Դընի Դոնիկյան

Դընի Դոնիկյան

72-ամյա Դընի Դոնիկյանը Հայաստանն իր մեջ է կրում:
Նրա վերջին վեպը, որը թարգմանվել է հայերեն «Աղբաստան» վերնագրով պատկերում է մի խղճուկ երկիր` կորած աղբի մեջ եւ հանձնված կաշառակեր իշխանությունների կամայականություններին: 2013թ.-ին վեպը մրցանակի է արժանացել Ֆրանսիայում` Շամբերի փառատոնի ժամանակ: Նրա յուրատիպ ու բազմազան դրվագային պատկերները միաժամանակ անհանգստացնում եւ զվարճացնում են, ծաղրում եւ հուզում: 
 
Ցեղասպանությունը վերապրածների որդի լինելով` Դընի Դոնիկյանն ապաստան գտավ Մոլիերի լեզվում: Պարարտ հող, որի վրա նա իրեն փորձեց բոլոր հայտնի ժանրերում` պոեզիա, էսսե, վեպ, նովել, թարգմանություն ու աֆորիզմներ: Եվ երբ սպառվեցին այդ բոլոր արտահայտչամիջոցները, նա դարձավ նկարիչ ու քանդակագործ: Հանդիպել Դընի Դոնիկյանին նույնն է, թե առերեսվել մի հսկայական չլուծված հանելուկի: Մենք միասին  փորձել ենք հավաքել գրեթե մոխրացած հիշողության որոշ դրվագներ:

 
«Իմ ենթագիտակցությունը ձեւավորվել էր չասված խոսքերով»
 
Դընի Դոնաբեդ Դոնիկյանը ծնվել է 1942թ. մայիսի 19-ին Վյենում, նա երեք եղբայրներից կրտսերն է: Ծնողները Մալաթիայից են. մայրը` Թագուհին (ծնվ. 1906թ.), եւ հայրը` Իսկանդար Դոնիկյանը (ծնվ.` Քեշիշյան, ծնվել է 1904 թ.), ամուսնացել են  ցեղասպանությանը հաջորդող տարիներին: Բայց Դընին մեծացել է արդեն Վյենում: Նա իր մանկությունն անցկացրել է Լիոնին մոտ այս փոքրիկ քաղաքի Քեմփում, ուր բնակություն էին հաստատել ցեղասպանությունը վերապրած մի խումբ մարդիկ:

Վյենի Քեմպը

Ինչպես սովորաբար լինում է ամենուր, այդտեղ նույնպես կյանքը հյուսվում էր տեքստիլ ընկերությունների եւ արդյունաբերական շենքերի շուրջ: Այստեղ էր գտնվում նաեւ  սպառազինությունների նախկին մոռացված մի գործարան: Ամեն երեկո նրա ծնողները Մալաթիայի իրենց հայրենակիցների հետ երկար զրուցում էին մինչ առավոտ: Երեխաների ներկայությամբ մեծերը զգույշ էին եւ աշխատում էին չխոսել տառապալից անցյալի մասին, խոսելիս էլ՝ ինչ-որ կոդավորված լեզվով:

«Ցեղասպանությունից չէին պատմում, երբեմն հիշում էին ինչ-որ դրվագներ: Ծնողներս գոհանում էին ընդամենը «աքսոր» բառն ասելով, կամ էլ թուրքերեն էին խոսում, որ չհասկանանք: Փոքր տարիքում երբեմն ննջում էի մորս գրկում, - հիշում է նա եւ ավելացնում,- գուցե հենց այդ կիսաքուն վիճակում է, որ անգիտակցաբար կլանում էի այդ պատմությունները»:  Մի գեղեցիկ օր Դընիի մայրը միացնում է ռադիոն թուրքական ալիքի վրա՝ ասելով. «Նրանք մեզ շատ վատություն են արել, բայց ես սիրում եմ նրանց երաժշտությունը»:


Արդարակյացի շնորհիվ փրկված
 
Հետաքրքիր պարադոքս էր. նա, ով ձեռնամուխ էր եղել խմբագրել Հայոց ցեղասպանությանը նվիրված «փոքր հանրագիտարանը», չգիտեր կամ գրեթե ոչինչ չգիտեր իր սեփական ընտանիքի կրած տառապանքների մասին: Գիտեր, որ մորական տատը` Գոհար Չեթակյանը, շուկայում բռնկված հրդեհի ժամանակ փրկել է մի քուրդ փաշայի գանձարկղ: Վերջինս էլ դրա դիմաց վերցրել է նրան իր պաշտպանության տակ: 
 
Մալաթիան` չոր ծիրանի մայրաքաղաքը, 1915թ.-ին կարեւոր հանգույց էր, որով անցնում էին գաղթականների խմբերը:

Շատ հայեր իրենց կյանքով պարտական են այդ քաղաքի քաղաքապետին՝ Մուստաֆա աղա Ազիզ Օղլուին: 

Աքսորի հրամաններն անտեսելով ու սեփական կյանքը վտանգելով՝ նա պաշտպանեց իր քաղաքի քրիստոնյաներին:  Գերմանացի միսիոներների պասիվությունից վրդովված` Մալաթիայի քաղաքապետը ջանք չխնայեց փրկելու շատ հայերի կյանքեր: «Աշխարհի արդարակյացների» (Հոլոքոստի ժամանակ հրեաներ փրկած եւ դրանով իրենց կյանքը վտանգած ոչ հրեաները) այս ներկայացուցիչն  սպանվեց 1921 թվականին սեփական որդու ձեռքով՝  «գյավուրներին» փրկելու համար:
 
Ցեղասպանության առաջին ամիսների ընթացքում Օսմանյան կայսրության կաթոլիկները Կոստանդնուպոլսի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Անջելո Մարիա Դոլչիի պաշտպանության տակ էին: Նա հայերի դատն էր պաշտպանում գերմանացի, ավստրիացի դեսպանների եւ անգամ թուրք իշխանությունների առաջ: Դընիի ծնողները կաթոլիկություն ընդունեցին՝ փրկվելու հույսով:

 
Աքսորի ճանապարհներ
 
1922թ.-ին Դընիի ծնողները եւ հորաքույրը`Արաքսին, Մալաթիայից ճանապարհ են ընկնում դեպի Հալեպ, որտեղ նրանց են միանում Մալաթիայից գաղթած մայրական կողմի բազմաթիվ բարեկամներ: Հալեպում հայերն աշխատում են հիմնականում որպես հյուսն: Մեկ տարի անց շատ հայրենակիցների օրինակին հետեւելով` Դընիի ծնողները նույնպես լքում են Հալեպը եւ տեղափոխվում Լիբանան: Ֆրանսիացիները, որոնց վերահսկողության տակ էր գտնվում երկիրը, հայ փախստականներին ընդունում էին աշխատանքի իրենց գործարաններում, քանի որ աշխատուժի պակաս կար: 
 
Դընիի հայրը ներկա չէր, երբ իր փաստաթղթերն էին հաստատում եւ նրան գրանցեցին որպես «Դոնոյի որդի»: 

Դոնիկյանների ընտանիքը (կենտրոնում Դընիի հայրն է՝ Իսկանդար Դոնիկյանը, նրանից աջ մայրը՝ Թագուհին, հոր գլխավերեւում աջից՝ Դընին)

Քեշիշյանից նա դարձավ Դոնիկյան: Առաջինը մեկնելով Ֆրանսիա` նա այնտեղ մենակ մնաց մի տարի, հետո տեղափոխեց նաեւ կնոջն ու քրոջը: Բայց շուտով` 1924թ.-ին, Ֆրանսիան փակեց իր դռները Մերձավոր Արեւելքից ներգաղթյալների առջեւ: Ի վերջո, Դընիի Հալեպում մնացած ազգականները 1947 թ.-ի հայրենադարձության մեծ ալիքի ժամանակ գնացին Խորհրդային Հայաստան:

Դընիի հայրը նշանավոր Նապոլեոն Բուլուքյանի հետ աշխատում էր որպես բանվոր Վոքլյուզ նահանգի Բոլեն եւ Սեն-Շամոն քաղաքների պողպատաձուլական գործարաններում, ապա՝ տեղափոխվում Վյեն եւ մսեղենի խանութ բացում:
 

47-ի պայթյունը

1947թ.-ին Խորհրդային Հայաստան մեկնողների մեծ ալիքը խախտում է համայնքային անդորրը: Շատերն արձագանքում են ստալինյան քարոզչության կոչերին, եւ թվացյալ Եդեմ վերադառնալու երազանքը վերածվում է մղձավանջի: Փոքրիկ Դընիին 5 տարեկան էր, երբ Մարսելի Ժոլյետ նավահանգստում մասնակցում էր «Ռոսիա» նավի մեկնման արարողությանը, որն իր հետ տանում էր 3600 հայերի, ում երազանքները «խոստացված երկրի մասին» «նավաբեկության ենթարկվեցին»: Նույն նավով է մեկնում նաեւ իր լավագույն ընկեր Գոլոն, որին նա այլեւս երբեք չի տեսնում: Այդ կինոդրվագը նրա համար կարծես մի չսպիացող վերք լիներ: Քսան տարի անց այդ վերքը նրան կսնի խորհրդային համակարգի թերությունների մասին խորհելիս:
 

Առաջին զարթոնքը

1953-1958թթ. Սեւրի հանրահայտ Մխիթարյան վարժարանում  է, որ Դընին առաջին անգամ ծանոթանում է հայոց պատմության էջերին: Սփյուռքի վերնախավի համար նախատեսված այս կրթարանում նա գրում է իր առաջին եւ վերջին հայերեն բանաստեղծությունը` նվիրված ծնողներին: Վյեն վերադառնալուց հետո քոլեջի ուսուցիչները նրա մեջ արթնացնում են գրականության եւ փիլիսոփայության հանդեպ անմար սերը, նա ապրում է իր առաջին խոշոր գրական զգացողությունները, երբ կարդում է Բալզակ, Կլոդել, Վալերի, Պրուստ, ինչպես նաեւ Մոնտեն, Լաֆոնտեն, Ռեմբո, Վեռլեն ... 1960-ականների համատարած տենդային հոսանքներում երիտասարդը բացահայտում է նաեւ խորհրդային այլախոհ Սոլժենիցինին: Ժամանակակից գրականության դիպլոմով` Դընին 1969թ.-ին որոշում է մեկնել Խորհրդային Հայաստան իբրեւ այնտեղ հայ գրականության կուրսերի հաճախելու, իսկ իրականում երիտասարդը հույս ուներ գիրք գրել խորհրդային այդ պետության քաղաքացիների առօրյա կյանքի մասին: Գիրքը եղավ «Էթնոսը»` բանաստեղծական արձակ, որը սակայն տպագրվեց անհավատալի պայմաններում Սայգոնում` Վիետնամում,  այն խառը ժամանակներում, երբ քաղաքն ընկնում էր կոմունիստների ճնշման տակ:

Հայաստանյան իր այցին զուգահեռ նա 21 տարեկանում ակտիվ պայքարի առաջին քայլերն է անում եւ 1960-ականների սկզբին միանում է Հայագիտական կենտրոնին: Այն ստեղծվել էր դոկտոր Ժորժ Խայգյանի նախաձեռնությամբ.  այդ մարդու հեղինակությունն ու խարիզման ոգեւորում էին Ֆրանսիայի` գործելու սիրահար հայ երիտասարդներին: «Նա մեզ նախ եւ առաջ պատմեց, թե ովքեր էինք մենք», - հուզված խոստովանում է Դընին: Իր ընկերների հետ միասին նա մարմնով ու հոգով ներգրավվում է այն գործի մեջ, որ այսօր արդեն դարձել  է սփյուռքի ակտիվ գործունեության նախապատմությունը: Միասին նրանք հրատարակում են գրքույկ-մանիֆեստ ցեղասպանության հիսուներորդ տարելիցին:

Հայագիտական կենտրոնի՝ ապրիի 24-ի պաստառ

Նա հիշում է՝ ինչպես էին ստիպում հայ առեւտրականներին ապրիլի 24-ին փակել իրենց խանութները գոնե կեսօրից մինչեւ ժամը երկուսը, անհրաժեշտության դեպքում ժամերով մնում էին տեղում, որպեսզի համոզեն նրանց իջեցնել վարագույրները:  
 

Ինչպե՞ս գրել ցեղասպանությունից հետո

Լինելով մշտական  փնտրտուքի մեջ` արվեստագետն աշխատում է ներքին բախումները վերածել էսթետիկ արարչագործության: 1960-ականների վերջերից  Դընի Դոնիկյանն անընդհատ ճամփորդում է աշխարհի բոլոր ուղղություններով: 1971-ից մինչեւ 1973թ.-ն աշխատում է որպես ֆրանսերենի դասախոս Կիեւում, այնուհետեւ 1973-ից 1975 այցելում է Հարավային Վիետնամ, դասավանդում է Դալաթի համալսարանում: Այնտեղ նա ամուսնանում է, այդ միությունից ծնվում է երեք երեխա` Միշելը, Սամուելը եւ Միլենան: 1975թ. ապրիլին Դընին հասնում է մինչեւ Հյուսիսային Վիետնամ, լինում է Հոնկոնգում, Լաոսում, այցելում է փախստականների ճամբարներ Թայլանդում:

Թիֆլիսում 1980 թվականին տեղի է ունենում նրա պատմական հանդիպումը Սերգեյ Փարաջանովի հետ, որը, կարելի է ասել, փոխում է իր գոյության ուղղությունը: Դընին այդ հանդիպումից պահպանել է թանկարժեք մի թաշկինակ, որի վրա նկարել էր վարպետը: Անխոնջ ճամփորդն անցնում է ողջ Եվրոպայով, շրջում Միջերկրականի բոլոր կողմերով, Միացյալ Նահանգներով, Հնդկական օվկիանոսով, Թուրքիայով, Սիրիայով եւ Լիբանանով: 1996թ. նա ոտքով անցնում է Սինայի անապատը եւ երեք տարի անց հանգրվանում Ստրոմբոլի հրաբխային կղզու մատույցներում: Սակայն չորս տասնամյակ տեւողությամբ բոլոր այս ճամփորդություններից ամենանախընտրելի ուղղությունն իր համար միշտ կմնա Հայաստանը` իր ներշնչանքի հիմնական աղբյուրը: 2008 թ. ընտրություններին եւ կառավարության դեմ ցույցերին է մասնակից դառնում, որից հետո վայրի ոգեշնչումից շատ գործեր կծնվեն. Հայ ժողովուրդը (Le peuple Haï),Մեր երկիրը (Un nôtre pays), Հայություն (Hayoutioun), Վիրտուալ Հայաստանի ժամանակագրություն (chronique d’une Arménie virtuelle), Աղբաստան (Vidures)...:
 

Մարդկայինն է կարեւոր

Ներգրավված, բայց եւ դեմ լինելով ազգայնականության բոլոր տեսակի դրսեւորումներին` Դընի Դոնիկյանը 2000թ. ակտիվ դեր ստանձնեց հայ-թուրքական երկխոսության կազմակերպման գործում: Հայագիտական կենտրոնի նախկին մարտիկը 2004-2008թթ. գործարկեց Yevrobatsi.org կայքը: Քննարկման եւ մտորումների այս տարածքը Հայաստանի համար կարծես պատուհան է դեպի Եվրոպա Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելու համատեքստում: Նա  թուրքական արմատներով ֆրանսիացու` Միշել Աթալայի հետ հասավ այն բանին, որ 2007-2011թվականներին թուրքերն ու հայերն ապրիլի 24-ին Ֆրանսիայում միասին էին գնում հիշատակման Հայր Կոմիտասի հուշարձանի մոտ:

Դընի Դոնիկյանի սուր ատամներն ու խայթող հումորն արժանանում է ինչպես գովաբանության, այնպես էլ բացասական արձագանքների: Նա իր հայկական զգայականությունը ծառայեցրել է ոչ միայն ստեղծագործական նպատակներին, այլեւ դարձրել է  անընդհատ զարգացող մարդկությանը հետեւելու միջոց: Ցեղասպանությունից 100 տարի անց նա շարունակում է պայքարել ճանաչման համար, բայց այսուհետ նա դրանով կզբաղվի հենց Թուրքիայում, այդ խնդրագիրն ստորագրել ցանկացող այլ քաղաքացիների հետ միասին, որոնց համար երկխոսությունը թուրք քաղաքացիական հասարակության հետ անիմաստ չի թվում:

Գլխավոր լուսանկարը՝ Դընի Դոնիկյանը Սերգեյ Փարաջանովի հետ, Թբիլիսի, 1980թ.
Լուսանկարները՝ Դընի Դոնիկյանի անձնական արխիվից


Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: