logo
ՓԱԿԵԼMenu
Թենգիզ Միկոյանց

Թենգիզ Միկոյանց

Թբիլիսիին սիրահարված վրացահայ նկարիչ Թենգիզ Միկոյանցը հստակ գիտեր, թե ինչին է ուզում նվիրել իր կյանքը. «Բանակում ծառայությունս ավարտելուց հետո հասկացա, որ արվեստից բացի ուրիշ ոչ մի բանի մասին մտածել չեմ կարող։ Ճիշտ է, Գեղարվեստի ակադեմիայում դիզայն եմ սովորել, բայց նկարչությունն է, որ իսկապես իմն է»։ Ցեղասպանությունը վերապրածների ժառանգ Թենգիզ Միկոյանցն իրեն գտավ արվեստում։ Մաստիխինով արված նրա կտավները՝ լի գույներով, կյանքով ու տրամադրությամբ, շոյում են արվեստը գնահատող մարդկանց աչքերն ու դառնում նվերներ նախագահներին՝ որպես ամենավառ հիշողություն Թբիլիսիից։

Նկարիչը պատմում է, որ ապրել է վրացիների շրջապատում եւ բացարձակ չի զգացել մշակութային կամ որեւէ այլ տարբերություն իր ու հարեւանների միջեւ, ուստի իր արմատները փնտրելու անհրաժեշտություն ուղղակի չի եղել։ Ծագման հետ կապված հարցերը հասունացան ավելի ուշ, երբ դասընկերների հետ ծագեցին առաջին կոնֆլիկտներն ազգային հողի վրա։ «Դա ինձ բոլորովին դուր չէր գալիս։ Ինչո՞ւ էր այդպես ստացվել։ Ի՞նչ եմ անում ես այստեղ։ Եվ խնդիրներ ի հայտ եկան։ Ինձ նույնիսկ առաջարկեցին, որ Գեղարվեստի ակադեմիա ընդունվելու համար ազգանունս փոխեմ։ Բայց ես շատ հպարտ եմ, որ հայ եմ: Եվ ինչո՞ւ պիտի փոխեմ ազգանունս։ Ի՞նչ վատն է, որ»,- կատակում է Թենգիզը։

Թենգիզ Միկոյանցը ծնվել է 1964թ. Վրաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Խաշուրի քաղաքում։ 1985-87թթ. սովորել է Թբիլիսիի Մ. Թոիձեի անվան գեղարվեստի ուսումնարանում: 1989-ին ընդունվել է Թբիլիսիի գեղարվեստի պետական ակադեմիա, որը գերազանցությամբ ավարտել է 1995 թվականին։ Ակադեմիան ավարտելուց հետո նրա ստեղծագործությունները ցուցադրվել են Գերմանիայում, Իտալիայում եւ Միացյալ Նահանգներում։

2005 թվականից Միկոյանցն անհատական ցուցահանդեսներ է կազմակերպել Երեւանում, Թբիլիսիում, Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում եւ Տյումենում։ Նրա գործերն ընդգրկված են Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Վրաստանի եւ բազմաթիվ այլ երկրների տարբեր մասնավոր հավաքածուներում։ 2011թ. ՀՀ Սփյուռքի նախարարությունը նկարչին պարգեւատրել է «Արշիլ Գորկի» մեդալով, որը շնորհվում է կերպարվեստի, գեղանկարչության, քանդակագործության, գծագրության արվեստը տարածելու եւ Սփյուռքում հայկական արվեստը ճանաչելի դարձնելու գործում ներդրում ունենալու համար:

«Գեղանկարչության իմ ուսուցիչը Թբիլիսին է,- խոստովանում է Միկոյանցը՝ հիշելով, թե ինչպես է ինքն «ընդմիշտ մնացել այս հեքիաթային քաղաքում»,- առաջին անգամ Թբիլիսիում հայտնվեցի 10-րդ դասարանում: Հենց այդ ժամանակ առաջին անգամ էին նշում Թբիլիսոբան՝ քաղաքի օրը։  

Ես հրաժարվեցի Կիեւի Գեղարվեստի ակադեմիա ընդունվելու մտքից: Ինձ գրավեց Թբիլիսին: Այն կախարդեց ինձ:

Մենք ուշ ժամանեցինք, եւ երեկոյան լույսերի մեջ պճնված քաղաքն ասես հեքիաթ լիներ»։

Այդ ժամանակից նկարիչն ապրում է Թբիլիսիում։ Նա խոստովանում է, որ որտեղ էլ ապրելիս լիներ, միեւնույն է՝ նկարելու էր հին քաղաքը, որն իրեն շատ է ոգեշնչում։ Այստեղ էլ Թենգիզն ընտանիք է կազմում։ Ժպտալով՝ նա պատմում է իր երեք որդիների ու կիսով չափ հայ, կիսով՝ օսեթացի երիտասարդ կնոջ՝ Գանայի մասին։
 

Արեւակ տատիկը

«Իմ բնավորության գծերից շատերը ժառանգել եմ Արեւակ տատիկիցս։ Նա կենսուրախ ու շատ հպարտ անձնավորություն էր»,- նշում է նկարիչը։ Արեւակ տատը (օրիորդական անունը՝ Արեւհատ Վարդանյան) երկար ու դժվարին կյանք է ունեցել։ Նա ընդամենը երեք տարեկան էր, երբ թուրքերը կազմակերպում են նրա հայրենի Մուշ քաղաքի բնակչության կոտորած։

                                             Արեւակ Մադիլյանը (Վարդանյան)

Բարի մարդկանց շնորհիվ Արեւակին հաջողվում է հասնել Միացյալ Նահանգներ, որտեղ նա բազմաթիվ տարիներ ապրում է որբանոցում։ Եվ երբ երեխաներին հարցնում են, թե ով կցանկանար որդեգրվել հայկական ընտանիքի կողմից, արյան կանչն ստիպում է նրան ձեռք բարձրացնել։ Այդպես էլ Մադիլյան ազգանունով սոչիաբնակ անզավակ մի ընտանիք որդեգրում է Արեւակին։ Ցավոք, նոր սիրաշատ հարազատների մասին երեխայի երազանքներին վիճակված չէր իրականություն դառնալ։ Արեւակը չհարմարվեց նոր տանը, եւ նրան ամուսնացրեցին Ախալքալաքում. սիրո մասին խոսք անգամ լինել չէր կարող։

Նոր տունը կատարյալ դժոխք է դառնում Արեւակի համար։ Անհույս աղքատությունը, անմաքրությունը, անմարդկային վերաբերմունքն ու մշտական ստորացումները նրան ստիպում են փախչել... Խաշուրի։ Ղուկաս Միկոյանց անունով երիտասարդ հավաքարարը նկատում է քաղաքի կայարանում հեկեկացող գեղեցիկ կնոջը։ Այս հանդիպումը ճակատագրական է դառնում. Արեւակը վերջապես կարողանում է խաղաղություն գտնել իր նոր ամուսնու տանը։

         Արեւակ Մադիլյանն ամուսնու՝ Ղուկասի եւ երեխաների՝ Սերգեյի, Հայկուշի ու Նվարդի հետ

Ղուկաս Միկոյանցն ինքն էլ անցյալում ուժեղագույն ցնցում էր ապրել. նրա կնոջը բռնաբարել էին թուրքերը, ինչից հետո կինը վախճանվել էր՝ թողնելով երկու փոքրիկ երեխաներին։ Արեւակը սիրող մայր է դառնում իր որդեգիր երեխաների եւ հենարան՝ իր ամուսնու համար։ Շուտով նրանք եւս երեք երեխա են ունենում, որոնց թվում էր Սերգեյը՝ Թենգիզ Միկոյանցի հայրը։

«Արեւակն արեւելյան գեղեցկության ուներ՝ մեծ զմրուխտյա աչքեր, մուգ վարսեր։ Նա եռանդուն, ոչ բարձրահասակ կին էր։

Ինչ գիտեմ նրա մասին, հայրս է պատմել։ Տատս ինքը երբեք իր հիշողությունները մեզ չէր փոխանցում։

Նա անվախ կին էր։ Երբ Խաշուրիում հանում էին Ստալինի արձանը, նա առանց վախենալու այնքան էր մոտեցել զինվորներին, որ քիչ էր մնում սվիններով ծակեին նրան։ Երբեք չէր բամբասում։ Սիրում էր գուլպա գործել ու նամակներ էր գրում դստերը,  հարազատներին։

Արեւակը բարի սիրտ ուներ։ Նա երախտապարտ էր Մադիլյան ընտանիքին իրեն որդեգրելու համար եւ նրանց հետ կապ էր պահպանում, թեպետ երբեք չներեց իրեն պարտադրված դժբախտ ամուսնությունը։ Տատս նաեւ լեզուների հարցում տաղանդ ուներ՝ գիտեր հայերեն, վրացերեն, ռուսերեն եւ անգլերեն։ Մի անգամ անգլերենով դիմեցի նրան ու անչափ զարմացա, երբ նա ինձ նույն լեզվով պատասխանեց։ Նա գործնական էր, ճշտապահ եւ ոչ մեկից երբեք բան չէր խնդրում»,- հիշում է Միկոյանցը։ 

                                Արեւակ Մադիլյանը դստեր՝ Հայկուշ Միկոյանցի հետ

Մեկ այլ իրադարձություն կրկին խաթարեց Արեւակի խաղաղ կյանքը։ Նա իմացավ, որ իր հայրը ողջ է ու բնակվում է Գյումրիից ոչ հեռու գտնվող Սառնաղբյուր գյուղում։ Արեւակը կորցրեց հանգիստը եւ շուտով գնաց Հայաստան՝ հոր հետ հանդիպելու։ Այնտեղ պարզվեց, որ նրա իսկական ազգանունը Վարդանյան է։ Ցավոք, հոր եւ դստեր հանդիպման մասին մանրամասներ ընտանեկան հիշողությունը չի պահպանել։ Բայց դրանից հետո Արեւակը վերադարձավ Վրաստան՝ իր ընտանիքի մոտ։ Թենգիզը պատմում է, որ տատը տետր ուներ, որում արտագրված արեւմտահայ երգերով հաճախ օրոր էր ասում իր երեխաներին ու թոռներին։

                 Արեւակ Մադիլյանը թոռան՝ Թենգիզի եւ հարսի՝ Ասյա Միկոյանցի հետ

Հարցին, թե որտեղից այդ փխրուն կնոջն այդքան մեծ կենսական ուժ, որը բավականացրել էր՝ ցեղասպանությունը վերապրելու, այդքան շատ վիշտ ու տառապանք ապրելու եւ սիրող դուստր, կին ու մայր մնալու, Միկոյանցը մտախոհ պատասխանում է. «Որովհետեւ հայուհի էր…»:
 

Նոր կյանք

Թենգիզ Միկոյանցը սիրում է այցելել Հայաստան եւ հաճախ է կնոջն ու որդիներին իր հետ տանում։ Երեւանում հաճախ են նրա ցուցահադեսները տեղի ունենում: Նկարչի ավագ որդին՝ Արթուրը, այնքան է հմայվել իր նախնիների երկրով, որ որոշել է հայերեն սովորել, իսկ կինը միշտ հիշում է Շորժայում (Սեւանա լիճ) անցկացրած իրենց օրերը։ «Ցուցահանդեսը քննություն է հանրության առջեւ։ Դրան պետք է լավ պատրաստվես։ Երբ քո աշխատանքները ներկայացնում ես այլոց ուշադրությանը, կարեւոր է նրանց ջերմություն, լույս ու բարություն փոխանցելը»,- ընդգծում է նա։

                                Թենգիզ Միկոյանցն իր ստեղծագործության ֆոնին

Այժմ՝ ցեղասպանությունից հարյուր տարի անց, Միկոյանցն ուրախությամբ արձանագրում է, որ իր տոհմը շարունակվում է։ Դա հնարավոր է դարձել իր նախնիների տոկունության եւ իր սեփական ընտանիքում իշխող սիրո շնորհիվ։ «Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը շատ բան կփոխեր, կկանխեր նման ողբերգությունների կրկնությունը,- ասում է նա,- կուզենայի, որ նրանք ընդունեին եղելությունը»։

Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: