Քարեն Եփփեն ծնվել է XIX դարի վերջին: Մանկությունն անցել է դանիական Գյուլլինգ գյուղում: Քչերը կմտածեին, որ մի օր այս գեղեցկադեմ ու ոսկեծամ աղջնակը մի ամբողջ ազգի փրկության գործում իր հատուկ դերը կունենա։
Նա լեգենդ է հայկական սփյուռքում և, առհասարակ, հայության շրջանում:
Եփփեն ուղղակի և անուղղակի կերպով պատասխանատու է հազարավոր հայերի փրկության համար, ովքեր այլապես զոհ կգնային Հայոց ցեղասպանությանը։ Մարդասիրական առաքելությունների պատմության մեջ քչերն ունեն այս կնոջ նվիրումն ու անգերազանցելի վաստակը։
Եփփեն 13 տարեկան էր, երբ հայրը նրան ուղարկեց հայրենի Գերմանիա` հորական ընտանիքում մայրենի լեզվին՝ գերմաներենին տիրապետելու համար: Քարենը մեկ տարում սովորում է մայրենին, իսկ հետագայում իր լեզվական ընդունակության արդյունքում տիրապետում է վեց լեզվի։
Գերմանիայից վերադառնալուց հետո նրան ուղարկում են Կոպենհագենի գիշերօթիկ դպրոցներից մեկը։ Մի երեկո դպրոցի տնօրենը բարձրաձայն ընթերցում է Գերմանական Արևելյան Առաքելության միսիոներ Աագե Մեյեր Բենեդիկտսենի հոդվածը թերթերից մեկում, որը ականատեսի աչքերով պատմում էր հայերի դեմ 1896թ. համիդյան ջարդերի մասին։
Մեկ տարի անց՝ 1903թ.-ին, հոր կամքին հակառակ, Քարեն Եփփեն ուղևորվում է Ուրֆա քաղաք (այժմյան թուրք-սիրիական սահմանին)՝ միանալու Գերմանական Առաքելությանը։
Հայերեն, արաբերեն ու թուրքերեն սովորելու համար նրանից ընդամենը մեկ տարի պահանջվեց. նա ուներ հատուկ մեթոդ՝ հիմնված ձայնի ու պատկերի համադրման վրա։ Իր խնամքի տակ գտնվող երեխաներին էլ նա կրթեց այդ մեթոդով՝ երկու երրորդով կրճատելով երկրորդ լեզու սովորելու տևողությունը։ Նրա կազմակերպչական եւ մանկավարժական ունակությունները զարգանում էին օրեցօր։
1908թ. Քարենը վերադառնում է հայրենիք՝ դասախոսություններ կարդալու, սակայն նույն ժամանակ Կիլիկիայում (այժմյան Թուրքիայի Չուքուրովայի շրջանը) իրականացվում են նոր ջարդեր, որոնց զոհ է գնում շուրջ 20-30 հազար հայ։ Քարեն Եփփեն վերադառնում է։ Օսմանյան կայսրությունը լարված սպասումի մեջ էր։
Եվ կրկին՝ կոտորած։
Քարեն Եփփեն միայնակ փորձում է դիմադրել։
Նա ջուր և սնունդ է մատակարարում բռնագաղթող հայերի քարավաններին, որոնք դեպի սիրիական անապատի իրենց գերեզմանները ձգվող ճանապարհին՝ անցնում էին Ուրֆայով։ Ու չնայած ահագնացող սպանդին՝ նա շարունակեց աշխատել և օգնեց փախչել հազարավոր մարդկանց՝ նրանց քրդի ու արաբի շորեր փոխանցելով։ 1917թ.-ին իր տան նկուղում նա երկու տարի շարունակ պատսպարել է բազմաթիվ փախստական հայերի։ Հիվանդ և նյարդային խզման եզրին՝ Քարեն Եփփեն վերադառնում է Դանիա։
1921թ. Քարենը վերադառնում է Հալեպ՝ աջակցելու Ազգերի Լիգայի ջանքերին՝ Ցեղասպանության ընթացքում ստրկության ու սեռական շահագործման տարված հայ կանանց ու աղջիկներին որոնելու գործում։ 1922-23 թվականներին նա Հալեպում հիմնում է որոնումների և փրկության կայաններ։ Եվրոպայում հավաքված միջոցներով նա կարողանում է արաբ տերերից հետ գնել բազմաթիվ կանանց ու երեխաների։ Ցավոք, որոշ արաբներ հրաժարվում են վաճառել երեխաներին և նրանց մայրերը որոշում են մնալ իրենց գերեվարողների հետ։
Ընդհանուր առմամբ՝ Քարեն Եփփեի անձնազոհ ջանքերով գերությունից ու ստրկությունից փրկվում է 2000 հազար հայ կին։
Բեդվին մի արաբի հետ ունեցած շփումը, սակայն, մեծագույն բարիք բերեց։
Ոմն Հաջիմ փաշա Եփրատի շրջանի արևելքում հողատարածք ուներ։ Քարեն Եփփեն հավաքեց իր փոքրիկ վրանն ու գնաց նրա հետ հանդիպելու։ Հատկանշական է, որ դանիացի նպատակասլաց կինն ու բեդվին արաբը, պատրաստ շրջանցելու բոլոր նախապաշարմունքները, փոխադարձ հարգանքի ու ջերմության մթնոլորտում համաձայնություն կնքեցին։ Քարեն Եփփեն հանդիպումից վերադարձավ իբրև վարձակալ՝ ունենալով 30 ընտանիք կերակրելու համար բավարար գյուղատնտեսական հող։
Սա խաղաղության ու երջանկության մի շրջան էր։ Գլխավերևով հաճախ անցնող ֆրանսիական օդուժի օդաչուները միշտ ձեռքով ողջույն էին հղում մարդկանց։
Եվ ապա՝ 1935 թվականին, նա դուրս է գալիս իր տնից։ Քարենը երկար ժամանակ տառապում էր այն ժամանակներում անբուժելի հիվանդությամբ՝ մալարիայով, բայց վերջին նոպան առանձնակի ուժգնություն ուներ։ Նրան տեղափոխում են Հալեպի հիվանդանոց, որտեղ էլ կարճ ժամանակ անց նա մահանում է։
Քարեն Եփփեն ապրեց ընդամենը 59-ը տարի։ Նրա կյանքը կարճ էր, ձեռքբերումն՝ ահռելի։
Նա անգնահատելի ժառանգություն թողեց իր սիրած մարդկանց՝ հող, ապրուստ և ապագա։
Նրա հիմնած գյուղերից վեցը դեռևս գոյություն ունեն։
*Նկարները՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի եւ 100LIVES-ի
Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: