logo
ՓԱԿԵԼMenu
Համդի Ուլուկայան միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին

Համդի Ուլուկայան միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի Ընտրող հանձնաժողովին է միացել «Չոբանի» ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն, Tent Partnership for Refugees հիմնադրամի հիմնադիր Համդի Ուլուկայան: ԱՄՆ-ում բնակվող ձեռներեցն աշխարհին հայտնի է դարձել ինչպես իր հաջող բիզնես նախաձեռնություններով, այնպես էլ ոգեշնչող բարեգործական աշխատանքով: Այժմ միանալով «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի մյուս հեղինակավոր անդամներին՝ Ուլուկայան կմասնակցի «Ավրորայի» հերոսների եւ մրցանակի դափնեկրի ընտրությանը: 

«Համդին մարմնավորում է «Ավրորայի» «Երախտագիտությունն՝ ի գործ» առանցքային գաղափարը: Նա զգալի ներդրում ունի ողջ աշխարհում իր կատարած աշխատանքով, գաղափարներով եւ բարեգործությամբ», - ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը: «Մենք երախտապարտ ենք Համդիին իր գործադրած մեծագույն ջանքերի համար եւ սպասում ենք նրա ակտիվ մասնակցությանը «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի աշխատանքներում»:

2007 թ. Համդի Ուլուկայան Միացյալ Նահանգներում հիմնեց «Չոբանի» ապրանքանիշը: Առաջին յոգուրտը վաճառելուց հինգ տարի անց «Չոբանին» արդեն միլիարդ դոլար արժողությամբ ապրանքանիշ էր, եւ այսօր այն ԱՄՆ-ում յոգուրտի վաճառքի ցուցանիշով առաջին տեղում է: Որպես սննդի արտադրության ոլորտի առաջատար՝ իր բիզնեսը զարգացնելիս Ուլուկայան որդեգրեց բարեգործական մոտեցում: Միայն 2020-2021 թթ. ընկերությունը նվիրաբերել է 10.5 միլիոն ապրանք՝ հանուն Ամերիկայում պարենային անվտանգության: Այն նաեւ սատարում է 17 միլիոն ամերիկացի երեխաների շրջանում սովի վերացմանն ուղղված ռազմավարությանը: 

«Համդի Ուլուկայան ոչ միայն կայացած ձեռներեց է եւ գործարար առաջնորդ, այլեւ փախստականների եւ տեղահանվածների շահերի մեծ ջատագով, որը հսկայական ազդեցություն է թողել ուրիշների կյանքի վրա: Մենք ուրախ ենք ողջունել նրան Ընտրող հանձնաժողովի կազմում», - ասաց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար Լորդ Արա Դարզին: «Համդին իր փորձառությամբ եւ գաղափարներով մեծ նպաստ կբերի «Ավրորա» մրցանակին՝ խթանելով վերջինիս կարողությունները՝ ընդլայնելու իր ազդեցությունը եւ օգնության ձեռք մեկնելու առավել կարիքի մեջ գտնվողներին»:

Ուլուկայան հայտնի է իր աշխատակիցների հանդեպ հոգատար քաղաքականությամբ, այդ թվում՝ իր աշխատակիցների համար շահույթի բաշխման եւ վճարովի ծնողական արձակուրդի նորարարական ծրագրերի ներդրմամբ, ինչպես նաեւ ժամավճարի մրցակցային բարձրացմամբ, որը գերազանցում է դաշնային մակարդակը: Դառնալով  փախստականներին աշխատանքի ընդունել քարոզող շարժման առաջատարը՝ 2016 թ. նա ստեղծեց Tent Partnership for Refugees հիմնադրամը: Այն մոբիլիզացնում է գործարար համայնքը՝ կապ ստեղծելու փախստականների հետ աշխատանքի համար:

«Ինձ համար պատիվ է միանալ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին եւ օգնել մերօրյա հերոսներին ընդլայնելու իրենց գործունեությունն ամբողջ աշխարհում. նրանց, ովքեր վտանգում են սեփական անձը՝ դիմակայելու աշխարհի ամենահրատապ մարդասիրական մարտահրավերներին», - նշեց «Չոբանի» ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն, Tent Partnership for Refugees հիմնադրամի հիմնադիր Համդի Ուլուկայան: ««Ավրորան» ճանաչում է մեկ անհատի ուժն ու ազդեցությունն աշխարհի վրա, եւ ես անհամբեր եմ՝ միանալու այս հեղինակավոր խմբին՝ միասին բացահայտելու եւ աշխարհին ցույց տալու անհայտ հերոսների մարդասիրական խիզախ աշխատանքը»:

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը 1 միլիոն ԱՄՆ դոլար պարգեւ է, որը շնորհվում է նրանց, ովքեր վտանգում են սեփական կյանքը, առողջությունը կամ ազատությունը՝ փրկելու այլոց կյանքը, առողջությունը կամ ազատությունը: Իր ստեղծումից ի վեր (2015 թ.) այն լույս է սփռում աշխարհի մի շարք ամենահրատապ եւ անտեսված ճգնաժամերի վրա: 2024 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի հավակնորդների անունները հայտարարվեցին 2023 թ. սեպտեմբերի 18-ին Նյու Յորքում՝ «Քլինթոն» համաշխարհային նախաձեռնության (CGI) ամենամյա միջոցառման ընթացքում: 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հատուկ միջոցառումների շարք կանցկացնի 2024 թ. մայիսի 8-10-ը Լոս Անջելեսում: Դրանք տեղի կունենան Կալիֆորնիայի համալսարանի «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտի հետ համագործակցությամբ: Մարդասիրության ոլորտի առաջատարները կհավաքվեն՝ քննարկելու աշխարհի ամենահրատապ մարդասիրական խնդիրները: Կհայտարարվի նաեւ 2024 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը: