Լիբանանի զինված ուժերում փայլուն կարիերան գեներալ Փանոս Մանջյանին հասցրեց պետական նախարարի պաշտոնի։ Ռազմական տաղանդը նա ժառանգել է նախնիներից․ պատերազմների միջով անցել են Փանոսի ե՛ւ հայրը, ե՛ւ պապը, ե՛ւ մեծ պապը։ Մանջյանների ընտանիքը սերում է Մուսա լեռից՝ այդ շրջանի բնակիչները քաջ ռազմիկների համբավ են ձեռք բերել 1915-ի ամռանը կազմակերպված հերոսական ինքնապաշտպանության շնորհիվ։
Ապագա գեներալ Մանջյանին անվանակոչել են ի պատիվ պապի։ Ավագ Փանոսը ծնվել է Կիլիկիայի Վագըֆ բնակավայրում՝ Մուսա լեռան լանջերին գտնվող վեց հայկական գյուղերից մեկում։ 1894-1896թթ. տեղի ունեցած առաջին հայկական ջարդերից առաջ նա Մուսա լեռան հարավային լանջերին նարինջ ու խուրմա էր աճեցնում։ Հայերի վրա հարձակումների մասին տեղեկանալով՝ գյուղացին վերցնում է որսորդական հրացանն ու որպես կամավոր գրանցվում հայրենակիցների՝ հարազատ հողին ապրելու իրավունքը պաշտպանող լեգենդար հայդուկ Գեւորգ Չաուշի աշխարհազորայինների ջոկատում։
Ազգային-ազատագրական շարժման ինքնաբուխ ալիքը որոշակի արդյունք տվեց, սակայն Աբդուլ Համիդ II սուլթանի վարչակարգը միայն ժամանակավորապես թուլացրեց ճնշումները։ 1915-ի մայիսին մուսալեռցիներն իմացան օսմանյան նոր իշխանությունների խիստ հակահայկական քաղաքականության մասին․ սկզբում տեղահանվեց հարեւան գավառների բնակչությունը, այնուհետեւ Մուսա լեռան բոլոր գյուղերի բնակիչներին հրահանգվեց յոթ օրվա ընթացքում լքել տներն ու միանալ Սիրիայի անապատներ ուղեւորվող քարավաններին։ Այս պահանջը չկատարելու դեպքում սպառնում էին ոչնչացնել նրանց։
Փանոսն այն մարդկանցից էր, որոնք կողմ էին ինքնապաշտպանության կազմակերպման առաջարկին։ Մերձակա մի քանի գյուղերի ավելի քան 5000 բնակիչ բարձրացավ Մուսա լեռան գագաթն ու սկսեց պաշտպանական գծի կառուցումը։ Ավագ Մանջյանն ապստամբների ձեւավորած պաշտպանության կոմիտեի կազմում էր։
Մուսալեռցիները, զինված լինելով ընդամենը մի քանի հարյուր հրացանով, 43 օր հերոսաբար հետ էին մղում օսմանյան բանակի լավ զինված ստորաբաժանումների գրոհները։ Մինչդեռ քանակով այդ ստորաբաժանումները տասնյակ անգամ գերազանցում էին մուսալեռցիներին։
«Մեր ցեղի գրեթե բոլոր տղամարդիկ զոհվել են մարտերում,- ասում է գեներալ Մանջյանը,- երբ ապստամբների զինամթերքն ու սննդի պաշարները սպառվեցին եւ դիմագրավելու համար գրեթե ուժ չէր մնացել, պաշտպանության խորհուրդը ծանր որոշում ընդունեց․ տղամարդիկ վերջին ճակատամարտը կտան թուրքերին եւ մահը կդիմավորեն պայքարում, իսկ կանայք եւ երեխաներն անդունդից ծովը կնետվեն։ Պապս արդեն պատրաստվում էր հրաժեշտ տալ կնոջն ու որդիներին, երբ հետախույզները տեղեկացրին նկատված ֆրանսիական ռազմական նավի մասին»։
Սեպտեմբերի 5-ին «Գիշեն» հածանավի նավաստիները նավ բարձրացրին պատգամաբերին, որը պատմեց տեղի ունեցածի մասին։ Միջերկրական ծովի արեւելյան հատվածում Ֆրանսիական նավատորմի հրամանատարը՝ փոխծովակալ Դարտիժ դյու Ֆուրնեն, հրամայեց տարհանել հայերին։ Գործողությունը տեւեց երկու օր։
Սեպտեմբերի 14-ին Մանջյանների ընտանիքին ու Մուսա լեռան՝ հրաշքով ողջ մնացած այլ պաշտպաններին բերեցին Պորտ Սաիդ եգիպտական քաղաք եւ տեղավորեցին վրաններում։ «Մինչ կանայք ու երեխաները տեղավորվում էին գաղթականների ճամբարում, տղամարդիկ ցանկություն հայտնեցին շարունակել պայքարն օսմանցիների դեմ։ Պապս համալրեց Անտանտի կողմից պատերազմող Հայկական լեգեոնի շարքերը։ Նա շարունակեց պայքարել այն մարդկանց դեմ, որոնք իրեն զրկել էին տնից եւ սպանել իր եղբայրներին»,- պատմում է Մանջյանը։
Օսմանյան կայսրության պարտությունից հետո հարավային Կիլիկիայի տարածքն անցավ ֆրանսիացիների վերահսկողության տակ։ Մուսա լեռան հայերը վերադարձան իրենց տներն ու սկսեցին թալանված գյուղերի վերականգնումը։ Փանոսը կրկին նարինջ էր աճեցնում ու ոչխար պահում։ 1921-ին Մանջյանների ընտանիքում ծնվեց Անդրանիկ որդին՝ Փանոս կրտսերի ապագա հայրը։
Փանոս Մանջյանի հայրը՝ Անդրանիկ Մանջյանը |
Նոր հայրենիք
Սակայն խաղաղ կյանքը կրկին ընդհատվեց․ 1939-ի հունիսին Փարիզը տեղի տվեց Անկարայի ճնշումներին ու համաձայնեց Թուրքիային փոխանցել Մուսա լեռը ներառող Խաթայ նահանգը։ Այդ գործարքից հետո մուսալեռցիների մեծ մասը, այդ թվում՝ Մանջյանները, ստիպված էր կրկին լքել հայրենիքը։ Նրանք տեղափոխվեցին Լիբանան եւ սարերում՝ Բեքաա հովտի արեւելքում, հիմնեցին Անջար քաղաքը, որի վեց թաղամասերը մինչ օրս կրում են Մուսա լեռան գյուղերի անունները։
Չափահաս դառնալով՝ Մանջյան գեներալի հայրը հավատարմության երդում տվեց ֆրանսիական զենքին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո ծառայեց Վիշիի վարչակարգի բանակում։ Սակայն կարճ ժամանակ անց, հիասթափվելով կոլաբորացիոնիստներից, Մանջյանն անցավ գեներալ Շառլ դը Գոլի կողմը։ Հայկական լեգեոնի կազմում նա պայքարում էր Պաղեստինը ֆաշիստներից ազատագրելու համար։ Լիբանանում սեփական ռազմական ուժերի ձեւավորումից հետո Անդրանիկը տուն վերադարձավ եւ սկսեց ծառայել երիտասարդ հանրապետության բանակում։ 1952-ին ծնվեց նրա որդի Փանոսը, որին 58 տարի անց վիճակված էր դառնալ կառավարության անդամ։
Փանոս Մանջյանի ծնողները |
Ընտանիքի կրտսեր զավակ Փանոսը մանկուց երազում էր զինվորականի կարիերայի մասին, սակայն բանակում պատահական է հայտնվել։ «Երբ սովորելու նպատակով եկա Բեյրութ, պարզվեց, որ համալսարանական կրթությունը թանկ է,- պատմում է գեներալը,- ամաչում էի հայրիկիցս գումար խնդրել, այդ պատճառով որոշեցի ընդունվել այն հաստատությունը, որտեղ ուսումն անվճար էր»։ Այդպես Մանջյանը դարձավ ռազմական ուսումնարանի կուրսանտ։
Սովորելը դժվարությամբ էր տրվում․ Փանոսն արաբերենին լավ չէր տիրապետում։ 270 կուրսանտից նա միակ ոչ արաբն էր, եւ դա շատ պարտավորեցնող էր։ «Լիբանանցի սպաների աչքերում ես հայ համայնքի ներկայացուցիչ էի։ Իմ նպատակն էր նրանց ապացուցել, որ հայը կարող է Լիբանանն ավելի անձնվիրաբար սիրել, քան իրենք,- ասում է գեներալը,- ուզում էի համոզել նրանց, որ հայերը մարտիկներ են։ Կարծում եմ՝ որոշ չափով դա ինձ հաջողվեց»։
Փանոս Մանջյանը ուսանողության տարիներին |
Երբ երկրում սկսվեց քաղաքացիական պատերազմը, Մանջյանը նոր էր ավարտել ռազմական ուսումնասարանը։ Որպես դասակի հրամանատար՝ երիտասարդ լեյտենանտը մասնակցում էր ավազակախմբերից Արեւելյան Բեյրութի ռազմավարական օբյեկտների ազատագրմանը։ Հավատարիմ մնալով երդմանը՝ նա կարողացավ օգնել լիբանանցի հայերի ինքնապաշտպանական ջոկատների ձեւավորմանը։ Մանջյանին հաջողվեց զգալի ներդրում ունենալ Բեյրութի՝ անկարգությունների ժամանակ չեզոքություն պահպանող հայկական թաղամասերի պաշտպանության գործում։
1983-ին արդեն կապիտան Մանջյանը ծանր վնասվածք ստացավ մարտի ժամանակ եւ գրեթե կես տարի մնաց հիվանդանոցում։ Ապաքինվելուց հետո կապիտանին ուղարկեցին ԱՄՆ՝ տանկային մարտարվեստ ուսանելու։ Ութ տարի նա խորացնում էր իր ռազմական վարպետությունը Կանզասում եւ Կենտուկիում, այնուհետեւ որակավորումը բարձրացնում Կանադայի ռազմական ակադեմիաներից մեկում։ Ուսումից հետո Մանջյանը վերադարձավ հայրենիք։ Ծառայության ընթացքում հասնելով Լիբանանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնին՝ գեներալ-գնդապետ Մանջյանը պաշտոնաթող եղավ 2005-ին։
Փանոս Մանջյանն ընտանիքի հետ |
«Սկզբում քաղաքականությունն ինձ առանձնապես չէր գրավում։ Բայց Լիբանանի նման երկրներում եթե դու չես հետաքրքրվում քաղաքականությամբ, քաղաքականությունն է սկսում հետաքրքրվել քեզնով,- պարզաբանում է գեներալը,-ես երազում էի ծառայել երկրիս եւ պատրաստ էի դա անել ցանկացած դերում։ Այդ պատճառով ինձ համար պատիվ համարեցի, երբ 2010-ին նախագահ Միշել Սուլեյմանն ինձ առաջարկեց ընդգրկվել կառավարության կազմում՝ Դաշնակցության քվոտայով։
Պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության պետական նախարարի պաշտոնում Փանոս Մանջյանն աշխատել է 2,5 տարի: Դա բանակի համար բարդ ժամանակ էր: Սիրիական զորքերի՝ երկրից դուրս գալուց հետո զինված ուժերի առջեւ ծառացել էր վերակազմավորման հարցը, որի համակարգումը հանձնարարվել էր Մանջյանին: Այդ պատասխանատու գործն իրականացնելով՝ գեներալը լքեց պաշտոնը եւ ողջ ուշադրությունը կենտրոնացրեց ընտանիքի ու հայ համայնքի վրա:
Փանոս Մանջյանը հայտնի եւ հարգված մարդ է Լիբանանում: Տեղի հայերը տարբեր հարցերով հաճախ դիմում են նրան, բայց առանձնահատուկ հարգանք նա վայելում է հարազատ Անջարում: Ամեն տարվա սեպտեմբերի 14-ին Մուսա լեռան պաշտպանների փրկության պատվին նա անձամբ ավանդական հարիսա է եփում քաղաքի գլխավոր հրապարակում: Այդպես ժառանգները հարգում են հիշատակն իրենց հերոս նախնիների եւ ֆրանսիացի նավաստիների, որոնց պարտական են իրենց կյանքի համար:
Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: