Ալբերտ Մկրտչյան

Ալբերտ Մկրտչյան

Ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի եւ նրա եղբոր`համաժողովրդական սեր վայելող դերասան Ֆրունզիկ (Մհեր) Մկրտչյանի ընտանիքի պատմությունը հայտնի է ամենայն մանրամասնությամբ, սակայն կան էջեր, որոնք, կարծես, կորսվել են առհավետ:

Հայաստանի ժողովրդական արտիստ Ալբերտ Մկրտչյանը «Հին օրերի երգը» (1982թ.) եւ «Մեր մանկության տանգոն» (1985թ.) հայտնի ֆիլմերի ռեժիսորն ու սցենարիստն է: Մկրտչյանի գրեթե բոլոր ֆիլմերում հիմնական գործողությունները եւ տեսարանները հայրենի Գյումրիում են: 2000թ.-ին էկրան բարձրացավ նրա «Ուրախ ավտոբուս» ֆիլմը, որը ներկայացնում է կյանքը Գյումրիում 1988-ի աղետալի երկրաշարժից հետո, մի քանի տարի անց Գյումրվա կյանքը ղարաբաղյան կոնֆլիկի տարիներին էկրանավորվել է «Տխուր փողոցի լուսաբացը» ֆիլմում: Ալբերտ Մկրտչյանը ղեկավարում է նաեւ Մհեր Մկրտչյանի անվան թատրոնը, որը հիմնադրել է Ֆրուզիկը 1986թ.-ին: 

Խորհրդային կինոարվեստի աստղին՝ դերասան Ֆրունզիկ (Մհեր) Մկրտչյանին, հաճախ անվանում են հայկական Չարլի Չապլին: Թատրոնում եւ կինոյում նրա ստեղծած կատակերգական եւ ողբերգազավեշտական կերպարներից յուրաքանչյուրն ինքնատիպ է եւ անկրկնելի: Հենց այդ պատճառով յուրաքանչյուր նոր դերից հետո ժողովուրդն անպայման նրան կնքում էր հերթական հերոսի անվամբ:

Դերասանի հանրահայտությունն ու նրա հանդեպ ժողովրդի սերն ահռելի էր: Ֆրունզիկը բազմիցս պատմել է, որ իրենից ոչ մի տեղ փող չէին վերցնում, փաստաթուղթ չէին հարցնում, այնպես որ՝ հանգիստ կարող էր ապրել առանց դրանց: Մհեր Մկրտչյանը նկարահանվել է ֆիլմերում, որոնցից շատերն ընդգրկվել են խորհրդային կինոարվեստի ոսկե ֆոնդում. «Միմինո», «Կովկասի գերուհին», «Միայնակներին տրվում է հանրակացարան»: Զարմանալի չէ, որ դերասանի կենսագրության նկատմամբ հետաքրքրությունը նախկին ԽՍՀՄ տարածքում միշտ շատ մեծ է եղել:

                                                           Ֆրունզիկ Մկրտչյանը


«Որբերի քաղաք» տանող ճանապարհին

1915 թվականին Մկրտչյան եղբայրների հայրը` Մուշեղը, 5 տարեկան էր, իսկ նրանց մայր Սանամն՝ ընդամենը 4 տարեկան։ Մանուկ հասակում Ալեքսանդրապոլի (ներկայում` Գյումրի) ճանապարհին նրանց վերցրել են գաղթականների քարավանից եւ տեղավորել որբանոցում:
 
«Հայրս Մուշից էր եւ շատ էր հպարտանում դրանով: Մայրս, որ ծնունդով Վանից էր, նուրբ եւ զուսպ կին էր»,- հիշում է Ալբերտ Մկրտչյանը:
 
Այսքանով սահմանափակվում է նրանց ծագման մասին ողջ տեղեկատվությունը։ Կյանքն Արեւմտյան Հայաստանում, վաղ մանկությունը, ծնողներն ու հայրական տունը եւ ամենակարեւորը` այն, ինչ ստիպված են եղել վերապրել ցեղասպանության տարիներին` փակված է մնացել նրանց հիշողություններում: Խնայելով երեխաների զգացմունքները՝ Մուշեղն ու Սանամը չեն պատմել նաեւ որբանոցում իրենց ապրած կյանքի մասին։
 
«Ուղղակի անհնար է պատկերացնել այդ ողբերգությունը. միանգամից կորցնել բոլոր հարազատներին եւ մտերիմներին»,- ասում է Ալբերտ Մկրտչյանը:
 
Ալեքսանդրոպոլի (խորհրդային ժամանակ քաղաքը կոչվում էր Լենինական) հսկայական որբանոցը հիմնվել էր Մերձավոր Արեւելքի Նպաստամատույցի կողմից 1919 թվականին Ռուսական Կայսրության նախկին ռազմական բնակավայրերի՝ Կազաչի պոստի, Սեւերսկիի եւ Պոլիգոնի տեղում: Որբանոցը տեղակայվել էր 170 շենքերում եւ բարաքներում: Տարբեր տարիներին այստեղ ապրել է 25-30 հազար երեխա: Մահճակալները բոլորին չէին հերիքում, երեխաներից շատերը քնում էին ծղոտով լցված պարկերի վրա:
 
«Որբերի քաղաքում», ինչպես հաճախ անվանում էին որբանոցը, ավագ սաները հոգ էին տանում փոքրերի համար: Երեխաներին պատրաստում էին ինքնուրույն կյանքին: «Քաղաքի» փոքրիկ բնակիչներն ուսանում էին արհեստներ, այգեգործություն, անասնապահություն, տնտեսվարություն:
 

Լուռ երկխոսություն

Հասակ առնելով՝ Մուշեղն աշխատանքի է անցնում տեքստիլ կոմբինատում որպես տաբելավար, իսկ Սանամը` տեղական ճաշարանում որպես սպասք լվացող: Այնտեղ էլ նրանք ծանոթացել են: «Մեր ծնողները լռում էին։ Նրանք ոչինչ չունեին միմյանց պատմելու, քանի որ նրանց պատմությունները նույնն էին։ Իսկ մեզ չէին ցանկանում տխրեցնել։ Ցեղասպանության մասին իմացել ենք քաղաքի այլ փախստականներից»,- պատմում է Ալբերտ Մկրտչյանը։

                                                           Ալբերտ Մկրտչյանը

Ալբերտ Մկրտչյանը հիշում է, որ ծնողները կարող էին երկար ժամանակ լուռ նստել կողք կողքի՝ սեփական հիշողությունների գիրկն ընկնելով. «Եթե ինչ-որ մեկը նայեր նրանց աչքերին, կսարսափեր դրանցում եղած տխրությունից»։ Գրեթե ոչինչ հայտնի չէր ընտանիքի նաեւ այլ անդամների մասին։ «Գիտեինք, որ Արարատյան դաշտավայրում բարեկամներ ունենք, բայց մեզ չհաջողվեց հանդիպել նրանց»,- ասում է Ալբերտ Մկրտչյանը։

Թեպետ, ծանր առօրյան եւ հոգսերը հուշերի ու մտորումների համար առանձնապես շատ ժամանակ չէին թողնում։ Հետպատերազմյան տարիներին մարդիկ քաղաքում մի կերպ էին գոյատեւում։ Լենինականի տեքստիլ կոմբինատի աշխատակիցները թաքուն բամբակե գործվածք էին դուրս հանում՝ կտորեղենը ոտքերին փաթաթելով։ Մի օր դրա համար բռնել էին նաեւ Մուշեղ Մկրտչյանին։ Նրան ձերբակալել էին ու աքսորել Նիժնի Տագիլ, որտեղ նա 10 տարի անցկացրել է ճամբարներում։ Սանամն ստիպված էր մենակ մեծացնել չորս երեխաներին՝ Ֆրունզիկին, Ալբերտին, Կլարային ու Ռուզաննային։

Հոր հետ բաժանումը հատկապես ծանր էր տանում Ալբերտը։ «13 տարեկանում փախել էի տնից, նստել բեռնատար վագոն ու հասել Մոսկվա: Այնտեղ տեղափոխվեցի այլ գնացք եւ թաքուն հասա Նիժնի Տագիլ։ Հեռվից նայում էի, թե ինչպես են բանտարկյալները ծառ հատում»,- հիշում է Ալբերտ Մկրտչյանը։

                                          Ալբերտի հայրը՝ Մուշեղ Մկրտչյանը

Երեք օր Նիժնի Տագիլում անցկացնելուց եւ հորը տեսնելուց հետո պատանին նույն ճանապարհով վերադարձել է Գյումրի։ «Հայրս տեսավ ինձ եւ ապշեց։ Չէր ուզում ինձ բաց թողնել, բայց ես վերադարձա»,- հիշում է ռեժիսորը։

Իսկ Ֆրունզիկը մոր հետ հատուկ հարաբերություններ ուներ։ Մհեր Մկրտչյանն ասում էր. «Իմ բոլոր լավ կողմերը մորիցս են, ինչպես եւ թերություններս»։ Խոստովանում էր, որ հաջողության պահերին միշտ ցանկացել է ծնողները կողքին լինեն, սակայն երբ Ֆրունզիկը հայտնի դարձավ, նրանք արդեն ողջ չէին։

                                            Ալբերտի մայրը՝ Սանամ Մկրտչյանը

Ծանր, բայց միաժամանակ վառ մանկության հուշերն արտահայտվեցին Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» ինքնակենսագրական ֆիլմում, որում Ֆրունզիկը կատարել է Ռուբենի դերը։ Այդ կերպարի նախատիպը Մուշեղն էր, որն իրականում որդու հետ դժվար էր լեզու գտնում։ Այնուամենայնիվ, հոր՝ «գեղեցկությունը զգալու շնորհ ունեցող հասարակ աշխատավոր մարդու» կերպարն էկրանին մարմնավորելը Ֆրունզիկի վաղեմի ցանկությունն էր։

Մուշեղը դեմ էր Ֆրունզիկի դերասանական կարիերային. նա ցանկանում էր, որ տղան գեղանկարչությամբ զբաղվի։ Այս վեճում Մհերը հաղթեց հորը՝ տեքստիլ կոմբինատի թատերական խմբակի բեմադրություններից մեկում տաղանդավոր դերակատարմամբ նվաճելով նրան։ Ցավոք, հաշտեցումը տեղի ունեցավ հոր ձերբակալումից գրեթե անմիջապես առաջ։ «Ինչպե՞ս բացատրել, որ իմ հայր Մուշեղը, որը երբեք թանգարանում չի եղել, չի տեսել մեծ վարպետների նկարների անգամ վերարտադրությունը, այնուամենայնիվ, երազում էր, որ ես նկարիչ դառնամ»,- հետագայում զարմանում էր Մհեր Մկրտչյանը։

Ֆիլմի գլխավոր հերոսուհու՝ դերսանուհի Գալյա Նովենցի մարմնավորած Սիրանուշի սրամիտ արտահայտությունները հիմնականում պատկանում էին հենց Սանամ Մկրտչյանին։ «Նա անմիջական, անկեղծ եւ հասարակ կին էր»,- Սանամի հետ հանդիպման մասին հիշում է Գալյա Նովենցը, որը Սիրանուշի դերի համար արժանացել է Վենետիկի միջազգային կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակին։
 

«Իմ Սանամի Վանը, իմ Մուշեղի Մուշը»

Հայոց ցեղասպանության թեման, որը ԽՍՀՄ-ում լռության էր մատնված, խորհրդային գեղարվեստական ստեղծագործություններում առաջին անգամ հստակ հնչեց 1960-ական թվականներին։ Հայկական կինոյում հայտնվեցին առաջին ֆիլմերը, որոնք պատմում էին ցեղասպանությունը վերապրած հերոսների մասին։ Դրանցից մի քանիսում նկարահանվել է նաեւ Մհեր Մկրտչյանը։ 1967-ին նկարահանված՝ Հենրիկ Մալյանի «Եռանկյունի» ֆիլմի դրվագներից մեկում Ֆրունզիկի հերոսը պատմում է ծովով փրկվելու իր պատմությունը։ Այդ ֆիլմում մասնակցության համար Ֆրունզիկին շնորհվել է Հայկական ԽՍՀ-ի պետական մրցանակ։

                               Ֆրուզիկ Մկրտչյանը կնոջ՝ Թամար Հովհաննիսյանի հետ

1970-ական թվականներին, Ֆրունզիկ Մկրտչյանին համախորհրդային հռչակ բերած «Միմինո» ֆիլմի մոսկովյան նկարահանումներին զուգահեռ, դերասանը կրկին նկարահանվում էր Մալյանի ֆիլմում. այս անգամ «Նահապետ» ֆիլմն էր, որը նույնպես  հայ կինոյի պատմության առանձնահատուկ իրադարձություններից էր՝ որպես Հայոց ցեղասպանության մասին բացեիբաց պատմող առաջին խորհրդային գեղարվեստական կինոնկար։

Մինչ ֆիլմի՝ ցեղասպանությունից փրկված գլխավոր հերոս Նահապետն ու նրա հնազանդ կինը լռում են եւ թաքցնում իրենց զգացմունքները, Նահապետի քենակալը (Մհեր Մկրտչյանի հերոսը) խոր զգացմունքայնությամբ է ապրում տեղի ունեցածը։ Գյուղի բնակիչները հենց նրանից են տեղեկանում Նահապետի ընտանիքի ողբերգության մասին։ Ֆրունզիկի հերոսը ֆիլմում մարմնավորում է լավատեսական սկիզբը։ Հենց նա է  հնչեցնում առանցքային արտահայտություններից մեկը. «Նահապետի ցեղը չպետք է ընդհատվի»։

Ֆրունզիկը երազում էր Մուշն ու Վանը՝ նախնիների հայրենիքը տեսնելու մասին։ Նա լավ գիտեր այդ տարածաշրջանի պատմությունն ու բանահյուսությունը։ «Նախանձում եմ աչքերիդ»,- ասում էր դերասանը բանաստեղծ Լեւոն Միրիջանյանին, որին հաջողվել էր լինել Արեւմտյան Հայաստանում ու գտնել հայրական տունը։ Մինչեւ կյանքի վերջը Ֆրունզիկի հոգում մնացել էր կարոտն իր արմատների հանդեպ, որոնց մասին շատ քիչ բան գիտեր։ «Ամբողջ աշխարհը պտտվեցի, բայց այդպես էլ չտեսա ոչ իմ Սանամի Վանը, ոչ էլ իմ Մուշեղի Մուշը»,- ափսոսանքով ասում էր նա։

Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: