Աբրահամ Ժակի Ներսիսյանը հայկական ծագումով ֆրանսիացի դերասան է, ում ինքնությունը ձևավորվել է կյանքի ընթացքում:
«Երբ ինձ հարցնում են` որն է իմ ազգությունը՝ ըստ զգացողության, ես պատասխանում եմ, որ հայ-անատոլա-հունա-սենէտյենցի և փարիզցի եմ»:
Աբրահամ Ժակի Ներսիսյանը հայկական ծագումով ֆրանսիացի դերասան է, ում ինքնությունը ձևավորվել է կյանքի ընթացքում: Նրա անցյալին անդրադառնալով` մենք ակամայից նախաձեռնում ենք զարմանալի մի ճամփորդություն դեպի սև արկղի խորքերը` լի հայրենի հողի և ճակատագրական երկրի մասին մասնատված հուշերով: Եթե շատ հայեր հիշում են Աբգարի կերպարը Անրի Վերնոյի «Մայրիկից», պետք է որ նրան ճանաչեին նաև Լյուկ Բեսոնի «Ադել Բլան-Սեկ» ֆիլմում` պրոֆեսոր Էսպերանդյոյի գրիմի տակ: Ժակին միայն հայերի կերպարներ չէ, որ մարմնավորել է մեծ էկրաններին: Հաջողությամբ խաղալով թուրք Մուսթաֆայի (Իսմայել Ֆերուխի «Երկար ճամփորդություն» ֆիլմում), ինչպես նաև հրեա սեփարդի դերը («Միսիոները, Շահերեզադան և գիշերային հաճույքները», Պիչիպոյի) կամ թե ալժիրցու` Սի Կադուրի կեպարը մարմնավորելիս («Պատրանքների Ալժիր»), Ժակի Ներսիսյանն այժմ հայացքն ուղղել է դեպի Միջերկրական ծովը:
Նա ծնվել է Սեն Էտյենում
64 տարեկան բամբ ձայնով մարդն առանց կարոտի է նայում անցյալ ժամանակներին: Իր մանկությունը Սեն Էտյենում Ալժիրյան պատերազմի տարիներին կյանքի ամենաուրախ ժամանակը չէր: Սակայն հենց այս արդյունաբերական քաղաքում է կայացել Ժակին: Իր մայրը` սովորական ատաղձագործի դուստր Լյուսի Բարտևյանը ծնվել է 1918թ. հուլիսի 15-ին` Գալիպոլիում` Անրի Վերնոյի հայրենիքում: Նա մեծացել է Հունաստանում` Կոկինիայի ետնախորշերում` Աթենքից մի քանի մղոն հեռու:
«19 տարեկանում մայրս խոսում էր հինգ լեզվով, իսկ գրում` չորսով», - ասում է նա հպարտությամբ: Ժակիի մոր ծնողներին հաջողվել էր անգլիական նավով փախչել դեպի Չանաքկալե: Փախստականների չդադարող հոսքի պատճառով նավաստիներն սկսել էին վախենալ, որ նավը կգերծանրաբեռնվի և ի վերջո մեքենայի յուղ լցրեցին փախստականների վրա: «Եթե խորը մտածենք, բոլորն էլ իրավացի էին»,- փիլիսոփայորեն է մոտենում է Ժակին: Այդ առիթով նա ցիտում է հայտնի Նասրեդին Խոջայի պատմությունը դատավորի մասին, որը կարողանում է ճշմարիտ դատել բոլորին. բողոքավորին, որը զայրանում է հարևանի պատի պատճառով, հարևանին, որը ցանկանում էր կնոջը հեռու պահել օտարների աչքերից, և վկային, որը նրան մեղադրում է երկու թշնամիներին էլ դատելու համար...
Ժակիի հայրը` Բարսեղը, կրտսերն էր հինգ եղբայրներից և քույրերից, որոնց անուններն էին Փիրափիոն, Օղիմպիոն և Ֆիլոր, ավագ եղբայրը Ներսեսն էր: Բարսեղը ծնվել է Յոզղաթում 1912թ. հունվարի 1-ին: Ինչ վերաբերում է Աբրահամին` ընտանիքի պապիկին, նա կայսերցի փաստաբան էր: «Ամեն երեկո պապիկս տանը գինարբուք էր սարքում դատավորների,փաստաբանների և դատավարությունները նախագահողների հետ»,- վկայում է Ժակին: Նրա զարմուհի Վերգինեի վկայությամբ՝ Աբրահամ Էֆենդին ամբողջ կենտրոնական Անատոլիայում հայտնի փաստաբան էր: Բացի իր մասնագիտությունից նա համատեղում էր նաև Մարզվան քաղաք վարչական գործերը, որտեղի ամերիկյան ուսումնական հաստատությունում ուսանել էր Ներսեսը: 1915թ. Աբրահամի մոտ աշխատող մի չեչեն նախազգուշացնում է սպասվող իրադարձությունների մասին: Վերահաս մահից խուսափելու համար Աբրահամին այլ ընտրություն չէր մնում, քան դավանափոխ լինել և իսլամ ընդունել: Բայց պատվարժան փաստաբանը հրաժարվում է: Նրա ընտրության հիմնավորումները մինչև այսօր մնում են անհայտ: Գուցե սկզբունքի՞ հարց էր: Կամ գուցե նա չէ՞ր հավատում իրեն և իր ազգին սպասվող սարսափելի ճակատագրին: Քաղաքի բոլոր ազնվականների հետ ձերբակալվելով` նա դաժանաբար սպանվում է և ժայռից ցած նետվում:
Ժակին հիշում է այն պատմությունը, որ բազմիցս պատմել էր իր տատիկը. «Մի առավոտ երկու թուրք զինվոր թակում են Մարզվանի շրջակայքի Հաջի Քյուրում գտնվող հայրական տան դուռը: Երբ պապս ներկայանում է, զինվորներն ասում են, որ դատը նախագահողը ցանկանում է նրան տեսնել` պատճառաբանելով, թե մի գործ կա, որը պարզաբանման կարիք ունի: Պապս հանգիստ և գիտակցելով իրավիճակը՝ շրջվում է տատիս կողմը և նրան խնդրում իսլամ ընդունել: Նա տատիս ասում է. «Նրանք եկել են իմ հետևից, դու այլևս ինձ չես տեսնի»: Ես ութ տարեկան էի, երբ տատս ինձ պատմում էր այս պատմությունը. հիշում եմ` ինչպես էին արցունքներն ինձ խեղդում: Տատս նայելով ինձ, բացականչեց. «ի~նչ զգայուն է այս տղան»: Նա այնքան էր պատմել այդ պատմությունը, որ այլևս չէր հուզվում»,-ասում է Ժակին:
Ձևացնելով, թե ուրանում է իր հավատը` տատս` Նոենզարը, փրկվում է իր հինգ երեխաների հետ միասին: Դավանափոխ լինելով` ընտանիքի անդամներն իսլամացնում են իրենց ազգանունները, փոքրիկ Բարսեղի (2 ու կես տարեկան) անունը կրճատվում է: Բայց այդ փոխակերպումն ընդամենը ձևական բնույթ էր կրում: Որպեսզի իրենց հարևաններին հավատացնեին, թե իրենք Ռամադանի ամսին պահք են պահում, գիշերը լույսը միացրած էին թողնում:
Նրա տատը ցածր աշխատավարձով աշխատում էր նավթի վերամշակման փոքրիկ գործարանում: Որպեսզի կարողանան գոյատեւել, նա ստիպված վաճառում է ունեցվածքը: «Պատերազմն ավարտվելուն պես թուրքերն սկսեցին պտտվել մեր ավագ մորաքույր Փիրափիոնի շուրջը, որն արդեն ամուսնանալու տարիքում էր»,- պատմում է Վերգինեն: Զգալով վտանգը` տատը որոշում է աղջկան ամուսնացնել առաջին պատահած հայի հետ: Փիրափիոնին հապճեպ ամուսնացնում են, և վերջինս իր նոր ընտանիքի հետ մեկնում է Ֆրանսիա, նրանք իրենց հետ են վերցնում նաև Ներսիսյաններից ավագին` Ներսեսին, քանի որ նրա ֆրանսերենի իմացությունն իրենց շատ կօգներ այնտեղ: Ստամբուլում մեկ տարի մնալուց հետո՝ 1925 թ., նրանց է միանում տատն իր երկու երեխաների հետ՝ գնալով Սեն Էտյեն:
13 տարեկանում Ժակիի հորն ու քրոջը վերցնում են Լիբանանի մանկատնից, նա նորից է միանում ընտանիքին Սեն Էտյենում և այլևս չի հիշում իր մորը: Ժակիի հայրը տեղավորվելուն պես աշխատանքի է անցնում աղյուսների պատրաստման գործարաններում: Աշխատանքը ծանր էր. «առանց շունչ քաշելու մի գործը փոխարինում էր մյուսով»: 19 տարեկանում Բարսեղը զորակոչվում է բանակ: Այնուհետև Երկրորդ համաշխարհային պատերազմն է նրանց հանկարծակիի բերում, նա գերի է ընկնում և հինգ տարի անցկացնում է Գերմանիայի հարավում: Այնտեղից վերադառնում է հոգեպես ամբողջովին քայքայված: «Այդ ժամանակից ի վեր հորս համար այլևս ոչինչ չկար. ո՛չ Աստված, ո ՛չ եկեղեցի, և այլն. նա չէր հասկանում` ինչու եմ ես 16 տարեկանում ընդունել բողոքականություն»,- հիշում է Ժակին:
Փախչելով հունական քաղաքացիական պատերազմից (1945-1949թթ.)` նրա մայրը` Լյուսին, ծնողների հետ ժամանում է Ֆրանսիա: Բարսեղի հետ նրան ծանոթացնում է իր զարմիկներից մեկը: Նա միշտ որդու կողքին է, լինի դա ուսման մեջ, թե կինոյում առաջին քայլերն անելիս: Նրան կարելի է տեսնել նաև «Մայրիկ» ֆիլմի առաջին մասում (տիկին Անթառամը`սրճարանի ընթերցողը):
«Ես ծիծաղեցնում էի, քանի որ մեր տանը հաճախ լաց էին լինում»
«Սեն Էտյենում ես ապրում էի կարծես փակ ծաղկամանի մեջ: Սարսափելի է ասել, բայց տատիկս ստիպում էր ծնողներիս, որ ինձ Աբրահամ անվանեն: Նա ինձ կոչում էր էֆենդի («տեր») և երբ գնում էինք ճաշելու հորաքույրերիս (իր դստրերի) մոտ, նա նրանց ասում էր. «դուք պետք է Աբրահամի համար սյուգբերեք (sugbereks) պատրաստեք, քանի որ նա ձեր հայրն է»: Իր առաջին անունը Ժակին ժառանգել էր որպես ծանր բեռ:
«Ինձ շրջապատող կանայք` մայրս եվ տատս, մշտապես լաց էին լինում, ես շատ շուտ հասկացա, որ պետք է նրանց ստիպեմ ծիծաղել: Դա էր կատակերգուի իմ առաջին աշխատանքը:
Այդ փուլը բարեհաջող հաղթահարելով` ես սկսեցի ծիծաղեցնել իմ ողջ դասարանը, որպեսզի իրենցից թաքցնեմ հոգուս տխրությունը»: Ծիծաղեցնելը նրա համար կարծես հենակ լիներ: Մի օր նա որոշում է դրանից ձերբազատվել: Ժակին իր մանկության և պատանեկության տարիներին ամեն ամառ անցկացնում էր հայ բողոքականների ճամբարում: Այնտեղ հանդիպում է իր ապագա կնոջը, որն էլ դառնում է իրենց որդու` Հմայակի մայրը: Հոգևոր փնտրտուքների մեջ լինելով` պատանին բողոքականներից ստանում է իրեն հուզող հարցերի պատասխանները և այդքան անհրաժեշտ ուղղորդումները: Մինչդեռ վերջինիս հայրն ավելի ու ավելի է տրվում խմիչքին, Ժակին ցանկանում է փոխել միջավայրը: «Ես այլևս անկարող էի դիմանալ նրանց տառապանքին: Հաշտվել այն փաստի հետ, որ տատիս համար իր մեռած ամուսնու ուրվականն եմ: Եկավ մի պահ, երբ ես պայթեցի»:
Ինչպե ՞ս իմաստավորել ապրիլի 24-ը
«Մեր տանը չէին նշում ո ՛չ տարեդարձ, ո ՛չ Զատիկ և ո ՛չ էլ Սուրբ Ծնունդ, քանի որ հարբեցող հայրս օգտվում էր ցանկացած առիթից, որ խմեր»,- հիշում է նա: Եվ հետո` մի գեղեցիկ օր, Ժակիին հանդիպեց Անրի Վերնոյ անունով մի պարոն, որն այն տեսարանն էր նկարահանում (ութ անգամ կրկնելով դրվագը), որտեղ թուրք զինվորները Աբգարի կերպարի ոտքերն էին պայտում: Վերնոյը նրան ասում է. «Քեզ անապատից 1,5 միլիոն հայ է նայում: Մի՞թե դա քեզ վրա ազդեցություն չի գործում»: Ժակին պատասխանում է՝ ոչ, առիթը բաց չթողնելով իր անձնական ճշմարտությունն արտահայտելու.
«Մեր տանը ցեղասպանությունը տարվա մեջ մեկ կոնկրետ օր չի հիշվում, մենք ամեն օր ենք սգում»:
Ընդհանուր շարքերի մեջ չմտնելով` Ժակին ընտրեց իր սեփական ուղին, որը նրան տարավ դեպի Կոկինիա` Աթենք: Սուրբ Հակոբ եկեղեցին, որտեղ ամուսնացել էին նրա ծնողները, դեռ կանգուն էր: Ժակին հասավ այնտեղ՝ շատ տարիներ թափառելով անցյալի ճանապարհներին, որոնք ողողված էին Միջերկրական ծովի արևով:
Վերադարձ
Մի քանի տարի անց նա բռնեց Բոսֆորի ճամփան, որպեսզի նկարահանվի Էրիկ Նազարյանի «Պոլիս» ֆիլմում: «Ես նորից եմ ուզում գնալ Թուրքիա, որպեսզի արտասանեմ «ցեղասպանություն» բառը: Երբ այնտեղ էի առաջին անգամ, ես այնքան ջերմ և գրկաբաց չէի, ինչպես ոմանք են կարծում»: Ժակին իր նախնիների հողի վրայով քայլել է բազում անգամներ, այնտեղ նա խոսում է 1915 թվականին ընդունված թուրքերենով` իր տատիկի լեզվով... Նա տեղյակ է, որ շատ հայեր իրենց են ճանաչում Աբգարի մեջ այդ կերպարի պարզության և խոնարհության շնորհիվ: «Հայերի մեծամասնությունը կարծում է, որ Անրի Վերնոյն ինձ ընտրել է, քանզի հայ եմ: Մինչդեռ իրականում այդ ես եմ նրան գտել: Կարելի է ասել, որ ես ինչ-որ չափով պարտադրել եմ ինձ Անրի Վերնոյին. ես նկարահանումների մեկ օր ունեի, և վերագտա ինձ 35 օր հետո»: Ուշագրավ է, որ Վերնոյը Դուք-ով դիմում էր միայն նրան և Իզաբել Սադոյանին` նկարահանման հրապարակում միակ հայերին:
64 տարեկանում այս հայ-անատոլական արմատներով ուխտավորը, դերասանը, կատակերգուն շարունակում է ազատորեն քայլել համայն մարդկությանն ընդառաջ:
Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից:
*Լուսանկարները՝ Ժակի Ներսիսյանի անձնական արխիվի