Ի՞նչ անել, երբ ֆրանսիական կինոյի մեծագույն առասպելներից մեկի` Անրի Վեռնոյի որդին ես: Վաղուց արդեն Պատրիկ Մալաքյանը, ինքն էլ լինելով ռեժիսոր, այդ հարցն ինքն իրեն չի տալիս: Չափազանց զբաղված է: Ֆրանսիայից Հայաստան հասնելու համար նա, իր Harley Davidson-ը հեծած, կտրել-անցել է Եվրոպան: Թուրքական սահմանն անցնելու պահին Պատրիկն ստիպված է եղել հանել իր մոտոցիկլետի հետնամասը զարդարող հայկական ու ֆրանսիական դրոշները:
Պատրիկ Մալաքայնն իր Harley Davidson-ի վրա` Արարատի դիմաց |
Կարող է զարմանալի թվալ, որ Անրի Վեռնոյի որդին իր հայրական պապի ազգանունն է կրում. «Երբ տասնութ տարեկան դարձա, գնացի հորս գրասենյակ նրան հայտնելու, որ վերականգում եմ մեր նախնիների ազգանունը: Վեռնոյ ազգանունն իմ առջեւ բոլոր դռները բացում էր: Կյանքը չափազանց դյուրին էր՝ մինչ այն պահը, երբ կարիք զգացի իմանալու, թե ովքեր են իմ իրական ընկերները»: Ի տարբերություն «Մայրիկ» ֆիլմի երկրորդ մասի («Պարադի փողոց 588») այն տեսարանի, որտեղ հայրը հուզվում է, երբ որդին ընտանիքի նախնիների ազգանունն է վերցնում, իրական կյանքում Անրի Վեռնոյի արձագանքն առավել քան կտրուկ էր: «Հայրս մտածում էր, որ ցանկանալով Մալաքյան ազգանունը կրել՝ ես ուրանում էի նրա սեփական անունը, ասես չսիրեի նրան: Նա նաեւ այդ ժեստն ընկալեց որպես սադրանք՝ որից ենթադրելի էր, թե ես ավելի հայ եմ, քան ինքը»,- հիշում է որդին:
Հայկական ինքնությունը` վտանգված
Պատրիկի կարծիքով՝ Անրի Վեռնոյը, նույն ինքը՝ Աշոտ Մալաքյանը, ցանկանում էր յուրայիններին պաշտպանել ցեղասպանության սարսափներից: Նա մտածում էր, որ երրորդ սերունդն իսպառ կմոռանա իր արմատները: «Մինչդեռ ճիշտ հակառա՛կը տեղի ունեցավ,- բացականչում է նա,- ես պարզապես ցանկացա ինքնությունս կառուցել իմ իսկական անունով, առանց որեւէ մեկի օգնության»:
«Ես հպարտանում եւ հիանում եմ իմ հորով: Նրա հազվադեպ սխալներից մեկը, իմ կարծիքով, այն է, որ հայերեն չի սովորեցրել ոչ ինձ, ոչ քրոջս` հավատարիմ մնալով ամբողջապես ինտեգրվելու իր գաղափարին»,- ճշգրտում է Պատրիկը, որն այսօր ջանասիրաբար սովորում է իր նախնիների լեզուն:
Հայկական եկեղեցում կնքված Պատրիկի անձնագրում բազմաթիվ անուններ են գրանցված՝ մեկը մյուսից ֆրանսիական անուններ` Ժակ, Ռենե, Էդուար: «Ինչպես տեսնում եք՝ ոչ մեկը հայկական չէ»,- ժպտում է նա: Նույնն է նաեւ նրա կրտսեր քրոջ դեպքում, որի անուններն են Սոֆի, Աննա, Բեատրիս:
«Հայրս իր «հայությունն» ապրել է այնպես, ինչպես ցեղասպանությունը. նա երբեք այն չի թաքցրել եւ միշտ արձագանքել է, երբ հայկական միությունները դիմել են իրեն, սակայն երբեք չի ընդգծել իր արմատները»,-ասում է Պատրիկը, այնուամենայնիվ, որոշակի հակասություն նկատելով իր հոր խոսքերի ու գործերի միջեւ. «Նա, ով միշտ պարծենում էր, թե աթեիստ է, հայկական պատարագն անգիր գիտեր, իսկ նրա հայրը մասնակցել էր Մարսելում Պրադոյի հայկական եկեղեցու կառուցմանը եւ դրա գլխավոր խմբերգիչն էր»: 1981թ.` տատիկիս մահվանից կարճ ժամանակ առաջ, հայրս այցելել է Խորհրդային Հայաստան եւ կաթողիկոս Վազգեն Ա-ի կողմից օրհնված նշխար բերել իր մայր Արաքսիին, որը ջերմեռանդ հավատացյալ էր եւ մահացավ` նշխարը ձեռքում»,- պատմում է նա:
Պատրիկի հայրը՝ Անրի Վերնոյը |
Աշոտ Մալաքյան/ Անրի Վեռնոյի հետքերով հետ գնալը հեշտ գործ չէ: «Տանը մենք երբեք չէինք խոսում ֆրանսիական շրջանին նախորդած մեր կյանքի մասին»,- գրում է Անրի Վեռնոյը 1985թ. լույս տեսած իր ինքնակենսագրական «Մայրիկ» վեպում, որի էկրանավորումը դեռ շարունակում է հուզել միլիոնավոր հեռուստադիտողների:
«Երբ կարդացի այդ գիրքը, այնքան լաց եղա, որ արցունքներս չորացան»,- խոստովանում է Պատրիկը, որն այդ պաշտելի դարձած գործն ընթերցելիս իր ընտանիքի պատմության մի ամբողջական հատված է վերապրել: Սակայն անցյալի վրա դեռ շարունակում է թեւածել խոր լռությունը: Ասես Մալաքյան ընտանիքի վրա ցեղասպանությունից անմիջապես հետո թանձր շղարշ իջած լինի:
Հատկանշական է, որ ֆիլմի հերոսի՝ փոքրիկ Ազատ Զաքարյանի ծնողների անունները համապատասխանում են Անրի/Աշոտի ծնողների անուններին: Նրա հայրը` Հակոբ Մալաքյանը, ծնունդով Ռոդոստոյից էր (ներկայիս Թեքիրդաղը)` Թուրքիայի եվրոպական մասում գտնվող մերձափնյա մի քաղաքից: Ինչպես եւ ֆիլմում, Հակոբը ձկնորսական նավերի նավատեր էր: Այդտեղ է ամուսնացել Արաքսի Բուլուքյանի հետ: Աշոտը ծնվել է այդ բարեկեցիկ ընտանիքում, Ռոդոստոյում` 1920թ. հոկտեմբերի 15-ին: Չորս տարի անց Մուստաֆա Քեմալի ղեկավարած թուրք ազգայնականների հաղթանակը նրանց ստիպեց աքսորի ճանապարը բռնել: Հունաստանում կարճ կանգառից հետո նրանք նավ նստեցին՝ Միացյալ Նահանգներ մեկնելու մտադրությամբ: Սակայն նավարկության ծանր պայմանները թույլ չտվեցին ավարտին հասցնել ճամփորդությունը: «Արաքսի տատիկը շատ հիվանդ էր, ուստի նրանք Մարսելում կանգ առան: Վախենում էին, որ ավելի երկար նավարկությունը ճակատագրական կդառնա»,- բացատրում է Պատրիկը: Միակ ունեցվածքը, որ Մալաքյան ընտանիքը վերցրել էր իր հետ, մի բուռ ոսկեդրամներն էին՝ կարված Արաքսի մայրիկի զգեստի ներսում: Ունեւոր նավատեր Հակոբն ստիպված էր եղել հապշտապ մեկնել` ամեն ինչ տեղում թողնելով:
«Մայրիկ» ֆիլմը, 1991թ. |
Անրի Վեռնոյը` «կինոպատմագիր»
Պատրիկի հայրը, մահանալով 2002թ.-ին, իր հետ բազում գաղտնիքներ է տարել. «Ամենամեծ գաղտնիքը նրա ճշմարտությունն էր: Նա այն աստիճանի էր վիպականացրել իր կյանքը, որ ինքն իրեն շատ բաներում համոզել էր: Հայրս ստեղծագործող էր, եւ ինչպես ցանկացած ստեղծագործող, նա պարուրվել էր այն բոլոր պատմություններով, որ լսել էր երեխա ժամանակ պապիկիս կրպակում»:
Հակոբ պապի այդ կրպակը Մարսելի բոլոր հայերի հանդիպման վայրերից մեկն էր: «Պապիկս, որն արտակարգ խոհարար էր, հաճախ էր տարբեր հայերի հյուրընկալում իր սեղանի շուրջը,- պատմում է Պատրիկը,- ցեղասպանության մասին այդքան շատ պատմություններ լսելուց հետո ինչպե՞ս կիմանայիր, թե որն է քոնը: Նա իր ճշմարտությունն ուներ, որն իր հետ տարավ»:
«Մայրիկը»` Վեռնոյի վերջին լիամետրաժ ֆիլմը, նրա անզուգական կարիերայի պսակն էր: Ֆիլմը բաղկացած է երկու մասից: Եթե առաջին մասը պատմում է Մալաքյան ընտանիքի, ինչպես նաեւ Մարսելի հայերի պատմությունը, երկրորդը շատ ավելի ինքնակենսագրական է: «Նամակը, որը նա կուղարկի հորը, ու որն այդպես էլ չեն բացի, նրա երկրորդ` դժբախտ ամուսնությունը... այդ ամենը ճիշտ է»,- պնդում է Պատրիկը, որն իր հոր մոտ աշխատել է որպես ռեժիսորի օգնական՝ առանձնահատուկ դժվար պայմաններում, այնքան դժվար, որ հոր հետ հարաբերություններն այդ փորձությունից երկար ժամանակով խաթարվել են:
Անրի Վերնոյն իր ամենասիրելի դերասաններից մեկի` Ալեն Դելոնի հետ (1969 թ.) |
«Հայրս մոլեռանդ էր մանրակրկիտության ու ճշգրտության հարցում, ինչի շնորհիվ շատ խաղաղ էր իր բոլոր ֆիլմերի նկարահանումների ժամանակ, քանի որ այդ ժամանակ կարող էր ամբողջովին նվիրվել իր դերասաններին: Այնինչ «Մայրիկ» ֆիլմում ճիշտ հակառակը տեղի ունեցավ՝ ասես նյութը նրա ուժերից վեր լիներ, չէր կարողանում կառավարել էմոցիաները»,- ասում է Մալաքյանը: Հետահայաց՝ մեկուկես տարի այդ ֆիլմի վրա աշխատած Պատրիկը հասկացել է, որ բնավ այն օգնականը չէր, որը պետք էր Վեռնոյին: «Մթնոլորտը նկարահանման հրապարակում վատթարացավ, վերջին տեսարանի նկարահանումը Թունիսում մի ողջ շաբաթ էր տեւել, տեղահանումներն էինք նկարահանում անապատում` զանգվածային տեսարանների հազարավոր մասնակիցներով»,- ասում է Պատրիկը: Ապա հուզված ավելացնում է .«Նրա մահվանից երեք տարի առաջ մի զրույց ունեցանք, որի ժամանակ ես նրան ամեն ինչ առանց թաքցնելու ասացի: Մեր հաղորդակցությունը սովորաբար անուղղակի բնույթ ուներ: Օրինակ, թեեւ նա շատ վատ ընդունեց, որ ես Մալաքյան ազգանունը վերականգնեցի, սակայն «Պարադի փողոց 588» ֆիլմում հայրն ասում է իր որդուն. «Դա լավագույն նվերն է, որ կարող էիր ինձ անել»»: Ինչպես «Մայրիկ» ֆիլմում՝ «երբեք զգացմունքային զեղումներ չէին լինում, երբեք չէինք գրկախառնվում, հայրս միշտ այդպես է եղել: Նրա համար «ես քեզ սիրում եմ»-ը տաբու էր: Ակներեւ էր, որ սիրում էր մեզ: Որպես հայր՝ նա ներկա էր եւ երեկոները միշտ մեզ հետ էր ընթրում, շատ ուշադիր ու հոգատար էր մեր կրթության հարցում, բայց այնքան էլ ուրախ չէր, որ ես այս մասնագիտությունն ընտրեցի: Մինչդեռ չէր կարող վախենալ, թե կգերազանցեմ իրեն. իր նկարահանած երեսունհինգ ֆիլմերով նա աշխարհում ամենաշատ հանդիսատես ունեցած ֆրանսիացի ռեժիսորն է»:
Նշանակետը` Հայաստան
Թեեւ Պատրիկը չի կարողացել ներթափանցել այն գաղտնիքների մեջ, որոնք նրա հայրն իր հետ տարավ, սակայն Հայաստանում ներշնչանքի նոր աղբյուր է գտել: Որպես ՀԲԸՄ (Հայ բարեգործական ընդհանուր միություն) Պրովանս-Ալպ-Կոտ դ'Ազյուր շրջանի պատասխանատու՝ Պատրիկ Մալաքյանը հաճախ է այցելում Հայաստան` համագործակցության ու զարգացման ծրագրերի իրականացման նպատակով:
«Մենք շատ բախտավոր ենք, քանի որ կառուցվելու ընթացքում գտնվող երկիր ունենք: Ո՞ր ժողովուրդը կարող է ասել, թե մասնակցում է իր երկրի կառուցմանը: Հայաստանը 23 տարեկան է, այնքա՜ն երիտասարդ երկիր է: Իմ կարծիքով՝ արտակարգ է, երբ կարող եմ ինքս ինձ ասել, թե մասնակցում եմ դրա կառուցմանը` մի քար ավելացնելով»,- նշում է նա:
Իսկ հայկական կինո՞ն. «Մի քանի տարբերակ եմ դիտարկում, այս պահին ոչ մի կոնկրետ բան չկա: Սակայն պատրաստ եմ գնալ Հայաստան ու աշխատել այդ բնագավառում»:
Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: