Համդի Ուլուկայան մեծացել է Թուրքիայի արեւելքում գտնվող մի փոքրիկ գյուղում: Նրա ընտանիքն զբաղվում էր կաթնամթերքի արտադրությամբ: Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց հետո 2005 թ. նա հիմնեց «Չոբանի» ապրանքանիշը՝ իր առջեւ նպատակ դնելով ավելի մատչելի դարձնել բարձրորակ սնունդը: Առաջին յոգուրտը վաճառելուց հինգ տարի անց «Չոբանին» արդեն միլիարդ դոլար արժողությամբ ապրանքանիշ էր, եւ այսօր այն ԱՄՆ-ում յոգուրտի վաճառքի ցուցանիշով առաջին տեղում է: Այդ ժամանակվանից ի վեր ընկերությունն ընդլայնել է իր նորարարական ժամանակակից սննդամթերքի տեսականին՝ համալրելով կաթնամթերքի եւ բուսական սերուցքներով, վարսակի կաթով եւ սուրճով։
Որպես սննդի արտադրության ոլորտի առաջատար՝ Ուլուկայան «Չոբանիի» հիմքում դրել է մի սկզբունք. բարի գործեր անելով է հնարավոր հասնել հաջողության: Միայն 2020-2021 թթ. ընկերությունը նվիրաբերել է 10.5 միլիոն ապրանք՝ հանուն Ամերիկայում պարենային անվտանգության: Այն նաեւ սատարում է 17 միլիոն ամերիկացի երեխաների շրջանում սովի վերացմանն ուղղված ռազմավարությանը:
Ուլուկայան հայտնի է իր աշխատակիցների հանդեպ հոգատար քաղաքականությամբ, այդ թվում՝ «Չոբանիի» 2000-ից ավելի աշխատակիցների համար շահույթի բաշխման եւ վճարովի ծնողական արձակուրդի նորարարական ծրագրերի ներդրմամբ, ինչպես նաեւ ժամավճարի մրցակցային բարձրացմամբ, որը գերազանցում է դաշնային մակարդակը: Նա նաեւ այն շարժման առաջատար դեմքերից է, որը քարոզում է աշխատանքի ընդունել փախստականներին՝ սեփական փորձով համոզվելով, որ «այն պահից սկսած, երբ փախստականին աշխատանքի ես ընդունում, նա դադարում է փախստական լինել»:
Այս ամենը ոգեշնչեց նրան 2016 թ. ստեղծելու Tent Partnership for Refugees հիմնադրամը, որը մոբիլիզացնում է գործարար համայնքը՝ կապ ստեղծելով փախստականների հետ աշխատանքի համար: Հիմնադրամի 300 կորպորատիվ անդամների թվում են Amazon, H&M, adidas, Hilton, L'Oréal եւ Pfizer ապրանքանիշերը: Ուլուկայան ստորագրել է նաեւ «Նվիրատվության խոստումը», որով նա հանձնառու է իր անձնական հարստության մեծ մասն ուղղել փախստականների ճգնաժամի վերացմանը:
Այդ ջանքերի համար ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակը (UNHCR) Ուլուկայային ճանաչել է որպես «նշանավոր ակտիվիստ» եւ, ի թիվս այլ կոչումների, նա արժանացել է ՄԱԿ-ի հիմնադրամի համաշխարհային առաջնորդության մրցանակի: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նրան ճանաչել է նաեւ Կայուն զարգացման նպատակների ջատագով: Ուլուկայան արժանացել է Օսլոյի «Բիզնես հանուն խաղաղության», Ջորջ Հ. Ու. Բուշի «Լույսի շողեր» մրցանակներին, ստացել նաեւ «Աշխարհի քաղաքացի» մրցանակ: Փախստականների ճգնաժամը լուծելու ուղղությամբ արված աշխատանքի եւ նորարարական բիզնես մոտեցման համար «Թայմը» նրան անվանել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը: