«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությունն աշխարհի տարբեր երկրների արհեստավարժ մասնագետների աշխատանքի արդյունքն էր։ Մրցանակաբաշխության կազմակերպիչները ցանկանում էին մարդասիրության ոլորտում հանդիսավոր արարողության անցկացման նոր ձեւաչափ մշակել, եւ այդ աշխատանքի ընթացքում բազմազգ թիմին զարմանալիորեն հաջողվել է ընդհանուր լեզու գտնել։ «Մենք կարողացանք կառուցել մեր Բաբելոնյան աշտարակը»,- կատակում է «Ավրորա» անդրանիկ մրցանակաբաշխության ռեժիսոր Ալեքսանդր Ռեւզինը։
Առաջին մարդասերը
«Մարդասիրական պարգեւներն աշխարհում բավականին շատ են, եւ նման միջոցառումների անցկացման որոշակի չափանիշ է ձեւավորվել»,- ասում է Ռեւզինը։ «Սովորաբար արարողությունը տեղի է ունենում հանդիսությունների մեծ սրահներում։ Հյուրերին ուտեստներ են մատուցում, եւ դրան զուգընթաց՝ փոքրիկ բեմահարթակին մրցանակն է շնորհվում։ Իսկ մենք խնդիր ունեինք մրցանակաբաշխությունը շոու-բիզնեսի տարր չդարձնելու՝ այն առումով, որ այն չպետք է ցածրաճաշակ լիներ»,- նշում է ռուսաստանցի ռեժիսորը։ Պարտավորեցնող էր նաեւ այն, որ մրցանակաբաշխությանը հրավիրված էին բազմաթիվ պատվավոր հյուրեր, սակայն ամենից առաջ՝ պարտավորեցնող էր այն հատուկ ամսաթիվը, որն ընտրված էր մրցանակը շնորհելու համար. ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրը։
Բեմականացման առանցքային գաղափարի միտքը ռեժիսորը հղացավ արդեն Երեւանում։ «Առավոտյան արթնացա, պատուհանից տեսա Արարատը եւ հասկացա, թե ինչու այս մրցանակաբաշխությունը պետք է տեղի ունենա հենց Հայաստանում, Երեւանում։ Ըստ ավանդության՝ Նոյը երկար ժամանակ շրջում ու համոզում էր մարդկանց, որ փոխեն իրենց կենսակերպը, ցանկանում էր փրկել նրանց։ Այս առումով նա առաջին հումանիստն է, որը նոր աշխարհ կառուցեց։ Եվ քանի որ Նոյյան տապանն իջավ Հայաստանում՝ Արարատ լեռան վրա, Երեւանն իրավունք ունի համարվելու աշխարհի մարդասիրական մայրաքաղաք»,- բացատրում է Ռեւզինը։
Էրիկ Նազարյանի «Ավրորա» անիմացիոն ֆիլմը |
Արարատը հայտնվեց ռեժիսոր Էրիկ Նազարյանի «Ավրորա» անիմացիոն ֆիլմի առաջին իսկ կադրերում. այս ֆիլմի ցուցադրմամբ էլ ազդարարվեց արարողության մեկնարկը։ Տեսանյութը պատմում է Ավրորա Մարդիգանյանի մասին, որն ստիպված է եղել անցնել Հայոց ցեղասպանության սարսափների միջով։ Զուգահեռներ է անցկացվում նրա ողբերգության եւ մեր օրերի փախստականների ողբալի իրավիճակի միջեւ, ինչպես նաեւ խոսվում է այն մարդկանց մասին, որոնք այսօր, ինչպես մեկ դար առաջ հայերին փրկող միսիոներները, օգնության ձեռք են մեկնում կարիքավորին։ Հատուկ Նազարյանի ֆիլմի եւ «Ավրորա» մրցանակաբաշխության համար «System of a Down» լեգենդար ռոք խմբի մենակատար ու հիմնադիր Սերժ Թանկյանը գրել էր «Ավրորայի երազանքը» ստեղծագործությունը։
«Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ռեժիսոր Ալեքսանդր Ռեւզինը վերջին փորձին |
Սա առաջին դեպքը չէ, որ Էրիկ Նազարյանն իր ստեղծագործական աշխատանքում անդրադառնում է ցեղասպանության թեմային. նրա «Պոլիս» ֆիլմը նվիրված է հայերի կոտորածը վերապրածների մի ժառանգի։ Ռեժիսորի եւ Սերժ Թանկյանի համագործակցությունը նույնպես երկար տարիների պատմություն ունի, մասնավորապես՝ հենց Նազարյանն է նկարահանել Թանկյանի «Occupied Tears» երգի տեսահոլովակը։
««Ավրորայի երազանքը» ստեղծագործությունն իմ՝ վերջին տարիներին գրած լավագույններից է,- խոստովանում է Թանկյանը,- ուրախ եմ, որ ստեղծել եմ այն հենց 100 LIVES նախաձեռնության համար, որը հսկայական ջանքեր է գործադրում, որ հասարակության ուշադրությունը հրավիրի ժամանակակից ողբերգությունների եւ աշխարհը դեպի լավը փոխելուն ձգտող իրական հերոսների վրա։ Այս համատեքստում «Ավրորա» մրցանակի շնորհմանն առնչվող միջոցառումները հատուկ կարեւորություն ունեն»։
Հաշվի առնելով, որ ռեժիսորը ոգեշնչվել է Նոյի լեգենդից, զարմանալի չէ, որ արարողության սցենարում ընդգրկվել է խոհափիլիսոփայական մի քանի առակ։ Դրանք ներկայացրեցին հանդիսավոր միջոցառման վարողները՝ ամերիկացի լրագրող, խմբագիր եւ գրող Դեյվիդ Իգնաթիուսը եւ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը, որը նաեւ հյուրերին հիացրեց Բարսեղ Կանաչյանի «Օրորոցայինի» իր կատարմամբ։ «Ի սկզբանե ցանկանում էի արհեստավարժ հաղորդավարների հրավիրել, սակայն պարզվեց, որ կարելի է նաեւ այլ կերպ մոտենալ հարցին»,- ասում է Ալեքսանդր Ռեւզինը։
Հասմիկ Պապյանը՝ լինելով մրցանակի շնորհման արարողության Գեղարվեստական խորհրդի անդամ, իր մասնակցությունն է ունեցել նաեւ երաժշտական ստեղծագործությունների ընտրության գործում:
«Հենց սկզբից ես կողմ էի, որ այս արարողությունը լինի հենց հայկական, թեպետ մենք չենք շեղվել միջազգային չափանիշներից։ Ինձ մոտ գաղափարների տեղատարափ էր, սակայն ինձ հանգստացնում էին՝ թե սա վերջին արարողությունը չէ։ Ես հատկապես ցանկանում էի, որ ներկայացված լինի հայ երաժիշտների այն երիտասարդ սերունդը, որն արդեն հասցրել է հայտնի դառնալ։ Ես մտադիր էի նրանց բոլորին հավաքել, սակայն միջոցառման ձեւաչափը, ցավոք, թույլ չտվեց»,- բացատրում է Հասմիկ Պապյանը։
«Զույգ արեգակներ» բալետային ներկայացման փորձից մի դրվագ |
Տողատակում
Միջնադարյան Հայաստանի մշակույթը ներկայացված էր միջնադարյան ճգնավոր բանաստեղծ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»՝ բեմը զարդարող հսկայական ձեռագիր էջերի, ինչպես նաեւ այդ պոեմի հիման վրա բեմադրված «Զույգ արեգակներ» բալետի մի դրվագի միջոցով։ Հայաստանի ժողովրդական արտիստ, պարուսույց Ռուդոլֆ Խառատյանը Նարեկացու մոնումենտալ ստեղծագործության մեկնաբանության վրա սկսել էր աշխատել դեռ 25 տարի առաջ։ Խառատյանն աշխատում էր չշտապել, որպեսզի ինքն իրեն հնարավորություն տա զգալու այն առեղծվածային մթնոլորտը, որով պարուրված են Նարեկացու տողերը. այս պատճառով է, որ բալետի պրեմիերան կայացավ միայն 2015-ին։
«Ես ընտրեցի Նարեկացուն, որովհետեւ նա հավերժության եւ մարդասիրության խորհրդանիշն է։ Նրա ստեղծագործության փիլիսոփայությունն ու էզոթերիկ իմաստները չափազանց կարեւոր են մարդկության համար։ «Զույգ արեգակներ» բեմականացման մեջ չկա տարեգրություն, կա զուտ հավերժությունը, եւ այդ հավիտենականության մեջ ցեղասպանությունը մեր պատմության մի հատվածն է։ Մենք կարողացանք հաղթահարել այս ողբերգությունը եւ շարունակում ենք առաջ ընթանալ»,- ասում է Խառատյանը։
Հավերժության թեման արտացոլում է նաեւ մրցանակի արձանիկը, որի հեղինակն է երիտասարդ քանդակագործ Մանվել Մաթեւոսյանը։ Նրա աշխատանքը մրցութային հիմունքներով ընտրել է «Ավրորա» մրցանակի գեղարվեստական խորհուրդը։ Վեր ձգտող մարդկանց պատկերը մարմնավորում է մարդկության ձգտումը դեպի հոգեւոր արժեքներ ու վերածնունդ։
Հերոսների հետքերով
Մրցանակաբաշխությանը հատուկ դեր ունեցան մրցանակի չորս հավակնորդների մասին պատմող կարճամետրաժ ֆիլմերը, որոնք պատրաստել էր Անդրեյ Լոշակի նկարահանող խումբը։ Երկրագնդի ամենաաղքատ անկյուններ ուղեւորվելու համար ռուսաստանցի հայտնի լրագրողն ստիպված է եղել թողնել «Такие дела» պորտալի գլխավոր խմբագրի պաշտոնը։
«Մենք առհասարակ կենտրոնացած էինք ներքին օրակարգի վրա ..., ուստի երբ ինձ առաջարկեցին «Ավրորա» նոր միջազգային մրցանակի չորս հավակնորդների մասին ֆիլմեր նկարահանել, ես գրեթե ակնթարթորեն համաձայնեցի»,- «Կոմերսանտում» գրել էր Լոշակը։ Չնայած ֆիլմերի նկարահանումները գաղտնի էին պահվում ընդհուպ մինչեւ ապրիլի 24-ը, գործուղումների հետ կապված լուսանկարները պարբերաբար հրապարակվում էին Instagram-ի էջում։
Արարողության ընթացքում բեմ բարձրացած մարդկանց թվում էին հոլիվուդյան աստղ, օսկարակիր դերասան եւ բարերար Ջորջ Քլունին, լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Լեյմա Գբովեն եւ Շիրին Էբադին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար Գարեթ Էվանսը եւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի նախկին հատուկ ներկայացուցիչ Հինա Ջիլանին, ինչպես նաեւ մրցանակի համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանը եւ Ռուբեն Վարդանյանը։
Սակայն իրենց հեռուստացույցների եւ սմարթֆոնների էկրաններից երկու ժամից ավելի չկտրված հանդիսատեսի հետաքրքրությանն ամենաշատն, անշուշտ, արժանացան հենց հավակնորդները։ Մեր օրերի ամենամռայլ իրադարձությունների մտահոգ վկաները, այդ զարմանահրաշ մարդիկ մարդկության՝ ավելի լավ ապագայի հույսն են։ Իրենց անկեղծության շնորհիվ նրանք դարձան ոչ միայն արարողության գլխավոր դերակատարները, այլեւ դրա գաղափարի ոգին։
Օպերային երգիչ Գեւորգ Հակոբյանն ու «Հովեր» կամերային երգչախումբը |
«Ավրորա» անդրանիկ մրցանակաբաշխություն ավարտվեց Շառլ Ազնավուրի եւ Ժորժ Կառվարենցի «Քեզ համար, Հայաստա՛ն» պատմական երգով, որը գրվել էր 1989 թվականին՝ Հայաստանում Սպիտակի ավերիչ երկրաշարժից մեկ տարի անց։ Այն ժամանակ Ազնավուրը շուրջ 90 ֆրանսիացի աստղերի միավորեց իր բարեգործական նախագծի շուրջ. մասնակցություն ունեցան Վանեսա Պարադին, Սալվատորե Ադամոն, Ջեյն Բիրկինը, Միրեյ Մաթյոն, Մարինա Վլադին, Պատրիսիա Կաասը, Պիեռ Ռիշարը, Նանա Մուսկուրին եւ շատ ուրիշներ։ Ավելի քան մեկ միլիոն ձայնասկավառակի վաճառքից ստացված ողջ հասույթն ուղղվել է Հայաստանում երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակին։ Լեգենդար երգն արարողության ժամանակ հնչեց օպերային երգիչ Գեւորգ Հակոբյանի կատարմամբ եւ «Հովեր» կամերային երգչախմբի ձայնակցությամբ։
«Մրցանակաբաշխության հիմնական գաղափարն այն էր, որ մարդիկ, որոնք զրկանքներ, ցեղասպանություն, մահ են վերապրել, գոյատեւեցին եւ ուժեղացան։ Նրանք չընկճվեցին եւ այսօր պատրաստ են օգնության հասնել այլ ազգերի։ Հայ ժողովրդին փրկել են աշխարհի շատ ժողովուրդներ, իսկ այսօր հայերը վերադարձնում են իրենց հոգու պարտքը։ Սա օրինակ է, որը պետք է ցույց տա, որ մարդիկ պետք է մարդ մնան ու հիշեն այն, ինչ եղել է իրենցից առաջ։ Մենք գիտենք, թե ուր կհասնի այս մրցանակը, եւ ես արդեն պատկերացնում եմ, թե ինչպիսին է լինելու «Ավրորա» մրցանակի շնորհման 2017թ. արարողությունը»,- ասում է Ալեքսանդր Ռեւզինը։
Լուսանկարները՝ Էդգար Բարսեղյանի ©100 LIVES&AuroraPrize