Վերա Անուշ Նազարյան

Վերա Անուշ Նազարյան

Վերա Անուշ Նազարյանը՝ INICIAR գլոբալ գործողությունների հիմնադրամի հիմնադիրն ու գլխավոր գործադիր տնօրենը, արդեն 7 տարի է Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցչության խորհրդականն է։ Նա մարդու իրավունքների գծով մագիստրոսի կոչում է ստացել Կոլումբիայի համալսարանում եւ մասնագիտացած է կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում։ Նա իր ողջ կյանքը նվիրել է Հայաստանում ու Արգենտինայում խոցելի համայնքներին աջակցելուն ու մարդասիրական աշխատանքին։ 
 

Գործարարի ոգով այս կինն իր ժամանակը կիսում է Նյու Յորքի, Բեյրութի, Մոնտեվիդեոյի եւ Բուենոս Այրեսի միջեւ ու ինքն իրեն համարում է «աշխարհի քաղաքացի»։ Թեեւ նա միշտ շարժման մեջ է, սակայն աշխատում է տարվա ընթացքում գոնե մեկ անգամ անպայման այցելել Հայաստան։

Վերան ծնվել է Արգենտինայում, բայց ավելի քան 30 տարի ապրել է Միացյալ Նահանգներում։ Նրա դեմքը պայծառանում է, երբ իր նախնիների հողի մասին է խոսում։ «Հայաստանին՝ իմ հայրենիքին, իմ ժողովրդին, ծառայելն ինձ համար մեծ պատիվ ու առավելություն է», - պնդում է նա։ Հայ լինելով հպարտ՝ Վերան հավերժացնում է իր ծնողների՝ Վերա եւ Գեւորգ Կարագյոզյանների ժառանգությունը, ովքեր Արգենտինայի հայ համայնքի հիմնասյուներից էին։

Լույս՝ խավարում

Կարագյոզյաններն Ադանայում տեքստիլ արտադրող եւ սեփական հողատարածքներ ունեցող հայտնի ընտանիք էին։ Վերայի պապը՝ Ասատուր Կարագյոզյանը, ծնվել է Գեւորգ Կարագյոզյանի երկրորդ ամուսնությունից։ 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնջման ընթացքում Գեւորգին եւ իր առաջին ամուսնությունից ունեցած երկու ավագ երեխաներն գլխատել են Ադանայի հանրային հրապարակում։ 

Կոտորածների ժամանակ Ասատուրը մոտ 20 տարեկան էր եւ կարողացավ փրկվել միայն հարեւանի խիզախության շնորհիվ։

«Թուրք հարեւանն Ասատուրին իր տանը թաքցրեց, սակայն հետո մեկ այլ հարեւան մատնեց նրան։ Հարեւանն ստիպված եղավ պապիկիս խնդրել հեռանալ, այլապես իր ամբողջ ընտանիքն էր հայտնվում վտանգի տակ»,- պատմում է Վերան։ Ասատուրի երեք խորթ քույրերը՝ Լուսաբեր, Մարիամ եւ Էսթեր Կարագյոզյանները, որոնք ծնվել էին Գեւորգի երրորդ ամուսնությունից, փրկվեցին ամերիկացի միսիոներների ջանքերով։ Այս տարի ես պարզեցի, որ մի եղբայր էլ կար՝ Փանոս անունով մի մանուկ։ Նա իր մոր գրկում էր, երբ նրան սպանեցին», - պատմում է Վերան։

Այդ խառը ժամանակներում Ասատուրն ամուսնանում է Հայկանուշ Սիմսիրողլուի՝ Ադանայից հայ մի օրիորդ հետ։ «Տատիկս դպրոցից էր վերադառնում, 16 տարեկան էր, եւ իր ընտանիքն իրեն ասաց, որ միայնակ չլինելու եւ փախչելու հնարավորություն ունենալու համար ավելի լավ է ամուսնանալ»,- պատմում է Վերան։ Հետեւելով այդ խորհրդին, երիտասարդ զույգն ուղեւորվում է դեպի Ստամբուլ։ Այնտեղ հասնելուն պես, Ասատուրը սկսում է տեքստիլի իրենց ընտանեկան բիզնեսը։

Ասատուրը երբեք չմոռացավ իր թուրք հարեւանի խիզախությունը եւ շարունակաբար իր երախտագիտությունն էր ցուցաբերում վերջինիս. «Երկար ժամանակ պապս նրան տեքստիլից արտադրանք էր ուղարկում՝ ի նշան երախտագիտության այն բանի համար, ինչ հարեւանն արել էր։ Սակայն վերջին իր ուղարկած նվերը հետ են վերադարձրել։ Մենք այդպես էլ չիմացանք, թե ինչ էր տեղի ունեցել», - ասում է Վերան։ 

 

                              Վերա Անուշն իր ծնողների՝ Վերա եւ Գեւորգ Կարագյոզյանների հետ 

Ասատուրն ու Հայկանուշն իրենց չորս զավակներին տվեցին հնարավորինս լավագույն կրթությունը։ Նրանք սովորել են միջազգային դպրոցներում ու բազմաթիվ լեզուների են տիրապետում։ Գեւորգ Կարագյոզյանը՝ Վերայի հայրը, սովորել է տեքստիլի  արտադրության ոլորտում Գերմանիայում։ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ նա վերադարձել է Ստամբուլ՝ զինված ուժերում ծառայելու։ «Հայրս հեծելազորից էր, եւ քանի որ շատ լեզուների էր տիրապետում, ադմինիստրատիվ աշխատանք էր կատարում։ Գնդապետի համար թարգմանություններ էր անում։ Նրա ընկերներն իրեն ասացին, որ Գերմանիայի հաղթանակի պարագայում Թուրքիան կոչնչացնի հայերին, հույներին ու հրեաներին»,- հիշում է Վերան։   
 

Բնակավայր առանց մզկիթների  

Մի քանի տարի անց Կարագյոզանները որոշում են հեռանալ Ստամբուլից։ «Պապս ասել է. «Մենք գնում ենք առանց մզկիթների մի վայր»»,- հիշում է Վերան։ 1950թ. նրանք ժամանել են Բուենոս Այրես։ Գեւորգը մնացել է Թուրքիայում՝ ընտանեկան բիզնեսի հետ կապված որոշակի հարցեր կարգավորելու համար։ «Այդ ժամանակ հայրս ամուսնության առաջարկ է անում մորս՝ ասելով, որ պետք է մեկնի Արգենտինա ու խոստանալով վերադառնալ նրա հետեւից, երբ այնտեղ բնակության հարցերը կարգավորի։ Մայրս ասել է՝ «եթե գնաս, մի՛ վերադարձիր»։ Ընդամենը 30 օր անց նրանք նշանադրվեցին ու ամուսնացան», - ծիծաղում է Վերան։

Մայրը՝ Վերա Գույումջյանը, ստամբուլահայ գեղեցիկ մի օրիորդ էր։ Նրա ընտանիքը նույնպես տեքստիլի արտադրողներ էին, եւ Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքն իրենց տան հաճախակի հյուրն էր։ «Եկեղեցին կարեւոր դեր էր խաղում մորս ընտանիքում։ Մայրս իր հարազատ եղբայրների ու քույրերի հետ միասին բոլոր շարականներն անգիր գիտեին», - պատմում է Վերան։

1915թ. ապրիլի 24-ին հայ մտավորականներին ու համայնքի ղեկավարներին Ստամբուլում ձերբակալեցին։ Նրանց թվում էր նաեւ Սքոն Դերմենջյանը՝ Վերա Գույումջյանի քեռին։ «Նրան հետագայում ազատ արձակեցին, կարծում եմ, որովհետեւ նա դեղագործ էր, ով կարող էր դեղորայք պատրաստել թուրք առաջնորդներից մեկի համար», - ասում է Վերան։ 

 

Գույումջյանների ընտանիքը. Շաքե եւ Քերոբ Գույումջյանները (Վերա Անուշի տատիկն ու պապիկը) եւ Սիլվան, Կարոն ու Վերան (կանգնած, ձախից աջ) 

Երկու կաթիլ ջուր

Արգենտինայում ընտանիքը շարունակեց զբաղվել տեքստիլի արտադրությամբ։ Գեւորգ Կարագյոզյանը Բուենոս Այրես նահանգի Սան Մարտին քաղաքում գույք գնեց, որը հետագայում դարձավ հայտնի «Կարատեքս» ընկերության առաջին գործարանը։ «Գործարանը հիմնադրելուց առաջ, հայրս ցանկանում էր ինչ-որ բան իր հարեւաններին տալ։ Նա հարեւաններին ապահովեց խմելու ջրով։ Հայրս ասում էր՝ «եթե ես որեւէ բան չտամ այս համայնքին, ուրեմն ոչինչ չեմ կարողանա անել» եւ նա ճիշտ էր։ Իմ ծնողներն իսկական հումանիստներ էին», - ասում է Վերան։

Վաթսուն տարի անց Վերան նույն ճանապարհին հայտնվեց։ «Անհավատալի է, թե ինչպես ամեն բան համընկավ։ Iniciar հիմնադրամում մենք երկար ժամանակ աշխատում էինք խոցելի համայնքների ջրի խնդիրը լուծելու ուղղությամբ։ Անցյալից մի մաս հասավ ինձ՝ տպավորված էի»,- ասում է Վերան։

 

Վերա Անուշն Էլ Իմպենետրաբլի գյուղական դպրոցում, Չակո, Արգենտինա: Այս դպրոցը նրա հիմնադրամի կողմից աջակցություն է ստանում:

Ընտանիքը բնակություն հաստատեց Բուենոս Այրես նահանգի Վիսենտե Լոպեզ բնակավայրում եւ ժամանման պահից սկսած՝ սիրահարվեց երկրին։ Վերան մանրամասնում է. «Իմ ծնողները ներգաղթյալներ էին, ովքեր ընդունեցին Արգենտինան ու սիրեցին այն իրենց սեփական հայրենիքի պես։ Մայրս ազգային տոներին ամբողջ պատշգամբում արգենտինական դրոշներ էր դնում։ Դա նույնպես երախտագիտության մի ձեւ էր, եւ ահա այդ ոգով էլ մեզ էին դաստիարակել»։ 
 

Չմոռանալով անցյալը

Արգենտինայի նկատմամբ նոր առաջացած սերն ամենեւին չէր նշանակում, որ ընտանիքը մոռացել է իր արմատները։ Կարագյոզյանները միշտ հիշում էին իրենց ծագման մասին։

Ասատուրը Վիսենտե Լոպեսում մի հողատարածք գնեց իր հոր՝ Գեւորգի հիշատակին եկեղեցի կառուցելու համար։

«Նա չէր ցանկանում, որ այն մեկ ընտանիքի պատկանի, այդպիսով հրավիրում է համայնքին միասին ընտրություն կատարելու համար։ Նրանք հավաքույթներ ու դրամահավաք միջոցառումներ էին կազմակերպում։ Բոլոր ընտանքիները մասնակցություն ունեին», - հիշում է Վերան։ Անկյունաքարը տեղադրվել է 1965թ., իսկ 1968թ.՝ Սուրբ Գեւորգ եկեղեցու բացման արարողությանը  ներկա էր նաեւ Ն.Ս.Օ. Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Սակայն դա ընտանիքի կողմից կառուցված միակ եկեղեցին չէր։ Կարագյոզյաններն աջակցել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, օգնել են պահպանել բազմաթիվ եկեղեցիներ, ինչպես նաեւ վերականգնել Գյումրիի Յոթ Վերք եկեղեցին։  

 

                                            Վերա Անուշն իր ամուսնու՝ Լեւոն Նազարյանի հետ

Վերան շարունակում է իր ծնողների նախաձեռնած մարդասիրական աշխատանքը Հայաստանում։ «Ես միշտ ասել եմ, եթե կարողանամ իմ ծնողների արածների մեկ քառորդն անել, բավարարված կլինեմ։ Ես իսկապես հիանում եմ նրանցով», - ասում է Վերան։ Այժմ նա բազմաթիվ նախագծերի վրա է աշխատում Հայաստանում, այդ թվում՝ Արցախի համալսարանի հանրակացարանների կառուցմանն աջակցելը, մի նախաձեռնություն, որը գլխավորում է իր ամուսին Լեւոն Նազարյանը եւ Արթուր ու Թամար Նազարյանները։

Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: