Ստամբուլի «Արաս» հայկական հրատարակչատունն արդեն քսան տարուց ավելի է Թուրքիայի հանրությանն առերեսում է հայոց պատմությանը, գրականությանն ու արվեստին: Հրատարակչատան հիմնադիր Եդուարդ Թովմասեանը գտել է հարեւան ժողովրդի հետ երկխոսության իր բանաձեւը:
«Եթե հարեւան ժողովուրդը քո գրածը չի կարող կարդալ, քո ֆիլմերը, քո թատրոնը չի կարող դիտել, ուրեմն ասելու մի ձեւ պիտի գտնենք, որ երբ մեր ֆիլմը, մեր պատմվածքը, մեր վեպը, մեր բանաստեղծությունը կարդա կամ դիտի, հասկանա»,- ասում է նա:
Եդուարդ Թովմասեանը կամ ինչպես մտերիմներն ու ընկերներն են ասում՝ Թոմոն, ծնվել է 1949 թվականին Ստամբուլի Եդիքուլե թաղամասում: Թոմոն արմատներով այսօրվա Թուրքիայի Բալկանյան հատվածի (Թրակիա) Չորլու եւ Թեքիրդաղ քաղաքներից է: Մեծ հայրը` Ղազարոսը, փոքր տարիքում Չորլուից տեղափոխվել է Պոլիս` աշխատելու: Տարիներ անց պատմական Եդիքուլե թաղամասում հիմնել է ընտանեկան սրճարան, որտեղ աշխատել է որդիների ու կնոջ` Թագուհու հետ: Եդուարդ Թովմասեանի հայրը` ոսկերիչ Պետրոսը, ծնվել է Պոլսում 1908 թվականին։ Ընտանիքն, ապրելով Պոլսում, կարողանում է խուսափել 1915-ի տեղահանությունից ու ջարդերից. «Ստամբուլում միայն երեւելի անձնավորությունները տեղահանությունների ենթարկվեցին, իսկ հասարակ ժողովրդին շատ ձեռք չերկարեցին։ Մտավորականներն էին, եկեղեցականները, աչքի զարնող երեւելի անձնավորությունները տարան, ոմանք կես ճամփին սպանվեցին, ոմանք ուժասպառ Դեր Զոր ու Հալեպ հասան»: Ընտանիքի հիշողության մեջ, սակայն, Հայոց ցեղասպանությունը թողել է իր դրոշմը:
Նախնիների պատմությունը
«Ղազարոսը` մեծ հայրս, Սոֆիկ անունով կին է ունեցել իմ մեծ մայրիկի հետ ամուսնանալուց առաջ, որից ունեցել է երեք զավակ` Կարպիս, Աղավնի եւ Մարտիկ: Մարտիկն ամենափոքրն էր: Խորթ մեծ մայրիկս, որ շատ գեղեցիկ աղջիկ է եղել՝ բարձրահասակ, կապույտ աչքերով, թոքախտով է հիվանդանում եւ մահանում է հիվանդությունից»,- պատմում է Թոմոն:
Միայնակ մնացած Ղազարոսը որոշում է երկրորդ անգամ ամուսնանալ, որ կարողանա խնամել իր երեք երեխաներին: Ազգականներն ասում են, թե Չորլուում մի աղջիկ կա` Թագուհի անունով, եւ միջնորդում են, որ Ղազարոսն ու Թագուհին ամուսնանան: Որպեսզի Թագուհին հեշտ համաձայնի ամուսնանալ ամուրի մնացած Ղազարոսի հետ, միջնորդ ազգականն ասում է, որ Ղազարոսը երկու երեխա ունի: Երբ Թագուհին գալիս է Ստամբուլ եւ պարզում, որ Ղազարոսը երեք երեխա ունի, իրեն խաբված է զգում ու բարկացած ասում է, թե չի խնամի երրորդ երեխային: Որպեսզի չխարխլվի նորաստեղծ ընտանիքի հիմքը, Ղազարոսի ծնողները Մարտիկին իրենց հետ տանում են Չորլու:
Կարպիս, Աղավնի, Պետրոս եւ Սարգիս Թովմասյանները |
1915-ին, երբ սկսվում են հայերի տեղահանությունները, իրենց հայրենի բնակավայրից տեղահանվում են նաեւ Ղազարոսի ծնողներն ու Մարտիկը. «Ասում են, որ մինչեւ Կենտրոնական Անատոլիա՝ Կոնիա են գնացել։ Դրամ ունեին, Կոնիայից հետո դրամը վերջացել է, ու ստիպված սկսել են քայլել: Այդ ճանապարհից ոչ մեկ հետ չի վերադառնում, Մարտիկն էլ չի վերադառնում։ Մահացե՞լ է, կորե՞լ է՝ անհայտ է»:
1916-1923թթ. ցեղասպանությունից փրկված անօթեւան հայերից շատերը գալիս ապաստան էին գտնում Պոլսի Սամաթիա թաղամասի հայկական եկեղեցու ու դպրոցների հարակից շենքերում, մինչեւ գործ ու օթեւան կգտնեին: Ամեն անգամ, երբ նոր մարդիկ էին գալիս, Թագուհին գնում էր Մարտիկին փնտրելու, սակայն ապարդյուն:
«Երբ պետությունն այդ կայանը փակեց, ու մերոնք այլեւս չէին կարող երկիր ներս մտնել, Թագուհին սեւ հագնվեց ու մինչեւ կյանքի վերջը սեւ հագուստը վրայից չհանեց, որովհետեւ որոշեց, որ կամ Մարտիկը մեռած է, կամ էլ կորել է, ու ինքն է դրա պատճառը,- պատմում է Թոմոն,- այսպիսի մտատանջության մեջ մտավ կինը ու մինչեւ մահանալը սգակիր ապրեց, կարծես իր զավակը մեռած-թաղած լիներ»:
Հետագայում Թոմոն ու նրա քույրը` պոլսահայ գրող Թագուհի Թովմասյանը, շարունակում են փնտրել Մարտիկի հետքը, սակայն ոչինչ չեն գտնում:
Թագուհի տատը որդիների՝ Պետրոսի եւ Սարգիսի հետ |
Ղազարոսն ու Թագուհին երկու զավակ են ունենում՝ Պետրոսը՝ Թոմոյի հայրը, եւ Սարգիսը: 1940-ականներին, երբ Թուրքիայում ուժի մեջ է մտնում ունեւորության հարկը նրանք կորցնում են ողջ ունեցվածքը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիայի կառավարությունը երկրի քաղաքացիներին պարտավորեցնում է վճարել ունեւորության հարկ, սակայն այն կիրառվում է հիմնականում ազգային փոքրամասնությունների` հայերի, հույների եւ հրեաների նկատմամբ՝ նրանց ունեզրկելու նպատակով:
Եդուարդ Թովմասեանի Թագուհի տատը թոռների հետ |
Եդուարդ Թովմասեանի մայրը` Մարին, արմատներով նույնպես Չորլուից է: Թոմոն պատմում է, որ այն ժամանակ սովորություն կար՝ ամուսնանալ նույն շրջանի կամ քաղաքի աղջիկների հետ, որովհետեւ սովորույթներն էին նույնը, խոհանոցը, ապրելակերպը: Մարիի ծնողները` Արմաշն ու Ագապին, կարողացել են փրկվել ջարդերից, քանի որ այդ ժամանակ ապրել են Չաթալջայում, եւ Չաթալջայի համայնքապետը չի ենթարկվել կենտրոնից եկած հրամանին ու արհեստներով զբաղվող հայերին չի տեղահանել։ Մինչդեռ Չորլուում մնացած բոլոր հարազատները տեղահանվել են՝ նրանցից քչերն են վերադարձել:
Պետրոսի ու Մարիի ավագ զավակն իր ողջ կյանքը նվիրել է ուսմանն ու գրականությանը: Թոմոն ուսանել է Սամաթիայի կաթոլիկ քույրերի «Անարատ հղիություն» վարժարանում, այնուհետեւ տեղափոխվել Սկյուտար (Ուսկյուդար)` սովորելու հայտնի Դպրեվանքում: Հետո Ստամբուլի համալսարանում ուսումնասիրել է դասական լեզուներ, հատկապես՝ գրաբար, որպեսզի Պոլսի հայկական դպրոցներում հայերեն դասավանդի: Դպրոցներում աշխատանք գտնել չի հաջողվում քաղաքական հայացքների ու ձախական գաղափարների պատճառով:
1971 թվականին Թոմոն ամուսնանում է Փայլինեի հետ, որին հանդիպել էր Դպրեվանքի սանոց միությունում։ Եդուարդն ու Փայլինեն երկու զավակ ունեն` Միհրանն ու Պետրոսը: Միհրան Թովմասյանն Ստամբուլում բավականին հայտնի «Չըփլաք այաքլար» (Բոբիկ ոտքեր) թատերախմբի գեղարվեստական ղեկավարն է:
Եդուարդ Թովմասեանը մոր՝ տիկին Մարիի հետ |
«Մեր արած գործը դյուրին գործ չէ»
Տարիներ շարունակ գրական գործունեությամբ զբաղված Եդուարդ Թովմասեանը, Պոլսի հայալեզու «Մարմարա» թերթի համար աշխատելուց հետո, 1993 թվականին ընկերների` Հրանտ Դինքի, Մկրտիչ եւ Արտաշես Մարկոսյանների հետ որոշում է հիմնադրել «Արաս» հրատարակչատունը: «Պոլսահայ համայնքը դժվար օրեր էր ապրում, ձայն հանել չէր կարող, սուս ու փուս իր պատյանի մեջ քաշված ապրում էր, երբեմն չէիր կարող դիմանալ, պոռթկում կար, բայց ինչպես անել, մեծ համայնք չենք»,- նշում է Թոմոն: Թուրքիայի հանրությանը հայ համայնքն ու հայության ողջ էությունը, պատմությունն ու անցած ուղին ներկայացնելու մղումով էլ ստեղծվում է «Արասը»: Հրատարակչատունը հիմնականում ներկայացնում է հայ գրողների թուրքերեն թարգմանված աշխատանքներ, Թուրքիայում բնակվող հայ հեղինակների թուրքերեն գրքեր եւ օտարազգի (նաեւ թուրք) հեղինակների հայերին ու հայկական հարցին առնչվող գրքեր։ Հրատարակվում են նաեւ հայերեն գրքեր. 23 տարվա ընթացքում «Արասը» շուրջ 170 գիրք է հրատարակել:
«Մեր արած գործը դյուրին գործ չէ՝ թե՛ բարոյապես, թե՛ նյութապես: Մենք աշխատում ենք այսպիսի կեցվածքով` առանց դիմացինի աչքը հանելու հարցը սեղանի վրա դնել, առանց գոռալու, որքան որ համեստ կարող ենք լինել, այդպիսի համեստության մեջ` առանց որակը կորցնելու եւ աշխատելով որակը բարձրացնել»,- ասում է Թոմոն:
«Արասի» գործունեությունը եւ հրատարակած գրքերը զգալիորեն փոխել են Թուրքիայի հատկապես մտավորական շրջանակի վերաբերմունքը հայության ու հայկական խնդիրների նկատմամբ. «Մեր գործը հասարակ ժողովրդի համար է, բայց ակադեմիականներն էլ էին անտեղյակ մեր հարցի մասին: Առնչվելով հայկական հարցի հետ` արթնություն բերեցինք, ցնցեցինք երեւի: Այսօր շատերն այս գործով են զբաղվում, շատ ուրախ եմ դրա համար, բայց մեր առաքելությունը դեռ ավարտված չէ»:
Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: