Հենրի Մորգենթաուն չափազանց խիզախ մարդ էր։
Մորգենթաուն, որպես ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից 1913 թվականին Օսմանյան կայսրությունում նշանակված դեսպան, իր գործունեության սկզբից բախվում է կայսրության տարածքով մեկ նախապատրաստվող զանգվածային ջարդերի մասին զեկուցագրերի ալիքին:
1915-ին, երբ Եղեռնը նոր էր թափ հավաքում, Մորգենթաուն դեռևս թերահավատորեն էր ընկալում տեսածն ու լսածը։
Մորգենթաուն ԱՄՆ կառավարությանը բազմիցս հորդորել է միջամտել՝ դադարեցնելու համար հայերի բնաջնջումը։ Հայտնի են նրա խոսքերը Թուրքիայի Ներքին գործերի նախարար Թալեաթ փաշային.
«Մեր ժողովուրդը երբեք չի մոռանա այս ջարդերը»։
1915թ. նա Պետդեպարտամենտին խնդրագիր է ուղարկում՝ միջոցներ հայցելով հայերին օգնելու համար և նախազգուշացնելով, որ ռազմական անհրաժեշտությամբ (ապստամբության կանխարգելման նպատակով) հայերի տեղահանությունն իբրև պատրվակ օգտագործելով՝ Թուրքիան իրականում նպատակ ունի բնաջնջել հայությանը։
Հաջորդող 15 տարիներին Մերձավոր Արևելքի Նպաստամատույցը (Near East Relief) կարողանում է հավաքել աներևակայելի գումար՝ 100 միլիոն դոլար (ներկայիս համարժեքով՝ մոտ 1 միլիարդ դոլար), որոնք ուղղվում են օգնություն և աշխատուժ հատկացնելուն, հիվանդանոցներ, ապաստարաններ և որբանոցներ կառուցելուն։
1915թ. ընթացքում Մորգենթաուի գլխավոր գործը բարձրաձայնելն էր՝ չկարողանալով անձամբ կասեցնել ահագնացող կոտորածը, նա ուզում էր վստահ լինել, որ աշխարհը տեղյակ է և տեսնում է՝ ինչ է կատարվում։
Ի վերջո, մոլեգնող կոտորածի հանդեպ պետությունների անտարբերությունից ցնցված, Մորգենթաուն 1916 թ. թողնում է դեսպանի պաշտոնը։
Նրա խոսքը մնայուն արժեք է:
«Ես այլևս չէի կարող շարունակել իմ ամենօրյա հարաբերություններն այն մարդկանց հետ, ովքեր թեպետ սիրալիր են ու բարեկիրթ, բայց կարող են 1 միլիոն մարդու արյուն հեղել»,- գրել է Մորգենթաուն՝ անդրադառնալով իր պաշտոնաթողության պատճառներին։
Երկու տարի անց նախկին դեսպանը հրապարակում է «Դեսպան Մորգենթաուի պատմությունը» վավերագրությունը, որում վեր է հանում զանգվածային սպանությունների ու տեղահանությունների վերաբերյալ ամբողջ ճշմարտությունը։ Նա բացահայտել է դեպի Միջագետքի անապատներ բռնի տեղահանության շղարշի ետևում ընթացող թալանն ու ավերածությունը՝ կոտորածների նոր մեթոդի էությունը։ Իր խոսքերով՝ տեղահանություն սկսելու մասին օսմանյան կառավարության արձակած հրամանն իրականում մի ամբողջ ազգի մահվան դատավճիռն էր։
Հենրի Մորգենթաուն ծնվել է 1856 թ. Գերմանիայի Մանհայմ քաղաքում, ունևոր սիգարագործի ընտանիքում։ Նա տասնմեկ երեխաներից իններորդն էր։ 1866 թ. Հենրին ընտանիքով տեղափոխվում է ԱՄՆ, որտեղ կրթություն ստանալով և հաջողակ իրավաբան դառնալով՝ հարում է Դեմոկրատական կուսակցությանը և ընկերական կապեր հաստատում Վուդրո Վիլսոնի հետ։
Չնայած նա առավելապես հայտնի է Օսմանյան կայսրությունում իրականացրած գործունեությամբ և, իբրև Ազգերի լիգայի փախստականների գործերով հանձնաժողովի նախագահ, կազմակերպել է Զմյուռնիայի 1923 թ. կոտորածներից հետո կենդանի մնացած հազարավոր մարդկանց փրկությունն ու տեղափոխումը, նրա կարեկցանքը միայն հայերի վրա չէ, որ տարածվում էր։
Նա մահացել է 1946թ.-ին, սակայն Հենրի Մորգենթաուի հրապարակումներն ու որդեգրած արժեքները շարունակում են նրա գործը։
*Նկարները տրամադրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը
Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: