1976 թվականին արգենտինական զինվորականությունը երկրում պետական հեղաշրջում է իրականացնում։ Հաստատվում է բռնապետություն՝ Ազգային վերակազմակերպման գործընթաց, որը շարունակվեց մինչեւ 1983 թվականը, երբ հանրության կողմից բարձրացող դիմադրության արդյունքում ռազմական խունտայի անդամները զիջեցին իշխանությունը։
1985-ին առաջին երեք խունտաների ինը ռազմական սպաներ կանգնեցին դատարանի առջեւ՝ իրենց իշխանության օրոք մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար։ Դատավարությունն իրականացնող դատարանի կազմում էին վեց դատավորներ, այդ թվում՝ Լեոն Արսլանյանը։ Նա դիտարկում էր դատապարտման փուլը եւ հայտարարեց մեղադրյալներին ներկայացված խիստ պատիժները։ Առայսօր այդ դատավարությունը մնում է Լատինական Ամերիկայում ժողովրդավարական կառավարության միակ լայնածավալ ընթացակարգը նույն երկրի նախկին բռնապետական կառավարության դեմ եւ առաջինը՝ իրականացված քաղաքացիական դատարանի կողմից։ Դատավճիռը շրջադարձային էր ու համաշխարհային նշանակության անջնջելի հետք թողեց։
Այսպիսով, Լեոն Կարլոս Արսլանյանը՝ հայկական ծագմամբ արգենտինացին, միավորեց երկու շատ հեռավոր երկրների պատմությունները։ «Ես ընդունեցի մարտահրավերը եւ դրանից բխող բոլոր ռիսկերը։ Այդ ամենը չափազանց խորհրդանշական էր։ Դա ինձ թույլ տվեց կապ ստեղծել հայերի հետ տեղի ունեցածի հետ»,- հիշում է նա։
Արսլանյանի՝ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված երկարատեւ հանձնառությունը նրա ընտանիքի պատմության անմիջական արդյունքն է։ «Ես ազդված էի ընտանիքիս պատմությունից ու շատ հստակ տեսա դա դատավարության ընթացքում։ Ես կարող էի տեսնել ու կապել Արգենտինայի ու Հայաստանի անցյալը․ անցյալ, որը խոցել էր երկու ժողովուրդներին։ Մարդու իրավունքների պաշտպանությունն ու իմ հետաքրքրվածությունը մշակույթով, սոցիալական հարցերով ու քաղաքականությամբ հորիցս ժառանգած իմ գեներում են»,- ասում է նա։
Արդարությունն արյան մեջ
Լեւոն Արսլանյանը՝ Լեոն Կարլոսի հայրը, հինգ երեխաներից երկրորդն էր։ Նա ծնվել էր 1902 թվականին հայկական ընտանիքում, Այնթապում (այժմ՝ Գազիանթեպ՝ Թուրքիայում)։ Նրա հայրը՝ Կարապետը, որն զբաղվում էր մետաքսի ու գորգերի վաճառքով, առողջական խնդիրների պատճառով մահանում է երիտասարդ՝ 35 տարեկան հասակում։ Երեխաները՝ չորս տղաներն ու աղջիկը, մնում են իրենց մոր՝ Եփրուհի Ոչգեզենյանի խնամքին։
Տեսարան Այնթապից |
Եփրուհին ու կրտսեր դուստրը զոհվեցին, երբ 1915-ին Օսմանյան կայսրությունում սկսվեց հայերի համակարգված բնաջնջումը։ Չորս եղբայրներին՝ Արթինին, Լեւոնին, Նուբարին եւ Բյուզանդին, հաջողվեց հորեղբոր օգնությամբ ցեղասպանությունից փախչել դեպի Սիրիա՝ Հալեպ։
Երկու տարի շարունակ եղբայրներն անցկացրեցին սիրիական մանկատանը։ Երբ Արթինը դարձավ 17, իսկ Լեւոնը՝ 15 տարեկան, երկու ավագ եղբայրներն ուղեւորվեցին Լիբանան՝ Բեյրութ, որպեսզի դերձակի եւ կոշկակարի արհեստ սովորեն։ Միջազգային Կարմիր խաչի աջակցությամբ եղբայրներն ստացան Նանսենյան անձնագրեր, իսկ Ֆրանսիայի ու Անգլիայի միջով երկար ճանապարհորդությունից հետո 1923 թվականին նստեցին Արգենտինա ուղեւորվող «Դարրո» նավը։ Երկու կրտսեր եղբայրները շարունակեցին որբանոցում ապրել մինչեւ 1927 թվականը, երբ նրանք նույնպես եկան Արգենտինա։
Արգենտինան գրկաբաց ընդունեց ներգաղթյալներին։ «Արգենտինայում ներգաղթը շատ լավ կազմակերպված գործընթաց էր,- հիշում է Լեոն Կարլոսը,- նավահանգստում հատուկ կանոնակարգ կար եւ նույնիսկ՝ «Ներգաղթյալների հյուրանոց» կոչվող մի մեծ տեղ։ Հայրս ու հորեղբայրս այնտեղ էին հանգրվանել»։ Վահագն Արսլանյանը՝ Արթինի որդին, հիշում է. «Դրանից հետո Կարմիր խաչը նրանց ապաստան տրամադրեց փայտե հատակով մի մեծ տան մեջ, որտեղ նաեւ ախոռ կար։ Մի գիշեր Լեւոն հորեղբայրը լացելով է լուսացնում՝ ոչ թե իրեն կծոտող լվերի, այլ չափազանց շատ աղմկող ձիերի պատճառով»։
Լեոն Կարլոս Արսլանյանն իր տիկնոջ՝ Իզաբել Ռոսասի հետ |
Միասին լինելով՝ եղբայրները կարողանում են հաղթահարել իրենց ճանապարհին ծագած բոլոր դժվարությունները։ Քրտնաջան աշխատանքով ու արժանապատվությամբ նրանք հասան բարօրության եւ ընտանիքներ ստեղծեցին իրենց ընդունած նոր երկրում։ «Ո՛չ հայրս, ո՛չ էլ իմ հորեղբայր Լեւոնը չէին ապրում որեւէ մեկի ողորմածությամբ,- պատմում է Վահագնը,- նրանք երբեք դրամ չէին մուրում կամ որեւէ բան գողանում»։
Լեւոն Արսլանյանը՝ Լեոն Կարլոսի հայրը, դերձակի սրահում աշխատանք գտավ եւ շուտով կարողացավ իր սեփական խանութը բացել, որը պահեց մինչեւ թոշակի անցնելը։ «Նա երեք երեխաներից եւ ութ թոռներից բաղկացած մի գեղեցիկ ընտանիք ստեղծեց։ Ընտանիք, որով ինքն, անշուշտ, անչափ կհպարտանար»,- ասում է Լեոն Կարլոսը։ Արթին Արսլանյանը երկու երեխա ուներ ու կոշկակարությամբ էր զբաղվում, իսկ հետագայում իր խանութը վերածեց սպորտային պարագաների սրահի։
Եղբայրներն իրենց կյանքը կառուցեցին առանց հետ նայելու, սակայն երբեք չմոռացան, թե որտեղից են եկել։ «Նրանք երբեք չէին խոսում այն մասին, թե ինչ է պատահել, նրանք չէին ուզում այդ մասին զրուցել»,- բացատրում է Լեոն Կարլոսը։
«Նրանք երիտասարդ էին, երբ այդ ամենը տեղի ունեցավ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք որբեր էին ու իրենց մասին հոգ տանելու համար որեւէ մեկին չունեին, նախընտրեցին մոռանալը»,- պատմում է Ռիտան՝ Արթինի դուստրն ու Վահագնի քույրը։
Լեոն Կարլոս Արսլանյանը՝ ազգականներով շրջապատված |
«Ադամանդի պես պայծա՛ռ շողա»
Աստիճանաբար Բուենոս Այրեսում ձեւավորվեց բարգավաճող հայ համայնք, որն ունի եկեղեցի (Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճար) ու Հայկական կենտրոն, ինչն օգնում է հայերին բացահայտել ու պահպանել իրենց ինքնությունը։ «Հայաստանի հետ կապը, պատմությունը, անդրադարձը միշտ կա։ Սա սերտորեն կապված է հիշողության վերականգնման հետ։ «Սփյուռք» հասկացությունը չափազանց բարդ է. դա մի բան է, որն ստիպում է քեզ փնտրել ակունքները, քանի որ դրանք քո անցյալը, քո ինքնությունը, քո կյանքը վերակառուցելու միակ ուղին են»,- համոզված է Լեոն Կարլոսը։
Սփյուռքը քո գողացված հայրենիքը պահպանելու մեծ ցանկությունն է՝ անկախ այն բանից, թե ֆիզիկապես որտեղ է գտնվում։
«Ահա թե ինչու է սփյուռքը նույնքան կարեւոր, որքան հայրենիքը։ Հայկական ինքնությունը կամքի ուժի, առաջընթացի եւ աճի կարեւոր մոդել է։ Ամենուր դուք կարող եք թանկարժեք քարերի պես փայլող ու արեւն արտացոլող հայերի տեսնել»,- ասում է Լեոն Կարլոսը։
Լեոն Կարլոսը ծնվել ու մեծացել է իր նախնիների հայրենիքից 10 հազար մղոն հեռու՝ հայրենիքի մասին պատմություններ լսելով, սակայն մի օր պատմությունները շատ իրական դարձան։ «Առաջին անգամ երբ Հայաստան այցելեցի, զգացմունքների տեղատարափ էր։ Փնտրում էի ակունքներս, ուզում էի ճանաչել այդ հողը, ուզում էի փնտրել ամեն առարկա կամ վայր, որտեղ հորս ու ընտանիքիս ներկայությունը կզգայի։ Արտառոց փորձառություն էր։ Հայաստանն ազդեցություն ունի՛ քեզ վրա»,- հաստատում է Արսլանյանը։
Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: