1961-ի փետրվարի 6-ին ծնված Անտուան Հարություն Ագուջյանը երեք երեխաներից կրտսերն է։ Նրա մայր Անգինեն եւ հայր Կլեմենտն աշխատում էին տեքստիլի արտադրությունում։ Անտուանը մեծացել ու մինչ օրս բնակվում է Ալֆորվիլում, որը հայտնի է որպես «Սենայի ափին փոքրիկ Հայաստան»։
Նա պատկանում է երրորդ (եւ վերջին) սերնդին, որ անձամբ ճանաչել է ցեղասպանությունը վերապրածներին։ 2000 թվականին լուսանկարիչը հայկական հիշողության թեմայով հավակնոտ մի ծրագիր նախաձեռնեց, որի առանցքում 1915-ի ցեղասպանությունն էր։ Նախագիծը նրան տարավ Երուսաղեմ, Լիբանան, Սիրիա, Իրաք, Իրան, Վրաստան եւ Լեռնային Ղարաբաղ։
Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի կապակցությամբ 2015-ին Flammarion հրատարակչությունը լույս ընծայեց Անտուանի գրեթե 30 տարվա աշխատանքի արդյունքը՝ նրա «Լռության աղաղակ. հայոց հիշողության հետքերը» վերջին գիրքը, որի նախաբանը գրել էր ընկերը՝ կատակերգու դերասան, ռեժիսոր եւ դրամատուրգ Սիմոն Աբգարյանը։
Օսմանյան սպայի թոռը
Անտուանի մորական պապը՝ Արթին Առիջյանը, որը ծնունդով Էրզրումից էր (ներկայումս՝ արեւելյան Թուրքիայում), Առաջին աշխարհամարտի բռնկման պահին օսմանյան բանակի սպա էր։ Կապիտան Առիջյանը Կոնիայում՝ կենտրոնական Անատոլիայում, դեռեւս իրականացնում էր իր պարտականությունները, երբ ժամանեցին գաղթականների առաջին քարավանները։ Նա կարողացավ իր զինվորներին կարգադրել ազատել Կոնիա մուտք գործող տեղահանված հայերին, եւ Անտուանը նույնիսկ հիշում է, որ հանդիպել է իր պապիկի միջամտության շնորհիվ փրկված մարդկանց ժառանգներին։ Այնուամենայնիվ, մահապատժի այդ հետաձգումը կարճատեւ էր։
Արթին Առիջյան ավագը (կենտրոնում) օսմանյան բանակի համազգեստով |
Ստիպված լինելով փախչել՝ Արթինն ուղեւորվեց Լիբանան, այնուհետեւ՝ Բուլղարիա։ Նա ամուսնացավ Եպրաքսեի՝ մի երիտասարդ հայ աղջկա հետ։ «Պապիկս ակտիվ մասնակցություն ուներ Սեւ ծովի ափին գտնվող Վառնա քաղաքի հայ համայնքի կյանքում։ Նա օժանդակեց այդ քաղաքում հայկական եկեղեցու կառուցմանը»,- մտաբերում է Անտուանը։ Ինչ-որ պահի զույգը լքեց Բուլղարիան եւ ուղեւորվեց Ֆրանսիա։
Անտուանի հոր հայրը՝ Անտոն Ույուջյանը, ծնվել էր Անկարայում ու տեղափոխվել արեւմտյան Անատոլիայում գտնվող Քյոթահիա՝ աշխատելու եռոցներ պատրաստող մի ընկերությունում, որը պատկանում էր իր ապագա աներոջը։ 1915-ը նրանց ընտանիքի համար էլ ծանր եղավ. դանակի 17 հարված ստանալով՝ Անտոնը հրաշքով ողջ մնաց։
Նրա երիտասարդ հասնացու Վարվառան եւ նրա ողջ ընտանիքը մահից փրկվեցին Քյոթահիայի վալիի (մարզպետի)՝ Ֆայք Ալի Օզանսոյի շնորհիվ։
Ալի Օզանսոյին բանաստեղծ էր՝ խորամուխ եղած սուֆիզմի մարդասիրական արժեքների մեջ: Նրա եղբայրը՝ նախկին լրագրող Սուլեյման Նազիֆը, 1915 թվականին Մոսուլի վալին էր, իսկ մեկ տարի անց՝ Բաղդադի: Եղբորն ուղղված նամակում Սուլեյման Նազիֆը կոչ էր անում Ալի Օզանսոյին պահել ընտանիքի պատիվը եւ հայերի բնաջնջման գործընթացին որեւէ մասնակցություն չունենալ: Բաղդադից Կոստանդնուպոլիս ուղեւորվելով՝ Քյոթահիայի վալին կանգ է առնում Ռաս ալ-Աինում, որտեղ անասելի ճնշվում է երկաթգծին կից ճանապարհներին փռված՝ հոշոտված կանանց մերկ դիակների սարսափազդու տեսարանից: Քայքայվող մարմինների հոտը նրան սարսափեցրեց: «Հայերի կոտորածները Թուրքիայի պատմության ամենամռայլ էջը կդառնան»,- ասաց նա քաղաքի թուրք պաշտոնյաներին:
Շատ տարիներ անց Քյոթահիա կատարած իր անձնական ուղեւորության ընթացքում Անտուանը հայտնաբերեց, որ «Ֆայք Ալի Օզանսոյի անունն անհետացել է Քյոթահիայի քաղաքապետարանի արխիվներից: Նրա շիրմաքարին նշված է միայն, որ բանաստեղծ է եղել: Թուրքերը ցանկացել են ջնջել նրա պատմությունը, որ իրենց ոճրագործությունների ոչ մի հետք չմնա»:
Սալոնիկ հասնելով՝ ընտանիքն ուղեւորվեց Մարսել: 1924 թվականին, նրանց ժամանելուն պես, ֆրանսիացի մի պաշտոնյա նրանց ինքնության վկայականներ տրամադրեց՝ Ագուջյան ազգանվամբ: Վարվառա տատիկը, որը ուղեւորության ժամանակ հղի էր, Մարսելում աշխարհ բերեց Անտուանի հորը՝ Կլեմենտին: Ընտանիքը բաժանվեց, քանի որ որոշ անդամներ որոշեցին շարունակել ճանապարհը դեպի Արգենտինա: «Հինգ երեխաներից (որոնց թվում նաեւ ամուսնացած պապս էր) երեքը մեկնեցին Արգենտինա, իսկ երկուսը մնացին Մարսելում»,- պատմում է Անտուանը:
Փոքրիկ Հայաստան՝ Ֆրանսիայում
1950-ականների կեսին Անտուանի հայրական պապն ու տատը բնակություն հաստատեցին Ալֆորվիլում՝ Փարիզի հարավ-արեւելքում: «Հայրական կողմս խոսում էր թուրքերեն ու հայերեն: Ծնողներս, մոլեռանդ չլինելով, ցանկանում էին, որ մենք հայ մեծանանք, սակայն տանն արգելված էր ցեղասպանության մասին խոսելը: 1960-ական թվականներին Ալֆորվիլը հայկական գյուղի նման էր՝ իր ֆերմերային տնտեսություններով, որոնցից մենք կաթ էինք գնում, եւ իր դաշտերով ու ճահճուտներով»,- մտաբերում է Անտուանը:
Մանուկ Անտուանը կռվարար, անկառավարելի եւ չկենտրոնացող էր: 1971-1975 թվականներին հաճախել է Սեւրի Մխիթարյան գիշերօթիկ դպրոցը: Նրա հայկական ինքնությունն առաջին անգամ դրսեւորվեց ավանդական պարի միջոցով, եւ նա ընդգրկվեց «Նավասարդ» խմբում՝ շրջագայելով Ֆրանսիայում ու արտերկրում: ԱՍԱԼԱ-ի (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի) կողմից Փարիզում թուրքական հյուպատոսության վրա հարձակումն Անտուանի մեջ ավելի մեծ հետաքրքրություն առաջացրեց Հայկական հարցի նկատմամբ:
«Մենք պետք է հասկանանք, որ մեր սերունդը սարսափելի տպավորություն ուներ, թե հայերն անհետանալու են: Փարիզի հայկական եկեղեցու առջեւ ցույցերն արգելված էին: Մամուլը մեր մասին երբեք չէր խոսում: Մենք անգամ իրավունք չունեինք պահանջելու, որ ցեղասպանությունը ճանաչվի»,- ասում է նա:
Սիրո դրսեւորում
Անտուանը հատկապես հետաքրքրված էր Հայաստանի խորհրդային դարաշրջանով: Նա իմացավ այլախոհական շարժման մասին՝ պարբերաբար ընթերցելով «Հայկական նոր դիմադրություն» ամսագիրը: 1983-ին նա առաջին անգամ հայրենիք ուղեւորվեց՝ այցելելու պարային իր գործընկերներին: «Իսկական հայերը» հիացած էին Ֆրանսիայից ժամանած հայ երիտասարդով: Նրանք Անտուանին հիշեցնում էին իր պապիկին ու տատիկին: 1988-ին Հայաստանում երկրաշարժից հետո Խորհրդային Միությունն իր սահմանները բացեց մարդասիրական օգնության համար: Իր նախնիների հողում ապրելու հնարավորությունը ձգում էր Անտուանին:
Նա լոգիստիկ մասնագետի ու թարգմանչի երկու տարվա առաքելություն ստանձնեց եւ ծնողազուրկ ու հաշմանդամ երեխաների համար ծրագիր մեկնարկեց: Հայաստանում նախ սովորեց հայերեն նախադասություն կազմել եւ արեց իր առաջին լուսանկարները: 1990-ին Ֆրանսիա վերադառնալուն պես՝ Մարսելում հիմնված Parentheses ընկերությունը հրատարակեց նրա «Կրակ սառույցի տակ» խորագրով լուսանկարների առաջին ժողովածուն, որի ներածությունը գրել էր իտալացի մեծ գրող Ալբերտո Մորավիան: Սա ապագա շարքի առաջին գիրքն էր լինելու:
Իր նրբաճաշակ, շարժուն պատկերների օգնությամբ Անտուան Ագուջյանը շարունակելու է հայկական հիշողության մասին մի յուրօրինակ արվեստի գործ ստեղծել. «Սա սեր է, որն ուղնուծուծով զգում ես սեփական ազգիդ նկատմամբ՝ առանց նրա լեզվով խոսելու կամ նրա կրոնին դավանելու անհրաժեշտության»:
Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: