2023 թ. սեպտեմբերի 7-8-ը Ներգրավված միջազգային դոնորների ցանցը (NEID Global) եւ Բարեգործական նախաձեռնությունը (The Philantհropic Initiative) Քեմբրիջում (Մասաչուսեթս, ԱՄՆ) հյուընկալեցին 2023 թ. «Նորարարությունները միջազգային բարեգործության ոլորտում» սիմպոզիումը: Հիմնական բանախոսների կազմում էին 2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Ջամիլա Աֆղանին, 2020 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Իլվադ Էլմանը եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Արմինե Աֆեյանը։
Սիմպոզիումը համախմբել էր հիմնադրամների, ընկերությունների եւ դոնորների ու ներդրողների, որոնք ակտիվորեն զբաղվում են միջազգային բարեգործությամբ եւ ձգտում են ավելի մեծացնել իրենց գործունեության ներուժն ու ազդեցությունն աշխարհում: Միջոցառումը մեկնարկեց «Ավրորայի» ներկայացուցիչների՝ «Արտասովոր քայլեր ձեռնարկելու խիզախությունը» խորագրով քննարկմամբ:
«Ավրորայի» եւ նրա ունեցած միջազգային ազդեցության մասին պատմող ֆիլմից հետո քննարկմանը բացման խոսքով հանդես եկավ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Արմինե Աֆեյանը՝ նշելով նախաձեռնության առաքելության հետ ունեցած իր անձնական կապի մասին։ «Անձամբ ես՝ որպես Հայոց ցեղասպանությունը վերապրածի ժառանգ, խորին երախտագիտություն եմ զգում այն մարդկանց հանդեպ, որոնք անտարբեր չեն գտնվել ողբերգության պահին եւ հնարավոր են դարձրել իմ գոյությունն այսօր: Եվ երբ ես նայում եմ այս սրահում նստած մարդկանց, թերեւս, շատերն իրենց տոհմում ունեն վերապրածների պատմություններ, եւ նրանք կհասկանան ինձ: Իմ այստեղ լինելը հնարավոր դարձրած մարդկանց հանդեպ երախտագիտությունն է «Ավրորա» մրցանակի հիմքում», - ասաց Արմինե Աֆեյանը:
2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, Աֆղանստանի Հանուն խաղաղության եւ ազատության կանանց միջազգային լիգայի նախագահ եւ «Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման կազմակերպության հիմնադիր Ջամիլա Աֆղանին պատմեց իր մանկավարժական գործունեության, մայր լինելու եւ վեցերորդ անգամ փախստական դառնալու մասին՝ իր մարդասիրական գործունեությունը ներկայացնելով որպես մխիթարության եւ ուժի աղբյուր։
Ավելի քան 25 տարի Ջամիլան պայքարել է, որպեսզի Աֆղանստանի կանայք կրթություն ստանան: Ստիպված լինելով փախչել Աֆղանստանից՝ նա շարունակում է օգնել մյուսներին հեռահար: Նրա կազմակերպությունը՝ «Նուռը», շարունակում է աջակցել Աֆղանստանի կանանց եւ խոցելի ընտանիքներին՝ լույս սփռելով կրթություն ստանալու բարդությունների, ընտանեկան բռնության եւ այլ խնդիրների վրա, որոնց այսօր բախվում են կանայք: Միաժամանակ կազմակերպությունը ֆինանսական օգնություն է տրամադրում իրավապաշտպաններին, լրագրողներին եւ փաստաբաններին: «Եթե ես չեմ աշխատում, ես ոչինչ եմ: Իսկ երբ աշխատում եմ, զգում եմ, որ մարդ եմ: Ես զգում եմ, որ ապրում եմ: Քանի որ ես տառապել եմ իմ կյանքում, իսկապես ուզում եմ, որ իմ ժողովուրդը, իմ դուստրերը, Աֆղանստանի երեխաներն ավելի լավ կյանք ունենան: Եվ դրա համար եմ ես միշտ պայքարել, որպեսզի ավելի լավ կյանք ապահովեմ նրանց համար», - բացատրեց Ջամիլա Աֆղանին:
«Ավրորայի» մյուս բանախոսը՝ Իլվադ Էլմանը, 2020 թ. «Ավրորա» մրցանակն ստացել է մոր՝ Ֆարթուն Ադանի հետ համատեղ՝ «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնի միջոցով կատարած աշխատանքի համար: Կենտրոնը կրում է Ֆարթունի հանգուցյալ ամուսնու՝ Սոմալիի խաղաղության ակտիվիստ Էլման Ալի Ահմեդի անունը, որին սպանել են 1996 թվականին:
Սոմալի վերադառնալու, մորը միանալու եւ միասին կենսական աշխատանք կատարելու որոշման խորքային պատճառները բացատրելու համար Կանադայում մեծացած Իլվադ Էլմանը ներկայացրեց մի երիտասարդ աղջկա պատկեր, որը վաղ մանկությունից լսել էր բարության եւ նվիրվածության մասին պատմություններ։ «Մայրս հորս ժառանգության ամենահավատարիմ պահապանն է: Նա միշտ է ցանկացել վերադառնալ Սոմալի՝ շարունակելու հորս սկսած գործը: Ու հենց նրանից էլ ես իմացա, թե ինչ է նշանակում ունենալ համոզմունք,- ասաց Իլվադ Էլմանը, - «Ես ու քույրերս գիտեինք, որ նա պատրաստվում է վերադառնալ։ Եվ նրա օգնությամբ մենք տեսանք Սոմալին մեկ այլ կողմից»: Ի վերջո, Իլվադը միացել է մորը եւ այժմ «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնի գործառնությունների գծով գլխավոր տնօրենն է:
Քննարկման մասնակիցները պատմեցին նաեւ, թե ինչն է իրենց առաջ մղում՝ անկախ մարտահրավերներից: «Մի բան, որի վրա ես ուզում եմ կենտրոնանալ, կանանց ուժն է, սիրո եւ հոգատարության ուժը, պատասխանատվություն զգալու ուժը, զգացողությունը, որ դու անպիտան չես»,- ասաց Ջամիլա Աֆղանին: Միեւնույն ժամանակ Իլվադ Էլմանը ընդգծեց, որ ավելի լավ իրականություն ստեղծելու մղումը համընդհանուր է: «Փոփոխությունների մաս կազմելը ուժեղ կախվածություն է առաջացնում, նույնիսկ եթե դրանք շատ փոքր են եւ դանդաղ, բայց տեսնում ես, թե ինչպես են գաղափարներն ազդեցություն գործում հասարակության վրա: Ըստ իս՝ մենք բոլորս փնտրում ենք նպատակ, իմաստ, մաս կազմել մի բանի, որն ավելի մեծ է, քան մենք կանք», - նշեց Իլվադ Էլմանը:
Իր եզրափակիչ խոսքում Արմինե Աֆեյանը առաջարկեց, որ հանդիսատեսը, այդ թվում՝ քննարկմանն առցանց հետեւողները, շարունակեն այս քննարկումն իրենց հերթին. «Եթե դուք լսեցիք մի բան, որը հուզեց ձեզ, մի բան, որի մասին կուզեիք շարունակել խոսել, խորհուրդ կտայի կապ հաստատել Իլվադի, Ջամիլայի, իմ եւ «Ավրորա» նախաձեռնության հետ»:
Անգլերեն քննարկման ամբողջական տարբերակը կարող եք դիտել ստորեւ.