերոսները:
Հյուրերին ու բանախոսներին ողջունելուց հետո Մարինա Սափիան մանրամասն քննարկում ծավալեց մրցանակի միջոցների մի մասը ՄԱԿ-ի փախստականների գործակալությանը փոխանցելու եւ այդ ճանապարհով Եմենում աղետալի հումանիտար իրավիճակը հաղթահարելու ջանքերի մասին՝ դիտարկելով «Ավրորայի» տեսլականն ու ազդեցությունը:
Հստակեցնելու եւ բացատրելու համար, թե որտեղից է առաջացել այս պահին տեղի ունեցող ճգնաժամերի հաղթահարմանն աջակցելու որոշման անհրաժեշտությունը՝ Նուբար Աֆեյանն անդրադարձավ 2020 թվականի Արցախյան (Լեռնային Ղարաբաղի) պատերազմին։ Դրա հետեւանքները մեղմելու համար «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը որոշեց, որ մրցանակի միջոցների մի մասը պետք է ուղղվի արցախցիների աջակցությանը: «Մենք որոշեցինք, որ պետք է նախ առանձնացնել տվյալ պահին ընթացող որեւէ ճգնաժամ եւ մարդասիրական օգնություն ցուցաբերել՝ որպես առաքելության մի մաս, իրար կապելով դափնեկրի համար կարեւոր նախագծերն ու տվյալ պահին տեղի ունեցող համամարդկային բնույթի որեւէ ճգնաժամ: Այդ պահին դա Արցախում էր: Զգալի եւ կարեւոր արդյունք ունեցանք, ու մենք որոշեցինք շարունակել այս ճանապարհը»,- ասաց Նուբար Աֆեյանը:
Դրանից հետո խնդիր դրվեց որոշելու աշխարհում այն վայրը, որտեղ ամենից շատ ունեն օգնության կարիք, եւ «Ավրորան» խորհրդակցեց իր մարդասիրական համայնքի անդամների հետ: «Դափնեկիրների եւ հերոսների ճնշող մեծամասնությունն ընտրեց Եմենը: Որքանով է մեծ ճգնաժամը եւ որքանով է մեծ միջամտելու անհրաժեշտությունը, որքանով է այն հրատապ եւ որքանով է անտեսված. սրանք են ընտրության չափանիշները: Նրանց կարծիքով՝ Եմենի ճգնաժամն ամենաանտեսվածն էր»,- բացատրեց Նուբար Աֆեյանը:
«Ավրորան» իր մարդասիրական միջամտությունը կիրականացնի՝ համագործակցելով ՄԱԿ-ի փախստականների գործակալության հետ, որն ամեն օր աշխատում է՝ օգնելով տեղահանվածներին, այդ թվում՝ Եմենում եւ այլուր: ՄԱԿ-ի փախստականների գործակալության ներկայացուցիչ Ռիկարդո Քլերիչին մի քանի տվյալներ մեջբերեց, որպեսզի ավելի ցայտուն երեւար, թե որքան կործանիչ է այնտեղ ընթացող հակամարտությունը: Նա հղում արեց ՄԱԿ-ի տվյալներին, ըստ որի՝ Եմենում տուժած երեխաների 70%-ը հինգ տարեկան դեռ չկա: Ավելին, շատ երեխաներ շահագործվում են իբրեւ զինվորներ: Դա պարզապես մի փոքրիկ դրվագ էր Եմենում տեղի ունեցող վայրագություններից, որտեղ նաեւ հումանիտար ծանր վիճակ է. բնակչության 80%-ը, այսինքն՝ 24 միլիոն մարդ գտնվում է աղքատության շեմից ցածր:
«Մենք բազմաթիվ խնդիրների ենք բախվում՝ փորձելով օգնել, հոգալ այս մարդկանց կարիքները։ Ոչ ոք չպետք է անտեսված մնա: Մենք երախտապարտ ենք «Ավրորային» այս նվիրատվության համար ու կանենք հնարավոր ամեն ինչ՝ վերադարձնելու այս մարդկանց արժանապատիվ ապրելու հույսը։ Ես կփորձեմ նաեւ նախաձեռնության ոգին փոխանցել իմ գործընկերներին, որն է «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարը»,- ասաց Ռիկարդո Քլերիչին:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության՝ աշխարհի տարբեր անկյուններում գործող մերօրյա հերոսներին զորացնելու եւ տեղում մարդասիրական մարտահրավերները հաղթահարելու մոտեցումն ավելի լավ հասկանալու համար մասնակիցները դիտեցին 2022 թ. սեպտեմբերին կայացած Clinton Global Initiative միջոցառմանը Նուբար Աֆեյանի ելույթից մի հատված: Այնտեղ նա անդրադարձել էր ընթացիկ մարդասիրական մարտահրավերներին վերաբերող մի շարք թեմաների՝ ընդգծելով «Ավրորայի» դերը՝ որպես մարդասիրական առաջատար կազմակերպություն:
Ամփոփելով միջոցառումը՝ Մարինա Սափիան շնորհակալություն հայտնեց Նուբար Աֆեյանին հետաքրքիր քննարկման եւ «Ավրորայի» վերջին տարիների ձեռքբերումները ներկայացնելու համար: «Նրանց համար, ովքեր շատ բան չգիտեին Նուբար Աֆեյանի անձնական փորձառության մասին, հավանաբար հասկացան, որ այն հսկայական է. ճգնաժամը հաղթահարելու, գոյատեւելու, ոտքի կանգնելու, նորից սկսելու եւ այդ ուժն ամբողջ աշխարհին փոխանցելու մասին է»,- ասաց Մարինա Սափիան:
Միջոցառման ամբողջ տեսագրությունը կարող եք դիտել ստորեւ: