«Ռուստամգեդուկը պապիս գյուղն էր, բայց երբեմն ինձ թվում է, թե ինքս ծնվել, մեծացել եմ այնտեղ: Պապս իր հիշողությունները շատ խնամքով մեզ կտակեց ու թեեւ իրատես մարդ էր, երեխայի պես հավատում էր, որ մի օր իր թոռները կվերադառնան հայրենի բնօրրան»,- ասում է գեղանկարիչ Գոռ Ավետիսյանը: Նրա պապը՝ Միհրան Ավետիսյանը, 1915թ. գաղթել էր Արեւմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգի Մանազկերտ գավառակի Ռուստամգեդուկ (այժմ՝ Ռստամ) գյուղից:
Արդեն 20 տարի Պրահայում բնակվող նկարիչ Գոռ Ավետիսյանը տարբեր երկրներում բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ է ունեցել, սակայն նրա աշխատանքները հիմնականում ներկայացվում են Պրահայի «ԻնտերԱրտ» մասնավոր ցուցասրահում:
«Պապս մեծագույն դեր է ունեցել իմ անհատականության ձեւավորման հարցում: Երբեք չպարտվելու, ընկնելիս՝ նորից ոտքի կանգնելու, աշխատելու, ստեղծելու կարեւոր հատկանիշները նրանից եմ ժառանգել: Զարմանալի մարդ էր, հարազատի հետ կիսում էր ապրելու, արարելու, կառուցելու իր մեծագույն պատրաստակամությունը: Երեխա էր, երբ ստիպված էր անասելի դժվարությունների միջով անցնել՝ գաղթ, սով, հայրենիքի կորուստ, բայց կանգուն ու ամուր էր՝ ինչպես հաստաբուն մի ծառ, որը մինչեւ կյանքի վերջին օրերն իր ապահով շվաքի տակ հավաքեց ընտանիքի բոլոր անդամներին»,- ասում է Գոռը:
Միհրան Ավետիսյանը թոռան՝ Գոռ Ավետիսյանի հետ |
Միհրան Կոստանի Ավետիսյանը ծնվել էր 1903 թվականին, Բիթլիսի նահանգի Մանազկերտ գավառակի Ռուստամգեդուկ գյուղում: Կոստան եւ Չիչակ Ավետիսյանների հինգ զավակներից (Միհրան, Արեգնազ, Գալուստ, Արամայիս, Անթիվաս) ավագն էր:
1915-ին Միհրան Ավետիսյանը 12 տարեկան էր
Ավետիսյանների ընտանիքն աչքի լույսի պես պահպանում է Միհրանի՝ արդեն հասուն տարիքում գրված, հին կազմով երկու հուշատետրերը, որտեղ նա ծուռմռտիկ, տեղ-տեղ՝ անընթեռնելի ձեռագրով մանրամասն պատմում է, թե ինչպես իրենց երբեմնի շեն բնօրրանից հեռացան հայերը:
«Մեր տունը գտնվում էր Մուրադ (Արածանի) գետի ափին, որ մեր տանից 30 մետր էր: Արեւմտյան կողմից կար փոքրիկ ձորակ, որի միջով բարակ գետ էր գնում: Մենք ունեինք երկու գոմ, մեկը եզների եւ կովերի համար, մյուսը՝ գոմեշների, մատակների համար:
Ունեինք թոնրատուն, որտեղ ամեն օր հաց էին թխում եւ ճաշ պատրաստում: Մեր տան մի անկյունում կար փոքրիկ խցիկ, որտեղ դրված էր Գրիգոր Նարեկացու գիրքը, կողքին միշտ ճրագ էր վառվում:
Բակում ունեինք ամառանոց, ամռանն այդտեղ էինք քնում: Ունեինք մառան: Հիշում եմ, որ երկու շարքով դրված էին յուղի, թթվի, պանրի կարասները: Այդտեղ էին նաեւ ալյուրի, բլղուրի, ձավարի ամբարները: Մեր ընտանիքը բաղկացած էր 16 հոգուց»,- գրում է Միհրան Ավետիսյանը:
Միհրան Ավետիսյանի ձեռագիր հուշերը՝ հայրենի գյուղի, ցեղասպանության օրերի մասին |
16 հոգանոց ընտանիքը շատ հարգված էր գյուղում: Նրանք հայտնի Ավքոներն էին (ընտանիքը կարծում է, որ Ավետիսյան ազգանունը այստեղից է գալիս): Ավքոները մեծ գերդասատան էին եւ Ռուստամգեդուկում հաստատվել էին դեռեւս 200 տարի առաջ:
«Պապս ասում էր,- պատմում է Գոռ Ավետիսյանը,- որ հաճախ Մուրադ գետի ջրերը վարարում էին ու տների կեսը ծածկում: Այդ ժամանակ գետն իր հետ բերում էր հին մետաղադրամներ, ու գյուղի երեխաները խաղում էին դրանցով: Ես այնքան էի տպավորվել պապիս պատմածով, որ փոքրուց մետաղադրամներ էի հավաքում ու երազում էի հնեաբան դառնալ, գնալ մեր գյուղ՝ պեղումների»:
«Արեւ խավարեց»
«1914 թ. հուլիսին կալի ժամանակ արեւ խավարեց, մարդիկ շատ լացուկոծ արեցին, թե աշխարհի վերջն է: Իսկապես մթնեց: Այդ ժամանակ գուշակներն ասացին, որ վատ ժամանակներ են սպասվում, եւ իրոք սկսվեց ռուս-թուրքական պատերազմը»,- այսպես է սկսում գաղթի պատմությունը Միհրան Ավետիսյանը:
Առաջինը Միհրանի հորեղբայր Մխիթարն է գնում թուրքական բանակ, կռվում բուլղարների դեմ, սակայն հետո անցնում է բուլղարական բանակ եւ, որպես հրետանու հրամանատար, կռվում արդեն թուրքերի դեմ: Ընտանիքն այդպես էլ չի իմանում նրա ճակատագիրը: Մի քանի ամիս անց բանակ են տանում նաեւ Միհրանի հորը՝ Կոստան Ավետիսյանին: Տանն աշխատող տղամարդ չի մնում, Կոստանի հայրը ողջ էր, բայց՝ շատ ծեր:
«Տանը մնացին մի մշակ ու մի հոտաղ, նրանք էին տան գործերը ղեկավարում: Մեր տան բոլոր կանայք գիշեր-ցերեկ աշխատում էին: Հայրս մի քանի անգամ փախավ թուրքական բանակից, ու մենք այդ ընթացքում ինչքան ոսկի ունեինք հավաքած՝ տվեցինք թուրքերին, որ հորս չտանեն բանակ, ու էդպես մեր հարստությունը համարյա կորցրինք»,- գրում է Միհրանը: Նրա հայրը՝ Կոստանը, ծնվել էր 1880-ական թվականներին ու այդ ժամանակ մոտ 40 տարեկան էր:
Միհրան պապի հիշողություններից պարզ է դառնում, որ հայերի մտքով չէր անցնում, թե իրենց կարող են վտարել կամ կոտորել: Նրանք ընդամենը գիտեին, որ ռուս-թուրքական պատերազմ է:
«Կամաց-կամաց գյուղում սկսեցին խոսել, որ թուրքերը մտադիր են հայերին կոտորել,- գրում է Միհրան Ավետիսյանը,- տղամարդիկ մտածում էին ինքնապաշտպանվելու մասին: Բայց զենք չունեին, խանչալներն անգամ հավաքել էին գյուղից: Մի օր հարեւան գյուղի քրդերը եկան մեր գյուղ, ամեն մեկն իր ծանոթ հայի դռանը գիշերով զինված կանգնեց, որ թուրքեր ու ուրիշ քրդեր գյուղ չմտնեն ու մեզ չկոտորեն: Մի քանի օրից այդ քրդերն էլ փախան, որովհետեւ իմացան, որ ռուսները մոտենում են: Գյուղում մենակ մնացինք: Բարձրանում էինք կտուրներին ու նայում, թե արդյոք ռուսաց զորքը չի երեւում»:
Շուտով Միհրան Ավետիսյանի ընտանիքը մյուս բոլոր ռուստամգեդուկցիների հետ բռնում է գաղթի ճամփան. տղամարդիկ թուրքական բանակում էին, ծերերը, երեխաներն ու կանայք՝ անզեն ու անպաշտպան. «1915 թվականի մայիսին մենք գյուղից դուրս եկանք. արդեն համարյա թե բան չունեինք, բացի քիչ ցորենից ու մի քանի անասունից»:
Միհրան Ավետիսյանը քրոջ՝ Արեգնազի հետ |
Ավետիսյանների ընտանիքը ելնում է տարագրության. Կոստանի ծեր մայրն ու հայրը, Մուրադ եւ Մխիթար եղբայրները` կանանցով ու երեխաներով, Կոստանի կին Չիչակը, որն առողջական խնդիր ուներ այդ պահին, 12-ամյա Միհրանը, երկու տարեկան Արամայիս եղբայրը, Անթիվասը, Արեգնազը, Գալուստը: Նրանց են միանում նաեւ Կոստանի քույրեր Շողերը, Գեղեցիկը եւ Նուշոն՝ իրենց ընտանիքներով: Կոստանը, որն այդ ժամանակ բանակում էր, փախչում ու գաղթի ճանապարհին մի կերպ գտնում է ընտանիքը: Ընտանիքին է միանում նաեւ Թիֆլիսում սովորող Մուրադ եղբայրը:
Ռուստամգեդուկցի գաղթականները գնում են դեպի Մանազկերտ՝ հուսալով, որ այնտեղ կհանդիպեն ռուսական զորքին ու պաշտպանված կլինեն: Մանազկերտը լի էր գաղթականներով: Միհրան Ավետիսյանը պատմում է, թե ինչպես է թուրքական հրետանին կրակ բացում գաղթականներով լցված դաշտում: Սարսափելի պատկեր էր ձգվում Խամուտ ձորից դեպի Ալաշկերտի դաշտ՝ ձորն ու ջուրը գլորվող սայլեր, աղեկտուր ճիչեր… «Զորամասը, որպեսզի իր համար ճամփա բանա, անխնա կոտորում էր …»,- պատմում է Միհրանը հուշատետրում:
1915 թ. օգոստոսին Ավետիսյանները հասնում են Էջմիածին, հետո գնում Սեւան՝ Ելենովկա գյուղ: Սկսվում է մի այլ մղձավանջ. Հայաստանը լի էր գաղթականներով, մահացու հիվանդություններն անխնա տարածվում էին: Միհրան Ավետիսյանը գրում է, որ ամենուր մարդկանց դիակներ էին, խոլերայի համաճարակ էր: Գաղթի ճանապարհը հաղթահարած ընտանիքը Ելենովկայում հիվանդության պատճառով կորուստներ է ունենում, այդ թվում՝ Միհրանի Արամայիս ու Անթիվաս եղբայրները, հորաքույրներ Արեգնազն ու Գեղեցիկն՝ իրենց ընտանիքներով: Ավետիսյանները դժվարությամբ, բայց սկսում են նոր կյանք՝տեղափոխվելով Շիրակի մարզի Վերին Ղանլիջա (այժմյան Մարմաշեն) գյուղ:
Հանդիպում Կապույտի հետ
1915-1917 թթ., երբ ռուսական զորքերը հայկական կամավորական ջոկատների աջակցությամբ գրավում են Արեւմտյան Հայաստանի զգալի մասը, Միհրանի հայր Կոստանը, ռուստամգեդուկցի տղամարդկանց եւ որդու՝ Միհրանի հետ, մայիսին վերադառնում է գյուղ: Կանանց չեն տանում՝ մտածելով, որ կգնան, վար ու ցանքը կսկսեն, հետո կտեղափոխեն ընտանիքները:
«8 օրվա հասանք մեր գյուղ, որը գրավել էին քրդերը, չկարողացանք մնալ ու տեղափոխվեցինք կողքի գյուղ, բայց մի քանի ամիս հետո սկսվեց երկրորդ փախուստը...»,- գրում է Միհրան Ավետիսյանը:
Այդ մի քանի ամիսներին նրանք տքնաջան աշխատում են, վարում են ուրիշի հողերը, գումար են փորձում վաստակել, որպեսզի ընտանիքներին կարողանան բերել Հայաստանից: Բայց սկսվում է երկրորդ գաղթը: Ի վերջո,նորից հասնում են Վերին Ղանլիջա, որտեղ նրանց վերադարձն այլեւս անհավատալի բան էին համարում հարազատները:
Այս ժամանակահատվածից ամենահուզիչը ընտանիքի շան պատմությունն է, որը հուզված պատմում է Միհրանի որդին՝ 63-ամյա Քաջազունը: Ռուստամգեդուկում ապրելու տարիներին նրանք Կապույտ անունով շուն ունեին, որը տեղի գայլերի ահուսարսափն էր եւ տան հավատարիմ պահապանը: Երբ 1917 թվականին վերադառնում են լքված տներով իրենց գյուղը, հանկարծ իրենց տան շրջակայքում տեսնում են Կապույտին՝ ծերացած, անճանաչելիորեն փոխված, սովից ու գազանների բզկտումից խեղճացած ու թուլացած: Երկար սպասելուց հետո Կապույտը վերջապես գտնում է տերերին...
«Ես այդ պատմությունը չեմ մոռանում... Շունն սպասել էր իր տերերին այդ ամայի տարածքում, նա չէր հեռացել, մի կերպ պահել էր գոյությունը, հավատացել էր, որ կգան,- հուզված ասում է Քաջազունն ու շարունակում,- մենք Գյումրիի մեր տանը շուն ունեինք, ինձ էին նվիրել, անունն էլի Կապույտ էր: Շատ էինք սիրում: Ես ու Կապույտն իմ ծեր Կոստան պապին սահնակով քշում էինք: Ո՜նց էր ուրախանում իր իսկական Կապույտին կորցրած, բայց մի ուրիշ Կապույտ գտած իմ պապը»:
«Ապրել՝ կնշանակի աշխատել»
30-ական թվականներին Միհրանն իր հոր հետ հաստատվում է Գյումրիում: Մայրը`Չիչակը, ավելի վաղ մահացել էր: Մուրադը մնում է Մարմաշեն գյուղում եւ ապրում 103 տարի: Հարազատները գիտեն, որ նա էլ իր հուշերն էր գրել ու 60-ականներին հանձնել է ինչ-որ կառույցի:
Միհրան Ավետիսյանը եւ իր կինը՝ Հռիփսիմեն |
Միհրանն ամուսնանում է Ախալքալաքի Խանդո գյուղից Հռիփսիմեի հետ, ունենում են 8 զավակ՝ Շիրակը, Քնարիկը, Ռաֆիկը, Արամայիսը, Լաուրան, Անժիկը, Լուսյան, Քաջազունը, եւ 15 թոռ: Միհրանը Գյումրիում իր տքնաջան աշխատանքով հայտնի քարտաշ էր, ու հարազատները հպարտանում են, որ նրա կառուցածը երկրաշարժից չի վնասվել:
Գոռ Ավետիսյանի կարծիքով Միհրան պապի տունը հենց այն սկիզբն է, որտեղից ծնվում է իր նկարչությունը. «Դա մի գունեղ միջավայր էր՝ հրաշալի բակով, միշտ լավ տրամադրությամբ: Պապս ու տատս նաեւ Գյումրիի առաջին ծաղկավաճառներն էին, որովհետեւ երբ պապս էլ չէր կարող քարտաշությամբ զբաղվել, սկսեցին ծաղիկ աճեցնել: Այդ գույներն ու մթնոլորտը, նաեւ պապիս կերպարը, իր երկրից իր հետ բերած հուշերն ինձ դարձրին նկարիչ: Մենք բոլորով հավաքվում ու էդ սիրուն բակում նկարում էինք»,- պատմում է Գոռը:
Միհրան Ավետիսյանի դիմանկարը, հեղինակ՝ Գոռ Ավետիսյան |
Այդ բակից դուրս եկան հայ ժամանակակից կերպարվեստի հետաքրքիր անուններ՝ Միհրանի զավակներ՝ կյանքի վերջին տարիները Ֆինլանդիայում անցկացրած Արամայիս Ավետիսյանը, այժմ ԱՄՆ-ում բնակվող Լուսյա Ավետիսյանը, Երեւանում բնակվող Քաջազուն Ավետիսյանը, եւ նրա թոռը՝ Գոռ Ավետիսյանը:
Գոռն ասում է, որ եթե պապը մի քիչ երկար ապրեր, գուցե ինքը չէր հեռանա Հայաստանից. «Պապս դեմ էր գնալուն: Երբ Արամայիս հորեղբայրս գնաց Ֆինլանդիա, շատ ցավագին ընդունեց որդու որոշումը: Հորեղբորս ընկերներից մեկը՝ հայտնի ֆինն լուսանկարիչ Լամպինեն, հաճախ գնում էր Թուրքիա: Մի անգամ մեզ հյուր էր, պապս նրան խնդրեց իր երկրից հող ու ջուր բերել: Այդ ժամանակ շատ քիչ մարդիկ էին գնում Արեւմտյան Հայաստան, ու պապիկիս համար հրաշքի պես բան էր այդ մարդու բերածը»: Ընտանիքը երկրից բերած հողը պահեց սուրբ մեռոնի պես ու հոգիների խաղաղության համար բաժին հանեց գաղթած բոլոր հարազատների շիրիմներին: Անմասն չմնաց նաեւ 93 տարեկանում Գյումրիում մահացած Միհրան Ավետիսյանի շիրիմը:
Ավետիսյանների ընտանիքը |
Մի ամբողջ կյանք կարոտը սրտում էր, հայացքն՝ Արաքսից այն կողմ: Ատելություն չքարոզեց, չարացած չէր ու ամբողջ կյանքում հիշեց բոլոր այն քրդերին, ովքեր օգնել էին իրենց: Սակայն իր զավակներին նաեւ սովորեցրեց որոշումներ ընդունելիս սառը դատել ու միշտ ճանաչել դիմացինին:
«Ապրել՝ կնշանակի աշխատել՝ ասում էր պապս: Բոլորիս թիկունք եղավ: Տարիքով մեծ էր, բայց եթե որեւէ մեկիս տանը հատկապես շինարարարական աշխատանք էր կատարվում, առաջինն ինքը պիտի լիներ այդտեղ. գալիս էր առավոտ ծեգին ու ասում՝ «ելեք, գործը մնաց, օրը ցորեկ ա դառե»: Նա այնքան էր սիրում կյանքը, որ ուղղակի ապրեցնում էր մարդկանց»,- ասում է Գոռը:
Ռուստամգեդուկ. 100 տարի անց
Գոռի ավագ որդին այսօր կրում է Միհրան մեծ պապի անունը: Գաղթից մոտ 100 տարի հետո Ռուստամգեդուկի գյուղապետարանը նամակ ստացավ Պրահայում բնակվող 22-ամյա Միհրան Ավետիսյանից. ուզում էր հասկանալ՝ արդյո՞ք այնտեղ որեւէ հայկական բան մնացել է, մասնավորապես՝ «սպիտակ տունը», որը Ռուստամգեդուկի կենտրոնում էր, ու գյուղի խորհրդանիշերից էր: Պատասխանը չուշացավ: Գյուղապետարանի պատասխանատուն գրեց.
«Այո, իմ ծնողները պատմել են, որ այստեղ ժամանակին այդպիսի տուն է եղել: Այսօր հայերի հետ կապված ոչինչ չկա գյուղում: Ներեցեք»:
* Նկարները՝ Ավետիսյանների ընտանեկան արխիվից
Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: