«Հուսով եմ իմ ընտանիքի այս պատմությունը կօգնի գտնել եւ տեղեկանալ իրար կորցրած բարեկամների մասին, կամ գուցե մեկը կպարզի իր ընտանիքի պատմության որոշ դրվագներ»,- գրում է Նունե Այվազյանը:
Ընթերցողի պատմություն. Նունե Այվազյանը գրել է իրենց ընտանիքի պատմությունը
Տատիկս տիգրանակերտցի Հասմիկ Ավագյան-Մելքումյանն է: Ցավոք, նա արդեն չկա ու այլեւս չեմ կարողանա շատ կարեւոր եւ հետաքրքիր փաստեր իմանալ նրանց փրկության պատմության մասին, բայց ուզում եմ կիսվել այն ամենով, ինչ հասցրեցի իմանալ:
Նունե Այվազյանի տատիկը՝ Հասմիկ Ավագյան-Մելքումյանը
Տատիկիս ընտանիքն անցել է երկար ճանապարհ՝ Բիթլիս, Տիգրանակերտ, Կաղզվան, Կարս, Թբիլիսի, Արմավիր: Տատիկս իրենց ընտանիքի յոթերորդ երխան էր, ծնվել էր 1913թ.: Նրա ծնողները Միսակ Ավագյան ու Յալդուզ Կումրոյանն են: Յալդուզի հայրը՝ Տեր-Մարգար Կումրոյանը, եղել է ավագ քահանա: Միսակ Ավագյանն առաջին ամուսնությունից ուներ մի որդի՝ Քերոբը: Յալդուզի հետ ամուսնությունից ծնվել են 7 երեխաները՝ Փայլունը, Լուսինեն, Արշավիրը, Սաթենիկը, Աշխենը, Հակոբը եւ Հասմիկը:
Միսակ Ավագյանի ընտանիքը (ձախից աջ՝ կանգնած են Փայլունը եւ Սաթենիկը, նստած են` Յալդուզը՝ Հակոբը գրկին, Արշավիրը, Միսակը, Աշխենը և Քերոբը)
Միսակը զբաղվել է առեւտրով եւ ապրանքների համար հաճախ մեկնել է Ռուսաստան: 1907թ. ամռանը, երբ Բիթլիսում սկսվել են ջարդերը, Միսակը քաղաքում չէր: Յալդուզը հույս ուներ, որ մինչեւ ամուսնու վերադարձը կարող էր թաքցնել իր ընտանիքը: Թե բարեկամները, թե ազգականները փորձել են համոզել նրան փախչել, բայց նա անկոտրում էր: Եվ ահա պատահել է ահավոր մի դեպք. քուրդ հարեւանը ներխուժել է տուն եւ դանակի սպառնալիքով փորձել է բռնաբարել նրան: Յալդուզի ճիչերը լսելով՝ նրա եղբայրները հասել են եւ սպանել բռնացողին:
Նունե Այվազյանի մեծ տատը՝ Հասմիկի մայրը՝ Յալդուզ Կումրոյանը
Սպասելն այլեւս անիմաստ էր, ընտանիքը ստիպված էր հավաքել տան եղած-չեղածը եւ փախչել: Յալդուզի եղբայրները մի քուրդի դրամ են տվել, որ նա օգնի քաղաքից դուրս գալ: Նրանք միասին իրենց ընտանիքներով, ծեր մոր, որն ի վիճակի չէր քայլել, եւ ուրիշ հայերի հետ շարժվել են Կարսի ուղղությամբ: Նրանք քայլել են գիշերը, իսկ ցերեկը թաքնվել են ցորենի արտում: Որոշ ժամանակ անց, աներեւակայելի դժվարություններ հաղթահարելով, ընտանիքը հասել է Կարս, որտեղ էլ հանդիպել է Ռուսաստանից վերադարձած Միսակին:
Այստեղից ընտանիքը տեղափոխվել է Կաղզվան, որտեղ 1910թ. ծնվել է Հակոբը, իսկ 1913թ. տատիկս՝ Հասմիկը: Թվում էր՝ կյանքը շարունակվելու էր: Բայց, ցավոք, ընտանիքի տառապանքները չէին վերջացել: Մի անգամ Յալդուզի եղբայրները աշխատելիս են եղել այգում, երբ նրանց է մոտեցել մի թուրք եւ սկսել է անպատվել նրանց: Եղբայրներից մեկը չի կարողացել հանդուրժել վիրավորանքը եւ բահով հարվածել է թուրքին՝ վնասելով նրա ձեռքը: Սկսվել են հետապնդումներ եւ եղբայրներն ստիպված էին թաքնվել: Ոչնչացման վտանգը կախված էր ամբողջ ընտանիքի վրա: Եղբայրները, որպեսզի փրկեն իրենց ընտանիքները, գիշերով փախել են քաղաքից: Չգիտեմ՝ թե ինչպես, ինչ միջոցներով նրանք հասել են Ֆրանսիա, այնտեղից էլ՝ ԱՄՆ:
Քերոբ Ավագյանը՝ տատիկիս խորթ եղբայրը, նունպես մեկնել էր Ֆրանսիա: Երկար ժամանակ, մինչեւ 1937թ. նա ֆինանսական եւ նյութական օգնություն է ցույց տվել իր հարազատներին: Վերջիններս իմացել են, որ նա ամուսնացել է եւ երեխա է ունեցել: Բայց հետագայում Քերոբի, ինչպես նաեւ Յալդուզի եղբայրների (տատիկիս քեռիների) հետ կապը խզվել է: Նրանց մասին ոչ ոք այլեւս լուր չի ունեցել: Իմ տեղեկություններով Կումրոյան եղբայրների անուններն են Հովսեփ եւ Հակոբ:
Ավագյանները (ձախից աջ՝ Արշավիրը, Աշխենը, երեխաների տատիկը, Սաթենիկը եւ Լուսինեն)
Տատիկիս ընտանիքը 1915թ. ստիպված է եղել փախչել Կաղզվանից: Նրանց հայրը վատառողջ էր, այդ պատճառով էլ ամբողջ դժվարությունն ընկած էր ավագ որդու՝ 17-ամյա Արշավիրի վրա: Ընտանիքը բոլոր իրերը տեղավորել է սայլի վրա, եւ իրենք քայլել են նրա կողքից: Տատիկիս, որը այդ ժամանակ 2 տարեկան էր, նույնպես տեղավորել էին սայլի վրա: Ճանապարհին, չգիտես՝ ինչպես, երեխան սայլից ընկել է: Ընտանիքը դա նկատել է միայն հերթական դադարի ժամանակ: Ամբողջ ընտանիքով սկսել են փնտրել երեխային: Այդ ժամանակ նրանց է մոտեցել իրենց հայ հարեւանի սայլը: Պարզվել է, որ երբ նրանք անցնելիս են եղել ինչ-որ ջրանցքի մոտով, լսել են մանկան լացի ձայն: Շարժվելով ձայնի ուղղությամբ՝ նրանք ճանաչել են հարեւանի փոքրիկ աղջնակին, նստեցրել են սայլը եւ բերել իրենց հետ:
Ընտանիքը հասել է Թիֆլիս (այժմ՝ Թբիլիսի), որտեղ ապրում էին իրենց հարազատները: 1916թ. Թիֆլիսում լուրեր են տարածվել, որ թուրքերը հարձակվում են եւ շուտով այստեղ եւս սկսվելու են ջարդերը: Վախվորած ընտանիքը, որոշելով չսպասել այս ահավոր իրադարձություններին, նորից ճամփա է ընկել: Այս անգամ նրանք հասել են Հյուսիսային Կովկաս, մինչեւ Սուրբ Խաչ փոքրիկ գյուղաքաղաքը, իսկ այստեղից արդեն 1918թ. անցել են եւ հաստատվել Կրասնոդարի Արմավիր քաղաքը: Արմավիր քաղաքը նրանց համար դարձել է երկրորդ հայրենիքը մինչեւ 1980թ., երբ Ավագյանների մեծ գերդաստանի շառավիղները՝ Արշավիրն ու Հասմիկը, տեղափոխվել են Երեւան իրենց վերջին հանգրվանը հարազատ հողում գտնելու համար:
*Լուսանկարները՝ Նունե Այվազյանի ընտանեկան արխիվից
Իրենց ընտանիքի պատմությունը 100 LIVES-ին փոխանցել է Նունե Այվազյանը: