logo
ՓԱԿԵԼMenu
Բոդիլ Բյորն

Բոդիլ Բյորն

Նորվեգուհի Բոդիլ Կատարինե Բյորնը ծնվել էր բարձրաշխարհիկ կյանքի համար։ Լինելով մեծահարուստ նավատիրոջ դուստր՝ նա իր շրջապատի այն սակավաթիվ կանանցից էր, որ բազմակողմանի կրթություն ստանալու հնարավորություն ուներ։
 

 

Իր տարիքի և խավի կանանց մեծամասնության դեպքում կարգը պահանջում էր ամուսնանալ և ընտանիքի մայր դառնալ։ Ինչ-որ ժամանակ Բոդիլը ևս նման սպասումներ ուներ։ Իսկ հետո՝ 1903 թվականին, նա սկսեց հաճախել գերմանական և սկանդինավյան միսիոներների բանախոսություններին, որոնք պատմում էին Թուրքիայում հայերի ծանր դրության մասին։ Սա փոխեց նրա կյանքը և մեկ այլ՝ դրամատիկ ընթացք հաղորդեց դրան։

Երկու տարվա ընթացքում «Կին միսիոներների կազմակերպությունը» (Women’s Missionary Organization (WMO)) նրան գործուղում է Օսմանյան կայսրություն՝ գթության քույր աշխատելու։ Կազմակերպության դրամական միջոցներով նա բացում է որբանոց, դպրոց և բուժկետ։ Աշխատանքի է ընդունում տեղացիների և սկսում սովորել հայերեն, թուրքերեն, արաբերեն, գերմաներեն և անգլերեն։

Սակայն եթե 1890-ականների ջարդերը Բոդիլին ցնցել էին մինչև հոգու խորքը, ապա այն, ինչ կատարվեց հետո, անհամեմատ ավելի դաժան էր։

Բոդիլն այլ խիզախ անհատներից առանձնանում է իր վկայությունների զգալի ծավալով, որոնք բացահայտում են, թե ինչ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության ընթացքում, երբ միջազգային հանրությունն անտարբեր թողտվություն էր որդեգրել։ 

Հակառակ բոլոր վտանգների՝ նա կենդանի է մնում, բայց նրա մանուկ սաները նահատակվում են։ Հրկիզում են նրա որբանոցը և իր աչքի առջև ողջակիզում երեխաներին։

Բոդիլը հետագայում գրել է. «Որբերիս կորցնելն ինձ համար մեծ տառապանք էր, բայց անգամ խոր հուսալքությունը չէր կարող ինձ ստիպել թողնել հեռանալ հայրենիք։ Ես հինգ ամիս մնացի Խարբերդում՝ սպասելով Մուշ վերադառնալու հարմար առիթի, որ գուցե կարողանամ ողջ գտնել որբերիցս ոմանց՝ սրտիս ցավը դարմանելու համար»։

Բոդիլն ունեցավ այդ հնարավորությունը. Մուշ հասնելով՝ նա կարողացավ ապաստան տալ ու խնամել ողջ մնացածներին։ 

1918թ. վերջին Բոդիլի փրկած անօթեվան կանանց ու որբերի թիվը հաշվվում էր հարյուրներով։

1926-1935թթ.-ին տեղափոխվելով Սիրիա՝ նա խնամում է որբանոցներում  ապաստանած հայ երեխաներին։

Նրա օրագրի ձեռագիր վկայությունները բաղկացած են ոչ միայն իր տեսածի նկարագրություններից, այլ ականատեսների պատմություններից, ցեղասպանության զոհերի և մեծ ջարդերը վերապրած երեխաների լուսանկարներից և նրանց հետագա ճակատագրի նկարագրությունից։

Օրագիրը, որ համարվում էր կորած, պատահաբար գտավ թոռը՝ Յուսսի Բյորնը Բոդիլի պահարանում և հանձնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին։ 2004թ. Յուսսի Բյորնն սկսեց նկարահանել «Ինձ մայր են կոչում» վավերագրական կինոնկարը, որը ներկայացվեց Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին։

 

Բոդիլ Բյորնը մահացել է 90 տարեկանում՝ 1960 թվականին, թաղված է Կրագերոյում:

Ճակատագրի հեգնանքով՝ Հայաստանում և հայկական սփյուռքում մեծ համբավ ունեցող Բոդիլը, գրեթե անհայտ է իր հայրենիք Նորվեգիայում։ Քչերն են ծանոթ նրա՝ Հայոց ցեղասպանության տարիներին մարդկային կյանքերի փրկության պատմություններին, և նրա փաստագրական գրառումների կարևորությանը։

Հայության համար, սակայն, նա միշտ կունենա իր ուրույն տեղը։ 2008թ. հուլիսի 22-ին նրա գերեզմանից բերված հողն ամփոփվեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի հուշապատի մեջ։

*Նկարները տրամադրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը

Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: