Արդեն յոթ տարի, երբ աշունը ներկում է Երեւանի փողոցները, ներկվում են նաեւ քաղաքի կինոթատրոնների ու արվեստի կենտրոնների էկրանները` հյուրընկալելով անիմացիոն կինոյի «ՌեԱնիմանիա» միջազգային փառատոնը: Փառատոնի խորագիրն այս տարի «Վերածնունդ» է:
«ՌեԱնիմանիան» երգիծանկարիչ ու անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր Վրեժ Քասունու տարիների երազանքն էր: Նրա պատմությունն սկսվում է Կիլիկիայում, թափառում պատմական Հայաստանի քաղաքներով, մի պահ կանգ առնում Սիրիայում եւ, ի վերջո, վերածնվում Հայաստանում:
«Ես առաջին օրից Հայաստանում ինձ հանգիստ էի զգում՝ ինչպես ձուկը ջրում: Հարմարվելու համար պիտի քաղաքացի դառնաս: Ոչ թե քաղաքացիություն վերցնես, այլ դառնաս, հասկանաս, ապրես: Կամ էլ՝ հավերժ պիտի չընդունես»,- ասում է Վրեժ Քասունին, որը ծնվել է Հալեպում, սակայն իրեն համարում է կիլիկիահայ կամ կոմագենցի:
Երկդարյա տոհմածառի ժառանգը
Քասունի ընտանիքի պատմությունը Վրեժի հիշողության մեջ ձգվում է մինչեւ 19-րդ դարի սկիզբ: Տոհմածառի արմատներում Թորոս Հոջան է, որն ապրել է մինչեւ 1830-ական թվականների վերջը, այսօրվա Ադիյամանի շրջակայքում՝ Բեսնիի շրջանում գտնվող Քեսուն բերդաքաղաքում: Այստեղից էլ գալիս է տոհմի ազգանունը` Քասունի: «Թորոս Հոջան եղել է մարտիկ, գյուղատնտեսությամբ է զբաղվել, մեծ կալվածքներ է ունեցել Քեսունում եւ Բեսնիում: 1800-ականների սկզբներին մասնակցել է կիլիկիահայերի ապստամբություններին եւ եղել ջոկատներից մեկի ղեկավարը»,- հիշելով ընտանեկան զրույցները` պատմում է Վրեժը:
Երբ 19-րդ դարի կեսերին Օսմանյան իշխանությունները քանդում են բերդաքաղաքը, Թորոս Հոջայի որդի Դիշո Եղիան ընտանիքի հետ տեղափոխվում է Այնթաբ (այսօրվա Գազիանթեբ)։ Վերջինիս թոռը՝ Եղիան, երկար տարիներ առաջնորդում է տեղի ավետարանական եկեղեցին եւ աշխատում որպես ուսուցիչ: Հենց նա էլ առաջինը որպես գրական կեղծանուն օգտագործում է Քասունի ազգանունը: 19-րդ դարի վերջերին Եղիա Քասունին ընտանիքի հետ տեղափոխվում է Մարաշ, որտեղ ընտանիքն ապրում է մինչեւ 1919 թվականը` հաջողելով թաքնվել եւ խուսափել Հայոց ցեղասպանության արհավիրքից ու կոտորածներից:
«Ֆիզիկական վտանգի դեմ պայքարելով` մինչեւ վերջ հույս են ունեցել, որ այդտեղ, ի վերջո, լավ կլինի, ի վերջո կխաղաղվի: Քաղաքում չեն ապրել, միշտ թաքնվել են»,- պատմում է Վրեժը:
Մինչեւ ջարդերը Եղիա Քասունին եղել է Օսմանյան կայսրություն ժամանող գերմանական պատվիրակությունների թարգմանիչը, իսկ նրա եղբայր Մանվել Քասունին, որը 4-5 լեզու է իմացել, եղել է անգլիական զորքերի պաշտոնական թարգմանիչն ու անգլիական բանակի հետ հասել է մինչեւ Պաղեստին:
Ձախից աջ առաջին շարքում` Աննա-Լուսի Քասունի, Լեւոն Հմայակի Քասունի, երկրորդ շարքում` Հմայակ Եղիայի Քասունի (Վրեժի պապը), Երվանդ Քասունի (հորեղբայրը), Եղիա Քասունի (Վրեժի հոր պապը, ով գաղթեց Մարաշից Սիրիա) եւ Վարուժան Քասունի (Վրեժի հայրը) |
Այլեւս անհնար համարելով դիմանալ թուրքական հետապնդումներին` 1919 թ.-ին Եղիա Քասունին ընտանիքն ու այդտեղ մնացած ողջ հայ համայնքն առաջնորդում է դեպի Սիրիա: Սիրիայում նախ ժամանում են Դամասկոս, հետո` հաստատվում Հալեպում, որտեղ էլ Եղիա Քասունու երկրորդ ամուսնությունից ծնվում է Հմայակը` Վրեժ Քասունու պապը:
«Իմ մեծ հայրն արհեստավոր է եղել, զբաղվել է մեքենաների լիցքավորիչների նորոգմամբ, սակայն Քասունի ընտանիքում գրականությունն ու արվեստը միշտ առաջնահերթ են եղել: Ովքեր ճանաչում են Հմայակ Քասունուն, ասում են, որ խանութում ունեցել է փոքրիկ գրադարան. ինքը միշտ ընթերցանությամբ ու գրելով է զբաղվել»,-ասում է Վրեժը:
Հմայակ Քասունին երեք որդի է ունենում` Վարուժանը` Վրեժի հայրը, որը, շարունակելով հոր ուղին, արհեստներով է զբաղվում, հայտնի պատմաբան, կիլիկիագետ Երվանդ Քասունին եւ Լեւոն Քասունին, որը եղել է Սիրիայի առաջին ռազմական օդաչուներից ու Քուվեյթի ավիացիոն համակարգի հիմնադիրներից մեկը:
Ձախից աջ` Վարուժան Քասունի, Աննա-Լուսի Քասունի, Հմայակ Քասունի, Լեւոն Քասունի եւ Երվանդ Քասունի |
Վրեժի մայրը եւս ծնվել է Հալեպում: Ընտանիքը գաղթել է ՈՒրֆայի շրջանից. ընտանիքի հիշողության մեջ շատ դրվագներ չեն պահպանվել ընտանիքի պատմության ու գաղթի մասին:
Վրեժի ծնողներն ամուսնանում են 1967 թվականին: «Հալեպում մինչեւ 70-ականների վերջը կային թաղամասեր, ինչպես Երեւանում Կոնդն է, երբ մի բակում 6-7 ընտանիք էր ապրում. մի քանի գերդաստան, որոնք իրար հետ ազգակցական կապ էլ չունեին, մի բակի մեջ էին ապրում: Այդպիսի մի թաղամասում էլ ծանոթացել են ծնողներս»:
Վրեժը` ընտանիքի կրտսեր զավակը, ծնվել է 1971 թվականին, Հալեպի հայկական թաղամասերից մեկում: Մինչեւ 17 տարեկանը յոթ դպրոց է փոխում` սովորելով Սիրիայում եւ Լիաբանանում. «Հենց այնպես չեմ փոխել դպրոցները, վտարվել եմ դպրոցներից, որովհետեւ բավականին չար էի: Վերջում Հալեպի «Կիլիկիա» վարժարանում էի սովորում ու այդտեղ արդեն չշարունակեցի, որովհետեւ ընտանիքին պետք է օգնեի»:
«Փոքրուց արհեստների մեջ եմ մեծացել: Ամեն ամառ տարբեր արհեստի մեջ էին ներգրավում ծնողներս, որ սիրեինք պատասխանատվություն, աշխատասիրություն ու շրջապատին ծանոթանայինք: Ուղիղ վեց տարեկանից ամառներն աշխատել եմ եւ գումար եմ վաստակել. այդ գումարով էլ ձմեռը մեր տետրերն ու մատիտներն էինք գնում»,- պատմում է Քասունին:
Դպրոցում ուսանելու տարիներին Վրեժի ուշք ու միտքը նկարելն էր, չնայած ասում է` ընտանիքի ու շրջապատի մի մասը մտածում էր, որ հոգեւորական է դառնալու` հաշվի առնելով ամուր կապը եկեղեցու հետ:
Երկար դեգերումների ավարտը. Հայաստան
17 տարեկանում Վրեժը վերջնականապես որոշում է, որ իր տեղն արվեստն է ու ընդունվում է Հալեպում եւ Մերձավոր Արեւելքում բավականին հայտնի Սարյան ակադեմիան, որտեղ սովորում է մինչեւ 1996 թվականը: «1992 թվականին ուզում էի լքել ակադեմիան, բայց Գյումրիից Հալեպ տեղափոխվեց Հրազդան Թոքմաջյանը` իմ դասախոսն ու հետագայում ընկերը, ու դարձավ ակադեմիայի ուսուցիչ: Ես էլ ասացի` լավ, մի ամիս էլ փորձեմ, միգուցե ավելի հետաքրքիր հորիզոններ բացվեն սովորելու համար,-պատմում է Վրեժը,-մեկ ամիսը դարձավ մի քանի տարի: Առաջին հերթին իրենից արեւելահայերենը սովորեցի, Հայաստանի հանդեպ սերն ու Հայաստան տեղափոխվելու ցանկությունն ամրապնդվեց»:
Հենց Սարյան վարժարանում էլ Վրեժը բացահայտում է երգիծանկարչությունը: «Մի անգամ դասախոսին նկարեցի դասի ժամանակ, ասացին կարիկատուրա ես արել, ու այդտեղ հասկացա, որ իմ արածը երգիծանկար է իրականում: Դրանից հետո ինքս ինձ գտա երգիծանկարչության մեջ ու զարգացրի դա»:
Ակադեմիան ավարտելով ու սովորածը գործ դարձնելու պատրաստակամությամբ՝ 1996 թ.-ին մեկնում է Քուվեյթ` հեղինակավոր «Opinion» թերթում աշխատելու որպես քաղաքական էջի գլխավոր երգիծանկարիչ: Հինգ ամիս անց Քուվեյթի կյանքին չհարմարվելու ու մասնագիտական սկզբունքայնության պատճառով թողնում է աշխատանքն ու վերադառնում Հալեպ` մտքում ունենալով Հայաստան տեղափոխվելու հեռանկարը:
1999թ.-ին Վրեժ Քասունին արդեն Երեւանում էր, հանձնել էր Թերլեմեզյանի անվան ուսումնարանի ընդունելության եւ ուսումնական չորս տարվա բոլոր քննություններն ու պատրաստվում էր 1-1,5 տարի ուսանել եւ վկայական ստանալ: «Նպատակ ունեի մի երկու տարի Երեւանում փորձառություն ձեռք բերել՝ դրանով կարժեւորեի հայ գեղանկարչի իմ անունը: Հետո մանկուց երազում էի անիմացիայի մասին, մտածեցի անիմացիայով կզբաղվեմ: Մի քիչ անիմացիայով զբաղվելուց հետո հասկացա, որ ակադեմիայում շարունակել էլ չեմ ուզում եւ ուղղվեցի անիմացիային»,- ասում է նա:
Մեկ ու կես տարի Հայաստանում ապրելուց հետո Քասունին մեկնում է Լիբանան` աշխատելու բրիտանական հեղինակավոր «One, Two, Three» հրատարակչատանը: Երեք ամիս անց գիտակցում է, որ այլեւս չի դիմանում ու հայրենիք վերադառնալու ժամանակն է, գոնե մեկ տարով: Այդ մեկ տարին կրկնվում է տասնհինգերորդ անգամ անընդմեջ: Հետագայում, սիրիական պատերազմի թեժացման պատճառով Երեւան են տեղափոխվում նաեւ Վրեժի ծնողները:
«Մեծ բախում էր մեզ համար Հայաստան գալը, որովհետեւ սփյուռքում հայրենիք չունենալով հանդերձ՝ համայնքը քեզ համար Հայաստան է: Մենք պատկանելության ու հողի բացակայության ցավ ենք ունեցել 90 տարի, իսկ իմ պարագայում 1820-ական թվականներից է դա գալիս: Հալեպում դա չէինք զգում, մեզ հյուրի պես էինք զգում, շատ հարցերում պատասխանատվություն չէինք վերցնում, իսկ այստեղ ուրիշ է»,-ասում է նա:
Անիմացիայի աշխարհը Երեւանում Վրեժի առջեւ բացում է Ռոբերտ Սահակյանցը, որն արդեն դադարել էր սովորեցնել երիտասարդներին, սակայն Վրեժի համար բացառություն է անում: «Ասաց` քո նկարների մեջ բալանս կա, շարժում կա, ես քեզ կսովորեցնեմ: Վստահ էր, որ ինձնից մի բան դուրս կգա: Ամենազավեշտալին այն էր, որ ինքը ռուսերեն էր խոսում, ես` հայերեն, բայց շատ հաճախ ինքը ձեռքի շարժումներով այնպես էր բացատրում, որ ռուսերենն արդեն երկրորդական էր դառնում»,- կարոտով հիշում է Երեւանում անցկացրած առաջին տարիները:
Աշխատելով ու փորձառություն ձեռք բերելով, անիմացիոն ֆիլմեր ու գովազդներ նկարահանելով` Վրեժի մտքում անընդհատ պտտվում էր անիմացիայի աշխարհի քարտեզում Հայաստանի տեղն ամրագրելու գաղափարը: 2006թ. արդեն որոշել էր` Հայաստանում պետք է կայանա անիմացիոն կինոյի փառատոն: Եվ 2009թ. ծնվեց ու առաջին անգամ կայացավ «ՌեԱնիմանիան», որն արդեն ամենամյա տոն ու ավանդույթ է դարձել Երեւանում. «Հիշում եմ, որ 2009-ին այդ ժամանակվա երիտասարդ մասնագետները, որ այսօր ոլորտում պրոֆեսիոնալ աշխատողներ են, հիասթափված էին, ասում էին` լավ, հետո՞, ի՞նչ ենք անելու: Փառատոնը բոլորին ինքնավստահություն ու ինքնաճանաչում բերեց»:
Վրեժի խոսքով՝ «ՌեԱնիմանիա» փառատոնը երիտասարդ մասնագետների համար բացել է սահմանները: Այժմ նրանք հնարավորություն ունեն շփվել, աշխատել ու սովորել աշխարհահռչակ մասնագետների հետ: Այն նաեւ նպաստում է անիմացիայի աշխարհում Հայաստանի դերի ու դիրքի բարձրացմանը: «ՌեԱնիմանիան» դուրս է եկել փառատոնի սահմաններից` դառնալավ կրթական ու ճանաչողական միջոցառում:
Իսկ անիմացիայի ոլորտը Հայաստանում այսօր ու ապագայում լավ ձեռքերում է: Վրեժն ասում է` տաղանդավոր երիտասարդները շատ են, որոնցից ինքն էլ է արդեն սովորում. «Ոլորտում այժմ այնպիսի նոր սերունդ կա, որ մենք հիմա «ամաչում ենք», որովհետեւ շատ ավելի լուրջ պիտի աշխատենք՝ իրենք «գազան» են»: Ոչ նախանձում եմ, ոչ նեղվում եմ, ընդհակառակը՝ ուրախանում եմ, որովհետեւ սնվելու աղբյուր կա հիմա»:
Լուսանկարները՝ Վրեժ Քասունու անձնական արխիվից
Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: