Ստամբուլի ամենահեղինակավոր Նիշանթաշը թաղամասում գտնվող երկհարկանի մի տուն արդեն քառասուն տարի է հազվագյուտ հավաքածուների օթեւան է. տան պատերը սովոր են կրել հռչակավոր նկարիչների գործեր եւ ներկայացնել հազվագյուտ ձեռագրեր ու իրեր: Արվեստի այս տան ճակատին գրված է «Փորթաքալ» անունը, իսկ վերնահարկի` հարյուրավոր գրքերով ու կատալոգներով ծանրաբեռնված աշխատասենյակում նա է` միշտ լայն ժպիտով ու աշխույժ խոսքով Ռաֆֆի Փորթաքալը՝ Արեթ Օհանես Փորթաքալի որդին, Երվանդ Փորթաքալի թոռը:
Ռաֆֆի Փորթաքալը Թուրքիայի ամենահայտնի աճուրդախոսն ու արվեստի համադրողներից է: Այս մասնագիտությունը, հոբբին ու ապրելակերպը Ռաֆֆիին փոխանցվել է որպես ժառանգություն՝ հարյուր տարվա ժառանգություն: «Փորթաքալ» արվեստի եւ աճուրդի տան հիմքը 1914-ին դրել է Ռաֆֆիի պապը` Երվանդ Փորթաքալը, որը խանութ-ցուցասրահներ է ունեցել Ստամբուլի Գրանդ Բազարում եւ Փերա թաղամասում: Նրա գործը շարունակել է որդին` Արեթ Օհանեսը:
«Բախտավոր էի, որ մեծ հորս անունը կար, հետո հորս անունը կար, ու ես դարձա նույն գործն անող երրորդ սերունդը: Դյուրին գործ չէ: Երբ մտածում ես, որ մեր արվեստի տան տարիքը Թուրքիայի Հանրապետության տարիքից շատ ավելի մեծ է, հասկանում ես, թե որքան բարդ է եղել դա պահպանել ու շարունակել այսպիսի դժվար ճյուղի մեջ»,- ասում է Ռաֆֆի Փորթաքալը:
Հիշելով իր ընտանեկան պատմությունը` Ռաֆֆի Փորթաքալն առաջինը նշում է Հակոբ Գուրգենի անունը, որը եղել է դպրապետ ու խմբագիր, Պոլսում հիմնադրել է դպրոց եւ հեղինակել մի շարք հրատարակություններ: Հակոբ Գուրգենը Ռաֆֆի Փորթաքալի հոր պապն է՝ մայրական կողմից, նա եղել է գրաբարի ջատագով ու փորձել է վերականգնել գրաբարի կիրառումը հայկական դպրոցներում. «Ջարդի ժամանակ Պոլսից միայն մտավորականներին տարան, նրանց մեջ հորս մեծ հայրը` Հակոբ Գուրգենը չկար, չնայած նույն 1915թ.-ին է մահացել: Փառք տիրոջը, մեր ընտանիքից որեւէ մեկը ջարդի զոհ չի դարձել»:
Արեթ Փորթաքալը աճուրդի է հանել Սաթվեթ Լութֆի Թոզանի հայտնի հավաքածուն, Ռաֆֆի Փորթաքալը բազմությանը ցուցադրում է արվեստի նմուշները, 1974թ. |
Ռաֆֆիի մեծ հայրը` Երվանդ Փորթաքալը, որը ծնվել է 1883թ. Պոլսում, 1914-ից սկսում է զբաղվել արվեստի գործերի հավաքածուների ստեղծմամբ ու աճուրդների կազմակերպմամբ: Նա երեսունից ավելի աճուրդներ է անցկացնում օսմանյան ազնվականների տներում ու պալատներում: «Մեծ մայրս ուզում է սավան գնել պալատական տներից մեկից, մեծ հայրս բարկանում է, ասում է՝ եթե ցանկանում ես գնել, վաղը արի աճուրդին եւ գնիր,- ընտանեկան մի դրվագ է մտաբերում Փորթաքալը,- ինքն աճուրդի ժամանակ ավելի բարձր գին է դնում եւ գնում է այդ սավանը ու նվիրում մեծ մորս»: Ռաֆֆիի մեծ մայրը` Վերժին Փորթաքալը, եղել է դասական երաժշտության սիրահար: Նրա ջանքերով դուստրերը` Աշխենն ու Ռիտան, երաժշտական կրթություն են ստացել եւ հետագայում դարձել պոլսահայ արվեստագետների շրջանում հայտնի անուններ: Իսկ որդին` Արեթը, շարունակել է հոր գործը:
Ռաֆֆիի հայրական տատը` Վերժին Փորթաքալը (նստած) իր երեխաների` Արեթի, Աշխենի եւ Ռիտայի հետ |
Ռաֆֆի Փորթաքալի մայրական կողմը ծագումով Սեւ ծովի ափին գտնվող Օրդու քաղաքից է: 1915 թվականին, երբ Օրդուում սկսվում է հայերի տեղահանությունը, Ռաֆֆիի մեծ հայրը` Պողոս աղա Էվրենսելը, արդեն երկու զավակ ուներ: Տեղյակ լինելով հայերի կոտորածների մասին` ծնողները զավակներից մեկին թողնում են թուրք ընտանիքի մոտ, մյուսին` հույն ընտանիքի, եւ բռնում գաղթի ճամփան: Ռաֆֆիի մեծ մայրը ձեռագործով է զբաղվել եւ դրա շնորհիվ կարողացել է փրկել իր եւ ամուսնու կյանքը: Երբ ամուսինները հասել են Մալաթիա, նա սկսել է աշխատել համայնքապետի կնոջ համար: Մալաթիայում ծնվել են ընտանիքի երկվորյակ աղջիկները` Մանիկը` Ռաֆֆիի մայրը, եւ Անահիտը: 1918-ին, երբ հայերի զանգվածային տեղահանությունների ու ջարդերի ծավալները համեմատաբար նվազել էին, ընտանիքն անցնում է Սամսուն, այնուհետեւ հասնում տուն` Օրդու:
Ռաֆֆի Փորթաքալի մայրը 1940-ականներին դպրոցն ավարտելուց հետո ցանկանում է բարձրագույն կրթություն ստանալ, սակայն Օրդուի տարածքում որեւէ հաստատություն չկար: Աղջկա եւ ընտանիքի բարեկամների հորդորների արդյունքում հայրը որոշում է դստերն ուղարկել Պոլիս` ուսանելու Ամերիկյան հիվանդանոցին կից բժշկական դպրոցում: Այս որոշումն ընտանիքի համար ճակատագրական է դառնում: Մանիկն Ամերիկյան հիվանդանոցում որպես բուժքույր խնամում է տիֆով հիվանդացած Արեթ Օհանեսին:
«Բուժվում է, սակայն հետո ցանկանում է մորս հետ դուրս գալ, ժամանակ անցկացնել: Մայրս մերժում է: Ստիպված հայրս խորամանկության է դիմում եւ սուտ հիվանդ ձեւանալով՝ նորից պառկում է հիվանդանոցում: Մայրս նորից խնամում է հորս: Հայրս էլ ասում է՝ արի քեզ ընտանիքիս հետ ծանոթացնեմ, ես քեզ հետ ուզում եմ ամուսնանալ: Հետո նշանվում են, հայրս գնում է Օրդու եւ ընտանիքից խնդրում է մորս ձեռքը»,- ժպտալով ծնողների հանդիպման դրվագն է պատմում Ռաֆֆի Փորթաքալը: Մանիկ եւ Արեթ Փորթաքալների ամուսնությունից հետո Մանիկի ողջ ընտանիքը տեղափոխվում է Պոլիս, հետագայում սփռվում աշխարհի տարբեր ծայրերում:
Ռաֆֆի Փորթաքալի մորական պապը` Պողոս աղան, եւ նրա ընտանիքը Օրդու քաղաքում |
Ռաֆֆի Փորթաքալը ծնվել է 1946-ին Ստամբուլում: Հաճախել է Շիշլիի Մխիթարյան դպրոցը, հետո հոգեբանություն է ուսանել Ստամբուլի համալսարանում: Տարիներ անց մեկնել է Փարիզ` ուսումնասիրելու ընտանեկան գործի առանձնահատկություններն ու ամրապնդելու այն: Վերադառնալով Ստամբուլ` Ռաֆֆի Փորթաքալն սկսում է հոր հետ զբաղվել հավաքածուների ստեղծմամբ եւ դրանց աճուրդով:
«Հայրս իրականում մեծ արտիստ էր` աճուրդի արտիստ: Իր աճուրդին շատ մարդ էր գալիս եւ հիանում էին, բաց բերաններով հորս աճուրդներն էին նայում»,- հպարտությամբ նշում է Ռաֆֆին, որը 1973-ին հորից անկախ բացում է իր սեփական պատկերասրահը:
Նա սկսում է մասնագիտանալ Օսմանյան շրջանի նկարների եւ ձեռագրերի ձեռքբերման ու վաճառքի մեջ. «Ես արժեւորեցի դրանց քիչ լինելն ու յուրահատկությունը: Այսօրվա պայմաններում ծիծաղելի գին ունեին դրանք: Այն ժամանակ այսօրվա միլիոն դոլարանոց նկարները կարող էիր ձեռք բերել 100-200 դոլարով: Այդ գործում ես համբավ ձեռք բերեցի»:
Ռաֆֆի Փորթաքալը որպես աճուրդախոս, հայրը` Արեթ Փորթաքալը` նրա օգնական |
2004 թվականից Ռաֆֆի Փորթաքալն սկսում է ամրապնդել իր հարաբերությունները եվրոպացի կոլեկցիոներների հետ եւ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ ցուցադրում է Պիկասոյի կտավները:
«Սա ամենամեծ լրագիրն է Թուրքիայի` «Հյուրիեթը», վերնագիրը` «Պիկասոն Նիշանթաշըում», եւ հո՛ս նայիր` Պիկասոն ու ես»,- անթաքույց հպարտությամբ ասում է Ռաֆֆի Փորթաքալը, որը Պիկասոյի անվան կողքին հետագայում ավելացրեց Մոնեի, Ռենուարի, Դալիի եւ այլ հռչակավորների անունները:
Ռաֆֆի Փորթաքալը հիմնադրել է նաեւ Թուրքիայի խոշորագույն գործարարներից եւ բարերարներից մեկի` Սաքըփ Սաբանջըի հավաքածուն ու թանգարանը: Այս հավաքածուն շրջել է Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում, Փարիզի «Լուվրում», Բեռլինի «Գուգենհայմում» եւ մի շարք այլ հռչակավոր թանգարաններում: Նրա ղեկավարած խումբը համադրել է նաեւ Պոլսի Հայոց Պատրիարքարանի հավաքածուն: Ռաֆֆի Փորթաքալը նշում է, որ իր համար միշտ կարեւոր տեղ են զբաղեցրել ծագումով հայ արվեստագետների գործերը: Հատկապես առանձնացնում է Այվազովսկուն, որի գործերը երբեմն կարելի է տեսնել «Փորթաքալ» ցուցասրահում. «Մեր ընտանիքի համար Այվազովսկին միշտ գագաթ է եղել, կուռք է եղել: Ես փոքր տղա էի, երբ հայրս ինձ բացատրում էր Այվազովսկու յուրահատկությունը»:
Ռաֆֆի Փորթաքալը դստեր`Մայայի հետ |
«Փորթաքալ» արվեստի եւ աճուրդի տունը տարեկան առնվազն երկու անգամ աճուրդ է կազմակերպում. «Մենք ուզում ենք, որ ցանկացած աճուրդից մեր անունն ուժեղանա, կարողանանք լավ բաներ գտնել, այնպիսի ապրանք, որ եթե փնտրես շուկայում, այլ տեղ չկարողանաս գտնել, միշտ յուրահատուկ պիտի լինի: Փորթաքալ ընտանիքը միշտ նախընտրել է ավելի շատ համբավ շահել, քան դրամ: Սա մեր ընտանիքի չգրված օրենքն է ու մի տեսակ էլ հիվանդությունն է»: Ցուցադրությունների ու աճուրդների կազմակերպումից բացի, արվեստի տունը տարիներ շարունակ նաեւ հրատարակել է բազմաթիվ գրքեր ու կատալոգներ:
Այսօր Ռաֆֆի Փորթաքալին աջակցում ու ընտանեկան գործը շարունակում է նրա միակ ժառանգը` նրա դուստր Մայան: Միասին նպատակ են դրել աշխարհի տարբեր անկյուններում փոքր պատկերասրահներ բացել, որտեղ հնարավոր կլինի արվեստի բացառիկ պատառիկներ ցուցադրել:
«Աշխարհն ինչ որ անում է, մենք էլ պիտի հետ չընկնենք, աշխարհն ինչ որ չի անում, մենք դա՛ էլ պիտի անենք: Տեսլականն է կարեւոր, քաջությունն է կարեւոր, ժամանակի զգացումն է կարեւոր»,- իր հաջողության բանաձեւն է նշում պոլսահայ աճուրդախոս Ռաֆֆի Փորթաքալը:
Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: